ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Բիշքեկից՝ Բուդապեշտ. Արցախյան բանակցությունները 1994-ի մայիս-դեկտեմբեր շրջանում

Հատված ԿԱՆԱՉ ու ՍԵՒ. ԱՐՑԱԽՅԱՆ ՕՐԱԳԻՐ գրքից

Ռուսաստանի ջանքերով հաստատված հրադադարը ԵԱՀԽ արեւմտյան երկրները միանշանակ չընդունեցին: 1994 թ. հուլիսին գարնանային զորակոչին նվիրված խորհրդակցության ընթացքում Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ Հայաստանը, ԼՂ-ն և Ադրբեջանը պատրաստ են խաղաղության, սակայն խնդրի լուծումը բարդանում է Արեւմուտքի և Ռուսաստանի միջև առկա հակասությունների պատճառով. ՙԱրևմուտքը ոչ մի դեպքում չի ցանկանում լուծման գործում գլխավոր դերը Ռուսաստանին հատկացնել: Ներկայումս մեր բոլոր ջանքերն ուղղված են Արեւմուտքը և Ռուսաստանը ՙհաշտեցնելուն՚:
 
Ճիշտ է, Բաքվում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Կոզլարիչը հայտարարեց, թե կարգավորման հարցում Վաշինգտոնը չի դիմակայել Ռուսաստանին, սակայն որոշ հայտարարություններ և գործողություններ խոսում էին, որ Արեւմուտքը մտահոգված էր Կովկասում Կրեմլի ազդեցության ուժեղացումով: ՙՄենք միայն ձգտում ենք, որ գործընթացն ընթանա ԵԱՀԽ շրջանակներում: Այդ նպատակով մենք Ռուսաստանի հետ բանակցություններ ենք վարում: Մենք հավատում ենք, որ Ռուսաստանը տարածաշրջանում ձգտում է խաղաղության՚,- ասում էր Կոզլարիչը:
 
Կազիմիրովի տպավորությամբ` արեւմտյան գործընկերների համար Ռուսաստանին զսպելը պակաս կարևոր առաջադրանք չէր, քան իրական առաջընթացը կարգավորման գործում: Ռուս միջնորդի յուրաքանչյուր առանձին այցը հակամարտության գոտի շվեդների, ֆինների և ամերիկացիների մոտ ջղաձգություն էր առաջ բերում: Ռուս միջնորդը հիշում է, թե ինչպես մի անգամ շվեդների հետ ժամանելով Բաքու` հյուրանոցում կես օրն անց են կացրել բանավիճելով` որտե՞ղ պետք է ստորագրվի հակամարտության դադարեցման համաձայնագիրը: ՙՆախագծում արդեն նշված էր Մոսկվայի անունը: Դա համաձայնեցված էր հակամարտող բոլոր կողմերի հետ: Սակայն Անդերս Բյուրներն ամեն կերպ փորձում էր հասնել նրան, որ համաձայնագրի նախագծում արդեն նշված Մոսկվայի դիմաց դատարկ թողնվեր, այսինքն` ստորագրման վայրի հարցը թողնել բաց: Մեկ անգամ էլ` Ռուսաստանի միջնորդությամբ հրադադարի հաստատումից շաբաթներ անց,  Մաթիաս Մոսբերգը հակամարտող կողմերին առաջարկեց պայմանավորվել հրադադարը երկարաձգել 30 օրով: Անհեթեթությունն ակնհայտ էր. մեր միջնորդությամբ ձեռք բերված հրադադարը նախապես ձևակերպվել էր անժամկետ՚:
 
Լիպարիտյանը հիշում է 1993 թ., երբ ռուսները փաստաթուղթ էին ներկայացրել, որը գրեթե երեք կողմերի համար էլ բավական ընդունելի էր. ՙԱմերիկացիները խանգարեցին: Որևէ լուծում, որ միջնորդով է, բաժին կտա միջնորդին: Արևմտյան մամուլում հաճախ են գրում, թե ռուսները դեմ են լուծմանը: Սխալ մոտեցում է: Ճիշտ հարցադրումն է` ո՞ւմ խաղաղությունն է լինելու: Խաղաղություն, որ ԱՄՆ-ինն է եւ կնվազեցնի Ռուսաստանի դերը, կավելացնի Ամերիկայի դերը, կմեկուսացնի Իրանը, թե ռուսականն է, որը կնվազեցնի ամերիկյանը կամ կավելացնի ռուսականը: Սա էր կռիվը, և ոչ թե այն, որ ռուսները խաղաղություն չեն սիրում: Ռուսները սիրում են խաղաղություն, ամերիկացիներն էլ են սիրում, բայց պայմանով, որ այնպիսի խաղաղություն չլինի, որ իրենց շահերը վնասվեն՚:
 
Փափազյանը հաստատում է. 1993 թ. եղել է պահ, երբ Ռուսաստանը կարող էր զինադադար հաստատել, սակայն այդ փորձը տապալվեց: ՙԻ վերջո, 1994 թ. զինադադարն էլ հաստատվեց Ռուսաստանի ջանքերով, այլ խնդիր է, որ հակամարտության երեք կողմերն էլ ուզում էին այդ զինադադարը, որովհետև երեքն էլ ուժասպառ էին: Ռուսների դերակատարությունն իհարկե շատ ավելի մեծ էր: Ռուսները հայտարարում են, որ կարող էին զինադադար հաստատել, բայց ամերիկացիները խանգարեցին, որի մեջ կա ճշմարտություն: Բայց ես ուզում եմ հիշեցնել մեկ այլ բան. Ալիևին իշխանության բերեցին ռուսները` զգալի չափով, այն հաշվարկով, որ Ալիևն Ադրբեջանը մտցնելու է ԱՊՀ-ի մեջ, եւ նա դա արեց: Փոխարենը, ռուսներն Ալիևին օգնեցին 1993-94 թթ. ձմռանը՚:
 
Շահնազարյանը բազմիցս ականատես է եղել Ռուսաստանի և Արեւմուտքի միջև հակասություններին. ՙԱՄՆ-ը գործընթացն ուզում էր պահել Մինսկի խմբի շրջանակներում, ամերիկացիներին և  եվրոպացիներին դուր չէին գալիս Ռուսաստանի միակողմանի նախաձեռնությունները: Բայց մյուս կողմից, այն ժամանակ ռուսները պատրաստ էին շատ ավելի լուրջ քայլերի, քան Արեւմուտքը: Զինադադարը հաստատվեց Ռուսաստանի միջնորդությամբ և զինադադարի խնդիրն առաջնահերթ համարելն առաջին հերթին Ռուսաստանի և հատկապես Կազիմիրովի քաղաքականությունն էր: Հակասությունները լուրջ էին, օրինակ, թե խաղաղապահ ուժերն ինչ կազմով պետք է լինեն: Գրաչովի նախաձեռնությամբ հրադադարից անմիջապես հետո քառակողմ հանդիպում եղավ, ռուսները պատրաստ էին միայն ռուս խաղաղարարներ մտցնելու, մենք, անշուշտ, համաձայնեցինք` վստահ լինելով, որ Ադրբեջանը դեմ է լինելու՚:
 
Արզումանյանը Ռուսաստանի և Արեւմուտքի միջև հակասություններից խոսելիս ուշադրություն է հրավիրում տարածաշրջան ռուսական և միջազգային առաքելությունների այցելությունների ժամանակացույցին. ՙՌաֆայելլին չէր կարողանում Մինսկի խմբի շրջանակներում` Ռուսաստանի ոչ ճկուն քաղաքականության պատճառով, ինչ-ինչ քայլեր իրականացնել, և այն բանաձևերը, որ չէին ընդունվում Մինսկի խմբում, նա ուղարկում էր ՄԱԿ: Անվտանգության խորհրդի բոլոր բանաձև երում կարմիր թելի նման անցնում էր (այն ձևակերպումը), որ ՄԱԿ-ը լիովին պաշտպանում է Մինսկի խմբի գործունեությունը: Երկու միջնորդական առաքելությունների միջև հակասությունները շատ էին խորանում, և դա ստիպեց այլ լուծում գտնել: Հանուն Ռուսաստանի` ստեղծեցին համանախագահության ինստիտուտ: Միջազգային հանրությունը ոչ թե հակադրվեց, այլ Ռուսաստանին ներքաշեց գործընթացի մեջ՚:
 
 
Հրադադարի պահպանման միակ փաստաթուղթը
 
1994-ի հուլիսի 20-ին Երևանում Կազիմիրովը Տեր-Պետրոսյանից տեղեկանում է Մոսբերգի առաջարկության մասին. վերջինս Ստոկհոլմից զանգահարել էր Երևան և Մինսկի խմբի անունից առաջարկել հրադադարը երկարաձգել ևս 30 օրով: Ռուս միջնորդը, անմիջապես հասկանալով, որ անիմաստ է անժամկետ հրադադարը երկարաձգել 30 օրով, վտանգավոր զարգացումներից խուսափելու նպատակով ներակայցնում է այլընտրանքային տարբերակ. կողմերը ժամանակ առ ժամանակ հաստատում են հրադադարի ռեժիմը:
 
Հուլիսի 26-27-ին կողմերը այս անգամ միևնույն թղթի վրա` կրկին ֆաքսով, հաստատում են կրակի դադարեցումը պահպանելու իրենց պարտավորությունները: Ս. Սարգսյանը, Բաբայանը և Մամեդովը նամակ են հղում Գրաչովի ու Կոզիրևի, ինչպես նաև` Կազիմիրովի և Էլիասոնի անուններով: Սա մինչև օրս ստորագրված առաջին, վերջին և միակ փաստաթուղթն է, որով կողմերը պարտավորվել են պահպանել զինադադարը:
 
Վարդան Օսկանյանն ասում է, որ մինչև զինադադար կոնկրետ փաստաթուղթ սեղանի վրա չի եղել. ՙՄիշտ մրցակցություն էր ռուս և շվեդ համանախագահների միջեւ, գործընթացն արդյունավետ չէր, կոնկրետ հարցի կարգավորման փաստաթուղթ չի եղել: Զինադադարից հետո պատերազմի հետևանքներին վերաբերող փաստաթուղթ է հայտնվել սեղանի վրա, որի շուրջ մինչև 1997 թ. երկար բանակցություններ են եղել: Դա հիմնականում Կազիմիրովի նախաձեռնությունն էր, դրա շուրջ համախմբվել էր նաև ֆիննական համանախագահությունը՚:
 
Մասիս Մայիլյանը ղարաբաղյան պատվիրակության կազմում մասնակցել է 1993-97 թթ. բանակցություններին: Դեռ 1993 թ. սեպտեմբերից շրջանառվում էր Մոսկվայում պատրաստված փաստաթուղթը` Մեծ քաղաքական համաձայնագիրը: Ռուսաստանի համանախագահ դառնալուց հետո այդ փաստաթուղթը որոշ փոփոխություններով դարձավ հիմք և ներկայացվեց Մինսկի խմբին: ՙՄինչև  Բուդապեշտի գագաթաժողովը, կարելի է ասել, կար երկու հստակ, առանձին գործընթաց. Ռուսաստանի նախաձեռնություն, երբ Կազիմիրովը շատ ակտիվ էր աշխատում, և կար ԵԱՀԽ-ն: Իհարկե, նկատվում էր, որ փորձում են իրարից նախաձեռնությունը խլել: Մենք կողմնակից էինք, որ միջնորդական առաքելությունները համախմբվեն, լինի մեկ նախաձեռնություն: Երբ ԵԱՀԿ-ն էր ինչ-որ բան առաջարկում, և կողմերից մեկին դուր չէր գալիս, սկսում էր աշխատել Ռուսաստանի հետ, կամ` երբ Ռուսաստանն էր առաջարկում, կողմերից մեկն սկսում էր աշխատել ԵԱՀԽ-ի հետ: Սա կողմերի համար խուսանավելու պայմաններ էր ստեղծում, և լուծումն ավելի էր հեռանում՚:
 
