ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հին Երևանի պատմամշակութային լանդշաֆտի պատմական զարգացումը

հին Երևանի պատմությունն ընդգրկում է երկու շարունակական մեծ փուլեր՝ 1) բնակավայրի ձևավորման ու քաղաքի վերածման ընթացքից մինչև որպես զարգացած միջնադարյան՝ տեղական նշանակության հայկական (և գործնականում լիովին հայաբնակ) քաղաքի փուլ (անտիկ և վաղ միջնադարյան շրջանից մինչև 13-14-րդ դարեր), 2) որպես օտար տիրապետությունների տակ գոյություն ունեցող վարչա-ռազմական կենտրոն՝ խառը բնակչությամբ քաղաքի փուլ՝ համապատասխան ժողովրդագրական, մշակութային, տնտեսական իրողություններով (14-15-րդ դարերից մինչև 1917 թ․)։

Հնագիտական ու դրամագիտական հարուստ տվյալները վկայում են, որ մ․թ․ա․ 1-ին հազարամյակի Էրեբունի ամրոց-բնակավայրի օրգանական շարունակությունը հանդիսանալով՝ հին Երևանի պատմական միջուկը (ներկայիս քաղաքի կենտրոնում), որպես նույն վայրում անընդմեջ գոյություն ունեցող բնակավայր, սկսել է ձևավորվել առնվազն մ․թ․ա․ 3-2-րդ դարերից։ Հրազդանի ու Գետառի միջակայքի կենտրոնական հատվածն ընդգրկող այդ փոքր բնակավայրն էլ ի վերջո, շուրջ երկուհազարամյա պատմության ընթացքով, ուղղակիորեն վերաճել է որպես ժամանակակից մայրաքաղաք Երևան։ Հարկավ, ներկայիս Երևան քաղաքի տարածքը, տեղագրական առումով մի շարք այլ գոտիներից ևս բաղկացած լինելով, մարդու բնակեցման ու գործունեության շատ ավելի հին պատմություն ունի։
 
Ձևավորման փուլից ի վեր՝ հետագա իրարահաջորդ ժամանակաշրջաններում հայոց պատմության, ինչպես նաև տարածաշրջանային պատմության համատեքստում հին Երևանի պատմությունն ընդգրկում է երկու շարունակական մեծ փուլեր՝ 1) բնակավայրի ձևավորման ու քաղաքի վերածման ընթացքից մինչև որպես զարգացած միջնադարյան՝ տեղական նշանակության հայկական (և գործնականում լիովին հայաբնակ) քաղաքի փուլ (անտիկ և վաղ միջնադարյան շրջանից մինչև 13-14-րդ դարեր), 2) որպես օտար տիրապետությունների տակ գոյություն ունեցող վարչա-ռազմական կենտրոն՝ խառը բնակչությամբ քաղաքի փուլ՝ համապատասխան ժողովրդագրական, մշակութային, տնտեսական իրողություններով (14-15-րդ դարերից մինչև 1917 թ․)։ Այս երկրորդ փուլն իր հերթին կարող ենք բաժանել մահմեդական տարբեր իշխանությունների տիրապետության ենթափուլի (մինչև 1827 թ․) և 1828-1917 թթ․ ցարական Ռուսաստանի տիրապետության ենթափուլի։
 
Այդ փուլերից յուրաքանչյուրում Երևանի՝ որպես հին պատմական քաղաքի ինքնությունը, բնականաբար, ժամանակի հետ նոր ազդեցությունների ու փոփոխությունների է ենթարկվել։ Միևնույն ժամանակ, այդ փուլերում քաղաքի պատմամշակութային դիմագիծը՝ քաղաքային լանդշաֆտն իր բոլոր կարևոր տարրերով, լավագույնս արտահայտում է ինչպես այդ փոփոխությունների բնույթը, այնպես էլ՝ դարերի կտրվածքով Երևանի ինքնության առանցքը կազմող բաղադրիչների (քաղաքային ժողովրդագրություն, մշակույթ, սոցիալ-տնտեսական համակարգ) պատմական դինամիկան։ Ըստ այդմ, այդ իրողությունները ընդհանուր համատեքստում գնահատելու համար կարող ենք դիտարկել Երևանի պատմամշակութային նշանակալի ժառանգության (ինչպես առայսօր որևէ կերպ պահպանված, այնպես էլ՝ չպահպանված, բայց պատմականորեն փաստագրված) ժամանակագրական ամփոփ պատկերը։
 
Երևանի՝ բավական հին քաղաք լինելը վկայված է հայ մատենագրության մեջ ու վիմագիր արձանագրություններում։ Նրա առաջին մատենագիր հիշատակությունները վերաբերում են 7-րդ դարին, իսկ վիմագիր առաջին հիշատակությունը 874 թ․ Սևանավանքի արձանագրությունն է։ Ընդհանուր առմամբ, սկսած 7-րդ դարից՝ շարունակաբար մինչև 14-15-րդ դարերը (այսինքն՝ մահմեդական տիրապետության տակ վարչական կենտրոնի վերածվելը) Երևանը հայ մատենագրության մեջ ու վիմագիր արձանագրություններում շուրջ 30 անգամ հիշատակվում է Հայաստանի ռազմաքաղաքական, տնտեսական ու մշակութային տարբեր իրադարձությունների համատեքստում։ Այս և այլ սկզբնաղբյուրների հիման վրա ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Երևանն արդեն 7-9-րդ դարերում բավականաչափ հայտնի գյուղաքաղաք էր՝ առնվազն 6-7-րդ դդ․ գոյություն ունեցած իր ամուր բերդով, իսկ Բագրատունիների դարաշրջանում (9-11-րդ դդ․) ձեռք էր բերել ավատատիրական քաղաքին բնորոշ հատկանիշներ։ 12-13-րդ դարերում Երևանն արդեն վերածվել էր քաղաքի, որը հյուսիսարևելյան Հայաստանի նշանակալի բնակավայրերից էր։
 
Երևանի պատմական զարգացման վերոնշյալ առաջին փուլում, դատելով հնագիտական, դրամագիտական տվյալներից ու գրավոր աղբյուրների վերլուծությունից, հին Երևանն արդեն վաղ միջնադարից զբաղեցնում էր պատմական Կոնդ թաղամասից ու Հրազդան գետից մինչև ներկայիս Աբովյան փողոցի կենտրոնական հատվածի միջև ընկած տարածքը։ Ընդ որում, ինչպես կտեսնենք, քաղաքի նման տեղագրությունը ըստ էության գրեթե անփոփոխ է մնացել ինչպես 9-13-րդ դդ․, այնպես էլ, շարունակաբար, մինչև ուշ միջնադար։
 
Մասնավորապես, Երևանի՝ որպես վաղ միջնադարյան, ապա և զարգացած միջնադարյան հայկական (գյուղա)քաղաքի պատմամշակութային լանդշաֆտը վավերագրող հիմնական ցուցիչները ընդհանուր առմամբ երկու խումբ են կազմում․ ա) հայկական քրիստոնեական պատմամշակութային շերտը՝ եկեղեցական կառույցները, գերեզմանոցները, ինչպես նաև եկեղեցիներին կից գտնված խաչքարերն ու թվագրվող արձանագրությունները, բ) Երևանի հին բերդը, պատմականորեն փաստագրված քաղաքային թաղամասերը, հանրային ու տնտեսական նշանակության այլ կառույցները։
 
Պատմական Երևանի պատմամշակութային լանդշաֆտի քրիստոնեական շերտը բավական հին ու հարուստ է։ Ժամանակագրորեն ամենահինը սբ․ Պողոս-Պետրոս խոշոր եռանավ եկեղեցին է (ներկայիս «Մոսկվա» կինոթատրոնի տեղում էր), որը նաև չափազանց կարևոր է Երևանի վաղ միջնադարյան պատմության վավերագրման տեսանկյունից։ Սբ․ Պողոս-Պետրոսի նախնական՝ սկզբնաշեն կառույցը, ինչպես պարզվեց 1930-ական թթ․ սկզբին կինոթատրոնի կառուցման համար եկեղեցու՝ 1679 թ․ մեծ երկրաշարժից հետո (1691-1692 թթ․) վերաշինված կառույցի քանդմանը նախորդած հնագիտական հետազոտությունից, 5-րդ դարով էր թվագրվում և հարդարված էր 6-7-րդ դդ․ մի քանի շերտ որմնանկարներով։ Այդ ամենը վկայում էր, որ արդեն 5-6-րդ դարերում Երևանը (որ գտնվում էր Սասանյան Պարսկաստանի ու Բյուզանդական կայսրության սահմանագծի մոտ՝ բյուզանդական մասում) բավական նշանակալի մի բնակավայր էր։
 
 
 
 
Երևանի Պողոս-Պետրոս եկեղեցու ընդհանուր տեսքը հարավ-արևելքից: 1930-ական թվականների սկզիբ: Լուսանկարը՝ Կարո Ղաֆադարյանի «Երևան․ Միջնադարյան հուշարձանները և վիմական արձանագրությունները» գրքից (Երևան, 1975 թ.)
 
 
 
Հաջորդ կարևոր կառույցը Կաթողիկե սբ․ Աստվածածին եկեղեցին է (ներկայիս Աբովյան և Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկ), որի նախնական կառույցը 13-րդ դարի է։ Այս եկեղեցու դեպքում նույնպես, սկզբնաշեն կառույցը 1679 թ․ երկրաշարժից հետո (1693 թ․) վերաշինվել, ապա նաև նոր հավելումների ու վերակառուցումների է ենթարկվել (1936-37 թթ․ այդ ընդարձակ հավելումները նորից քանդվել են՝ դուրս բերելով 13-րդ դ․ նախնական կառույցը)։ Կաթողիկե եկեղեցու պատերին պահպանված՝ մի քանի տասնյակ վիմագրերն ու արձանագիր խաչքարերը միջնադարյան Երևանի՝ որպես բավական զարգացած առևտրաարհեստավորական քաղաքի պատմության կարևորագույն վկաներից են, որոնցից ամենաուշագրավը 1264 թ․ ժամանակի նշանավոր հայ մեծահարուստ Պարոն Սահմադինի՝ «Երևանը հողով և ջրով» գնելու, ինչպես նաև առևտրի վերաբերյալ նոր կարգեր սահմանելու մասին արձանագրությունն է։ Սբ․ Կաթողիկեն մեկն է այն երկու եկեղեցիներից, որոնք 1673 թ․ Երևան այցելած Ժան Շարդենն անվանապես նշել է իր գրքում և դրան կից քարտեզում։ Վերոնշյալ ժամանակաշրջանում Երևանի մյուս եկեղեցական կառույցներից էին նաև սբ․ Անանիայի մատուռը (հետագայում որպես սբ․ Զորավոր Աստվածածին վերակառուցված եկեղեցու տեղում), որը կառուցվել է ամենայն հավանականությամբ 9-13-րդ դդ․ և կործանվել հետագայում՝ թուրք-պարսկական պատերազմների հետևանքով, և Գեթսեմանի մատուռը (ներկայիս Օպերային թատրոնի տեղում, քանդված՝ 1930-ական թթ․), նախնական կառույցը՝ 12-13-րդ դդ․։
 
 
Երևանի Կաթողիկե եկեղեցու միջից ի հայտ եկած Աստվածածին փոքրիկ տաճարը հարավ-արևելքից: Լուսանկարը՝ Կարո Ղաֆադարյանի «Երևան․ Միջնադարյան հուշարձանները և վիմական արձանագրությունները» գրքից (Երևան, 1975 թ.)
 
 
 
Ինչ վերաբերում է վերոնշյալ փուլում հին Երևանի քաղաքային լանդշաֆտի այլ շերտերին, չնայած փաստացի գրեթե որևէ պահպանված ժառանգության բացակայությանը, պատմական սկզբնաղբյուրների ուսումնասիրությունը թույլ է տալիս որոշ եզրակացություններ անել։ Ըստ այդմ, վաղ և զարգացած միջնադարյան ժամանակաշրջաններում հին Երևանը հաստատապես ուներ կարևոր պաշտպանական նշանակություն ունեցող իր բերդը։ Չնայած դրա կառուցման տեղին ու ժամանակին վերաբերող տվյալների սակավությանը՝ հին բերդը, ըստ ամենայնի, տեղագրական կամ այլ ուղղակի կապ չուներ արդեն հետագա փուլում Երևանի հայտնի (Սարդարի) բերդի հետ։
 
Որոշ ուսումնասիրողների համոզմամբ՝ Երևանի հին բերդը գտնվել է Կոնդի բնական բարձունքում՝ որպես միջնաբերդ արևելյան կողմից հարելով հին քաղաքին (մի կողմից Կոնդի, մյուս կողմից՝ ներկայիս Օպերային թատրոնի, Կաթողիկե եկեղեցու և սբ․ Պողոս-Պետրոս եկեղեցու («Մոսկվա կ/թատրոնի») միջև պարփակված տարածքով)։ Պատմաբան, աղբյուրագետ Ալեքսան Հակոբյանի համոզմամբ՝ Երևանի հին բերդը, ամենայն հավանականությամբ, կառուցվել է 6-րդ դ․ վերջում՝ որպես Սասանյան Պարսկաստանի ու Բյուզանդական կայսրության միջև 591 թ․ Հայաստանի երկրորդ բաժանման արդյունքում սահմանային ամրոց Երևանի բյուզանդական մասում (Կոնդի բարձունքում)։ Կա նաև մեկ այլ վարկած, որ Երևանի հին բերդը [վերա]կառուցված էր Ծիծեռնակաբերդի ամրոցի տեղում (դեռևս բրոնզի դարում՝ մ․թ․ա․ 3-րդ հազարամյակից գոյություն ունեցող)։ Այդուհանդերձ, տեղադիրքի հստակեցման խնդրից անկախ, Երևանի հին բերդը գրավոր աղբյուրներում առնվազն երկու անգամ հիշատակվում է որպես 7-րդ դարում արաբական, իսկ 11-րդ դարում՝ բյուզանդական արշավանքների թիրախ։
 
Այն փաստը, որ Կոնդը հին Երևանի վաղ բնակեցված քաղաքային գոտիներից մեկն է (քաղաքի հիմնական՝ հետագայում «Շահար» կոչվող թաղամասի հետ մեկտեղ), դրա մասին է վկայում նաև հյուսիս-արևմուտքից Կոնդին անմիջականորեն հարած՝ Կոզեռ(ն)ի քաղաքային հնագույն գերեզմանոցը։ Դրա հյուսիսային հատվածում (ներկայիս Մ․ Բաղրամյան պողոտային և Դ․ Դեմիրճյան փողոցին հարող գոտում), հնագիտական տվյալների համաձայն, դեռևս 4-7-րդ դարերում կատարվել են վաղ քրիստոնեական թաղումներ։ 4-5-րդ դդ․ վաղ քրիստոնեական (քարարկղային) թաղումներ են հայտնաբերվել նաև Կոնդի՝ դեպի Հրազդան գետի կողմի լանջին։ Հետագայում՝ հավանաբար 14-15-րդ դդ,․ գերեզմանոցի հյուսիսային այդ հատվածն ավերվել է, մինչդեռ Կոզեռնի գերեզմանոցի՝ Կոնդի բլրին անմիջապես հարող հատվածը դարեր շարունակ գործել է՝ ընդհուպ մինչև 1930-ական թթ․, երբ խորհրդային իշխանությունների օրոք ոչնչացվել է քաղաքի կառուցապատման նպատակով։ Լայնորեն տարածված տեսակետի համաձայն՝ գերեզմանոցն իր անունն ստացել է 11-րդ դարի անվանի գիտնական վարդապետ Հովհաննես Կոզեռնի անունից, որը թաղված էր հենց այդ այդտեղ։ Եղել են նաև այլ նշանավոր անձանց թաղումներ․ այդ թվում՝ Մովսես Գ Սյունեցի կաթողիկոսը (1633 թ․)։
 
 
Տեսարան Կոնդի Կոզեռն գերեզմանատնից, 1930 թ.: Lուսանկարիչ՝ Գ. Մելիք-Դադայան Լուսանկարը տրամադրել է Երևանի պատմության թանգարանը
 
 
 
15-րդ դարից սկսած, նախորդ դարերից շարունակելով առևտրային ու այգեգործական հայտնի քաղաքի դերակատարությունը, Երևանն արդեն հանդես էր գալիս որպես իրար հաջորդող մահմեդական տարբեր իշխանությունների (Կարա-Կոյունլուներ, Ակ-Կոյունլուներ, Սեֆյան Պարսկաստան, Օսմանյան կարճատև տիրապետության մի քանի շրջան, Երևանի խանություն) կազմում վարչական ու ռազմական կենտրոն, իսկ 1828 թվականից՝ որպես Արևելյան Հայաստանում ռուսական տիրապետության տեղական վարչատարածքային (1849-ից՝ նահանգային) կենտրոն։ Մահմեդական տիրապետության այս երկարատև փուլում Երևան քաղաքի պատմամշակութային կերպարը նոր շերտեր է ստանում՝ ի դեմս տիրապետող մահմեդական պաշտոնեությանը և քաղաքի բնակչության նոր՝ մահմեդական հատվածին ծառայած աշխարհիկ ու կրոնական կառույցների։ Այս փուլում նաև միջնադարյան Երևանն իր վերջնական տեսքն է ստանում ներքին թաղային բաժանումների, համապատասխան էթնոկրոնական համայնքների՝ մի կողմից հայկական, մյուս կողմից՝ մահմեդական (առավելապես պարսկական, թյուրքական ու քրդական ենթատարրերով), տարբեր հուշարձանների ու համայնքային նշանակության կառույցների առումով։
 
Կարևոր է ընդգծել, որ չնայած 14-15-րդ դարերից սկսած ` մահմեդական տիրապետության պայմաններում Երևանում ու նրա շրջակայքում սկսեցին կիսանստակյաց կամ նստակյաց բնակություն հաստատել թյուրքական (նաև քրդական) տարբեր ցեղային միավորներ, այդուհանդերձ ընդհուպ մինչև 17-րդ դ․ սկիզբը Երևանը դարձյալ գերազանցապես հայաբնակ քաղաք էր, և միայն դրանից հետո եղած ժողովրդագրական մեծ ու դրամատիկ փոփոխությունների հետևանքով հայերի թիվը սկսեց նվազել, իսկ մահմեդականներինը՝ աճել։ Երևանի մահմեդական կառույցների ժառանգությունը նույնպես, հիմնականում վերաբերում է 17-րդ դարից սկսած ժամանակաշրջանին։
 
16-18-րդ դարերում և հատկապես՝ 17-րդ դարերում Երևանի պատմամշակութային կերպարը բավական ուշագրավ փոփոխություններ կրեց պարսկա-թուրքական պարբերական, երկարատև ավերիչ պատերազմների, դրանց հետևանքով տեղի ունեցած ժողովրդագրական տեղաշարժերի (ինչպես հայկական, այնպես էլ՝ մահմեդական տարրերի), բայց հատկապես նաև՝ 1679 թ․ Գառնիի ավերիչ երկրաշարժի (որը, ժամանակագիրների վկայությամբ, գրեթե հիմնահատակ կործանել է քաղաքը) հետևանքների համատեքստում։ Ըստ էության, այդ ժամանակաշրջանը և մասնավորապես 17-րդ դարը Երևանի պատմության մեջ յուրահատուկ բաժանարարի և անցումային փուլի դեր է խաղում՝ այդ թվում նաև քաղաքի պատմամշակութային ժառանգության մեջ հին՝ միջնադարյան որոշ շերտերի կորստի կամ վերափոխման (վերակառուցման) և նոր շերտերի ի հայտ գալու առումով։
 
Ուշագրավ է, որ հենց 17-րդ դարում՝ նախքան մեծ երկրաշարժը, Երևան այցելած եվրոպացի մի քանի հեղինակների թողած տեղեկությունների շնորհիվ հնարավոր է որոշ չափով վավերագրել այդ անցումային շրջանը և հատկապես նախաերկրաշարժյան Երևանի պատմամշակութային լանդշաֆտը։ Այսպես, 1631 թ․ Երևան այցելած ֆրանսիացի ճանապարհորդ Ժան-Բատիստ Տավերնիեն նշում է, որ քաղաքի հյուսիս-արևմտյան կողմում, որն ավելի շուտ արվարձան է, քսան անգամ ավելի շատ բնակչություն կա, քան [բուն] քաղաքը (նկատի ունի Երևանի բերդի ներսում եղած բնակչությունը): Այդ հատվածում, ըստ հեղինակի, ապրում էին «բոլոր վաճառականները և արհեստավորները, ինչպես նաև՝ բոլոր քրիստոնյա հայերը, որոնք այնտեղ ունեն չորս եկեղեցի և մի մեծ վանք: Վերջերս այստեղ կառուցել են մի շատ գեղեցիկ քարվանսարա…»։
 
 
Ժան Տավերնիեի կազմած քարտեզը
 
 
 
Այս փուլում Երևան քաղաքի՝ որպես մահմեդական տիրապետության տակ գտնվող ռազմա-վարչական կարևոր կենտրոնի ինքնության ու քաղաքային լանդշաֆտի առանցքային տարրերից մեկը, իհարկե, Երևանի ուշ միջնադարյան բերդն էր (հիմնական պաշտպանական հատվածը կառուցվել է 1583 թ․ օսմանյան Ֆահրադ փաշայի կողմից, իսկ 1679 թ․ երկրաշարժից հիմնահատակ ավերվելուց հետո՝ վերակառուցվել Երևանի Զալ խանի օրոք)։ Ըստ այդմ, էական հանգամանք է Երևանի՝ որպես երկար դարեր ի վեր գոյություն ունեցող քաղաքի և ապա նրա՝ այն ժամանակվա քաղաքային շրջագծից դուրս կառուցված բերդի՝ որպես ռազմա-վարչական կենտրոնի տարբերակումը։ Ուշագրավ է, որ հայկական մատենագրական տվյալների համաձայն՝ բերդը կառուցելու համար օսմանյան փաշայի հրամանով քանդվել ու օգտագործվել են հայկական որոշ եկեղեցիների քարեր ու գերեզմանոցների տապանաքարեր։
 
Երևանի մահմեդական հատվածի մյուս կարևորագույն ցուցիչը բնականաբար քաղաքի՝ տարբեր ժամանակահատվածներում կառուցված մզկիթների ժառանգությունն է։ Այս առումով հարկ է ընդգծել, որ պատմական տարբեր տվյալներից հայտնի մզկիթների մեծ մասը կառուցվել է 1679 թ․ երկրաշարժից հետո՝ ընդհուպ մինչև 19-րդ դ․ սկզբի դրությամբ Երևանում կար 8 շիական մզկիթ, ևս մեկը՝ սուննիական մզկիթ բերդի ներսում։ Ինչպես արդեն նշել ենք, մզկիթները ավելի ուշ շրջանի կառույցներ են։ Այսպես, 17-րդ դարի ֆրանսիացի ճանապարհորդ Ժան Շարդենը հիշատակում է միայն մեկ կիսավեր «Դեֆ Սուլթան» կոչվող մզկիթի մասին։ Նշված մզկիթի այլ հիշատակումներ հետագայում չեն հանդիպում։ Հավանաբար, ինչպես և եկեղեցիների զգալի մասը, ավերվել է 1679 թ. երկրաշարժի ժամանակ։ Վերը նշված 9 մզկիթները ավելի ուշ շրջանի՝ առավելապես 18-20-րդ դարի սկզբի կառույցներ են։
 
 
Ժան Շարդենի կազմած քարտեզը
 
 
 
Պատմաբան Իվան Շոպենը իր «Պատմական հուշարձան. Հայկական մարզի կացության մասին՝ այն Ռուսական կայսրությանը միացնելու ժամանակաշրջանում» աշխատության մեջ (1852 թ.) հիշատակում է Երևանում 6 կանգուն և 4 ավերված մզկիթի մասին։ Շոպենի աշխատությունից նաև տեղեկանում ենք, որ Երևանի բերդի տարածքում գտնվող ևս երկու կանգուն մզկիթի մասին, որոնցից մեկը ծառայում էր որպես զինանոց, ևս մեկը՝ պարենային խանութ։ Վերը նշված 9-րդ՝ սուննիական մզկիթը, որը կանգուն էր դեռևս 19-րդ դարի սկզբին, Արևելյան Հայաստանի տարածքի՝ ռուսական տիրապետության տակ անցնելուց վերակառուցվել էր որպես ուղղափառ եկեղեցի (Տիրամոր Հովանու ռուս ուղղափառ եկեղեցի։ Պետք չէ շփոթել հետագայում Երևանի Քանաքեռ թաղամասում կառուցված նույնանուն ուղղափառ եկեղեցու հետ)։ Ըստ ռուսաստանյան «ուղղափառ ճարտարապետության ժողովրդական կատալոգ» նախագծի ներկայացրած տվյալների՝ գտնվել է մոտավորապես ներկայիս Երևանի գինու և կոնյակի գործարանին հարող՝ «Գլենդել Հիլզ» թաղամասի հատվածում (40.17143, 44.503899)։ Այս նկարագրությունը համընկնում է Ի. Շոպենի ներկայացրած այն տվյալի հետ, որ եկեղեցին գտնվել է Երևանի բերդի տարածքում[15]։ Եկեղեցին ներկայումս գոյություն չունի, հավանաբար վերջնականապես ավերվել է 20-րդ դարի երեսնական թվականներին։ Կանգնուն մնացած մյուս 8 մզկիթների հիմնական մասը նույնպես ավերվել են Հայաստանի խորհրդայնացումից հետո՝ ԽՍՀՄ հակակրոնական քաղաքականության շրջանակներում՝ Երևանի քաղաքի կառուցապատման նպատակով։ Խորհրդային տարիներին կանգուն է մնացել միայն Երևանի Կապույտ մզկիթը (Գյոյ-ջամի), ինչպես նաև մասամբ պահպանված Կոնդի մզկիթը, որը խորհրդային տարիներին վերածվել է բազմաբնակարան կառույցի։
 
Ինչպես արդեն նշել ենք, ԽՍՀՄ նույն քաղաքականության հետևանքով ավերվել են նաև Երևանի բազմաթիվ եկեղեցիներ։ Այդ թվում՝ 1930 թ. պայթեցվել է Նորքի Սիմեոն Ծերունի եկեղեցին, 1931 թ.՝ Պողոս-Պետրոս եկեղեցին, 1936-1937 թթ. Ս. Կաթողիկեն, 1947 թ. Ս. Աստվածածին, իսկ 1949 թ.-ին՝ Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիները։ 1930-ական թթ., ինչպես արդեն նշել ենք, քանդվել է նաև Գեթսեմանի մատուռը, որի տեղում կառուցվել է Օպերայի թատրոնի շենքը։
 
Այսպիսով կարող ենք փաստել, որ Երևան քաղաքում հայկական ներկայությանը վերաբերող բոլոր փաստերը և տվյալները անհամեմատ ավելի հին են, քան մահմեդական ներկայության մասին վկայող տվյալները։ Պարսկական տիրապետության շրջանում, անշուշտ, քաղաքի ժողովրդագրական պատկերը ենթարկվել է զգալի փոփոխությունների։ Այսպես, 1827 թ. Երևանում կար 1730 տուն, 7 եկեղեցի, 8 մզկիթ, 7 քարվանսարա: Բնակչության ընդհանուր թիվն էր 11463 մարդ, որի մեծ մասը մահմեդականներ էին: Սակայն, չնայած սրան, նշված շրջանում էլ հայերը շարունակել են զգալի դեր ունենալ քաղաքի մշակութային և տնտեսական կյանքում։
 
Նշված, ինչպես նաև առավել վաղ շրջաններում Երևան քաղաքում հայերի տնտեսական ակտիվության ուշագրավ օրինակներից են՝ 1652-53 թթ․ երևանցի հայ խոջա Գրիգորի (Մոծակ մականունով) կողմից Գետառից դեպի Կաթողիկե եկեղեցու տարածք և հարակից թաղամաս խմելու ջրագծի կառուցումը, ապա նույն կերպ՝ 1793 թ․ կոնդեցի Տեր-Գրիգորյան եղբայրների կողմից Գետառից դեպի Կոնդի սբ․ Հովհաննես եկեղեցու տարածք հասցված ջրագծի կառուցումը։ Ուշագրավ օրինակ է նաև 11-րդ դարում հայոց Ապիրատ իշխանի կողմից Երևանի՝ որպես այգեգործական բավական մեծ գյուղաքաղաքի ոռոգման համար ջրանցքի կառուցումը (հետագայում այն հայտնի է որպես «Մամռիի» ջրանցք)։
 
Հայերը շարունակել են կարևոր դերակատարում ունենալ նաև այլ բնագավառներում։ Հայերը մասնավորապես մեծ ներգրավում են ունեցել 1724 թ. օսմանյան հարձակման դեմ Երևանի պաշտպանական մարտերում։ Ինչպես վկայում է դեպքերի ականատես հայ պատմիչ Աբրահամ Երևանցին՝ Երևանի Ձորագյուղ թաղամասի պաշտպանությանը բացառապես հայեր էին մասնակցում, որոնք շուրջ 2000 զոհ են տվել։ Պաշտպանական մարտերին միացել են նաև Կոնդում բնակվող հայ բոշաները՝ հետևելով Ձորագյուղի սբ. Սարգիս եկեղեցու վարդապետի կոչին։
 
Կոնդ թաղամասը 17-19-րդ դդ․ Երևանի պատմամշակութային լանդշաֆտի՝ առայսօր մասնակի պահպանված միակ հատվածն է։ Մասնավորապես այստեղ են գտնվում 1679 թ. ավերված Սբ. Հովհաննես Մկրտչի եկեղեցու տեղում 1710 թ. կառուցված նույնանուն եկեղեցին։ Եկեղեցու վերակառուցումը հանձն առած Կոնդի մեծահարուստ հայկական տոհմի՝ Մելիք-Աղամալյանների ապարանքից պահպանված մնացորդները և այլ կառույցներ։ Այնուամենայնիվ, կարևոր է ընդգծել, որ Կոնդի մշակութային ժառանգության հսկայական շերտ անհետացել է Խորհրդային տարիներին Կոնդում, ինչպես նաև վերը նշված Կոնդի Կոզեռն կոչվող գերեզմանոցում իրականացված կառուցապատման աշխատանքների հետևանքով։
 
Այսպիսով կարելի է փաստել, որ Երևանի՝ որպես բնակավայր ձևավորման բոլոր փուլերի ընթացքում հայկական բնակչություն մշտապես առկա է եղել։ Այդ թվում՝ քաղաքում գոյություն ունեցած և առկա մշակութային կոթողների, այլ կառույցների վերաբերյալ հիշատակումները հստակ ի ցույց են դնում, որ Երևանում հայկական բնակչության ներկայությունը եղել է քաղաքում մուսուլմանական բնակչության հաստատումից ավելի վաղ։ Մահմեդական տիրապետությունների երկար ժամանակահատվածում քաղաքում կառուցվել են նաև մասնավորապես պարսկական ճարտարապետական ոճով կառույցներ, այդ թվում՝ մզկիթներ։ Ինչպես կարող ենք տեսնել վերը նշված փաստերից, Երևանի մուսուլմանական, պարսկական ժառանգության այն կոթողները, որոնք մեր օրեր չեն հասել, ավերվել են բնական աղետների կամ խորհրդային շրջանի հակակրոնական քաղաքականության արդյունքում, ինչպես և հայկական մշակութային կոթողների զգալի մասը։ Այսօր կարևորագույն խնդիր է մեր օրեր հասած մշակութային կոթողների վերականգնման և հետագա պահպանության, ինչպես նաև պատմական տարբեր շերտերի առավել մանրամասն ուսումնասիրության խնդիրը, որը կարող է նոր մանրամասներ ներկայացնել Երևանի պատմության տարբեր դրվագների վերաբերյալ։
 
 
Աղբյուր՝  orbeli.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
1908,երիտթուրքական-հեղափոխություն,արևմտահայություն,բազմահազարանոց-ցույցեր,հայությունը-երիտթուրքերի-ցույցերում,ազատություն-հավասարություն-եղբայրություն , Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
1908 թվականի Երիտթուրքական հեղափոխության օրերին արևմտահայությունը մասնակցում էր բազմահազարանոց ցույցերին «ազատություն, հավասարություն, եղբայրություն» կարգախոսներով:
1919-1920,հայաստան,երևան,բաթումի,բաթումի-նավահանգիստ,թուրք-թաթար-թալանչիներ,բրիտանացի-զինվորների-վերահսկողության-տակ-գտնվող-զր,ամերիկյան-և-բրիտանական-մարդասիրական-օգնություն,բաթում-երևան-կյանքի-երկաթգիծը , 1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
«Ազատության պաշտպան» զրահագնացքի բրիտանական զինվորական անձնակազմը, Երևան, 1920 թ.
ամն,թուրքիայի-դաշնակից-ամն,եվրոպական-մեծ-տերություններ,թուրքիա,խորհրդային-միություն,հայոց-ցեղասպանություն,երկրորդ-աշխարհամարտ,հայկական-հարց,արևմտյան-հայաստանի-վերադարձի-ծրագիր,վահրամ-հովյան , Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Եվրոպական մեծ տերությունները և Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում են Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը։ ԱՄՆ-ի ու Թուրքիայի հարաբերություններում կային որոշակի կնճիռներ։ Այդ համատեքստում 2021-ին ԱՄՆ-ն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, թեև գործնականում մեծ հաշվով դա ոչինչ չի տալիս Հայկական հարցին։
հայ-ադրբեջանական,կոնֆերանս․,բաքու,1919-ի,դեկտեմբերի,14 , Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական կոնֆերանսին կմասնակցեն Ֆաթալի Խան Խոյսկին, Մամեդ Հասան Հաջինսկին և Մամեդ Ռզա Վեքիլովը։
հայերը,թուրքիան,ռուսաստանը,եւ,արեւմուտքը.,հայացք,1891,թվականից , Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Ներկայացնում ենք 1891 թվականի ապրիլին ամերիկյան The Atlantic Monthly ամսագրում հրապարակված Սեմյուել Գրին Ուիլեր Բենջամինի The Armenians and the Porte հոդվածի հայերեն թարգմանությունը:
ալեքսանդր-սոլժենիցինի-նոբելյան-պատմությունը,գրականության-նոբելյան-մրցանակ,շվեդիա,խսհմ,խսհմ-գերագույն-խորհուրդ,ստալինյան-ճամբարներ,հայրենիքից-բռնի-աքսոր,ռուս-ականավոր-մտածող-և-գրող,ալեքսանդր-սոլժենիցին , Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Խորհրդային Միությունում Սոլժենիցինին Նոբելյան մրցանակ շնորհելը ռումբի պայթյունի էֆեկտ ունեցավ։ Շատերն անկեղծորեն ուրախացան ռուս վառ և ազնիվ գրողի համաշխարհային ճանաչման համար: Սակայն իշխանությունները և պաշտոնական գրական հանրությունը թշնամաբար են ընդունել Շվեդիայի ակադեմիայի որոշումը։ ԽՄԿԿ Կենտկոմը Նոբելյան մրցանակակրին վարկաբեկելու մի ամբողջ ծրագիր էր մշակել։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: