ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինի ձևակերպումները ցինիկ ու անադեկվատ լինելուց զատ՝ նաև ծաղր են դաշնակից երկրի՝ ՀՀ-ի նկատմամբ

44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը հետևողականորեն փորձում էր թաղել իր ստորագրությունը կրող նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, դրանով ստանձնած պարտավորությունները, իսկ այդ հայտարարության երաշխավոր ու մոդերատոր ՌԴ-ն՝ ի դեմս Վլադիմիր Պուտինի, նկատենք, բնավ դեմ չէր Ալիևի այդ վարքագծին։

44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը հետևողականորեն փորձում էր  թաղել իր ստորագրությունը կրող  նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, դրանով ստանձնած պարտավորությունները, իսկ  այդ հայտարարության երաշխավոր ու մոդերատոր ՌԴ-ն՝ ի դեմս Վլադիմիր Պուտինի, նկատենք, բնավ դեմ չէր  Ալիևի այդ վարքագծին։ Հայտարարության՝ անցած մոտ երեք տարիների ընթացքում բազմադրվագ խախտման ամենաաղաղակող արարը Արցախի նկատմամբ սեպտեմբերի 19-20-ի ահաբեկչական գործողությունն էր, դրան ի պատասխան  ինքնապաշտպանության դիմած Արցախին «զինադադար» պարտադրելը, Արցախի իշխանությանը երկկողմանի համաձայնագիր պարտադրելն ու դրանից բխող գործողությունները կատարելը՝  Արցախի պաշտպանության բանակի զինաթափում,  արցախահայության բռնի տեղահանություն և դրանում գործուն մասնակցություն, Արցախի պետական ինստիտուտների լուծարում և հեռանկարում՝ Արցախի Հանրապետության  գոյության դադարեցում։ Միջանկյալ արձանագրենք, որ նոյեմբերի 9-ի հայտարարության իրավասուբյեկտները երեքն են՝ ՀՀ, Ադրբեջան, ՌԴ, սակայն սեպտեմբերի  20-ի, այսպես կոչված,  «հրադադարի»  փաստաթուղթը երկու կողմ ունի՝ ՌԴ խաղաղապահ զորակազմ և Լեռնային Ղարաբաղ։  Նշանակում է՝ Արցախում տեղի ունեցած վերջին «օպերացիան»  բացի այն բանից, որ խորապես հակասում է նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ՌԴ-ի ստանձնած պարտավորություններին, այլև  ծնունդ է տվել մի «համաձայնագրի», որը հակասում է նոյեմբերի 9-ի հայտարարության ոգուն ու տառին և ոչ լեգիտիմ է։ 


Արցախին պատուհասած ողբերգությունը նոյեմբերի 9-ի հայտարարությունն առ ոչինչ համարելու «վերջին ակորդն» էր, եթե կուզեք՝ այդ հայտարարության հուղարկավորությունը, որը համատեղ ուժերով իրականացրեց ռուս-ադրբեջանական տանդեմը՝ ամիսներ տևած և  հետևողականորեն իրականացված պլանի (Արցախի էթնիկ զտում) ի կատար ածման շրջանակներում։  Նշենք, որ այդ հայտարարության բոլոր կետերը ՀՀ-ն կատարել է բարեխղճորեն ու սահմանված ժամկետներում, իսկ Ադրբեջանը ՌԴ-ի լուռ համաձայնությամբ խախտել է այն՝ սկսած դրա առաջին կետից՝ «կողմերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում», ապա ռուսների թողտվությամբ  շրջափակել է  Լաչինի միջանցքը, հետո՝ անցակետ տեղադրել, ապաև՝ հերթական անգամ խախտելով հրադադարի մասին հայտարարության 1-ին կետը՝  օկուպացրել   Արցախի Հանրապետությունը։ ՌԴ-ում, սակայն, պարզվում է՝  որոշել են  «հոգեդարձ» անել տխրահռչակ այս  փաստաթուղթն ու հիշել, որ այն երեք կողմ ունի՝ ՀՀ, ՌԴ, Ադրբեջան, և արդեն եռակողմ ֆորմատով ի կատար ածել փաստաթղթի այն կետերը, որոնք դեռևս առկախված  են, և որոնք անգամ մեկնաբանման մակարդակում հակասում են ՀՀ-ի կենսական, սուվերեն շահերին։ Խոսքն առաջին հերթին հայտարարության 9-րդ  կետի մասին է՝ տրանսպորտային ուղիների ապաշրջափակման, հասկացություն, որը Ալիևն ու նրա բերանով խոսող ու ձեռամբ գործող  շահառուները, ինչպես գիտենք, մեկնաբանում են որպես  «Զանգեզուրի միջանցքի»  տրամադրում։  


ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը РБК-ին տված հարցազրույցում արել է հայտարարություններ և ձևակերպումներ, որոնք ցինիկ ու անադեկվատ լինելուց զատ՝ նաև ծաղր են դաշնակից երկրի՝ ՀՀ-ի նկատմամբ և չարաբաստիկ «միջանցքը»  ուժով պոկելու զգուշացում կարծես լինեն՝ «ավելի լավ է սուսուփուս տաք, թե չէ պատերազմով եք տալու»։  Ըստ ռուս պաշտոնյայի՝ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի ձեռնարկած գործողության և դրան հաջորդած՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնալուծարման որոշումից հետո Բաքվի և Երևանի միջև կոնֆլիկտային իրավիճակը դեռ չի հանգուցալուծվել։ Եվ այստեղ, ըստ նրա, ակտուալ է  Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների համալիրը։ Պայմանավորվածությունների այդ ի՞նչ «համալիրի» մասին է խոսում պարոն Գալուզինը, նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ամրագրվա՞ծ,  որի առանցքային դրույթները՝ մասնավորապես ԼՂ-ին վերաբերող  1-ին, 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերը  խախտվել են ՌԴ-ի և Ադրբեջանի կողմից։ Ի վերջո, չպետք է մոռանալ, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը ծնունդն է ԼՂՀ-ում տեղի ունեցած  44-օրյա պատերազմի և այդ պատերազմի հետևանքով ԼՂՀ-ում ստեղծված իրավիճակի։  Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի հայտնվելու դրդապատճառը հենց այդ՝ հետպատերազմական իրավիճակի նկատմամբ վերահսկողություն իրականացնելն էր։  ՌԴ-ն  իր մասով ստանձնած այս  պարտավորությունը և հայտարարության կատարման երաշխավորի իր միսիան կատարելապես  ձախողել է, հետևապես՝ արդյոք   քաղաքական,  դաշնակցային, և  բարոյական իրավունք ունի՞   հետապնդելու հայտարարության մնացած կետերի իրագործումը։  «Խոսքը վերաբերում է կարևոր բաղադրիչների շուրջ պայմանավորվածությունների ձեռք բերմանը, ինչպիսիք են՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների և տնտեսական կապերի ապաշրջափակումը, սահմանի սահմանազատումը՝ դրա հետագա սահմանազատմամբ, խաղաղության պայմանագրի ստորագրումը... Այս բոլորը պետք է հանգեցնեն կարգավորման փոխընդունելի պայմանների, որոնք ամրագրվելու են ապագա պայմանագրում»,- մանրամասնել  է Գալուզինը և ընդգծել՝ ռուսական կողմը միշտ եղել և մնում է հավատարիմ Հայաստանի հետ դաշինքին և ռազմավարական գործընկերությանը, այն պայմանավորվածություններին, որոնք կան։ 


Ուշադրության է արժանի ռուս դիվանագետի խոսքում գործածված՝ «կարևոր բաղադրիչների շուրջ պայմանավորվածություն» կապակցությունը, ինչից հետևում է,  որ հայտարարության մնացած՝ ԼՂՀ-ին վերաբերող վերոթվարկյալ կետերը ՌԴ-ի համար երկրորդական և «ոչ առանցքային» են եղել և են՝ ի համեմատ տրանսպորտային ուղիների ապաշրջափակման մասին դրույթի։ Կարելի է եզրակացնել, թե ինչու.  քանի որ այդ ապաշրջափակումը ուղիղ կերպով առնչվում է ՌԴ-ին, ըստ հայտարարության՝ այդ երկրի Անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ ծառայության մարմիններն են իրականացնելու տրանսպորտային երթևեկության հսկողությունը։ Եվ 9-րդ կետի շեշտադրումը՝ «համալիր պայմանավորվածությունների» համատեքստում, ակնհայտ է դարձնում 44-օրյա պատերազմի սանձազերծման, այդ սանձազերծմանը անուղղակի նպաստելու  հեռահար այն նպատակը, որը հետապնդել է մասնավորապես ՀՀ ռազմավարական դաշնակից երկիրը։  «Մեզ համար հիմք է ռուս և հայ ժողովուրդների դարավոր սերտ կապերի պահպանման և ամրապնդման անհրաժեշտությունը, որոնք շատ բան են տվել երկու ժողովուրդներին և երկու երկրներին նրանց զարգացման համար»,- ի հավելումն ասվածի՝ հայտարարել է Գալուզինը։  Այս նախադասությունն ուղղակի դառը հեգնանք է հայ ժողովրդի նկատմամբ, քանի որ  ռուս և հայ ժողովուրդների դարավոր սերտ կապերի պահպանման և ամրապնդման անհրաժեշտությունից էր բխում առաջին հերթին 44-օրյա պատերազմի կանխարգելումը ռուս ժողովրդի քաղաքական վերնախավի կողմից, պատերազմից հետո էլ՝ Արցախում ապրող հայ ժողովրդի ներկայացուցիչների կյանքի անվտանգությունն ապահովելը, նրանց բռնի տեղահանությանը գործուն աջակցություն չցուցաբերելը, մի խոսքով, ամեն ինչ անելը, որպեսզի պահպանվեր նոյեմբերի 9-ի հայտարարության ոգին ու տառը։ 


Հ.Գ. Գալուզինի այս դիվանագիտական ծեքծեքումը կարելի է համարել  Գրանադայում օրերս տեղի ունեցած  քառակողմ հանդիպման ռեզոնանսը։ Հայտնի է, որ Շառլ Միշելի, Էմանուել Մակրոնի, Օլաֆ Շոլցի և Նիկոլ Փաշինյանի համատեղ հայտարարության մեջ մասնավորապես նշված է, որ հայտարարության կողմերը «ընդգծել են սահմանների սահմանազատման ուղղությամբ աշխատելու հրատապ անհրաժեշտությունը՝ հիմնվելով կողմերին տրամադրված ԽՍՀՄ Գլխավոր շտաբի վերջին քարտեզների վրա, որոնք պետք է հիմք հանդիսանան նաև ուժերի միջև հեռավորության ապահովման, խաղաղության պայմանագիրը վերջնական տեսքի բերելու և հումանիտար բոլոր խնդիրների լուծման համար»։ ԽՍՀՄ ԳՇ քարտեզներ ասելով ենթադրաբար նկատի է առնվել  ՌԴ-ում պահվող քարտեզները։


Հիշեցնենք, որ դեռևս 2022-ի նոյեմբերին Սոչիում Փաշինյանի և Ալիևի հետ եռակողմ հանդիպման ժամանակ  Պուտինը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ սահմանազատման հարցով կողմերը պետք է գան «իր դուռը»՝ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանին ու Ադրբեջանին տրամադրել ԽՍՀՄ Գլխավոր շտաբի քարտեզները։ «Դրանք ամենաճշգրիտ քարտեզներն են, և Ռուսաստանը պատրաստ է դրա հիման վրա առաջ շարժվել՝ քննարկելով կողմերի հետ»,-ազդարարել էր Պուտինը։ Եվ Գրանադայից հետո Գալուզինի հայտարարության շեշտադրումներն այն մասին են, որ ՌԴ-ն թեև Արցախը բարեհաջող հանձնեց՝ մեղքը բարդելով Արևմուտքի վրա, սակայն շարունակում է  «խաղի մեջ» լինել, և բանակցային հաջորդ «ռաունդի» «մրցավարը» ինքն է լինելու։   
 

Հ․ Մանուկյան
 
Աղբյուր՝ civic.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ադրբեջանն,ամեն,ինչ,անում,է,որպեսզի,խուսափի,հայաստանի,հետ,երաշխավորված,խաղաղության,պայմանագիր,կնքելուց․,պատգամավոր , Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանը շատ լավ վերլուծում է, թե խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում Հայաստանը ինչպիսի լուրջ հեռանկարներ կարող է ունենալ։
թուրքիա,անկարա,իրաք,քուրդ-զինյալների-դեմ-պայքար,քուրդիստանի-բանվորական-կուսակցություն,քբկ,pkk,թուրքիայի-արտգործնախարար,հաքան-ֆիդան,իրաքի-արտաքին-քաղաքական-գերատեսչության-ղեկավար,ֆուադ-հուսեյն , Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Դեկտեմբերի 19-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆուադ Հուսեյնը։
իշխան,սաղաթելյանը,գեղարքունիքում,փորձել,է,արդարանալ,և,իր,նոր,«նապառնիկ»,լևոն,քոչարյանի,հետ,ժողովրդին,նախապատրաստել,ռևանշի,չորրորդ,փորձին , Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
«Դիմադրություն» շարժման առաջնորդ ընկեր Իշխանի՝ Վարդենիսում հնչեցրած ելույթին, որում վերջինս փորձեց ոտքի վրա հիմնավորել իշխանափոխության ձախողման պատճառները։
ադրբեջանը,դժկամություն,է,ցուցաբերում.,կոստանյան , Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը BBC-ին տված հարցազրույցում ասել է, թե Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում:
2018-ի,մեր,ժառանգած,բանակցային,բովանդակությամբ,արդեն,իսկ,լղ-ի,պետական,կարգի,լուծարման,գործընթացը,սկսված,փաշինյան , 2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
Լիսաբոնից սկսած՝ պարզ էր, որ ոչ միայն տարածքների հետվերադարձի, այլև պետական ինստիտուտների վերացման հարց է դրված:
ուր,հիմա,լեռնային,ղարաբաղի,քաղաքացիական,բնակչությունը․,նիկոլ,փաշինյանն,անդրադարձել,ռդ,ագն-ի,հնչեցրած,մեղադրանքներին ,  Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը խորհուրդ կտամ վերցնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարդալ՝ 8-րդ կետը ներառյալ:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: