ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
«Մեղրիի տարբերակ»-ի եղելությունը վկայող փաստերը բազմաթիվ են. դիվանագետների վկայություններից, մամուլի հրապարակումներից մինչև Վաշինգտոնի արխիվներում հայտնաբերած գաղտնազերծված փաստաթուղթ

Մեղրիի տարբերակ իրոք եղել է, և տևական ժամանակ դրա շուրջ իշխանության կուլիսներում քննարկումներ են ծավալվել այդ ուղղությամբ, վկայեց նաև ՀՀ նախկին՝ «Հոկտեմբերի 27»-ից հետո վարչապետ նշանակված Արամ Սարգսյանը։

«Մեղրին փոխանակելու  տարբերակ եղե՞լ է, թե՞ ոչ». այս հարցադրումը մշտապես հնչում է արցախյան կարգավորման, մասնավորապես՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման շրջանում քննարկված  տարբերակների մասին խոսելիս, և դրան Քոչարյանին սպասարկող  քարոզչամեքենան մշտապես պատասխանում է կտրուկ «ոչ»՝ նշելով, թե քննարկվել է ոչ թե Մեղրին փոխանակելու, այլ Մեղրիով  Ադրբեջանին ճանապարհ տալու մասին տարբերակ։ «Մեղրիի տարբերակի» թեման կրկին ակտիվացավ անցյալ շաբաթ, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ քննիչ հանձնաժողովում ԼՂ կարգավորման բանակցային գործընթացի խրոնոլոգիան ներկայացնելիս հպանցիկ անդրադարձավ նաև վերոհիշյալ տարբերակին՝ միաժամանակ նշելով, թե կա վարկած, կարծիք, որ հիշյալ «կարգավորման պլանի»  կյանքի կոչումը  խոչընդոտվել է այն ժամանակվա բարձրաստիճան պաշտոնյաների՝ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանի և վարչապետ Վազգեն Սարգսյանի կյանքի գնով։   Մեղրիի պլանի  եղելության մասին անցյալ շաբաթ Civic.am-ի հետ զրույցում վերահաստատել էր Կարեն Դեմիրճյանի կուսակից, ՀԺԿ փոխնախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Գրիգոր Հարությունյանը, մինչդեռ պաշտոնաթող նախագահ Քոչարյանի գրասենյակի՝ ի պատասխան Փաշինյանի ելույթի տարածած պարզաբանման մեջ Մեղրիի տարբերակին անդրադարձ կա կցկտուր մի պարբերությամբ. ««Մեղրիի փոխանակման» մասին խոսելիս, նա (Նիկոլ Փաշինյանը) մեջբերում է իր հոգևոր հայրերի, թիմակիցների և չինովնիկների խոսքերը և իր թերթում 2008 թվականի փետրվարին տպած մի հոդված՝ անվանելով դա «միջազգային մամուլի հրապարակում»: Ի՞նչ էր տեղի ունեցել իրականում. առաջարկի հեղինակը Ալիևն էր, և այն երբեք չի քննարկվել հակամարտության կողմերի հետ եռանախագահների ֆորմատում: Այդ առաջարկությունը մերժվել է հայկական կողմից: Մանրամասները նկարագրված են Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և Ազատություն» գրքի 380-381 էջերում»: Փաստորեն, Քոչարյանի գրասենյակի համար ճշմարտության միակ ատյանը ինքը՝ Քոչարյանն է, նրա ստեղծագործական երևակայության արգասիք վերոհիշյալ գիրքը, այլ ոչ՝ կոնկրետ փաստեր, անառարկելի ապացույցներ, որոնք մեկընդմիշտ կփակեին թեման։ 

Այն, որ Մեղրիի  տարբերակ իրոք եղել է, և տևական ժամանակ դրա շուրջ իշխանության կուլիսներում քննարկումներ են ծավալվել այդ ուղղությամբ, վկայեց նաև ՀՀ նախկին՝ «Հոկտեմբերի 27»-ից հետո վարչապետ նշանակված Արամ Սարգսյանը։ Նա իր հարցազույցում նշեց, թե Քոչարյանը «ստում է», երբ պնդում է, թե չի եղել նման տարբերակ, ավելին՝ իրեն պաշտոնանկ է արել «Մեղրիի փոխանակման ծրագիրը բարձրաձայնելու համար»:

«Ինչ վերաբերում է Մեղրիի տարբերակին, տարածքների փոխանակման այդ առաջարկը միանշանակ եղել է։ Ես կարդացի Ռոբերտ Քոչարյանի թիմի պատասխանը, և պետք է ասեմ, որ շատ ամոթ է, որ երկրորդ նախագահը, որն իրեն ուժեղ տղամարդ է համարում, ստում է, իր գրքում սուտ է գրել։ Այն ժամանակ նա ոչ միայն ինձ, այլ նաև Անվտանգության խորհրդի  հինգ անդամների համոզում էր, որ դա լավ տարբերակ է, որ այդ տարբերակով է, որ Ղարաբաղը կարող է անկախ լինել։ Եվ եղած տարբերակներից՝ փուլային, փաթեթային, մադրիդյան, լավրովյան տարբերակներից միակը, որտեղ Ղարաբաղի անկախությունը ճանաչվում էր, դա Մեղրին Լաչինով փոխանակելու՝ տարածքների փոխանակման տարբերակն էր»,- մասնավորապես նշել է Սարգսյանը՝ միաժամանակ հավելելով. «Քոչարյանը ներկայացնում էր, որ դա շատ լավ տարբերակ է, և որ, միևնույն է, Իրանի հետ սահմանը փակվելու է, և քանի դեռ այդ սահմանի դիմաց մեզ գումար են առաջարկում, իսկ այն ժամանակ ՄԱԿ-ը 6 միլիարդ դոլար մեզ էր առաջարկում, 8 միլիարդ՝ Ադրբեջանին՝ փախստականների վերադարձի համար, պետք է այդ կարգով հարցը լուծել և Ղարաբաղն անկախ ճանաչել։ Քոչարյանն ասաց, որ այդ ծրագիրը հորինել է ինքը, և որ մեծ ռեսուրսներ ու ջանքեր է ներդրել ու ինչ-որ փաստաթուղթ է սարքել ինչ-որ չեխ լրագրողի միջոցով, որին վճարել է, հասցրել է Հեյդար Ալիևին։ Քոչարյանն ամբողջությամբ այդ մոդելի կողմնակիցն էր։ Այսինքն՝ տարածքների փոխանակման ծրագիր եղել է, և այն փաստաթուղթը, որ կարդաց Նիկոլ Փաշինյանը, դա քննարկման թեմա է եղել, և Քոչարյանը բանակցել է միայն այդ փաստաթղթով, մյուս մոտեցումներն իրեն ձեռնտու չեն եղել»։ 

Նշենք, որ Քննիչ հանձնաժողովի այսօրվա նիստում ևս կրկին անդրադարձ եղավ ԼՂ խնդրի՝ տխրահռչակ կարգավորման այդ տարբերակին։ Վարչապետը, պատասխանելով հանձնաժողովականներից մեկի հարցին, նշեց, որ «Առավոտ» օրաթերթի 2000թ. համարում հրապարակվել է  Վարդան Օսկանյանի՝ Գլենդելում հայ համայնքի հետ հանդիպման ոչ պաշտոնական ելույթը, որի ժամանակ Օսկանյանը ևս խոսել է Մեղրին՝ Ադրբեջանին, իսկ Լաչինը Ղարաբաղի հետ Հայաստանին տալու մասին: Օսկանյանը նաև ասել է. «Վերը նշված առաջարկի մեջ ինչ-որ տրամաբանություն կա և պետք է դրվի լուրջ քննարկման: Եվ, ինչը շատ հետաքրքիր է, այդ խոսակցությունը մեկնաբանել է այդ ժամանակ ԱԳՆ խոսնակ Արա Պապյանը»: Ինչպես նշեց Նիկոլ Փաշինյանը, այս նյութը գոնե այս պահին  հասանելի է. «Հույս ունեմ կշարունակի հասանելի մնալ»:

Այժմ անդրադառնանք Մեղրիի տարբերակի մասին «Առավոտ»-ի հիշյալ և այլ հրապարակումների, որոնք հասանելի են։ Նախ նշենք, որ մասնավորապես հիշյալ թերթի էլեկտրոնային տարբերակում (2000 թ. մայիսի 31) «ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ» վերնագրով նյութում (հեղինակ՝ թերթի նախկին լրագրող, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայան) անդրադարձ կա տարածքների փոխանակման հարցին, որի վերաբերյալ  Օսկանյանի նախկին մամլո խոսնակ, ապա Կանադայում դեսպան նշանակված Արա Պապյանը այսպես ասած «ցրողական» պատասխան է տալիս: 

«Տարածքների հնարավոր փոխանակման մասին հարցին պատասխանելով, ԱԳՆ մամուլի խոսնակն ասաց, որ իրենք բազմիցս նշել են, որ այդպիսի բան չկա, որ մերժվել է այդ առաջարկը։ Ի դեպ, պրն Պապյանն ուզեց տարածքների փոխանակման մասին առաջարկի ծանրությունն ամերիկացիների ուսերից թեթևացնել և ասաց, թե նման առաջարկ եղել է ոչ միայն ամերիկացիների կողմից։ «Ուրիշ ո՞ւմ կողմից է նման առաջարկ արվել»,- «Ազատություն» ռ/կ-ի թղթակից Հրաչ Մելքումյանի այս հարցին պրն Պապյանը վարանեց պատասխանել, պարզապես ասաց. «Կան եռանախագահողներ»։ Լավ, տարածքների փոխանակման հարցն, ընդունենք, իրոք մերժվել է, բայց չէ՞ որ շրջանառության մեջ է նաև միջանցքների խնդիրը։ Արա Պապյանը հակված չէ միջանցքների հարցը կապել Ղարաբաղի հարցի լուծման հետ։ Նրա ասելով, միջանցքների հարցը վերաբերում է ճանապարհների ապաշրջափակմանը։ Ճանապարհները կշարունակեն մնալ Հայաստանի ճանապարհները, բայց շահագործելու իրավունք կունենան նաև հարևանները, մենք էլ կօգտվենք ասենք՝ Նախիջևանի կայարանից։ «Մենք չպիտի սպասենք Ղարաբաղի հարցի լուծմանը և հետո միայն սկսենք զարգացնել մեր տնտեսությունը։ Մենք երբեք Ղարաբաղի կարգավիճակը համարժեք չենք համարում ճանապարհների բաց և փակ լինելուն»։

Նույն թերթի մեկ այլ՝ 2000 թ. հունիսի 2-ի համարում «Արտգործնախարարի շատ մասնավոր ելույթը» վերնագրով նյութում Արա Պապյանն արդեն  հաստատում է Վ․ Օսկանյանի՝ Գլենդելում ապրիլի 25-ին  Մեղրիի տարբերակի վերաբերյալ արված հայտարարությունը։  «Շատ մասնավոր, ոչ պաշտոնական ելույթ էր, որը մեկնաբանությունների կարիք չունի»։ Պապյանը, ըստ թերթի, նաև  հիշեցնում է, որ «տարածքների փոխանակման առաջարկի վերաբերյալ ՀՀ պաշտոնական դիրքորոշումն արտահայտվել է բազմիցս։ Սակայն միայն Գլենդելում էր ԱԳ նախարարը բացահայտել այդ առաջարկի էությունը. «Մեղրին տրվում է Ադրբեջանին, Լաչինը Ղարաբաղի հետ տրվում է Հայաստանին։ Մեղրիով Հայաստանին տրվում է մի սուվերեն ճանապարհ, որով Հայաստանը կարող է սուվերեն հաղորդակցության մեջ մտնել Իրանի հետ»։ Այս ամենն արձանագրած «Կալիֆոռնիա կուրիերը» մեջբերել էր նաև պրն Օսկանյանի հետևյալ արտահայտությունները, թե այս առաջարկությունը մտածելու տեղիք տալիս է, «ինչ-որ տրամաբանություն կա» և «պետք է դրվի լուրջ քննարկման»»: Հարկ է նշել, որ դեսպանի պաշտոնը թողնելուց հետո «Մոդուս Վիվենդի» կենտրոնը ղեկավարող Արա Պապյանը համալրեց ոչմիթիզականության ջատագովների շարքը։ Նա մասնավորապես 2019-ին, իդեպ, խոստովանել էր, որ իրոք եղել է Մեղրիի տարբերակ։ «Վստահեցնում եմ, Ալիևին տվեք ամբողջ Արցախը, ներառյալ՝ ԼՂԻՄ-ը, կոնֆլիկտը կրկին չի վերջանալու, հետո Զանգեզուրն են ուզելու, այնուհետև՝ Երևանը։ Շատերն ասում են, թե՝ Ալիևն է, էլի, խոսում է, բայց ի՞նչ է խոսում, սա ստրատեգիա է, որով խոսում է պետության առաջին դեմքը։ Մեղրիի տարբերակը, որն այսօր մեծ աղմուկ է հանել, ինչի՞ համար էր արվում, սա նույն համաթուրքական ծրագրի համար էր արվում։ Այսինքն՝ այստեղ Ադրբեջանը լուծում է ամբողջ Հայաստանի հարցը, չկա Արցախի հարց, կա Հայաստանի գոյության հարց»։ 

Մեջբերենք  «Առավոտ»-ում տպագրված մեկ այլ հրապարակում ևս (հեղինակ՝ Մարգարիտ Եսայան)։  «Ալմաստ» գործարան այցելած Քոչարյանին  երբ հարցնում են Մեղրիի տարբերակի մասին, նա սկսում է մանևրել և «շառը գցել»  «ընդդիմադիր մամուլի» վրա։

«Նախագահի հետ «Ալմաստ» գործարանում շրջայց կատարող լրագրողներից մեկը նախագահին ուղղել է հետևյալ հարցը. «Օրերս Ալիևը շրջանառության մեջ դրեց Լաչինի միջանցքը Մեղրիով փոխանակելու վարկածը՝ մատնանշելով փարիզյան սկզբունքները։ Ինչո՞ւ հենց այս պահին սա մտավ շրջանառության մեջ»։ Նախագահ Քոչարյանն ասաց, որ «խոսքը երբեք չի գնացել միջանցքի մասին, խոսքը գնացել է, այո՛, Ղարաբաղի և Հայաստանի միջև սուվերեն միջանցքի մասին Մեղրիով, խոսքը գնում է ճանապարհով հաղորդակցության իրավունքի մասին։ Սրանից այն կողմ երբեք որևէ պայմանավորվածություն մենք չենք ունեցել: Կարծում եմ՝ սա հետաքրքիր է, այստեղ կարելի է միայն ենթադրելով կարծիք հայտնել։ Ինչքան գիտեմ (քանի որ ուսումնասիրում ենք նաև Ադրբեջանի մամուլը), իրենք բոլոր իրենց եզրակացություններն անում են ընդդիմադիր մամուլի վրա հենվելով, և երևի Ադրբեջանում տպավորություն է ստեղծվել, որ նախագահ Քոչարյանի վիճակն այնքան վատ է, որ մի բան էլ որ տա, վիճակը կպայթի, և մի քիչ ոչ հարմար գործընկերը բանակցային պրոցեսում կարող է չլինել։ Երևի դա է։ Կարծում եմ՝ իրենք մտածում են, որ սրանով ինչ-որ նոր նյութ են տալիս ընդդիմությանը՝ նախագահ Քոչարյանի դեմ ակտիվ գործունեություն ծավալելու վերաբերյալ»,- նշված  է թերթի հրապարակման մեջ։ 


Այլ վկայություններ

«Մեղրիի տարբերակի» մասին վկայությունները բազմաթիվ են, ընդ որում, թե՛ սույն հարցով քննարկմանը այս կամ այն կերպ մասնակից դարձած կամ միջնորդավորված տեղեկացած բարձրաստիճան պետական գործիչների, թե փորձագիտական շրջանակների կողմից։ Տարբեր ժամանակներում հրապարակվել են տարատեսակ վերլուծություններ, որոնցում ՀՀ հարավային դարպասի՝ Մեղրիի թեման այս կամ այն կերպ հոլովվել է գեոպոլիտիկ շահերի սպասարկման համատեքստում։ Ամենաընդգծված  շահառուների թվում այսօր էլ նշվում է Թուրքիան, սակայն ցանկը նրանով չի եզրափակվում։  Նշենք, որ ilur.am կայքում 2018-ի իշխանափոխությունից առաջ՝ ապրիլին, հրապարակվել էր նախկին նախագահ  Լևոն Տեր-Պետրոսյանի թիմակից, պատմաբան Աշոտ Սարգսյանի հեղինակած հրապարակումը, որտեղ մասնավորապես նշվում է. «Ադրբեջանի հետ սահման ունենալը շատ վաղուց եղել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերխնդիրը։ Այդ նպատակով նա ժամանակին հինգ անգամ մեծ տարածք զիջեց Իրանին՝ ձեռք բերելով հողի մի փոքրիկ լեզվակ՝ Նախիջևանի հետ ընդհանուր սահման ունենալու համար։ Բայց չկարողացավ լուծել բուն Ադրբեջանի հետ կապի հարցը։ Հենց այստեղ, Թուրքիայում էլ ծնվեց Մեղրիի շրջանը Լեռնային Ղարաբաղի հետ փոխանակելու ծրագիրը»։  Սարգսյանը մեջբերում է  ՀՅԴ առաջնորդներից Ռուբենի (Տեր-Մինասյան) վկայությունը (1918)։ «Արամը իր նախկին ընկեր` հաղթական Խալիլ փաշայից, որը եկել էր Երևան, պահանջում էր սահմանների ընդարձակում և ապրելու հնարարավորություն: Խալիլ փաշան սկզբունքորեն չէր մերժում Հայաստանի հողերի ընդարձակման պահանջը: Նա կանխավ առաջարկում էր, որ հայերը դատարկեն Զանգեզուրի Մեղրի գավառակը, որպեսզի իրենք անմիջապես կապվեն Բաքվի հետ: Դրա փոխարեն պատրաստ էր Ադրբեջանի հաշվին ընդարձակել Հայաստանի սահմանները դեպի Ջևանշիր ու Վարանդա»:

1990-ականներին,- գրում է հողվածի հեղինակը,- առաջին իսկ հարմար թվացող պահին Թուրքիան կրկին փորձեց շրջանառության մեջ դնել և լուծել Մեղրին Լեռնային Ղարաբաղի հետ փոխանակելու նույն խնդիրը։ Հեղինակն այնուհետ մեջբերում է հետազոտող Սուրեն Սարգսյանի՝ Վաշինգտոնի արխիվներում հայտնաբերած գաղտնազերծված փաստաթուղթը, որից պարզ է դառնում, թե ինչպես է Թուրքիայի նախագահ Թ. Օզալը համոզում ԱՄՆ նախագահ Ջ. Բուշին Արցախը փոխանակել Մեղրիով։ Եվ այսպես. «Գաղտնի սղագրություն (28.04.1992 թ). նախագահ Օզալը՝ Բուշին. «Հիմա անդրադառնամ Լեռնային Ղարաբաղին։ Մի գաղափար ունեմ։ ԼՂ-ն 80% բնակեցված է հայերով և 20% ադրբեջանցիներով։ Նրանք կարող են տարածքների փոխանակում իրականացնել։ ԼՂ-ն կարող է հանձնվել Հայաստանին, փոխարենը Ադրբեջանը տարածք ստանա Հայաստանից, որը կմիացնի Ադրբեջանի երկու տարածքները (նկատի է առնվում Ադրբեջանն ու Նախիջևանը): Ստալինը այստեղ սահմաններ է գծել և այդ հատվածը տվել էր հայերին՝ նրանց սիրաշահելու համար»։ 

Պետքարտուղար Ջեյմս Բեյքեր. «Ի՞նչ պետք է տեղի ունենա փոխանակվող տարածքի հայկական բնակչության հետ։»

Նախագահ Օզալ.  «Մոտ 50.000 մարդ է, որոնք պետք է տեղահանվեն։ Հակառակ պարագայում այս պատերազմը երբեք չի ավարտվի։ Թուրքիան լավ հարաբերություններ ունի Հայաստանի հետ։ Հայաստանն էլ լավ հարաբերությունների կարիք ունի Թուրքիայի հետ։ Բացի դրանից, այլ պատճառ էլ կա, թե ինչու է պետք այդպես անել։ Կենտրոնական Ասիայի պետությունները կարիք ունեն դուրս գալու դեպի Եվրոպա։ Նոր ռուսական իշխանությունները ցանկանում են լինել Ցարական Ռուսաստանի պես։ Նրանք ցանկանում են, որ բոլոր ճանապարհները գնան դեպի Մոսկվա։ Կոմունիստների ժամանակ ամբողջ արտադրանքը գնում էր Մոսկվա։ Այս պետություններին կարող է վտանգ սպառնալ։ Բոլոր խողովակաշարերը գնում են Ռուսաստան կամ Ռուսաստանի տարածքով են անցնում։ Նույնիսկ հիմա թուրքմենական գազը գնում է Ռուսաստանի միջով։ Դրա համար էլ իրենք այժմ ուղիներ են փնտրում Թեհրանի կամ Թուրքիայի միջոցով։ Իմ պլանի օգնությամբ մենք կարող ենք այդ խողովակաշարը Ադրբեջանի միջոցով միացնել Թուրքիային և տանել Եվրոպա։ Այս պետությունները կարիք ունեն դուրս գալու դեպի Եվրոպա ոչ Ռուսաստանի տարածքով։ Այլ տարբերակ է Աֆղանստանով, Պակիստանով, այնուհետ՝ Հնդկական օվկիանոսով։ Կարևոր է, որ այս պետությունները անկախ դառնան Ռուսաստանից՝ ենթակառուցվածքների զարգացման միջոցով»։

Պետքարտուղար Բեյքեր. «Դա այն է, ինչ մենք հիմա արդեն անում ենք։ Բոլորը, բացի տաջիկներից, դրան համաձայն են։ Կարծում եք՝ նրանք զգուշանում են Իրանի՞ց։»

Նախագահ Օզալ. «Չեմ կարծում։ Տաջիկները սունի են, խնդիր չի առաջանա։ Բայց այստեղ կարևորը Ադրբեջանն է։ Նրանք միջանցքի կարիք ունեն, և Ադրբեջանը կարող է դա տրամադրել։ Սա նաև Հայաստանին է ձեռնտու»։

Պետքարտուղար Բեյքեր. «Արդյո՞ք ադրբեջանցիները համաձայն կլինեն դրան։ Խնդրում եմ մեզ տեղեկացնեք։ Մենք կցանկանանք տեղյակ լինել։ Բացի դա, մենք որոշ դեմոգրաֆիկ ուսումնասիրություններ կանենք»։ 

Աշոտ Սարգսյանը գրում է նաև, որ «ծրագիրը նույն՝ 1992 թվականին փորձ արվեց շրջանառության մեջ դնել ամերիկացի փորձագետ-վերլուծաբան Փ. Գոբլի անունով, ինչը, հանդիպելով Հայաստանի իշխանության կոշտ հակազդեցությանը, մոռացության տրվեց։ Այն վերակենդանացավ 1998 թ. Հայաստանում պետական հեղաշրջմամբ կատարված իշխանափոխությունից հետո, Ռ. Քոչարյանի նախաձեռնությամբ»։ 

Հոդվածագիրն այնուհետ քաղվածքներ է բերում Մեղրիի հարցով Քոչարյան-Ալիև բանակցային խոհանոցին քաջատեղյակ, պաշտոնաթող դիվանագետ Ֆիլիպ Ռեմլերի՝ 2016 թ. հրապարակած «Կովկասին շղթայված. Խաղաղարար գործընթացը Լեռնային Ղարաբաղում 1987-2012թթ.» (Chained to the Caucasus: Peacemaking in Karabakh 1987-2012) աշխատությունից։ «1999 թ. հարկ է նշել այն հանգամանքը, որ բանակցությունները շատ ինտենսիվ էին… Քոչարյանն ու Ալիևն արդյունքում մշակեցին բոլորովին նոր լուծում, որն ամբողջությամբ տարբեր էր ԵԱՀԿ նախկինում մշակած բոլոր առաջարկներից: Լուրջ փոխզիջումներ՝ հիմնված լայն տարածքային փոխանակման վրա. Հայաստանը ստանում էր ամբողջական տիրապետություն Ղարաբաղի վրա, ներառյալ Լաչինի միջանցքը, որի դիմաց Ադրբեջանի ամբողջական տիրապետության տակ էր անցնում Հայաստանի ամենահարավային շրջանը՝ Մեղրին, որը Հայաստանը կապում է Իրանի հետ, և որը պետք է դառնար կապող միջանցք Ադրբեջանի և Նախիջևանի միջև…»: 

«Սադարակում կայացած չորրորդ հանդիպումից հետո Ալիևն ու Քոչարյանը նախաձեռնեցին ասուլիս, որտեղ երկուսն էլ ակնարկեցին, որ բավականին մոտ են լուծմանը…»։ «Տարածքների փոխանակման ծրագրի աշխարհաքաղաքական հնարավոր հետևանքներն ահռելի էին: Մեղրին ոչ միայն ընկած է Ադրբեջանի և Նախիջևանի միջև, նաև ձևավորում է Հայաստանի ընդհանուր սահմանն Իրանի հետ: Սահման, որը ծրագրի իրականացման պարագայում Հայաստանը կորցնելու էր»: «Այս հարցերից շատերը դեռ լուծում չէին ստացել Սադարակի հանդիպմանը: Ալիևն իր մոտ հրավիրեց Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Սթենլի Էսկուդերոյին և բացահայտեց իր և Քոչարյանի համատեղ մշակած ծրագիրը: Սա նորություն էր Միացյալ Նահանգների համար։ Ալիևը խնդրեց դեսպանին Մինսկի խմբի անունից այդ բանավոր համաձայնության հիման վրա պատրաստել գրավոր նախագիծ, որն ավարտուն տեսքի կբերեն ինքը և Քոչարյանը: Նա խնդրեց, որ դա արվի անհապաղ»։  «… Չնայած ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ և Մինսկի խմբի համանախագահող Սթրոբ Թելբոթը դիտարկում էր Մինսկի գործընթացը՝ որպես հնարավորություն համագործակցելու Ռուսաստանի հետ, ամերիկյան կողմը, խախտելով նախադեպը, տեղյակ չպահեց համանախագահողներին: Գործելով միակողմանիորեն՝ ամերիկյան կողմը շտապ սկսեց գրավոր փաստաթղթի պատրաստումը: Սա դեռ չավարտած` Թելբոթը և ամերիկյան համանախագահ Քերի Քավանոն մեկնեցին Բաքու (հոկտեմբերի 26-ին) և Երևան (հոկտեմբերի 27-ին)՝ փորձելով վերամշակել Քոչարյան-Ալիև համաձայնությունը: Այդուհանդերձ, Թելբոթը ստիպված էր արագ մեկնել Թբիլիսի հոկտեմբերի 27-ին՝ զբաղվելու մեկ այլ ճգնաժամով: Մեկնելով Երևանից՝ ամերիկացիները համոզված էին, որ հակամարտության կարգավորումը վերջապես շատ մոտ է: Մինչ Թելբոթի ինքնաթիռը դեռ օդում էր, Սադարակի հանդիպումից 16 օր անց Նաիրի Հունանյան անունով մեկը՝ չորս ուղեկցողների հետ միասին զինված ներխուժեց Հայաստանի խորհրդարան և սպանեց 8 պաշտոնյայի, նրանց թվում՝ վարչապետ Վազգեն Սարգսյանին և ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանին»։   

Նշենք նաև, որ  ահաբեկչությունից  ժամանակ անց  HTB հեռուստաընկերության «Սեգոդնյա» լրատվական ծրագրով հաղորդվել է ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի հետևյալ հայտարարությունը. «Հայրս հոկտեմբերի կեսերին ինձ հետ խոսել է Մեղրիի տարբերակի մասին: Քննարկվել է նման տարբերակ։ Նա ծայրահեղ մտահոգված էր և ասաց, թե դեմ կլինի և կկանգնի մինչև վերջ»:

Հեղինե Մանուկյան
civic.am/


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ադրբեջանն,ամեն,ինչ,անում,է,որպեսզի,խուսափի,հայաստանի,հետ,երաշխավորված,խաղաղության,պայմանագիր,կնքելուց․,պատգամավոր , Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանը շատ լավ վերլուծում է, թե խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում Հայաստանը ինչպիսի լուրջ հեռանկարներ կարող է ունենալ։
թուրքիա,անկարա,իրաք,քուրդ-զինյալների-դեմ-պայքար,քուրդիստանի-բանվորական-կուսակցություն,քբկ,pkk,թուրքիայի-արտգործնախարար,հաքան-ֆիդան,իրաքի-արտաքին-քաղաքական-գերատեսչության-ղեկավար,ֆուադ-հուսեյն , Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Դեկտեմբերի 19-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆուադ Հուսեյնը։
իշխան,սաղաթելյանը,գեղարքունիքում,փորձել,է,արդարանալ,և,իր,նոր,«նապառնիկ»,լևոն,քոչարյանի,հետ,ժողովրդին,նախապատրաստել,ռևանշի,չորրորդ,փորձին , Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
«Դիմադրություն» շարժման առաջնորդ ընկեր Իշխանի՝ Վարդենիսում հնչեցրած ելույթին, որում վերջինս փորձեց ոտքի վրա հիմնավորել իշխանափոխության ձախողման պատճառները։
ադրբեջանը,դժկամություն,է,ցուցաբերում.,կոստանյան , Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը BBC-ին տված հարցազրույցում ասել է, թե Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում:
2018-ի,մեր,ժառանգած,բանակցային,բովանդակությամբ,արդեն,իսկ,լղ-ի,պետական,կարգի,լուծարման,գործընթացը,սկսված,փաշինյան , 2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
Լիսաբոնից սկսած՝ պարզ էր, որ ոչ միայն տարածքների հետվերադարձի, այլև պետական ինստիտուտների վերացման հարց է դրված:
ուր,հիմա,լեռնային,ղարաբաղի,քաղաքացիական,բնակչությունը․,նիկոլ,փաշինյանն,անդրադարձել,ռդ,ագն-ի,հնչեցրած,մեղադրանքներին ,  Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը խորհուրդ կտամ վերցնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարդալ՝ 8-րդ կետը ներառյալ:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: