ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ահարոնյանը իր՝ Թալեաթի, Էնվերի և Պոլսի մյուս հանդիպումների մասին․ 1918-ի նոյեմբերի 23, Երևան

Հայաստանի պատվիրակության ժամանումը Պոլիս շշմեցուցիչ տպավորություն է գործում թե թուրք և թե հայ հասարակության վրա: Նրանց ժամանաման լուրը տպագրվում է թերթերում իբրև մի սենսացիոն նորություն, որը միանգամայն անսպասելի էր ամբողջ Պոլսի, ամբողջ Թուրքիայի համար:

ԸՆԿԵՐ ԱՎԵՏԻՍ ԱՀԱՐՈՆՅԱՆԻ ԶԵԿՈՒՑՈՒՄԸ
 
 
Ամսի [1918 թվականի նոյեմբերի] 23-ին Կ. Պոլսի պատվիրակության նախագահ ընկեր Ավետիս Ահարոնյանը ընկերների նեղ շրջանում տվեց մի շատ հետաքրքրական զեկուցում, որի համառոտ բովանդակությունը ներկայացնում ենք այստեղ:
 
Պատվիրակության անդամներն էին Ահարոնյանը, Ալեքսանդր Խատիսյանը և Միքայել Պապաջանյանը: [1918 թվականի] Հունիսի 13-ին պատվիրակությունը դուրս է գալիս Թիֆլիսից և նույն ամսի 19-ին Պոլիս հասնում, ուր մնում է մինչև նոյեմբերի 1, ուրեմն մոտավորապես 4 ամիս ու կես:
 
Պոլսի նավահանգստում՝ նավի վրա, կառավարության կողմից պատվիրակությանը դիմավորում է մախմանդարը (հյուրընկալ)՝ Մուխտար բեյը, որ ողջունում է պատվիրակության գալուստը “հանուն Օսմանյան կայսերական կառավարության”:
 
Պատասխանվում է դրան շնորհակալությամբ՝ “հանուն Հայաստանի կառավարության”:
 
Նավահանգստից մեր պատվիրակությունը, կառավարական ավտոմոբիլներով, առաջնորդվում է դեպի քաղաք և տեղավորվում Թոքաթլյան հյուրանոցում, իսկ Վրաստանի ու Ադրբեջանի պատվիրակությունները տեղավորվում են Բերա պալասում: Պատվիրակությանը տրվում են ամեն տեսակի հարմարություններ, ինչպես վայել է մի պետության ներկայացուցչությանը:
 
Հայաստանի պատվիրակության ժամանումը Պոլիս շշմեցուցիչ տպավորություն է գործում թե թուրք և թե հայ հասարակության վրա: Նրանց ժամանաման լուրը տպագրվում է թերթերում իբրև մի սենսացիոն նորություն, որը միանգամայն անսպասելի էր ամբողջ Պոլսի, ամբողջ Թուրքիայի համար:
 
Թուրք հասարակությունը ուղղակի շշմում է, իմանալով Հայաստանի պատվիրակության գալը, որովհետև մինչև այժմ նա սովոր էր կարդալ, թե հայությունը բնաջնջվել է Կովկասում, թե ամբողջ Կովկասը Թուրքիային է հպատակեցրած, բայց հիմա հանկարծ տեսնում է, որ հայությունը ոչ միայն չի ջնջված, այլ, հակառակը, մի առանձին պետություն է կազմած, որի ներկայացուցիչները եկել են Պոլիս:
 
Շշմում և միանգամայն ցնցվում է նաև Պոլսի հայությունը: Սա ևս կարծում էր, որ հայ տարրը Կովկասում այլևս չկա, որ նա ազգովին բնաջնջվել է, որովհետև թուրքական կառավարությունը և թուրքական թերթերը այդպես էին հավատացրել նրան և սակայն հանկարծ լսում է, որ հայությունը ոչ միայն կա, այլ հակառակը, պետություն էլ է հիմնել և իր պատվիրակությունը Պոլիս ուղարկել: Գիշերով, թաքուն տնից տուն են գնում հայերը, իրար շշնջում այդ, ըստ երևույթին անհավատալի լուրը և նրա ստույգության մեջ հավաստիանում:
 
Երկրորդ թե երրորդ օրը նույն մախմանդարը գալիս է պատվիրակության մոտ և ներկայացնում ցուցակը այն հիմնարկությունների ու պաշտոնյաների, որոնց պիտի այցելության գնա պատվիրակությունը: Տարօրինակն այն է, որ ցուցակում չկա հայկական և ոչ մի հիմնարկություն, նույնիսկ՝ պատրիարքարանը:
 
Առաջին այցելությունը տրվում է մեծ վեզիրին՝ Թալեաթ փաշային. հասկանալի է, իհարկե, հոգեկան այն ծանր վիճակը, որ պիտի ապրեր մեր պատվիրակությունը այդ պահին:
 
Պաշտոնական ծանոթություններից հետո, պատվիրակության նախագահը դիմում է մեծ վեզիրին մոտավորապես հետևյալ խոսքերով. “Ձերդ բարձրություն, ուրախ ենք, որ ձեր կայսերական կառավարության հարվերով եկել ենք այստեղ՝ մշակելու բարի հարևանության դաշինքի պայմանները: Մեր ժողովուրդն ու երկիրը պետք ունեն լայնանալու, և եթե դուք այդ բարեհայեցողությունը ցույց կտաք մեզ, էլ ավելի կշտկվի մեր և ձեր բարեկամությունը, որի խնդիրը ևս պետք է այստեղ ամենակարճ ժամկետում լուծվի, որովհետև նրա կացությունը անտանելի է: Ահա այդ խնդիրների դրական լուծումը պիտի կազմի մեր բարեկամության հիմքը”:
 
Գաղթականության խնդիրը հետաքրքրեց մեծ վեզիրին: Նա հարցրեց՝  “Որքա՞ն գաղթականություն ունեք”: Մոտավորապես 800 հազար, պատասխանում է պատվիրակության նախագահը, որից 3-4 հարյուր հազարը թուրքահայեր”: “Այդքան թուրքահայե՞ր”,- հարցրեց մեծ վեզիրը, և ապա տիրեց մի խորհրդավոր լռություն:
 
“Շատ լավ,- պատասխանեց մեծ վեզիրը,- կոնֆերանսում կքննվեն այդ հարցերը”:
 
Հաջորդ այցելությունը տրվում է զինվորական մինիստր Էնվեր փաշային: Արտաքին տպավորությունը չափազանց նպաստավոր է՝ դուրեկան հայացքով, բարեկիրթ ձևերով, համեստ, ոչ մի նենգություն դեմքի վրա:
 
Պատվիրակությունը այստեղ ևս ասում է մոտավորապես նույնը, ինչպես ասել էր Թալեաթ փաշային:
 
Էնվերն ասում է. “Ես գիտեի, որ դուք պիտի գայիք. հայերը լավ հակառակորդներ են և լավ կռվողներ. այդ տեսակետից մենք նրանց շատ մեծ տեղ ենք տալիս կովկասյան ազգությունների շարքում”:
 
Նախագահը պատասխանում է․ “Հայերը ոչ միայն լավ հակառակորդներ են, այլ նաև լավ բարեկամներ”:
 
“Ինչո՞ւ նաև ոչ լավ դաշնակիցներ”,- հարց է տալիս հանկարծ Էնվերը: Եվ այստեղ նա շոշափում է Հայաստանի ու Թուրքիայի զինակցության խնդիրը՝ շտապելով անմիջապես ավելացնել, որ այդ հայտարարությունը անում է ոչ թե կառավարության, այլ իր կողմից միայն, որ դա իր ծրագիրն է:
 
Էնվերը մատնանշում է նաև այն պայմանները, որոնց վրա պիտի հիմնվի իր ենթադրած զինակցությունը․
 
“Իհարկե,- ասում է նա, մենք գիտակից դառնալով, չենք կարող ձեզնից պահանջել, որ դուք մեր շարքերում, մեզ հետ միասին կռվեք անգլիացիների դեմ: Մենք գիտենք, որ այդ դուք չեք անի: Բայց մենք ուզում ենք ապահով լինել, մեր զորքի թիկունքը, երբ նա շարժվեց անգլիացիների կողմը, դեպի Պարսկաստան, ձեր կողմից չի կարող վտանգված լինել”:
 
Պատվիրակությունը հայտնում է, որ դա մի խնդիր է, որի մասին ինքը չունի իր կառավարության հրահանգները, և առանց դրա նա իրեն իրավունք չի համարում որևէ վերաբերմունք ցույց տալ դեպի այդ խնդիրը:
 
Տրվում են մի շարք այլ այցելություններ ևս, որոնք ավելի քաղաքավարական բնույթ ունեին, քան քաղաքական:
 
Մյուս այցելություններից պիտի հիշատակել Խալիլ բեյի այցելությունը, սակայն այդ մասին հաջորդ անգամ:
 
 
Իրազեկ
 
ԶԱՆԳ թերթ, ՀՅԴ օրգան, թիվ 75, կիրակի, 1 դեկտեմբերի, 1918
 
 
Աղբյուր՝ aniarc.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
1908,երիտթուրքական-հեղափոխություն,արևմտահայություն,բազմահազարանոց-ցույցեր,հայությունը-երիտթուրքերի-ցույցերում,ազատություն-հավասարություն-եղբայրություն , Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
1908 թվականի Երիտթուրքական հեղափոխության օրերին արևմտահայությունը մասնակցում էր բազմահազարանոց ցույցերին «ազատություն, հավասարություն, եղբայրություն» կարգախոսներով:
1919-1920,հայաստան,երևան,բաթումի,բաթումի-նավահանգիստ,թուրք-թաթար-թալանչիներ,բրիտանացի-զինվորների-վերահսկողության-տակ-գտնվող-զր,ամերիկյան-և-բրիտանական-մարդասիրական-օգնություն,բաթում-երևան-կյանքի-երկաթգիծը , 1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
«Ազատության պաշտպան» զրահագնացքի բրիտանական զինվորական անձնակազմը, Երևան, 1920 թ.
ամն,թուրքիայի-դաշնակից-ամն,եվրոպական-մեծ-տերություններ,թուրքիա,խորհրդային-միություն,հայոց-ցեղասպանություն,երկրորդ-աշխարհամարտ,հայկական-հարց,արևմտյան-հայաստանի-վերադարձի-ծրագիր,վահրամ-հովյան , Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Եվրոպական մեծ տերությունները և Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում են Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը։ ԱՄՆ-ի ու Թուրքիայի հարաբերություններում կային որոշակի կնճիռներ։ Այդ համատեքստում 2021-ին ԱՄՆ-ն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, թեև գործնականում մեծ հաշվով դա ոչինչ չի տալիս Հայկական հարցին։
հայ-ադրբեջանական,կոնֆերանս․,բաքու,1919-ի,դեկտեմբերի,14 , Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական կոնֆերանսին կմասնակցեն Ֆաթալի Խան Խոյսկին, Մամեդ Հասան Հաջինսկին և Մամեդ Ռզա Վեքիլովը։
հայերը,թուրքիան,ռուսաստանը,եւ,արեւմուտքը.,հայացք,1891,թվականից , Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Ներկայացնում ենք 1891 թվականի ապրիլին ամերիկյան The Atlantic Monthly ամսագրում հրապարակված Սեմյուել Գրին Ուիլեր Բենջամինի The Armenians and the Porte հոդվածի հայերեն թարգմանությունը:
ալեքսանդր-սոլժենիցինի-նոբելյան-պատմությունը,գրականության-նոբելյան-մրցանակ,շվեդիա,խսհմ,խսհմ-գերագույն-խորհուրդ,ստալինյան-ճամբարներ,հայրենիքից-բռնի-աքսոր,ռուս-ականավոր-մտածող-և-գրող,ալեքսանդր-սոլժենիցին , Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Խորհրդային Միությունում Սոլժենիցինին Նոբելյան մրցանակ շնորհելը ռումբի պայթյունի էֆեկտ ունեցավ։ Շատերն անկեղծորեն ուրախացան ռուս վառ և ազնիվ գրողի համաշխարհային ճանաչման համար: Սակայն իշխանությունները և պաշտոնական գրական հանրությունը թշնամաբար են ընդունել Շվեդիայի ակադեմիայի որոշումը։ ԽՄԿԿ Կենտկոմը Նոբելյան մրցանակակրին վարկաբեկելու մի ամբողջ ծրագիր էր մշակել։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: