ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Պետք է պարզել՝ ովքեր հանդես են գալիս Արցախի շահերի դիրքերից.սահմանադրագետ

Թե հատկապես ո՞ր կոնվենցիաների մասին է խոսքը՝ ընդդիմադիր պատգամավորը չի հստակեցրել, միաժամանակ որևէ փաստ, ապացույց չի ներկայացրել առ այն, որ հրամանագիրը, իրոք, ստորագրվել է ուժի սպառնալիքի ներքո։

Հայտնի է, որ շահագրիռ որոշ շրջանակներ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի ստորագրած՝ Արցախի պետականության լուծարման  մասին հրամանագիրը չեղարկելու, այն առ ոչինչ համարելու, ՀՀ-ում Արցախի վտարանդի կառավարություն ձևավորելու գաղափար են գեներացնում՝ նշելով, թե Արցախի նախագահը տխրահռչակ այդ փաստաթուղթը ստորագրել է ուժի սպառնալիքի, «ադրբեջանաթուրքական ճնշման» տակ։ ԱԺ ընդդիմադիր պատգամավորներից մեկն էլ  վերջերս Ֆրանսիայի Սենատի անդամ իր գործընկերների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե «Արցախի Հանրապետության նախագահը երկրի լուծարման մասին հրամանագիրը ստորագրել է ճնշման տակ, իսկ միջազգային կոնվենցիաներով հստակ սահմանումներ կան, որ ճնշման, ահաբեկման ներքո ստորագրված փաստաթուղթն իրավազորություն չունի, հետևաբար՝ Արցախի Հանրապետությունը գոյություն ունի և պիտի ունենա»:  

Թե հատկապես ո՞ր կոնվենցիաների մասին է խոսքը՝ ընդդիմադիր պատգամավորը չի հստակեցրել, միաժամանակ որևէ փաստ, ապացույց չի ներկայացրել առ այն, որ հրամանագիրը, իրոք, ստորագրվել է ուժի սպառնալիքի ներքո։  
 
Սահմանադրագետ Արտաշես Խալաթյանը civic.am-ի հետ զրույցում,  հարցին՝ իրո՞ք միջազգային կոնվենցիաները նախատեսում են նման կարգավորում՝ «ճնշման, ահաբեկյան ներքո»  տակ ստորագրված փաստաթղթերի իրավազորություն չունենալու մասին և որքանով է ռեալ Շահրամանյանի հրամանագրի չեղարկումը, արդյոք դա ՀՀ-ի համար ռիսկեր չի՞ առաջացնի՝ պարզաբանեց,  մասնավորապես, Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի կոնվենցիան (1969 թ․)  նման հնարավորություն նախատեսում է՝ միջազգային պայմանագրերի չեղարկման։  Սակայն  հիշյալ Կոնվենցիան չի կարող տարածվել Արցախի նախագահի հրամանագրի չեղարկման վրա, քանի որ գործ ունենք   չճանաչված պետություն Արցախի Հանրապետության սահմանադրական ներքին ընթացակարգերի հիման վրա կայացված իրավական  ակտի հետ։ Նշենք, որ վերոհիշյալ Կոնվենցիայի 51 և 52-րդ հոդվածները սահմանվում են, որ  «պայմանագրով պարտավորված լինելու պետության համաձայնության արտահայտումը վերջինիս ներկայացուցչին հարկադրելու արդյունքում վերջինիս դեմ ուղղված գործողությունների կամ սպառնալիքների միջոցով, որևէ իրավական հետևանք չունի», «պայմանագիրը համարվում է առ ոչինչ, եթե այն կնքված է ուժի սպառնալիքի կամ այն կիրառելու միջոցով Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությամբ ամրագրված միջազգային իրավունքի սկզբունքների խախտմամբ»։ 
 
«Վիեննայի կոնվենցիան կարգավորում է ճանաչված պետությունների, միջազգային իրավունքի լիարժեք սուբյեկտ  հանդիսացող հարաբերությունները, և միջազգային որևէ գործիք չի կարող չեղարկել այդ հրամանագիրը։ Բայց եթե դիտարկենք հարցը, թե Արցախի Սահմանադրության շրջանակներում ինչ կարելի է նախաձեռնել հիշյալ հրամանագրի հետ կապված, ապա Արցախի մայր օրենքը թույլ է տալիս ԱԺ-ին (եթե չեմ սխալվում՝ պատգամավորների մեկ հինգերորդի կողմից)  դիմել Արցախի Գերագույն դատարանին և վիճարկել նախագահի հրամանագրի  սահմանադրականությունը։ 
 
Գերագույն դատարանը, այո՛, հնարավորություն ունի հակասահմանադրական համարելու խնդրո առարկա հրամանագիրը։ Սակայն այստեղ կա  մեկ այլ կարևոր  խնդիր, որը չպետք է անտեսել․ արդյոք այսպիսով ՀՀ-ի փխրուն անվտանգությունը, կայունությունը չենք դնում վտանգի տակ, քանի որ ակնհայտ է, որ Ադրբեջանի նախագահը ՀՀ-ի դեմ պատերազմ սանձազերծելու պատրվակ է փնտրում։ Արևմտյան մեծ ճնշման պայմաններում Ադրբեջանը ստիպված է  հրապարակավ հրաժարվել Սյունիքի նկատմամբ իր նկրտումներից, իր ռազմատենչ հռետորաբանությունից, բայց և միաժամանակ իր ծրագրերը չեն փոխվել ամենևին։ Իրեն պարզապես «կազուս բելլի» (լատին․՝ casus belli- պատերազմի առիթ) է անհրաժետ։ Հետևապես, մենք հիմա ՀՀ-ի ներսում նման պրոցես գեներացնելով  ՀՀ-ին չե՞նք դրդի պաշտոնապես իր վրա վերցնել  Ալիևի խոսույթով՝ «տեռորիստների» հովանավորի բեռը՝ նրան առիթ ընձեռելով  հարձակվելու ՀՀ-ի վրա՝ անունը կրկին դնելով «հակաահաբեկչական օպերացիա»։  

Նման հարձակում ժամանակին Իսրայելի հատուկ ծառայությունները գործեցին Լիբանանի օդանավակայանի վրա՝ չեզոքացնելու, իրենց տեսանկյունից, Իսրայելի անվտանգությանը սպառնացող տեռորիստներին։ Իհարկե, ավելի սահմանափակ ռեսուրսների կիրառում տեղի ունեցավ (հատուկ ծառայությունների օպերացիա),  բայցևայնպես  խախտվեց Լիբանանի սահմանների անձեռնմխելիությունն ու, փաստորեն, այդ երկրի ներքին իրավասությանը վերապահված հարցը լուծվեց այլ պետության հատուկ ծառայության կողմից։ Մոտավորապես  նույն իրավճակում կարող է նաև ՀՀ-ն հայտնվել։ Ես կարծում եմ, որ բոլոր պարագաներում քննարկելի է հիշյալ հրամանագրի չեղարկման հարցը՝ Արցախի հարցը տաք պահելու տեսանկյունից, սակայն այն պետք լուծվի ՀՀ-ի տարածքից դուրս։   Այսինքն, եթե «վտարանդի կառավարություն» ձևավորվում է, ապա այն պետք է գործի երրորդ՝ չեզոք երկրում, դիցուք՝ Ֆրանսիայում, Լյուքսեմբուրգում․․․ Այսպիսով նվազագույնի կհասցվեն այն վտանգավոր զարգացումները, որոնք կարող են լինել, եթե այդ գործընթացները ծավալվեն ՀՀ-ում։ Սա այն միակ հնարավոր տարբերակն է՝ մի կողմից թեժ պահել Արցախի ժողովրդի հնարավոր վերադարձի, նրանց իրավունքների և անվտանգության խնդիրը, մյուս կողմից   չվտանգել ՀՀ տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, անկախությունն ու պատերազմի պատրվակ չտալ Ալիևին։ Ասել է թե՝ իրավականն ու քաղաքականը պետք է տարանջատել և գտնել այնպիսի հավասարակշռություն այս երկու մոտեցումների միջև, որը ՀՀ-ին վնաս չի հասցնի»։ 

Սահմանադրագետի խոսքով՝ եթե որևէ երրորդ երկիր քաղաքական ապաստան տրամադրի Արցախի կառավարությանը, ապա, այո՛, մեծ հավանականությամբ այդ քայլը կազդի Ադրբեջանի՝ այդ երկրի հետ հարաբերությունների վրա, սակայն դժվար թե Ադրբեջանը հարձակվի տվյալ  երկրի վրա և կարողանա «կազուս բելլի» «վաճառել» միջազգային հանրությանը։ «Խոսքը վերաբերում է Արցախի կառավարության՝ երրորդ երկրում հասարակական միավորման, հասարակական կառույցի տեսքով գործունեություն ծավալելուն։ Պաղեստինի ինքնավարության համար պայքարող գործիչները շատ դեպքերում ապրել և գործել են, ասենք, Եգիպտոսում, Հորդանանում, ԱՄՆ-ում․․․Այսինքն, այդ պրակտիկան, այո՛, կա, սակայն պետք է հաշվարկել դրա հնարավոր ռիսկերը։ Տվյալ դեպքում, կրկնում եմ, եթե ՀՀ-ում գործի նման կառավարություն, ապա ինչպե՞ս է ՀՀ-ն ապացուցելու, որ կապ չունի այդ կառավարության կողմից իրականացվող օրակագի հետ, այն դեպքում, երբ  այդ կառավարությունը գտնվում է իր իրավազորության ներքո»։

Խալաթյանը նկատեց նաև, որ հրամանագրի չեղարկման, վտարանդի կառավարության ձևավորման պրոցեսները  կամա թե ակամա կարող են  ազդել նաև Բաքվի բանտերում ապօրինաբար գտնվող  Արցախի նախկին նախագահների և մյուս պաշտոնյաների պահման պայմանների վրա։ «Էլ չեմ ասում, որ Ալիևը, քանի որ արցախահայությանը համարում է իր երկրի քաղաքացիներ, կարող է դիմել ՀՀ-ին և պահանջել՝  որպես բարի կամքի դրսևորում իրեն հանձնել Արցախի «վտարանդի կառավարության» ներկայացուցիչներին։ Եվ եթե ՀՀ-ն մերժում է, ասելով, թե այդ մարդիկ իր երկրի քաղաքացիներն են, ապա ստացվում է, որ ՀՀ-ն իր  քաղաքացիների միջոցով տարածքային պահանջներ է ներկայացնում Ադրբեջանին։ Կարող է այսպիսի խառնաշփոթ  մի իրավիճակ ստեղծվել, ինչին կարող են հաջորդել որոշակի կանխատեսելի գործողություններ։   

Պետք է ստուգել բոլոր նրանց  մտադրությունների անկեղծությունը, ովքեր առերևույթ հանդես են գալիս Արցախի շահերի դիրքերից ու վտարանդի կառավարության թեման են գեներացնում, պետք է  պարզել՝ իրո՞ք նրանք շահագրգռված են արցախահայության, Արցախի կարգավիճակի հարցերով, թե՞ լատենտ, թաքնված ձևով հետամուտ են Ադրբեջանի համար ՀՀ-ի դեմ  պատերազմի առիթ ստեղծելուն»,-ընդգծեց  սահմանադրագետը։
 
Հ․ Մանուկյան 
civic.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ադրբեջանն,ամեն,ինչ,անում,է,որպեսզի,խուսափի,հայաստանի,հետ,երաշխավորված,խաղաղության,պայմանագիր,կնքելուց․,պատգամավոր , Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանը շատ լավ վերլուծում է, թե խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում Հայաստանը ինչպիսի լուրջ հեռանկարներ կարող է ունենալ։
թուրքիա,անկարա,իրաք,քուրդ-զինյալների-դեմ-պայքար,քուրդիստանի-բանվորական-կուսակցություն,քբկ,pkk,թուրքիայի-արտգործնախարար,հաքան-ֆիդան,իրաքի-արտաքին-քաղաքական-գերատեսչության-ղեկավար,ֆուադ-հուսեյն , Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Դեկտեմբերի 19-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆուադ Հուսեյնը։
իշխան,սաղաթելյանը,գեղարքունիքում,փորձել,է,արդարանալ,և,իր,նոր,«նապառնիկ»,լևոն,քոչարյանի,հետ,ժողովրդին,նախապատրաստել,ռևանշի,չորրորդ,փորձին , Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
«Դիմադրություն» շարժման առաջնորդ ընկեր Իշխանի՝ Վարդենիսում հնչեցրած ելույթին, որում վերջինս փորձեց ոտքի վրա հիմնավորել իշխանափոխության ձախողման պատճառները։
ադրբեջանը,դժկամություն,է,ցուցաբերում.,կոստանյան , Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը BBC-ին տված հարցազրույցում ասել է, թե Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում:
2018-ի,մեր,ժառանգած,բանակցային,բովանդակությամբ,արդեն,իսկ,լղ-ի,պետական,կարգի,լուծարման,գործընթացը,սկսված,փաշինյան , 2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
Լիսաբոնից սկսած՝ պարզ էր, որ ոչ միայն տարածքների հետվերադարձի, այլև պետական ինստիտուտների վերացման հարց է դրված:
ուր,հիմա,լեռնային,ղարաբաղի,քաղաքացիական,բնակչությունը․,նիկոլ,փաշինյանն,անդրադարձել,ռդ,ագն-ի,հնչեցրած,մեղադրանքներին ,  Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը խորհուրդ կտամ վերցնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարդալ՝ 8-րդ կետը ներառյալ:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: