ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
19-րդ դարի հայկական մամուլի «կոշկավոր» գովազդները

19-ր դարի կեսերից արդեն շուկայում կային ռետինե կոշիկներ կամ լասթիքներ՝ ցեխոտ և թաց եղանակին կրելու համար:

Նրբաճաշակ կոշիկներից մինչև կաղ ոտքի համար առաջարկվողներ, հողաթափերից մինչև լասթիկներ։
 
  • Ընտիր կօշիկնե՜ր…
  • Կօշիկ կաղ ոտքին համա՜ր…
  • Լաստի՜ք, մուճա՜կ, մո՜յկ…
 
 
 
Մինչև 19-րդ դարի կեսերը կոշկակարները աջ և ձախ ոտքերի կոշիկները պատրաստում էին միևնույն գծագրով: Միայն որոշ ժամանակ կրելուց հետո, գոնե մի քիչ ստանալով  համապատասխանաբար աջ և ձախ ոտքերի ձևը,  նվազում էր անհարմարությունը:
 
Մեքենայացված արտադրության զարգացման հետ նաև կոշիկի զույգը ոչ միայն, այսպես ասած, օժտվեց «աջուձախ»-ով, այլև ֆրանսիացի կոշկակարները ստանդարտացրին չափսերը՝ ելնելով  «point de Paris» հաշվարկից, որի 1 միավորը սանտիմետրի 2/3 մասն էր:
 
Այսօր, թերթելով 19-րդ դարի պոլսահայ և թիֆլիսահայ մամուլը, առանձնացնելով գովազդները, կփորձենք հասկանալ հայ հասարակության պահանջարկը և նախապատվությունը կոշիկի ընտրության հարցում: 1888 թ. «Մշակ»-ի համարներից մեկում կարդում ենք.
 
 
      «ԿՈՇԿԱԿԱՐԻ ԱՐՀԵՍՏԱՆՈՑ ԱՂԱՍԻ ՏԷՐ-ԶԱՔԱՐԵԱՆԻ, Գօլօվինսկի, տուն Րէյտերի, N 11. 
 
 
Ընդունում է կանանց և տղամարդոց ամեն տեսակ կօշիկների պատւէրներ, ՉԱՓԱՒՈՐ ԳՆԵՐՈՎ: Պատրաստվում են շուտով: Պատւէրները ընդունվում են խանութում. պատրաստելուց յետոյ կարելի է ստանալ միայն խանութում. տուն չէ ուղարկվում»:
 
 
Կոշկակարի արհեստը արվեստին էր մոտենում, մանավանդ , եթե վարպետը Կոստանդնուպոլսեցի էր: 1873 թ.«Մեղու Հայաստանի»թերթը ծանուցում է.
 
«Պատիւ ունինք յայտնել պատւելի հասարակութեանը, որ Կոստանդնուպօլսից նոր եկած կօշկակարք Պետրոս Ասատուրեանը և Մ. Էյվազը բացել են կրպակ կօշկակարի, բուլվարի վերայ, Վահրամեանցի տներումը N9, որտեղ  կարում են ամեն տեսակ ամենաընտիր կօշիկներ, թէ արանց և թէ կանանաց»:  
 
 
Հրաչյա Աճառյանի արմատական բառարանում, ինչպես նաև Նայիրի բառարանում, հանդիպում ենք ԿՕՇԻԿ բառի մեկ այլ իմաստի՝ վարձ, վարձատրում, կամ գուցե ժամանակակից իմաստով՝ թեյավճար: Թե ինչու է ոտնաման իմաստով բառը ստացել նաև նման բացատրություն, չգիտեմ: Պոլսի «Բիւզանդիոն»-ը գրում է.
 
«Պօղոս Մինասեան որ 16 տարիէ ի վեր Ղալաթիոյ և Բերայի  պատրաստ կօշիկի վաճառատանց իր սեպհական գործարանէն կը հայթայթէր եւրոպական նիւթերով պատրաստուած ամէն տեսակ կօշիկ արանց, կանանց և տղայոց, այս անգամ բացած է ի Ղալաթիա կօշիկի նոր վաճառատուն մը, ուր նաև միշտ պատրաստ կը գտնուի ֆրանսիական և անգլիական գործարաններէ բերուծ ամէն տեսակ կօշիկ, ինչպէս և անգլիական և ամերիկեան ընտիր լասըիկներ՝ ծանոթ մարգաներով: Յանձնարարութիւնք կը կատարուին նաեւ չափու վրայ: Բարձրաձեւութիւն, տոկունութիւն և անմրցելի աժանութիւն»:  
 
1898 թ. Պոլսի«Բիւզանդիոն»-ը գովազդում էր հմուտ կոշկակար Կոզմոզ Պէյլիկճեանի տաղանդը: Էլ ով, եթե ոչ այս վարպետը գիտեր կոշիկ կարելու այնպիսի գաղտնիքներ, որոնցով անգամ կաղ ոտքը հավասարվում էր առողջին, բուժվում էր ոտքի կոշտուկները: Ինչպես նաև մանկահասակ երեխաների ծուռ ոտքերը շտկվում էին Կոզմոզի կարած կոշիկների մեջ:
 
 
«Կոզմոզ Պէյլիկճեան, Կ. Պոլիս, Սիրքէճի Համիտիյէ փողոց, Եալտըզ  Օթէլի կից, Քէօփրիւլիւ խանին դիմացը թիւ 12 Կօշիկներու սոյն գործարանը կ՛մրցի ճաշակի մասին, նախնական նիւթերը ֆրանսիական ընտիր գործարաններէ բերել տալով, կ՛պատրաստէ ֆրանսական, անգլիական և օսմանեան ճաշակով, ամառնային և ձմեռնային տեսակ տեսակ կօշիկներ, չափու վրայ կամ պատրաստ: Մասնագիտութեամբ կ՛դարմանէ (նասըր) կոշկոռ ունեցող ոտքերը: Մասնաւոր կօշիկ պատրաստելով կ՛հաւասարեցնէ կաղ ոտքեր և մանկտիներու օրորոցի մէջ ծռած ոտքերուն մէկ զոյգ կօշիկ պատարաստելով ապագայ անպատեհութենէ բոլորովին զերծ կը պահէ: Կ՛վաճառէ աժան և ոչ աժան գներով»:
 
Գրեթե բոլոր գովազդներում Ֆրանսիայից, Անգլիայից բերված գեղեցիկ կոշիկներին զուգահեռ կոշկակարները նշում են, որ քմահաճների համար պատրաստ են «չափու վրայ կօշիկներ» կարել: Անշուշտ օգտագործելով եվրոպական կամ ամերիկյան լավագույն նյութերը: Պոլսի «Հայրենիք»-ը և «Բիւզանդիոն»-ը  գովազդում են «առաջին կարգի հայ կօշկակար Դամիանոս Փափազեանին».
 
 
«Անմրցելի՛. Աժան ծախել, շատ ծախելու համար: Կօշկակար Դամիանոս Փափազեան. Մահմուտ փաշա թիւ 211 եւ Քարաքոօյ Գոմիսիօն խանին անկիւնը թիւ  9: Սոյն կօշկակարատունը, որ քսան և հինգ տարիէ ի վեր արհեստին համար տածած խնամքի շնորհիւ հասարակութեան համարումը շահած է, մեծ քանակութեամբ  գաղիական ամենալաւ  ապրանքներէ ամէն ձեւի եւ ամէն չափու վրայ կօշիկներ ունի, նաեւ չափու վրայ կօշիկներ կը շինէ եւ ամենէն նրբաճաշակ եւ դժուարահաճ գնողներն իսկ ամենայնիւ կը գոհացնէ: Ապրանաց եւ արհեստի բարձրութեամբ անզուգական է: Կօշիկներու վերջին գները արգոյ հասարակութեան արդէն յայտնի են: 
 
  
«Առաջին կարգի հայ կօշկակար Դամիանոս Փափազեան
 
 
Այս մեծ և բարեհամբաւ հայ կօշկատան մէջ հաստատուած քառորդ դարէ ի վեր խնամքով կ՛պատրաստուին ճաշակաւոր եւ հաստատուն կօշիկներ, կիսակօշիկներ, ձմրան կրկնակօշիկներ արանց, կանանց և մանկանց համար: Նաեւ մուճակներ, հողաթափեր եւ այլ. Չափաւոր գներով, ֆրանսիական ընտիր կաշիով և ամէն  ճաշակի համաձայն նրբութեամբ եւ փափկութեամբ: Գիները չափաւոր: Ապսպրանքները շուտով կ՛գործադրուին: Ձմրան առթիւ ընդունուած է մեծ պաշար ամերիկեան, անգլիական և ռուսական լասթիքներու, որոնց նորութիւնն և տոկունութիւնն երաշխաւորեալ են: Զգուշանալ անցեալ տարուան  լասթիքներէն, որք իբրև նոր կ՛ծախուին ուրիշ տեղեր և շուտով կ՛ծակին: Դիմել՝ Մահմուտ փաշա թիւ 211 եւ Գոմիսիօն խանի վարի անկիւնը թիւ 9»:
 
 
Մենք սովոր ենք, որ հաղորդումները ընդմիջվում են գովազդներով, բայց հիմա կանենք հակառակը՝ կընդմիջենք գովազդը  հայկական ոտնամանների մասին  պատմամշակութային փոքրիկ ակնարկով: Պատմում է ազգագրագետ, դիզայներ-ոճաբան Վահե Քոթանյանը.
 
Աշխարհում ամենահին կոշիկը գտնվել է Հայաստոնում՝ Արենի 1 քարաձավում, որը հայտնի է Թռչունների քարանձավ անունով: 5000 տարեկան տրեխ է, որը լցված է հարդով, այսինքն մտածել են նաև օրթոպեդիկ հատկանիշների  և չոր պահպանելու մասին: Բնական կաշվի ձուլմամբ է այն ամբողջովին հավաքված և տրեխի կիրառությունը այնքան լայն է, որ այն օգտագործվում է մինչև 18-19 դարավերջեր: 20-րդ դարի սկիզբ մարդիկ կային, որ տրեխ էին կրում՝ հիմնականում Սյունիք-Արցախ հատվածներում:
 
Յուրահատուկ էին հատկապես Սյունիք-Արցախյան տարազահամալիրում ոտնաման-չմոշքները, որոնք կարևորագույնն էին հատկապես  ագանելիքի բաղադրատարրերի մեջ, այսինքն՝  գուլպաները, որոնք կոչվում էին չաթալ կամ շաթալ գուլպաներ: Յուրահատուկ էին նրանով, որ ամբողջ կրնկաթաթի հատվածը ասեղնագործ էր լինում գորգանախշային էլեմնետներով: Որոնք պահապան խորհրդանիշ ունեին իրենց մեջ: Չմոշկները կաշվից սուլթան անունը ունեին նաև, որովհետև սրածայր, կեռ դիմային հատված ունեին: Այն յուրահատուկ էր հատկապես ոտքի հարմարավետության համար և կանայք կրում էին որպես բարձր դասի կոշիկներ:Հետաքրքիր է նալիկների պատմությունը, որոնք օգտագործվում էին հիմնականում հասարակական բաղնիքներում լողանալու ժամանակ: Տակը հատուկ կամրջակ կար, որպեսզի կեղտաջրերը հեռանային դրա տակով:
 
19-ր դարի կեսերից արդեն շուկայում կային ռետինե կոշիկներ կամ լասթիքներ՝ ցեխոտ և թաց եղանակին կրելու համար: «Բիւզանդիոն»-ը գրում է.
 
 
 «Այս լասթիքները ցեխոտ, անձրեւոտ և ձիւնի ժամանակներու համար Էտինպուրկի Պէնտիթ եղբարց գործատան մէջ պատրաստուած են: Բարեձեւութենէ զատ, հաստատուն են և ողջպահիկ տեսակէտով միւս ամէն  տեսակները կ՛գերազանցեն: Կ.Պոլսէն դիմումներու վրայ  իրենց մասնաճիւղն հաստատած են Պոլիս Քէզապճը Օղլու խան, թիւ 11»:  
 
Շոտլանդական արտադրության այս լաստիքներից զատ, գովազդվում էր նաև ռուս-ամերիկեան արտադրության «քաուճուկէ կալօշներ»: «Հայրենիք»-ը գրում է.
 
«Մեր ապրանքին տեսականին գերազանցութեան պատճառաւ՝ մեր գործարանի դրոշմը կեղծողներ գտնուելով, կը խնդրենք մեր յաճախորդներէն որ ուշադրութիւն ընեն եւ չգնեն այն կալօշները, որոնց ներբանին տակ ի վերոյ գրուած երեք նշանները ճիշդ ու ճիշդ չեն դրոշմուած: Անոնք որ իրենց կոշկավաճառին քով չեն կրնար ճշմարիտ ռուսական կալօշներ գտնել, կրնան դիմել մեր ներկայացուցչին, որու  հասցէն դրուած է ի ստորեւ: Վասն Ռուսօ-ամերիկեան ընկերութեան Է. Ժ. Մէրճանօֆ:    
 
 
Պոլսեցի Սեպուհ Տէմիրճեանը , Կ. Պոլիսի Սուլթան Համամի իր«լաստիկ կալօշներու»  վաճառանոցում սպառողին էր առաջարկում «շատ աւելի դիմացկուն և ձեւաւոր անխարդախ առանց քառթոնի յատկապէս  մեքանակութեամբ պատրաստուած ձմռան եղանակի յարմար մոյկեր, պօթիններ, թէ կարուած և թէ գամով, ամբողջ բուրդէ պօթին և բուրդէ մուճակներ», ինչպես նաև Ռիգայի գործարանի «գոդապերչե լավագույն կալօշները» և խնդրում կեղծերից խուսափելու համար ուշադրություն դարձնել «մառքաների» վրա:
 
 
Կոշիկի պատմությունը անցել է երկար և տարօրինակ ճանապարհ: Կար ժամանակ, երբ ոտնամանի քթի երկարությամբ էին որոշում տղամարդու՝  վերնախավում ունեցած դիրքը: Երբ բարձարկրունկ հագնում էին միայն տղամարդիկ՝ գործնական նպատակով՝ ձիերի վարգը խթանելու համար: Ժապավեններով զարդարված կոշիկները ևս նրանց  համար էին: Իհարկե   18-19-րդ դարերից սկսած կանայք այս ամենը «կողոպտեցին» տղամարդկանցից՝ դարձնելով  իրենց զգեստապահարանի մաս:  
 
 
 
 
 
 
Աղբյուր՝ armradio.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
1908,երիտթուրքական-հեղափոխություն,արևմտահայություն,բազմահազարանոց-ցույցեր,հայությունը-երիտթուրքերի-ցույցերում,ազատություն-հավասարություն-եղբայրություն , Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
1908 թվականի Երիտթուրքական հեղափոխության օրերին արևմտահայությունը մասնակցում էր բազմահազարանոց ցույցերին «ազատություն, հավասարություն, եղբայրություն» կարգախոսներով:
1919-1920,հայաստան,երևան,բաթումի,բաթումի-նավահանգիստ,թուրք-թաթար-թալանչիներ,բրիտանացի-զինվորների-վերահսկողության-տակ-գտնվող-զր,ամերիկյան-և-բրիտանական-մարդասիրական-օգնություն,բաթում-երևան-կյանքի-երկաթգիծը , 1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
«Ազատության պաշտպան» զրահագնացքի բրիտանական զինվորական անձնակազմը, Երևան, 1920 թ.
ամն,թուրքիայի-դաշնակից-ամն,եվրոպական-մեծ-տերություններ,թուրքիա,խորհրդային-միություն,հայոց-ցեղասպանություն,երկրորդ-աշխարհամարտ,հայկական-հարց,արևմտյան-հայաստանի-վերադարձի-ծրագիր,վահրամ-հովյան , Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Եվրոպական մեծ տերությունները և Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում են Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը։ ԱՄՆ-ի ու Թուրքիայի հարաբերություններում կային որոշակի կնճիռներ։ Այդ համատեքստում 2021-ին ԱՄՆ-ն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, թեև գործնականում մեծ հաշվով դա ոչինչ չի տալիս Հայկական հարցին։
հայ-ադրբեջանական,կոնֆերանս․,բաքու,1919-ի,դեկտեմբերի,14 , Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական կոնֆերանսին կմասնակցեն Ֆաթալի Խան Խոյսկին, Մամեդ Հասան Հաջինսկին և Մամեդ Ռզա Վեքիլովը։
հայերը,թուրքիան,ռուսաստանը,եւ,արեւմուտքը.,հայացք,1891,թվականից , Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Ներկայացնում ենք 1891 թվականի ապրիլին ամերիկյան The Atlantic Monthly ամսագրում հրապարակված Սեմյուել Գրին Ուիլեր Բենջամինի The Armenians and the Porte հոդվածի հայերեն թարգմանությունը:
ալեքսանդր-սոլժենիցինի-նոբելյան-պատմությունը,գրականության-նոբելյան-մրցանակ,շվեդիա,խսհմ,խսհմ-գերագույն-խորհուրդ,ստալինյան-ճամբարներ,հայրենիքից-բռնի-աքսոր,ռուս-ականավոր-մտածող-և-գրող,ալեքսանդր-սոլժենիցին , Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Խորհրդային Միությունում Սոլժենիցինին Նոբելյան մրցանակ շնորհելը ռումբի պայթյունի էֆեկտ ունեցավ։ Շատերն անկեղծորեն ուրախացան ռուս վառ և ազնիվ գրողի համաշխարհային ճանաչման համար: Սակայն իշխանությունները և պաշտոնական գրական հանրությունը թշնամաբար են ընդունել Շվեդիայի ակադեմիայի որոշումը։ ԽՄԿԿ Կենտկոմը Նոբելյան մրցանակակրին վարկաբեկելու մի ամբողջ ծրագիր էր մշակել։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: