ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք

Մեր մասին


Սիրելի՛ ընթերցողներ և բարեկամներ, հայկական բազմաթիվ կայքերի կողքին, ահա կյանքի է կոչվում՝ իրանահայ, մասնագիտացված հասարակաքաղաքական, մշակութային, մարզական լրատվական «ՀԱՅԱԶԴ».com կայքը, ինտերնետային հասցեն՝ Hayazd.com:
Բազմաշերտ, բազմավանդ, և հարուստ է եղել իրանահայ տպագիր մամուլի պատմությունը: Իսկ երբ այդ դաշտում հայտնվում էր որևէ նոր թերթ կամ պարբերական, հայ հասարակության մեջ եզակի հետաքրքրություն ու խանդավառություն էր առաջացնում, և իհարկե հարցեր, թե՝ ո՞վ է այդ թերթի տերը, խմբագրությունը, կազմը, ի՞նչ նպատակներ կամ գաղափար է հետապնդում, և այլ նմանատիպ հարցեր, որոնք բնականաբար արծարծվում են այսօր ևս, արդիական զանգվածային որևէ լրատվամիջոցի, այդ թվում և մեր՝ Hayazd.com լրատվական կայքի հրապարակ նետվելու պարագայում:


Հետևաբար այսու հայտարարում ենք,
«ՀԱՅԱԶԴ».com կամ Hayazd.com կայքը նպատակ ունի, որպես ոչ կուսակցական, անաչառ ու անկողմնակալ լրատվամիջոց, հենվելով տրամաբանական ու իրատեսական հայացքների վրա, արտացոլել մի կողմից մեր համազգային, համասփյուռքյան և ներհամայնքային, և մյուս կողմից՝ մեր երկիր Իրանի քաղաքական, հասարակատնտեսական և պատմամշակութային իրականությունը:
Կայքը առանձին ուշադրությամբ է հետևելու հատկապես իրանահայ համայնքի ազգային, հասարակատնտեսական և կրթամշակութային իրավիճակին ու զարգացմանը և փորձելու է բոլոր հնարավոր միջոցներով նպաստել համայնքի հասարակական, մշակութային, կրթական, գիտական, մարզական, հատկապես տնտեսական և այլ ոլորտների բազմակողմանի զարգացմանը, բարգավաճմանը և ամրակայմանը:
Կայքը նաև իր հատուկ առաքելությունն է համարում, մատնանշելով Իրան-Հայաստան պատմամշակութային ընդհանրությունները, և քաղաքական ու տնտեսական ընդհանուր շահերը, նպաստել հայ-իրանական բարեկամական կապերի խորացմանն ու մերձեցմանը: Միաժամանակ այն փորձելու է անկողմնակալ դիրքից լուսաբանել ներհամայնքային խնդիրները, Իրանի տնտեսական, հասարակական ու մշակութային վերջին նորություններն ու զարգացումները, ինչպես և Իրան-Հայաստան ընթացիկ միջպետական բազմակողմանի շփումներն ու ձեռքբերումները:
Հատկանշական է, որ Hayazd.com կայքը՝ որպես լրատվամիջոցի իր առաքելությունը իրականացնելու լայն շրջանակում կարևորություն է տալու նաև տարածաշրջանային և միջազգային իրադարձությունների լուսաբանմանը և համաշխարհային գիտատեխնիկական, մշակութային, մարզական և այլ ոլորտներին վերաբերող լուրերի հրապարակմանը։


Բարեբախտաբար, այս ճամփին մեր կողքին կան ոչ կուսակցական ու անկախ, օբյեկտիվ և մասնագետ անձինք, ովքեր իրենց ներկայությամբ երաշխավորելու են անկախ լրատվամիջոցի առկայությունը մեր համայնքում` բարձր պահելով մեր հասարակության պատիվն ու պատկառելի դիրքը Սփյուռքում, Հայաստանում և Իրանում:


«ՀԱՅԱԶԴ».com (Hayazd.com) կայքը իր ձևավորման ուղին անցավ միասնական նպատակի ու գաղափարի շուրջ ի մի եկած անձանց կողմից թափված մեծ ջանքերի, նրանց վճռականության ու ամուր կամքի շնորհիվ: Հուսանք, որ այն դառնալու է իրանահայ համայնքի «Մտերիմ բարեկամ»-ը, հայ մտքի ու լույսի աղբյուրն ու արտացոլանքը, ընդգրկուն ու արժանահավատ, վստահելի տեղեկատվության անբաժան ուղեկիցը:


Եվ պատահական չի ընտրված կայքի այս անունը` «ՀԱՅԱԶԴ». Այն ևս խորհրդանշական իմաստ է կրում՝ սպասվող ազդեցության-ներդրման առումով, որը պիտի ունենա իրանահայ, համասփյուռքյան և իրանյան հասարակության ասպարեզում, և Իրան-Հայաստան կապերի փոխշահավետ գործակցության զարգացման ուղղությամբ:


«ՀԱՅԱԶԴ»ը որդեգրել է զարգանալու և զարգացնելու «ազդեցիկ» սկզբունքները:


«ՀԱՅԱԶԴ» կայքը խոստանում է հավատարիմ մնալ իր որդեգրած գլխավոր նշանաբանին, այն է՝. «Հայկականորեն ազդել մեր հասարակական կյանքի վրա՝ ցանկացած ոլորտում»:


«ՀԱՅԱԶԴ» կայքի միակ բարեկամն ու աջակիցը լինելու է ընթերցողը, այսինքն՝ դուք` սիրելի՛ ժողովուրդ: Փոխադարձաբար, կարող եք վստահ լինել, որ միշտ և ամենուր ձեր կողքին ունեք մի վստահելի բարեկամ՝ «ՀԱՅԱԶԴ» կայքը:


Ընթերցողը կարող է ցանկացած խնդրով դիմել խմբագրությանս` հետևյալ կապի միջոցներով՝ վստահ լինելով, որ կստանա համապատասխան արձագանք.


Հեռ.՝ 021- 88493507
Էլ.փոստ՝ contact@hayazd.com

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: