ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Միշտ մտածեցեք այդ մասին, բայց երբեք մի խոսեք

Զրույց Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետ, Նորին Սբ․ Օծություն, Տ․ Տ․  Վազգեն Առաջին կաթողիկոսի հետ։ Նոյեմբեր 23, 1990 թ 

(Թերթի փրկված միակ օրինակը պահպանվում է հեղինակի անձնական արխիվում)

 
Շուշան ՂԱԶԱՐՅԱՆ – Հոկտեմբերին Մոսկվայում, Ղարաբաղի հարցով հայ պատգամավորների հացադուլը դադարեցնելիս, դուք ասացիք՝ Ղարաբաղյան շարժման հենց սկզբից ես լավատես չէի, դրա համար ես հիմա հուսահատ չեմ։ Ինչպե՞ս է, որ չեք հուսահատվում Ղարաբաղի ու Շահումյանի համար այս ծանր օրերին։
 
Վեհափառ ՀԱՅՐԱՊԵՏ,– Ես այդ շարժման սկզբնավորությանն ավելի վերապահ էի՝ հաշվի առնելով մեր սեփական ուժերի տարողությունը։ Սակայն Ղարաբաղյան շարժումն սկսողները շատ մեծ լավատեսությամբ սկսեցին, առանց հստակ ծրագրի, կարծելով, որ եթե մեր պահանջն արդար է, եւ, անշուշտ, որ արդար է, անպայման այդ արդար դատը պիտի հաջողվի։ Նույնիսկ խորհուրդ տվեցի շարժման առաջին օրերին լավ մտածել, հեռատես լինել, հաշվի առնել, թե արդյո՞ք երաշխիքներ կան գործը հաջողացնելու իմաստով՝ չմոռանալով մեր աշխարհագրական դիրքը, եւ մեր սեփական ուժերի տարողությունը։
 
Ես այն ժամանակ մտածում էի, որ Հայաստանը պետք է նեցուկ կանգնի Ղարաբաղին, բայց ոչ ուղղակի, ոչ հրապարակավ, այլ տարբեր միջոցառումներով։ Օրինակ ունեի Հյուսիսային Իռլանդիայի վիճակը։ Քսան տարի արյունալի պայքար է գնում միավորման համար, բայց մայր երկիրն ուղղակիորեն չի միջամտում եւ արտաքնապես նորմալ հարաբերությունների մեջ է Անգլիայի հետ։ Այնուամենայնիվ, մեր շարժումն սկսվեց, եւ ես էլ ոգեւորվեցի, որովհետեւ այդպիսի հարցերի մեջ մարդ կարող է կարծիք ունենալ, բայց վստահ լինել չի կարող։ Ես հիմա էլ վստահ չեմ՝ ճիշտ էր դա, թե չէ, բայց այն ստեղծվեց արդար պահանջի հիման վրա, եւ հայ ժողովրդի ազգային զգացումները սքանչելի կերպով դրսեւորվեցին։ Հիմա, եթե սկսել ենք, պիտի հաջողությամբ շարունակենք։ Եւ պետք չէ հուսահատվել այն դժվարություններից, որոնք մեր առջեւ կան ու պիտի լինեն։
 
Շատ էլ պետք չէ աճապարել։ Մենք երեք հազար տարվա ժողովուրդ ենք, հետեւաբար, կարող ենք պայքարը շարունակել, ասենք եւս տաս տարի։ Լուծումը մեր արդար դատը հետապնդելու ձեւերի մեջ պետք է որոնել՝ նայած ստեղծվող կացությունների։ Ես ուզում եմ շեշտել՝ ըստ կացությունների, հեռատեսությամբ, զգուշավորությամբ, երբեմն համարձակությամբ, համբերությամբ, միշտ շարունակելով նույն պայքարը։ Անցյալ դարում ուժեղ պայքար էր գնում ֆրանսիացիների եւ գերմանացիների միջեւ՝ Ալզաս Լորենի (Էլզաս Լոթարինգյանի) հարցով։ Գերմանացիները գրավել էին այդ շրջանը, եւ ֆրանսիացի ժողովուրդը մեզ նման զայրույթի, հուսահատության մեջ էր, երբ հայտնի մի ֆրանսիացի գործիչ հետեւյալ պատգամը տվեց՝ միշտ մտածեցեք այդ մասին, բայց երբեք մի խոսեք։ Եւ ֆրանսիացի ժողովուրդը իրապես լռեց։ Լռեց հիսուն տարի ու ապա 1918-ին նորից ետ վերցրեց իր հողերը։ Պատմությունը երբեմն ճշմարիտ դասեր է տալիս։
 
ՇՂ–  Ինչ եք կարծում, ինչ դեր է կատարել քրիստոնեությունը մեր հոգեւոր կերտվածքի ձեւավորման մեջ, արդյո՞ք պատմության դասերը մեզ մի բան սովորեցրել են։ Եվ իսկապե՞ս մենք քրիստոնեության արժեքներով ապրող ժողովուրդ ենք։
 
Վեհափառ ՀԱՅՐԱՊԵՏ, – Ես ոչ թե կարծիք եմ հայտնում որպես կաթողիկոս, այլ ուզում եմ պատմության հիմքի վրա մի հաստատում կատարել։ Հայ ժողովուրդը քրիստոնեությունը պաշտոնապես ընդունեց 4-րդ դարի սկզբին, եւ այն այնքան նույնացավ մեր ազգի հետ, որ ահա 1700 տարի է, նրանք չեն բաժանվում մեկը մյուսից։ Մեր պատմության ոսկեդարը քրիստոնեության անմիջական արդյունքն է։ Ինձ թվում է, թե հայ ժողովուրդը ազգային եւ ոգեկան իմաստով իր վերջնական ձեւերը չէր գտել առաջին դարերին, եւ որոնումի մեջ էր, թեեւ իբրեւ ժողովուրդ, կար։
 
Նա կարող էր դեպի պարսկական հեթանոսություն գնալ, այդ ճնշումները կային պարսիկների կողմից։ Ճիշտ այդ պահին եկավ քրիստոնեությունը, եւ, մի տեսակ դարձավ այն շաղախը, որով վերջնականապես կաղապարվեց մեր ժողովրդի ոգեկանությունը։ Այսպես չեղավ մյուս ազգերի հետ։ Հելլեններն, օրինակ, իրենց ոսկեդարը ստեղծեցին քրիստոնեությունից 500 տարի առաջ։ Մշակույթի առումով նրանց փառքը հին հեթանոսական շրջանն է, Պերիկլեսի ոսկեդարը։ Ֆրանսիացիները քրիստոնեություն ընդունել էին վաղուց, թեեւ ազգային տեսակետով արդեն կազմավորված էին, բայց մշակութային իրենց ոսկեդարը կերտեցին Լյուդովիկոս ԺԴ-ի շրջանում։
 
Մեր ժողովրդի ազգային ոգեկանությունը կազմավորվեց եւ ճառագայթեց քրիստոնեությունն ընդունելուց մոտ 100 տարի հետո միայն, երբ փայլատակեց Մեսրոպ Մաշտոցը, թարգմանվեց Սուրբ գիրքը, եւ սկիզբ առավ հայ գրականությունը։ Նաեւ Վարդանանց պատերազմը հայրենական հերոսամարտ էր՝ քրիստոնեական հավատքի հիման վրա։ Բավական է կարդալ Եղիշե պատմիչի գործը՝ հասկանալու համար այդ ճշմարությունը։ Դա համաշխարհային մակարդակով խղճի, կրոնի ազատության առաջին պատերազմն էր։ Կրկնում եմ, մեր ազգային ոգեկանության հիմունքները քրիստոնեությամբ շաղախվեցին, կազմավորվեցին, ծաղկում ապրեցին եւ հասան մեր օրերը։
 
Շ,Ղ– «Էջմիածին» հանդեսը տարիներ շարունակ լույս է տեսնում որպես Մայր աթոռի պաշտոնաթերթ։ Կարելի չէ՞ր, որ հնարավորինս անդրադառնար մեր հայ քրիստոնեական վիթխարի մշակույթին, որը զանազան պատճառներով փակ է մեր առաջ։ Օրինակ՝ ասենք,  Երուսաղեմի պարականոն Ավետարանները, որ իսպառ անմատչելի են։ Կամ՝ օրինակ, Մաշտոց, Օրմանյան, Մագիստրոս, Շնորհալի, Տաթեւացի, եւ այլն։ Մեզ այս հեղինակների  ժառանգության չնչին մասն է միայն հայտնի։
 
Վեհափառ ՀԱՅՐԱՊԵՏ,- Իր գոյության քառասուն տարիների ընթացքին այդ կարգի հոդվածներ, գրություններ բազմաթիվ անգամ լույս են տեսած, բայց ոչ բավարար չափով, եւ ես Ձեզ հետ համաձայն եմ։
 
Շ․Ղ – Ու նաեւ մի կարեւոր խնդիր։ Այսօրվա հայ մարդը որոշակիորեն չգիտե, թե ինչով է առաքելական եկեղեցին տարբերվում քրիստոնյա մյուս եկեղեցիներից՝ ուղղափառից, բողոքականից կամ կաթոլիկից։ Չգիտե՝ ծիսական ու դավանաբանական ինչ տարբերություններ կան այս եկեղեցիների միջեւ։ Հնարավոր չէ՞ Մայր աթոռի միջոցով այս տարրական գիտելիքները հաղորդել մեր հավատացյալներին, ձեռնարկներ, գրքեր տպագրել, մանավանդ, Էջմիածնի հրաշալի տպարանի պարագայում։
 
Վեհափառ ՀԱՅՐԱՊԵՏԵս համաձայն եմ Ձեզ հետ։ Մեր ժողովուրդը տասնյակ տարիներ կտրված լինելով հոգեւոր կյանքից, եկեղեցուց, իրապես ի վիճակի չէ զանազանելու հայ առաքելական եկեղեցին այլադավան կրոններից։ Դա մեզ մտահոգում է, անշուշտ, եւ աշխատում ենք այդ ուղղությամբ եւս, ինչքան մեր ուժերը ներեն։ Եւ ծրագրեր կան որոշ հրատարակություններ կատարելու, ծանոթացնելու համար՝ մեր եկեղեցին իր յուրահատուկ աստվածաբանական մտածելակերպով, իր ազգային հոգեւոր ավանդույթներով, այսօրվա կառույցով ու առաքելությամբ։ Բայց գիտե՞ք, դա երկարատեւ աշխատանքի արդյունք կարող է լինել։ Քայլ առ քայլ, ծրագրված գործ պիտի տարվի, որպեսզի հասնենք այդ նպատակի իրականացմանը։
 
ՇՂ – Անցյալ դարի Աստվածաշնչի աշխարհաբար թարգմանությունը լեզվական տեսակետից եղել է սահմանափակ եւ ոչ գոհացուցիչ։ Տեղյակ եմ, որ Սբ․ Էջմիածինը պատրաստում է արեւելահայ ամբողջական նոր թարգմանություն։ Եւրոպայում տպագրվել են նաեւ Աստվածաշնչի տարբեր մեկնություններ բնագրից, որոնք ժամանակին արտացոլվել են տարբեր թարգմանություններում։ Սբ․ Էջմիածնի նոր թարգմանության մեջ, արդյո՞ք տեղ են գտել նորօրյա տարբեր թարգմանությունների նոր մեկնությունները, նոր հայացքով, նոր մեկնաբանությամբ։
 
Վեհափառ ՀԱՅՐԱՊԵՏ – Անցյալ դարում թարգմանել են բողոքականները՝ Պոլսում, որը լեզվական եւ այլ տեսակետներով գոհացուցիչ չէ։ Հիմա այդ պակասը դարմանելու համար արդեն յոթ տարի է կատարում ենք նոր թարգմանություն այսօրվա գրական հայերենով՝ Մատենադարանի գիտնականների եւ մեր մի քանի հոգեւորականների ջանքերով։ Արդեն պատրաստ է, արվում են խմբագրական ճշտումներ, կարծում եմ լավ թարգմանություն է, եւ առաջիկա տարում պատրաստ կլինի տպագրության համար։ Տպագրությունն իրականացվելու է արտասահմանում։ Բարեբախտաբար մեզ նյութապես օգնելու է Աստվածաշնչի միացյալ ըներությունը։ Սա միջազգային կրոնական կազմակերպություն է, որը համաշխարհային մակարդակի վրա օժանդակում է սուրբ գրքի տարբեր լեզուների թարգմանությունը։
 
Շ Ղ – Իսկ նոր թարգմանությունն ինչպիսի գիտական մշակում է անցել։
 
Վեհափառ ՀԱՅՐԱՊԵՏ – Հենց սկզբից ասեմ, որ մեկնություններ չեն լինելու, տեքստն է միայն թարգմանվելու։ Ինչ վերաբերում է Եվրոպայում կատարվող թարգմանություններին, դրանք բավականին տարբերվում են մեկը մյուսից։ Կան թարգմանություններ, որոնք կատարվոմ են արդիական մոտեցումներով, նույնիսկ հեռանում են բնագրից՝ ավելի հասկանալի, տվյալ ժողովուրդներին ավելի մատչելի լինելու համար։ Մեր թարգմանիչների խնդիրն է եղել հավատարիմ մնալ գրաբար, ոսկեդարյան հայոց թարգմանությանը, նկատի առնելով նաեւ հունական, եբրայական բնագրերը։ Այս առթիվ աներեւակայելի հարցեր առաջացան եւ հնարավոր չափով այդ բոլորը հաշվի առնվեցին։
 
Շ․ Ղ – Հոգեւոր ճեմարանը պատրաստում է աստվածաբաններ։ Ինչպիսին է ակադեմիայի ու եկեղեցու կապը
 
Վեհափառ ՀԱՅՐԱՊԵՏ․ – Սերտ համագործակցություն կա Մատենադարանի հետ, որովհետեւ հին գրականության նյութերն այնտեղ են, եւ ուսանողներն իրենց ավարտաճառերը կամ ուսումնասիրությունները պատրաստելու համար անպայման Մատենադարանից են օգտվում։
 
ՇՂ -էջմիածինը որպես գիտական աստվածաբանական կենտրոն ինչ նոր հրատարակություններ է պատրաստում՝ մարդկանց վերադարձնելու հայ առաքելական եկեղեցուն։ Երկրի այս ծանր իրավիճակում,  բազմաթիվ աղանդավորական խմբեր են հայտնվել Երեւանում։ Չե՞ք կարծում, որ այդ ակտիվացումը կապված է ժողովրդի հոգեւոր դաստիարակության պակասի հետ։
 
Վեհափառ ՀԱՅՐԱՊԵՏ․-  Անշուշտ, մենք ոչ միայն մտահոգված ենք, այլ ցավում ենք այդ բանի համար, եւ ինչպես Դուք ասացիք, դրանց առաջն առնելու համար, նախ մեր քարոզչությունը պետք է մակարդակով հնչի մեր եկեղեցու բեմից, հեռատեսիլով։ Իսկ գրականության հարցում ուղղակի չենք կարողանում հասցնել։ Տպագրական դժվարություններ ունենք, բայց պիտի աշխատենք առաջն առնել կրոնական բաժանումների եւ ցրվածությունների, որոնք վատառողջ երեւույթներ են։ Ողջամտությունը պետք է հուշի մեր ժողովրդին, որ ճիշտ ճանապարհի վրա մնա, հավատարիմ մեր բազմադարյա առաքելական եկեղեցուն, որը մեր ազգային հարազատ եկեղեցին է՝ մոտ երկու հազար տարիներ ի վեր։ Հավատարիմ մնալը մեր առաքելական եկեղեցուն ոչ միայն կրոնական, այլ նաեւ ազգային քաղաքական կարեւորություն ունեցող հարց է։ Աղանդավորական շարժումները անհարազատ են մեր ազգին, արտասահմանից են ներմուծված եւ ֆինանսավորված։ Կրոնական մակարդակի վրա, իմ կարծիքով, մեր ժողովուրդը պետք է պահպանի իր միասնությունը հոգեւոր եւ ազգային իմաստով։ Մեկ ազգ, մեկ եկեղեցի, մեկ Մայր Հայաստան նշանաբանով։
 
Շ Ղ –Հայաստանում կան տարբեր քաղաքական կուսակցություններ, որոնք տարբեր կերպ են տեսնում Հայաստանի անկախության պարագան։ Կրոնը, սակայն, այն միավորող ուժն է, որն իր շուրջ պետք է համախմբի հայ ժողովրդին՝ անկախ կուսակցական պատկանելության։
 
Վեհափառ ՀԱՅՐԱՊԵՏ – Կուսակցություններիի գոյությունը ժողովրդավարության հիմն է, եւ ես դրա մեջ անպատեհություն չեմ տեսնում։ Պայմանով, որ ծայրահեղությունների չհասնի եւ թշնամանքներ չդրսեւորվեն։ Անշուշտ, եկեղեցին չպետք է որեւէ կուսակցության կողմ լինի, դեմ էլ չպիտի լինի։ Եկեղեցին բոլորի հետ պիտի լինի։ Այն գիտակցությամբ, որ գոնե հոգեւոր մակարդակի վրա կարողանա իրագործել ազգային միասնությունը, հարգելով բազմակուսակցության սկզբունքը։
 
ՇՂ – Հայ առաքելական եկեղեցին պատմական փորձ ունի այս առումով՝ պետականության բացակայության պարագայում, պահպանել է ազգային միասնությունը։
 
Վեհափառ ՀԱՅՐԱՊԵՏ․ –  Այդ իմաստով մեր եկեղեցին կատարել է իր պատմական առաքելությունը, մանավանդ պետականությունը կորցնելուց հետո, երբ եղել են բաժան բաժան, տարբեր տիրապետությունների տակ։ Բայց եկեղեցին կարողացել է մեր ազգի ոգեկան միասնությունը եւ անկախությունը պահել, հասցնել մինչեւ մեր օրերը։
 
Շ․Ղ-  Եւ չեմ կարող այս պահին Խորհրդային միության գոյության այս  դրամատիկ ու մեզ անծանոթ իրավիճակում, այս հարցը չտալ։ Ինչպե՞ս եք պատկերացնում Հայաստանի եւ Խորհրդային Ֆեդերացիայի հետագա հարաբերությունը կամ համագործակցությունը։
 
Վեհափառ ՀԱՅՐԱՊԵՏ․ – Իմ հաստատ համոզմունքն է, որ Հայաստանի ազատ եւ ինքնիշխան հռչակումը արդար է եւ ճիշտ։ Բայց միաժամանակ համոզված եմ, որ մեր ազգի շահերը պահանջում են, որ պահպանվի Միությունը ինքնավար եւ ինքնիշխան հարաբերությունների հիման վրա՝ սուվերեն հանրապետությունների կոնֆեդերացիայում։
 
ՇՂ․ – Վեհափառ Հայրապետ, «Միտք» շաբաթաթերթը Ակադեմիայի նոր պարբերականն է։ Հուսով ենք օգտակար կնկատվի մամուլի  այսօրվա խայտաբղետ ներկապնակի մեջ։
 
Վեհափառ ՀԱՅՐԱՊԵՏ – Մեր օրհնությունը «Միտք» շաբաթաթերթին։ Անունն իմ սրտին խոսում է, քանզի ծանոթ եմ «Միտք» ամսագրին, որ ժամանակին լույս է տեսել Թիֆլիսում։ Շատ բարձր մակարդակի հանդես էր։ Իմ օրհնոթյունը ձեր թերթին, ձեր խմբագրաական կազմին, աշխատակիցներին եւ բոլոր ընթերցողներին։ Տարածեք եւ լուսավորեք մեր ժողովրդի կյանքի ճանապարհը՝ արդար ու ազատ մտքի ճառագայթումներով։
 
 
«Միտք», 23 նոյեմբերի, 1990 թ. Երեւան
 
Հ Գ Հայաստանի ԳԱ «Միտք» շաբաթաթերթը  կարճ կյանք ունեցավ։ ՀՀՇ-ի իշխանության օրոք կրճատվեցին Ակադեմիայի ծախսերը եւ թերթը փակվեց։ Շենքի պահպանման անբարենպաստ պայմաններում անձրեւից ու կաթիլքից քայքայված պահոցում, թերթի արխիվը ոչնչացավ։ Հեղինակային մի քանի համարներ պահպանվել են իմ անձնական արխիվում։
 
Հեղինակ, 2023թ Երեւան  
 
 
Աղբյուր՝ 1in.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
1908,երիտթուրքական-հեղափոխություն,արևմտահայություն,բազմահազարանոց-ցույցեր,հայությունը-երիտթուրքերի-ցույցերում,ազատություն-հավասարություն-եղբայրություն , Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
1908 թվականի Երիտթուրքական հեղափոխության օրերին արևմտահայությունը մասնակցում էր բազմահազարանոց ցույցերին «ազատություն, հավասարություն, եղբայրություն» կարգախոսներով:
1919-1920,հայաստան,երևան,բաթումի,բաթումի-նավահանգիստ,թուրք-թաթար-թալանչիներ,բրիտանացի-զինվորների-վերահսկողության-տակ-գտնվող-զր,ամերիկյան-և-բրիտանական-մարդասիրական-օգնություն,բաթում-երևան-կյանքի-երկաթգիծը , 1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
«Ազատության պաշտպան» զրահագնացքի բրիտանական զինվորական անձնակազմը, Երևան, 1920 թ.
ամն,թուրքիայի-դաշնակից-ամն,եվրոպական-մեծ-տերություններ,թուրքիա,խորհրդային-միություն,հայոց-ցեղասպանություն,երկրորդ-աշխարհամարտ,հայկական-հարց,արևմտյան-հայաստանի-վերադարձի-ծրագիր,վահրամ-հովյան , Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Եվրոպական մեծ տերությունները և Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում են Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը։ ԱՄՆ-ի ու Թուրքիայի հարաբերություններում կային որոշակի կնճիռներ։ Այդ համատեքստում 2021-ին ԱՄՆ-ն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, թեև գործնականում մեծ հաշվով դա ոչինչ չի տալիս Հայկական հարցին։
հայ-ադրբեջանական,կոնֆերանս․,բաքու,1919-ի,դեկտեմբերի,14 , Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական կոնֆերանսին կմասնակցեն Ֆաթալի Խան Խոյսկին, Մամեդ Հասան Հաջինսկին և Մամեդ Ռզա Վեքիլովը։
հայերը,թուրքիան,ռուսաստանը,եւ,արեւմուտքը.,հայացք,1891,թվականից , Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Ներկայացնում ենք 1891 թվականի ապրիլին ամերիկյան The Atlantic Monthly ամսագրում հրապարակված Սեմյուել Գրին Ուիլեր Բենջամինի The Armenians and the Porte հոդվածի հայերեն թարգմանությունը:
ալեքսանդր-սոլժենիցինի-նոբելյան-պատմությունը,գրականության-նոբելյան-մրցանակ,շվեդիա,խսհմ,խսհմ-գերագույն-խորհուրդ,ստալինյան-ճամբարներ,հայրենիքից-բռնի-աքսոր,ռուս-ականավոր-մտածող-և-գրող,ալեքսանդր-սոլժենիցին , Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Խորհրդային Միությունում Սոլժենիցինին Նոբելյան մրցանակ շնորհելը ռումբի պայթյունի էֆեկտ ունեցավ։ Շատերն անկեղծորեն ուրախացան ռուս վառ և ազնիվ գրողի համաշխարհային ճանաչման համար: Սակայն իշխանությունները և պաշտոնական գրական հանրությունը թշնամաբար են ընդունել Շվեդիայի ակադեմիայի որոշումը։ ԽՄԿԿ Կենտկոմը Նոբելյան մրցանակակրին վարկաբեկելու մի ամբողջ ծրագիր էր մշակել։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: