Չինաստանի արտաքին գործերի փոխնախարար Դեն Լին ուրբաթ առաջին անգամ Պեկինում ընդունել է Իրանի արտաքին գործերի նախարարի քաղաքական հարցերի գծով տեղակալ Ալի Բաղերի Քանիին եւ Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի փոխնախարար Վալիդ բին Աբդուլքարիմ Էլ-Հերեյջին՝ երեք երկրների համատեղ կոմիտեի շրջանակում։
Կողմերն իրենց հայտարարությունում նշել են, որ համաձայն չեն պաղեստինցիների բռնի տեղահանմանը եւ ընդգծել են, որ «ցանկացած ապագա համաձայնագիր Պաղեստինի վերաբերյալ պետք է մարմնավորի ժողովրդի կամքը եւ պաշտպանի իր պետությունն ու ինքնորոշումը ստեղծելու իրավունքը»։
Դիվանագետները անհանգստություն են հայտնել Գազայի աղետալի իրավիճակի հետ կապված։
Երեք երկրների ներկայացուցիչները պայմանավորվել են, որ հաջորդ հանդիպումը տեղի կունենա հունիսին Սաուդյան Արաբիայում։
Նրանք քննարկել են առաջընթացը Սաուդյան Արաբիայի եւ Իրանի հարաբերություններում, ներառյալ Էր Ռիադում եւ Թեհրանում դեսպանությունների աշխատանքի վերականգնումը։
Իրանցի ու սաուդցի դիվանագետները երախտագիտություն են հայտնել Չինաստանին Թեհրանի եւ Էր Ռիադի մերձեցման գործում իր ազդեցիկ դերի համար եւ հաստատել իրենց կողմնակցությունը Պեկինի համաձայնագրի կատարմանը։