Հայաստանում ԼՂ ներկայացուցիչ Մանվել Սարգսյանը Մոսկվայում ամիսներ շարունակ, մինչև Բուդապեշտի գագաթաժողովը, մասնակցել է Մեծ քաղաքական համաձայնագրի մշակմանը, որը մի քանի ամսում ունեցել է տասից ավելի տարբերակ: ՙԱդրբեջանը քանդված էր և համաձայնեց եռակողմ փաստաթղթեր ստորագրել: Մեծ քաղաքական համաձայնագրի հիմքով պետք է ղարաբաղյան գոտի մտցվեին ռուսական խաղաղարար զորքեր: Երբ փաստաթուղթը դրեցին սեղանին, Ադրբեջանը հրաժարվեց եռակողմ հանդիպումից: Գտնվեց փոխզիջումը. բանակցությունները սկսեցին կոչել ՙփորձագետների խորհրդատվություն՚, ընդ որում՝ փակ: Մի քանի փուլերով և օրեր շարունակվող բանակցություններ էին, սեղանին դրվել էր փաստաթուղթ, գծվում էր այն վիճակը, որով ռուսական խաղաղարար զորքը պետք է մտներ, նպատակը սա էր՚:
 
Օգոստոսին, սեպտեմբերին, ապա նոյեմբերին անցկացված եռափուլ խորհրդատվությունների ՙդիրիժորը՚ Կազիմիրովն էր, թեև քննարկումներին միացել էր նաև Մինսկի խումբը: Մ. Սարգսյանն ասում է, որ ռուսական փաստաթուղթը որևէ կարգավիճակի հարց չէր դնում, խոսքը վերաբերում էր ռուսական զորքերի տեղակայմանը: Ադրբեջանցիներին թվում էր, թե ռուսական զորքը գալու է Լաչին, հայերին թվում էր, թե գալու է Աղդամ, մինչդեռ ռուսները գալու էին Իրանի սահման: ՙՂարաբաղյան կողմը հասկացավ, որ պետք չէ խրախուսել ռուսների մուտքը տարածաշրջան: Այդ ժամանակ սկսեցի աշխատել Զուլֆուգարովի հետ: Ես հարցնում էի նրան` ռուսները տեղակայվել են Իրանի սահմանի երկայնքով, հետագայում ո՞նց ես հանելու: Մենք և ադրբեջանցիները ասում էինք, որ շտաբը պետք է պատկանի ԵԱՀԽ-ին, մինչևԵԱՀԽ-ն շտաբ չդնի, մենք համաձայն չենք, որ ռուսական զորքերը գան: Վիճաբանությունն այդ շտաբի շուրջ էր: Այն ժամանակ տարածքները շուտ հետ տալու խնդիր էր դրված, այդ հիմա են ասում, որ չենք տա, այն ժամանակ հստակ էր, որ ստորագրում ենք փաստաթուղթ, ռուսական զորքերը գալիս են տարածաշրջան: Հետո վիճաբանություններն ավելի սրվեցին, մենք ասում էինք, որտեղից հետ քաշենք զորքերը, և տեղակայվեն խաղաղարարները, այդտեղից ադրբեջանցիներն առաջ չպետք է գան: Այստեղից սկսվեց իսկական պատերազմ: Ռուսները հարցնում են` իսկ ազատված տարածքը՞, պատասխանում եմ, որ տարածքում կտեղակայվեն ԵԱՀԽ զորքերը: Զուլֆուգարովը հեգնանքով ասում է Կազիմիրովին. ՙՊարոն Կազիմիրով, կեցցե ԵԱՀԽ հանրապետությունը՚, իսկ ես կատակով պատասխանեցիª ՙՀամաձայն չե՞ք. կեցցե Մոսկվայի ռազմակայանը՚:
 
Բանակցություններում սկսվել էր մի շրջան, երբ, ըստ էության, հայերն ու ադրբեջանցիները միասին աշխատում էին ռուսների դեմ: Ու եթե չլիներ դա, գուցե ղարաբաղյան գոտում տեղակայվեին ռուսական խաղաղարարներ, ասենք` ԱՊՀ մանդատով, ինչը տեղի ունեցավ Աբխազիայում: Բացի այդ` ռուսական զորքերի տեղակայման դեպքում ղարաբաղյան ուժերը հավանաբար դուրս բերվեին գրավյալ տարածքներից, որոնք այսօր կազմում են ՙանվտանգության գոտին՚: Սարգսյանը շարունակում է. ՙԶուլֆուգարովին հարցնում եմ` բանակ ունե՞ք: Ասում է` ոչ: Ասում եմª մենք էլ չունենք: Թող այդ տարածքները հենց այնպես մնան, ինչո՞ւ տանք երրորդին: Չէին հավատում, որ չենք ուզում ռուսների գալը: Մոտ տասն օր անցավ, մինչև ադրբեջանցիները հավատացին մեզ և համաձայնեցին: Կազիմիրովը զայրույթը չէր կարողանում պահել: Մենք շվեդներին, ովքեր նույնպես հրավիրված էին, ասացինք, որ չենք ուզում ռուսական զորքերի տեղակայումը: ԵԱՀԽ-ն օգտվեց առիթից, աղմուկ բարձրացրեց, որ մոսկովյան հանդիպումները բանակցություններ չեն, Ռուսաստանն է միայն զբաղվում: Արդեն ուշ աշուն էր՚:
 
Իսկ մինչ այդ` սեպտեմբերի 8-9-ին, Ռուսաստանի միջնորդությամբ Մոսկվայում տեղի էին ունեցել երկկողմ` Տեր-Պետրոսյան-Ալիև 6-ժամյա բանակցություններ, ապա նախագահների եռակողմ հանդիպում Քոչարյանի մասնակցությամբ: Սեպտեմբերի 27-ին Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպել էին Նյու Յորքում` ՄԱԿ-ի կենտրոնակայանում: Գլխավոր վեհաժողովի իր ելույթում Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ ժողովուրդների ինքնորոշումն իր բազմաթիվ ձևերով մարդու անքակտելի իրավունքն է: ՙՀայաստանը Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ չունի: Հակամարտության մեջ են Լեռնային Ղարաբաղի ազգաբնակչությունը, որը ձգտում է հասնել ինքնորոշման, և Ադրբեջանի կառավարությունը, որը հրաժարվում է հաշվի առնել ԼՂ ազգաբնակչության իրավունքները: Հայաստանը բարոյական, դիվանագիտական և մարդասիրական օգնություն է ցուցաբերում այդ ազգաբնակչությանը և չի կարող համաձայնել որևէ ռազմական լուծման, որը հավասարազոր կլինի ցեղասպանության կամ կհանգեցնի ԼՂ ազգաբնակչության տեղահանմանը՚:
 
Հոկտեմբերի վերջերին, նոյեմբերի առաջին օրերին Հարավային Կովկաս էր ժամանել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բուտրոս Ղալին, ղարաբաղյան կարգավորման հեռանկարը քննարկել Ալիևի, Տեր-Պետրոսյանի և Քոչարյանի հետ:
 
 
Բուդապեշտի գագաթնաժողովը
 
Հունգարիայի մայրաքաղաքում դեկտեմբերի 5-6-ը տեղի ունեցավ ԵԱՀԽ գագաթաժողովը, խորհրդաժողովը դարձավ կազմակերպություն` ԵԱՀԿ: Բուդապեշտում ԱՄՆ պետքարտուղար Մադլեն Օլբրայթի նախաձեռնությամբ կազմակերպեց հանդիպում Տեր-Պետրսյանի և Ալիևի միջեւ:
 
Գագաթաժողովի եզրափակիչ փաստաթղթի երկրորդ` ՙՏարածաշրջանային խնդիրներ՚ բաժնում անդրադարձ կար ղարաբաղյան հակամարտությանը, որի կետերից մեկով նախատեսվում էր հակամարտության գոտում ԵԱՀԽ բազմազգ ուժեր ծավալել: Վիեննայում պետք է ստեղծվեր Բարձր մակարդակի ծրագրավորման խումբ (ԲՄԾԽ), որի վրա էին դրվելու խաղաղապահ ուժերի կազմավորման և ղեկավարման պարտականությունները: Նախատեսվում էր ստեղծել ԵԱՀԽ հավաքական միջազգային ուժեր, որոնք ՄԱԿ-ի ԱԽ համապատասխան բանաձևի ընդունումից և  հակամարտող կողմերի համաձայնությունից հետո պետք է տեղակայվեին հակամարտության գոտում: Օրակարգից հանվեց ԱՊՀ խաղաղապահ ուժեր տեղակայելու ռուսական առաջարկը:
 
Արմեն Այվազյանը հաստատում է, որ խաղաղապահ ուժեր տեղակայելու հարցը քննարկվում էր լրջորեն, որոշվում էր դրանց քանակը, ո՞ր տարածքներով է նրանց ռազմական տեխնիկան տեղափոխվելու Լեռնային Ղարաբաղ, ո՞ր պետություններն են զինվորներ տրամադրելու և որքա՞ն ժամանակով: ՙՀամաձայնություն կար խաղաղապահներ տեղակայելու մասին, այլապես ԲՄԾԽ չէր ստեղծվի՚,- ասում է նա:
 
1995 թ. հուլիսին ԲՄԾԽ-ն ԵԱՀԿ-ին ներկայացրել է չորս տարբերակ: Առաջին` առաջարկվում էր ղարաբաղյան հակամարտության գոտի ուղարկել 240 դիտորդ և 3560 հոգանոց խաղաղապահ զինուժ, որոնք բաժանվում էին երեք գումարտակի և երեք վաշտի: Երկրորդ տարբերակով նախատեսվում էր 200 դիտորդի և հինգ գումարտակից կազմված 4200 հոգանոց խաղաղապահ զինուժի տեղակայում: Երրորդ տարբերակը ենթադրում էր 240 դիտորդ և 1260 թվով զինուժ, իսկ չորրորդը` ընդամենը 400 հոգանոց զինված դիտորդական խումբ և նրանց աջակցող 375 հոգանոց անձնակազմ: Առավել հավանական էր համարվում երկրորդ տարբերակը: Խաղաղապահների 30-50 տոկոսը պատրաստվում էր տրամադրել Ռուսաստանը: Միացյալ Նահանգները հակված էին տրամադրելու ֆինանսական, նյութական և  թիկունքային օժանդակություն:
 
Կազիմիրովը պնդում է, որ իրականում միայն երկու երկիր էր պատրաստ խաղաղապահ զորքեր ուղարկել Կովկասª Ռուսաստանը և Թուրքիան: Հայաստանի և ԼՂ-ի համար անընդունելի էր թուրքերի, իսկ Ադրբեջանի համար` ռուսների ներկայությունը: Հրադադարի հաստատումից անցել է գրեթե 16 տարի, և շփման գոտում ՙոչ խաղաղություն, ոչ պատերազմ՚ վիճակը շարունակում է պահպանվել առանց միջազգային խաղաղարար ուժերի: Ճիշտ է նաև, որ դիպուկահարների կրակոցներից և  պարբերաբար կրկնվող սահմանային փոխհրաձգություններից սպանվել են հարյուրավոր երիտասարդ զինակոչիկներ ու սպաներ:
 
 
Հայաստան. հարված ժողովրդավարությանը
 
1994 թ. դեկտեմբերի 28-ին Հայաստանի երիտասարդ ժողովրդավարությունը ստացավ լուրջ հարված: Հայաստանը հարավկովկասյան տարածաշրջանում ընկալվում էր ՙժողովրդավարության օազիս՚, սակայն նախագահ Տեր-Պետրոսյանի հրամանագրից հետո, որով Հայաստանում ժամանակավորապես դադարեցվեց ընդդիմադիր Դաշնակցություն կուսակցության գործունեությունը, միջազգային հանրության վերաբերմունքը փոխվեց: Իր որոշումը Հայաստանի նախագահը բացատրում էր ՀՅԴ Բյուրոյի և Կենտրոնական կոմիտեի գիտությամբ 1992 թ. կուսակցության ներսում ՙԴրո՚-ի գործունեությամբ, ինչը, Տեր-Պետրոսյանի կարծիքով, սպառնում էր Հայաստանի քաղաքացիների անվտանգությանը, նպաստում միջազգային թմրաբիզնեսին և ահաբեկչությանը:
 
Տեր-Պետրոսյանը դեռ 1992 թ. հունիսի 29-ին հեռուստատեսությամբ լուրջ մեղադրանքներ էր հնչեցրել ՀՅԴ-ի հասցեին, Բյուրոյի ղեկավար Հրայր Մարուխյանին մեղադրել խորհրդային ՊԱԿ-ի հետ համագործակցելու մեջ, իբր նա փորձում է Հայաստանը ՙներքաշել կործանարար պատերազմի մեջ բոլոր հարևանների հետ և այդ ձևով տիրել իշխանությանը՚: Տեր-Պետրոսյանը կարգադրեց Հունաստանի քաղաքացի Մարուխյանին 48 ժամվա ընթացքում հեռանալ Հայաստանից:
 
Մարուխյանը չկարողացավ մասնակցել ՀՅԴ 25-րդ Ընդհանուր ժողովին, որն առաջին անգամ էր անցկացվում Հայաստանում վերջին ավելի քան 70 տարիներին: Հունիսի 30-ին Երևանում ժողովի բացման հայտարարությունում Բյուրոյի ներկայացուցիչ Մարուխյանի դեմ Տեր-Պետրոսյանի ամբաստանությունները և նրան արտաքսելու վերջնագիրը որակվում էր ՙժողովրդավարության բռնաբարում՚:
 
1994 թ. դեկտեմբերի 29-ին բռնի կերպով դադարեցվեց դաշնակցական(ամետ) լրատվամիջոցների տպագրությունը, որոշ խմբագրություններ ջախջախվեցին, հետապնդվեցին և ձերբակալվեցին կուսակցական գործիչներ: 1995 թ. հունվարի 13-ին Գերագույն դատարանը ՀՅԴ-ի գործունեությունը Հայաստանի տարածքում դադարեցրեց վեց ամսով: Մեկուկես տարի անց Գլխավոր դատախազ Արտավազդ Գևորգյանն ընթերցեց մեղադրական եզրակացությունը. ՙԴրոն՚ որակվում էր ՀՅԴ կառույցում գործող գաղտնի կազմակերպություն, իսկ նրա անդամները մեղադրվում էին սպանությունների, այլ ծանր հանցագործությունների մեջ: Գործով անցնում էր 11 մեղադրյալ, որոնց մեջ Հրանտ Մարգարյանը համարվում էր խմբի ղեկավար: Երեք ամբաստանյալ դատապարտվեց մահապատժի (հետագայում փոխվեց ցմահ բանտարկության): Դատարանը չկարողացավ ապացուցված համարել Մարգարյանի կապը ՙԴրոյի՚ հետ: Նա ՙկեղծ անձնագիր և ապօրինի զենք կրելու՚ մեղադրանքով դատապարտվեց հինգ տարվա ազատազրկման:
 
Տեր-Պետրոսյանի հրաժարականից մի քանի օր անց` 1998 թ. փետրվարի 9-ին, Հայաստանի արդարադատության կոլեգիայի նիստում որոշվեց թույլատրել շարունակել ՀՅԴ-ի գործունեությունը: Դաշնակցական գործիչները բանտերից ազատ արձակվեցին: Մարգարյանն ասում է, որ ազատվելու հույս չի ունեցել և ոչ էլ ենթադրել է, թե տեղի կունենա իշխանափոխություն. ՙԴրո՚ կառույցը, եթե կար այդպիսին, կամ այն, ինչ վերագրում էին, ոչ մի առնչություն չուներ ՀՅԴ-ի հետ: ՙԴրոն՚ ինձնով էին ուզում կապել ՀՅԴ-ի հետ: Եվ ՀՅԴ-ին պաշտպանելով` նաև ինձ էի պաշտպանում՚: Թե ինչու Տեր-Պետրոսյանը Դաշնակցության նկատմամբ ուներ ընդգծված բացասական վերաբերմունք, Մարգարյանը դժվարանում է ասել: ՙՆա կարող է համոզմունքով լինել հակադաշնակցական, վերջապես նա մտավորական է: Տեր-Պետրոսյանի մոտ երբեմն նկատելի էր ատելություն ՀՅԴ-ի նկատմամբ, որը նրան հանում էր հավասարակշռությունից, և նախագահը դառնում էր անտրամաբանական՚:
 
1995 թ. հուլիսի 5-ի խորհրդարանական ընտրություններն անցան առանց ընդդիմադիր ՀՅԴ-ի մասնակցության: Ընտրությունները չէին կարող որակվել ազատ և արդար` առաջին հերթին նկատի ունենալով ՀՅԴ-ի կասեցումը: Հուլիսի 5-ին տեղի ունեցավ նաև Սահմանադրության հանրաքվե, որի արդյունքները ևս վիճարկելի էին: Ընտրությունից ընտրություն Հայաստանի վարկը միջազգայնորեն խաթարվում էր, իսկ երկրի ներսում սրընթաց անկում էր ապրում Տեր-Պետրոսյանի ժողովրդականությունը:
 
 
Աղբյուր՝ aniarc.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
1908,երիտթուրքական-հեղափոխություն,արևմտահայություն,բազմահազարանոց-ցույցեր,հայությունը-երիտթուրքերի-ցույցերում,ազատություն-հավասարություն-եղբայրություն , Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
1908 թվականի Երիտթուրքական հեղափոխության օրերին արևմտահայությունը մասնակցում էր բազմահազարանոց ցույցերին «ազատություն, հավասարություն, եղբայրություն» կարգախոսներով:
1919-1920,հայաստան,երևան,բաթումի,բաթումի-նավահանգիստ,թուրք-թաթար-թալանչիներ,բրիտանացի-զինվորների-վերահսկողության-տակ-գտնվող-զր,ամերիկյան-և-բրիտանական-մարդասիրական-օգնություն,բաթում-երևան-կյանքի-երկաթգիծը , 1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
«Ազատության պաշտպան» զրահագնացքի բրիտանական զինվորական անձնակազմը, Երևան, 1920 թ.
ամն,թուրքիայի-դաշնակից-ամն,եվրոպական-մեծ-տերություններ,թուրքիա,խորհրդային-միություն,հայոց-ցեղասպանություն,երկրորդ-աշխարհամարտ,հայկական-հարց,արևմտյան-հայաստանի-վերադարձի-ծրագիր,վահրամ-հովյան , Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Եվրոպական մեծ տերությունները և Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում են Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը։ ԱՄՆ-ի ու Թուրքիայի հարաբերություններում կային որոշակի կնճիռներ։ Այդ համատեքստում 2021-ին ԱՄՆ-ն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, թեև գործնականում մեծ հաշվով դա ոչինչ չի տալիս Հայկական հարցին։
հայ-ադրբեջանական,կոնֆերանս․,բաքու,1919-ի,դեկտեմբերի,14 , Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական կոնֆերանսին կմասնակցեն Ֆաթալի Խան Խոյսկին, Մամեդ Հասան Հաջինսկին և Մամեդ Ռզա Վեքիլովը։
հայերը,թուրքիան,ռուսաստանը,եւ,արեւմուտքը.,հայացք,1891,թվականից , Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Ներկայացնում ենք 1891 թվականի ապրիլին ամերիկյան The Atlantic Monthly ամսագրում հրապարակված Սեմյուել Գրին Ուիլեր Բենջամինի The Armenians and the Porte հոդվածի հայերեն թարգմանությունը:
ալեքսանդր-սոլժենիցինի-նոբելյան-պատմությունը,գրականության-նոբելյան-մրցանակ,շվեդիա,խսհմ,խսհմ-գերագույն-խորհուրդ,ստալինյան-ճամբարներ,հայրենիքից-բռնի-աքսոր,ռուս-ականավոր-մտածող-և-գրող,ալեքսանդր-սոլժենիցին , Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Խորհրդային Միությունում Սոլժենիցինին Նոբելյան մրցանակ շնորհելը ռումբի պայթյունի էֆեկտ ունեցավ։ Շատերն անկեղծորեն ուրախացան ռուս վառ և ազնիվ գրողի համաշխարհային ճանաչման համար: Սակայն իշխանությունները և պաշտոնական գրական հանրությունը թշնամաբար են ընդունել Շվեդիայի ակադեմիայի որոշումը։ ԽՄԿԿ Կենտկոմը Նոբելյան մրցանակակրին վարկաբեկելու մի ամբողջ ծրագիր էր մշակել։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: