ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Վերջին հարվածը խորհրդային մեռնող կայսրությանը. 1991-ի օգոստոսի 19-ը

Գորբաչովին այլ բան չէր մնում, քան ենթարկվել հաղթական Ելցինին: Կոմունիստական կուսակցությունը Խորհրդային Միության գոյության կարևորագույն հենարաններից էր, որը Ելցինը գրիչի հարվածով համարեց օրենքից դուրս: Գորբաչովը ևս հեռացավ կոմկուսից և լուծարեց Կոմկուսի Կենտրոնական կոմիտեն: Խորհրդային այն հանրապետությունները, որոնք ընդամենը ամիսներ առաջ քվերկությամբ կողմ էին արտահայտվել ԽՍՀՄ-ի պահպանմանը, օգոստոսյան խռովությունից հետո սկսեցին մեկը մյուսի հետևից հայտարարել իրենց անկախության մասին:

1991-ի ապրիլի 23-ին Խորհրդային Միության առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը Նովո Օգարյովոյում հանդիպել էր խորհրդային ինը հանրապետությունների ղեկավարների հետ և հայտարարել Միութենական դաշնագրի (Союзный договор) նախագծի սկիզբը: Դա մի դաշնագիր էր, որով փորձ էր արվում պահպանել Խորհրդային Միությունը՝ հանրապետություններին տալով լայն լիազորություններ:
 
Նովո Օգարյովոյի հանդիպմանը չէին հրավիրվել այն վեց հանրապետությունները, այդ թվում` Հայաստանը, որոնք հրաժարվել էին մասնակցել ԽՍՀՄ-ն իր հին տեսքով պահպանելու հանրաքվեին, որն անց էր կացվել 1991-ի մարտի 17-ին: Այդ հանրաքվեին, Հայաստանից բացի, չէին մասնակցել նաև արդեն անկախություն հռչակած բալթյան երեք երկրները՝ Լատվիա, Լիտվա, Էստոնիա, ինչպես նաև Մոլդովան ու Վրաստանը:
 
Հայաստանը, չմասնակցելով մարտի 17-ի հանրաքվեին, խորհրդարանի մակարդակով որոշում էր ընդունել կես տարի անց՝ սեպտեմբերի 21-ին, անց կացնել անկախության ի՛ր հանրաքվեն:
 
Նովո Օգարյովոյի երկրորդ և երրորդ հանդիպմանը ևս Հայաստանը չմասնակցեց, թեև հրավիրվել էր: Երկրորդ հանդիպման ժամանակ` մայիսի 24-ին, Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահ և հանրապետության փաստացի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը Ֆրանսիայում էր, իսկ երրորդը, որը կայացավ հունիսի 2-ին, նա ներկա չէր` ի նշան բողոքի  Լեռնային Ղարաբաղի հարցում Մոսկվայի ադրբեջանամետ դիրքորոշման:
 
Հանդիպումներից վերջինին` հուլիսի 23-ին, մասնակցում էր նաև Հայաստանը: Տեր-Պետրոսյանն ընդգծում էր` Հայաստանը ձգտում է անկախության, բայց ժողովրդի վերաբերմունքը պետք է պարզի սեպտեմբերի 21-ի հանրաքվեն:
 
Հայաստանում նորացված միության կազմում մնալու կողմնակիցներ էլ կային, Տեր-Պետրոսյանի խոսքերով` «կոմկուսը, ՀՅԴ-ն եւ Հայաստանում բնակվող ծնունդով ղարաբաղցի հայերի խմբավորումները»:
 
«Նրանք հայտարարում են, որ Հայաստանը պետք է ստորագրի միութենական պայմանագիրը, որպեսզի հնարավորություն ունենա լուծելու Լեռնային Ղարաբաղի վերամիավորման հարցը: Այդ տարածաշրջանի բնակիչները մայիսի 16-ին որոշում են ընդունել օգտագործել Ադրբեջանի հետ փոխզիջումների և բանակցությունների խաղաքարտը: ԼՂ գործկոմի նախագահ Լեոնարդ Պետրոսյանի գլխավորությամբ առաջին պատվիրակությունը նոր է վերադարձել Բաքվից, որտեղ իր ծրագիրն է ներկայացրել նախագահ Մութալիբովին: Հայաստանի խորհրդարանը հուլիսի 16-ի քվեարկությամբ հավանություն է տվել այդ նախաձեռնությանը»,- ֆրանսիական Մոնդ թերթին ասել է Տեր-Պետրոսյանը:
 
1991-ի հունիսի 12-ին Ռուսաստանի նախագահական ընտրություններում Բորիս Ելցինը դարձել էր Խորհրդային Միության ամենամեծ հանրապետության նախագահ: Նրա մրցակիցը Նիկոլայ Ռիժկովն էր՝ հետագայում Հայաստանի Ազգային հերոս: Ելցինը ստացավ քվեների 57 տոկոսը, իսկ Նիկոլայ Ռիժկովը` 16:
 
Օգոստոսի 16-ին մամուլում տպագրվում է Միութենական դաշնագրի տեքստը, ստորագրումը նախատեսված էր չորս օր հետո: Գորբաչովը օգոստոսի սկզբից հանգստանում էր Ղրիմի Ֆորոս ամառանոցում:
 
ՊԱԿ-ի ղեկավար Վլադիմիր Կրյուչկովը անվտանգության գեներալներ Ալեքսեյ Եգորովին և Վյաչեսլավ Ժիժինին, օդադեսանտային զորքերի հրամանատար Պավել Գրաչովին (հետագայում՝ Ռուսաստանի պաշտպանության նախարար) հանձնարարում է պատրաստել արտակարգ դրության ապահովման միջոցառումների ցանկ: Հեղաշրջման առավոտյան Կրյուչկովը ՊԱԿ-ի ղեկավարությանը տեղեկացնում է` Գորբաչովյան «վերակառուցումն ավարտված է»:
 
Օգոստոսի 19-ի վաղ առավոտյան հեռուստառադիոհաղորդումները սկսվում են ԱԴՊԿ-ի՝ Արտակարգ դրության պետական կոմիտեի ուղերձի ընթերցումով:
 
Տատյանա Դյաչենկոն հորը` Բորիս Ելցինին արթնացնում է. «Հեռուստատեսությամբ ինչ-որ անհասկանալի բան են ցուցադրում»:
 
Քիչ անց Ելցինի ամառանոցում հավաքվում են իրենց ժողովրդավար հռչակած մի շարք գործիչներ: Ելցինը փորձում է կապվել Գորբաչովի և Խորհրդային Միության փոխնախագահ Յանաևի հետ, բայց ապարդյուն: Կապվում է Գրաչովի հետ: Դնելով լսափողը, Ելցինն ասում է. «Գրաչովը մերն է»:
 
Զորքերն սկսում են շարժվել դեպի Մոսկվա, մայրաքաղաք է մտցվում մոտ չորս հազար զինվորական և 800 տանկ ու զրահամեքենա: ՊԱԿ-ում քննարկման ընթացքում Կրյուչկովը հույս է հայտնում, որ Ելցինի հետ հնարավոր է պայմանավորվել:
 
Յուրի Դոլգորուկիի արձանի մերձակայքում սկսվում է հանրահավաք ի պաշտպանություն ժողովրդավարության և Ելցինի: Նա ժամանում է Սպիտակ տուն, Կրյուչկովի հետ հեռախոսազրույցում հրաժարվում ճանաչել ԱԴՊԿ-ն: Ապա Ելցինն իր կողմնակիցներին դիմում է Թամանյան դիվիզիայի տանկի աշտարակից, ԱԴՊԿ-ն հայտարարում օրենքից դուրս, տեղի ունեցողը որակում հեղաշրջում:
 
Գեներալներ Աչալովը, Գրուշկոն, Ադեեւը, Գրոմովը, Լեբեդը նախապատրաստում են Սպիտակ տան` Ռուսաստանի կառավարության շենքի գրոհը, որի պաշտպանների թիվը հասնում էր մի քանի տասնյակ հազարի:
 
Օգոստոսի 21-ի գիշերը սպանվում է երեք մարդ: Աչալովը Յազովին զեկուցում է` «արյուն է թափվել», որին հետեւում է Յազովի` «դադարեցնել գրոհը» հրամանը: Նույն օրն ԱԴՊԿ-ի պատվիրակությունն ուղևորվում է Ղրիմ, սակայն Գորբաչովը հրաժարվում է նրանց ընդունել, այդ թվում` Կրյուչկովին և Լուկյանովին, պահանջում անհապաղ վերականգնել կապն արտաքին աշխարհի հետ, զանգահարում է Մոսկվա, ապա հայտարարում, որ «լիովին վերահսկում է իրավիճակը»:
 
Վերադառնալով Մոսկվա Գորբաչովը շարադրում է իր հայտնի խոսքերը. «Ես վերադարձա այլ երկիր»: Նա Սպիտակ տան պաշտպաններ Իլյա Կրիչևսկուն, Դմիտրի Կոմարին և Վլադիմիր Ուսովին հետմահու շնորհում է Խորհրդային Միության հերոսի կոչում: Սպիտակ տան երեք պաշտպանները խորհրդային երկրի վերջին հերոսներն էին:
 
1991 թ. մոսկովյան հեղաշրջման ձախողված փորձն արագացնում է խորհրդային պետության վախճանը: Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները տարբեր կերպ արձագանքեցին օգոստոսի 19-21-ի մոսկովյան իրադարձություններին:
 
Տեր-Պետրոսյանն ու իշխող ՀՀՇ-ն մերժեցին արտակարգ դրության պետական կոմիտեի իրավազորությունները, մինչդեռ Այազ Մութալիբովն ու Պոլյանիչկոն հրապարակավ աջակցություն հայտնեցին` ակնկալելով, որ Մոսկվայում իշխանության ձգտող պահպանողականներն առավել կոշտ դիրք կբռնեն ԼՂ հարցում` հօգուտ Ադրբեջանի, ինչը նրանց հնարավորություն կտար վերջնականապես ջարդել ղարաբաղյան շարժումը:
 
Խռովարարների կորիզը կազմում էին ուժային նախարարները, որոնց ղեկավարության տակ գործող զորքերն էին հենց ադրբեջանական միլիցիայի հետ էթնիկ զտումներ և տեղահանումներ իրականացնում Ղարաբաղում ու հարակից հայաբնակ շրջաններում:
 
Օգոստոսի 19-ին Մութալիբովն Իրանում էր: Թավրիզում առնելով հեղաշրջման լուրը, ինչպես մի քանի երկրների առաջնորդներ` Սադդամ Հուսեյն, Յասեր Արաֆաթ, Մուամմար Քադդաֆի, Սլոբոդան Միլոշևիչ, Ադրբեջանի ղեկավարը ևս համերաշխություն է հայտնում խռովարարներին:
 
Նրա խորհրդական Վաֆա Գուլուզադեն գրում է, որ Մութալիբովին խնդրել էր մինչև Բաքու վերադառնալը խուսափել Մոսկվայի դեպքերի մեկնաբանություններից. «Մեկնեցինք Թավրիզ, (իրանական կողմը) Մութալիբվին համոզեց հարցազրույց տալ Շահրիյարի հուշարձանի մոտ` զուտ մշակութային հարցերով: Մենք կանգնած ենք քիչ այն կողմ: Լրագրողները մեկ-երկու հարց տվեցին մշակույթից, երրորդը` հեղաշրջումից: Մութալիբովն իր աջակցությունը հայտնեց, քննադատեց Գորբաչովին: Ես շոկի մեջ էի: Հետո զանգահարեց Պոլյանիչկոն. «Ուռա’, մերոնք վերցրել են»: Իսկ Մութալիբովը. «Ասում էի, չէ’, Վաֆա’, զինվորականներն իրենց խոսքը չեն ասել»: Երբ վերադարձանք Բաքու, հեղաշրջումը ձախողվել էր»:
 
Հեղաշրջման ձախողումից հետո Պոլյանիչկոն հեռացավ Ադրբեջանից: Մինչ այդ նա ցուցում էր տվել ԼՂ-ում իրագործել ԱԴՊԿ-ի որոշումները: ԼՂԻՄ մարզգործկոմը օգոստոսի 23-ին Գորբաչովին ու Ելցինին հղած դիմումում առաջարկում էր հեղաշրջման կազմակերպիչներին ենթարկել «ամենախիստ պատասխանատվության», ինչպես նաև քրեական գործ հարուցել Ղարաբաղում  «արյունալի հանցագործությունների» կազմակերպիչների նկատմամբ:
 
Օգոստոսի 22-ի գիշերը Ղրիմից Գորբաչովը Ռուցկոյի օդանավով ուղևորվում է Մոսկվա, խռովարարներին ճանապարհում են այլ օդանավով: Մոսկվայում` հենց թռիչքուղում, ձերբակալում են Կրյուչկովին, Յազովին: Յանաևը ձերբակալվում է իր առանձնասենյակում: Պուգոն և նրա կինն օգոստոսի 23-ի առավոտյան ինքնասպանություն են գործում: Ապա ձերբակալվում են Պավլովը, Ստարոդուբձևը, Լուկյանովը, մյուս խռովարարները: Ռուսաստանի Գերագույն խորհրդի նստաշրջանում Ելցինը ստորագրում է Խորհրդային Միության կոմկուսը լուծարելու հրամանագիր:
 
Հաղթական Ելցինը, ում հաջողվել էր կանխել հեղաշրջումը, Գորբաչովի ներկայությամբ հայտարարում է. «Ես առաջարկում եմ ստորագրել հրամանագիր Ռուսաստանի կոմունիստական կուսակցության գործունեությունը դադարեցնելու մասին»:
 
Լսվում է Գորբաչովի միջամտությունը. «Բորիս Նիկոլաևիչ, Բորիս Նիկոլաևիչ…»
 
Ծափերի ուղեկցությամբ Ելցինը ստորագրում է հրամանագիրը՝ անտեսելով Գորբաչովին:
 
«Հրամանագիրը ստորագրված է», - ինքնագոհ դիմելով պատգամավորներին՝ ասում է Ելցինը:
 
Այնուամենայնիվ, Գորբաչովին ելույթի հնարավորություն տրվում է: Դիմելով Ելցինին, նա հայտարարում է. «Ողջ կոմկուսը չէ, բոլոր կոմունիստները չեն, որ մասնակցել են դավադրությանը և աջակցել: Այդ պատճառով, եթե հաստատվի, որ Կենտրոնական կոմիտեն կամ այլ կուսակցական մարմին աջակցել են դավադիրներին, ես կաջակցեմ այդ հրամանագրին: Բայց կոմկուսին արգելելը սխալ կլիներ և ժողովրդավարական Գերագույն խորհրդի և Ռուսաստանի նախագահի կողմից»:
 
Ելցինը պատասխանում է. «Դա արգելել չէ, այլ կոմկուսի գործունեության դադարեցում մինչև այն պահը, երբ իշխանությունները կհստակեցնեին՝ մասնակցել է արդյոք այս [հեղաշրջման փորձի] իրադարձություններին: Սա բացարձակապես օրինական քայլ է: Ավելին, կոմկուսը գրանցված չէ Ռուսաստանի արդարադատության նախարարությունում:»
 
Գորբաչովին այլ բան չէր մնում, քան ենթարկվել հաղթական Ելցինին: Կոմունիստական կուսակցությունը Խորհրդային Միության գոյության կարևորագույն հենարաններից էր, որը Ելցինը գրիչի հարվածով համարեց օրենքից դուրս: Գորբաչովը ևս հեռացավ կոմկուսից և լուծարեց Կոմկուսի Կենտրոնական կոմիտեն:
 
Խորհրդային այն հանրապետությունները, որոնք ընդամենը ամիսներ առաջ քվերկությամբ կողմ էին արտահայտվել ԽՍՀՄ-ի պահպանմանը, օգոստոսյան խռովությունից հետո սկսեցին մեկը մյուսի հետևից հայտարարել իրենց անկախության մասին:
 
Գորբաչովը շարունակեց կրել ԽՍՀՄ նախագահի տիտղոսը և պահպանեց աթոռը Կրեմլում: Մեծ հաշվով, սակայն, դա մի կայսրություն էր, որ փաստացի այլևս գոյություն չուներ:
 
Թաթուլ Հակոբյան
 
 
Հատված ԿԱՆԱՉ ու ՍԵԻ․ ԱՐՑԱԽՅԱՆ ՕՐԱԳԻՐ հատորից
 
 
 
Աղբյուր՝ aniarc.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
1908,երիտթուրքական-հեղափոխություն,արևմտահայություն,բազմահազարանոց-ցույցեր,հայությունը-երիտթուրքերի-ցույցերում,ազատություն-հավասարություն-եղբայրություն , Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
1908 թվականի Երիտթուրքական հեղափոխության օրերին արևմտահայությունը մասնակցում էր բազմահազարանոց ցույցերին «ազատություն, հավասարություն, եղբայրություն» կարգախոսներով:
1919-1920,հայաստան,երևան,բաթումի,բաթումի-նավահանգիստ,թուրք-թաթար-թալանչիներ,բրիտանացի-զինվորների-վերահսկողության-տակ-գտնվող-զր,ամերիկյան-և-բրիտանական-մարդասիրական-օգնություն,բաթում-երևան-կյանքի-երկաթգիծը , 1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
«Ազատության պաշտպան» զրահագնացքի բրիտանական զինվորական անձնակազմը, Երևան, 1920 թ.
ամն,թուրքիայի-դաշնակից-ամն,եվրոպական-մեծ-տերություններ,թուրքիա,խորհրդային-միություն,հայոց-ցեղասպանություն,երկրորդ-աշխարհամարտ,հայկական-հարց,արևմտյան-հայաստանի-վերադարձի-ծրագիր,վահրամ-հովյան , Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Եվրոպական մեծ տերությունները և Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում են Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը։ ԱՄՆ-ի ու Թուրքիայի հարաբերություններում կային որոշակի կնճիռներ։ Այդ համատեքստում 2021-ին ԱՄՆ-ն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, թեև գործնականում մեծ հաշվով դա ոչինչ չի տալիս Հայկական հարցին։
հայ-ադրբեջանական,կոնֆերանս․,բաքու,1919-ի,դեկտեմբերի,14 , Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական կոնֆերանսին կմասնակցեն Ֆաթալի Խան Խոյսկին, Մամեդ Հասան Հաջինսկին և Մամեդ Ռզա Վեքիլովը։
հայերը,թուրքիան,ռուսաստանը,եւ,արեւմուտքը.,հայացք,1891,թվականից , Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Ներկայացնում ենք 1891 թվականի ապրիլին ամերիկյան The Atlantic Monthly ամսագրում հրապարակված Սեմյուել Գրին Ուիլեր Բենջամինի The Armenians and the Porte հոդվածի հայերեն թարգմանությունը:
ալեքսանդր-սոլժենիցինի-նոբելյան-պատմությունը,գրականության-նոբելյան-մրցանակ,շվեդիա,խսհմ,խսհմ-գերագույն-խորհուրդ,ստալինյան-ճամբարներ,հայրենիքից-բռնի-աքսոր,ռուս-ականավոր-մտածող-և-գրող,ալեքսանդր-սոլժենիցին , Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Խորհրդային Միությունում Սոլժենիցինին Նոբելյան մրցանակ շնորհելը ռումբի պայթյունի էֆեկտ ունեցավ։ Շատերն անկեղծորեն ուրախացան ռուս վառ և ազնիվ գրողի համաշխարհային ճանաչման համար: Սակայն իշխանությունները և պաշտոնական գրական հանրությունը թշնամաբար են ընդունել Շվեդիայի ակադեմիայի որոշումը։ ԽՄԿԿ Կենտկոմը Նոբելյան մրցանակակրին վարկաբեկելու մի ամբողջ ծրագիր էր մշակել։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: