ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
ՌԴ-ն պետք է սաբոտաժի չենթարկի նոյեմբերի 9-ի փաստաթղթով ստանձնած իր պարտավորությունները՝ այդ թվում Լաչինի միջանցքի մասով

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի վերջին մեկնաբանությունները ՌԴ խաղաղապահ զորակազմի անգործության հետևանքով բլոկադայի ենթարկված Արցախում նույն այդ խաղաղապահների գործառույթների վերաբերյալ հատում են ցինիզմի սահմանները։

Տպավորություն է, թե տիկինը կամ թերի է  ինֆորմացված Արցախում տիրող իրավիճակի մասին, այդ պատճառով էլ սեփական երկրի խաղաղապահ առաքելության հասցեին դրվատանքով է խոսում, կամ էլ  շատ լավ տեղեկացված է  և պարզապես ապուշի տեղ է դնում ու ծաղրում  է այդ առաքելության անգործության հետևանքներն իրենց մաշկի վրա զգացողներին։

«Մեր խաղաղապահները կարևոր գործառույթներ են կատարում: Դա և գերիների փոխանակումն է, և ականազերծումը, և միջադեպերի կարգավորումը, հումանիտար օգնության տրամադրումը: Մի՞թե Հայաստանի ղեկավարության տեսանկյունից այդ գործունեությունն ավելորդ է, անցանկալի, և նրանք ցանկանում են, որ դա չլինի: Պետք է ինչ-որ կերպ որոշակի դարձնել»,- երեկ հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

Ուշագրավ է, որ տիկին Զախարովան գործածում է «հումանիտար օգնության տրամադրում» կապակցությունը, քանի որ խաղաղապահ կոնտինգենտի  ֆունկցիան ոչ թե հումանիտար օգնության «տրամադրումն» է (ինչը Արցախի տոտալ բլոկադայի պայմաններում կարող է ենթադրել  որպես  բարի կամքի դրսևորում և  սեփական կարողություններից որոշակի բաժին (պարեն, վառելիք և այլն) տրամադրում, հատկացում Արցախին), այլ միջազգային մարդասիրական օգնության անխոչընդոտ մատակարարումների ապահովումը։  Իսկ որպեսզի այս կարևոր ֆունկցիան խաղաղապահ առաքելությունն իրականացնի, պետք է նախ սաբոտաժի չենթարկի նոյեմբերի 9-ի փաստաթղթով ստանձնած իր համալիր պարտավորությունները, իր մանդատով ստանձնած գործառույթները,  որոնք տարածվում են նաև Լաչինի միջանցքի նկատմամբ։ Միջանցք, որով   մինչև 2022 թ. դեկտեմբերի 12-ը՝ Ադրբեջանի կողմից կազմակերպված կեղծ բնապահպանական ակցիան,  ապահովվում էին Հայաստանից դեպի Արցախ հումանիտար մատակարարումները, բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների անխոչընդոտ երթևեկը։  
 
Չենք հոգնի ևս մեկ՝ հերթական անգամ  հիշեցնել, որ ռուս խաղաղապահների մանդատի փաստաթղթում թվարկված են հետևյալ գործառույթները՝  ղարաբաղյան շփման գծի և ընդգծում ենք՝ Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայված խաղաղապահ զորախումբը պետք է ապահովի ընդգծում ենք՝  բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների անվտանգ տարանցումըմիջազգային մարդասիրական օգնության անխոչընդոտ մատակարարումները, ինչպես նաև մշտադիտարկի հրադադարի ռեժիմը, արձագանքի ուժի չկիրառման պարտավորությունների խախտմանը, իր պատասխանատվության գոտում հակազդի անկարգություններին, նպաստի Ղարաբաղում լիարժեք կյանքին, պաշտպանի կենսական նշանակության օբյեկտները և այլն։   

«Խաղաղապահները հոյակապ են աշխատում» համոզմունքի կրող տիկին Զախարովային այս համատեքստում մի հարց տանք՝ արդեն մեկ շաբաթից ավելի է, ինչ հումանիտար բեռներով բարձված մոտ երկու տասնյակ բեռնատարներ կայանել են Կոռնիձորում և չեն կարողանում մոտ 400 տոննա բեռը հասցնել նպատակակետին։  Տիկին Զախարովան կարո՞ղ է  պատասխանել մեկ պարզ հարցի՝ եթե խաղաղապահները լավ են աշխատում, ապա   ինչո՞ւ են հումանիտար մատակարարումները Լաչինի միջանցքով կասեցված, ինչո՞ւ են բեռնատարները «լռվել-մնացել» Կոռնիձորում, ինչո՞ւ խաղաղապահ զորակազմը մատը մատին չի տալիս այդ բեռները արցախցիներին հասցնելու համար։ Սա գործառույթների իրացո՞ւմ է, թե՞  սաբոտաժ։   

Հարկ է նշել, որ այսօր գործադիրի  հերթական նիստում էլ կառավարության ղեկավարը հերթական անգամ (արդեն կորցրել ենք հաշիվը, թե որերորդ անգամ) արծարծեց խաղաղապահների գործունեության թեման՝ այս անգամ Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևի՝ «Եվրոնյուզին» տված հարցազրույցին հղում անելով։ «Ադրբեջանի նախագահի՝ «Եվրոնյուզին» տված հարցազրույցում արած հայտարարությունից հետո,  թե՝ Լաչինի միջանցքն արգելափակված չէ, անհրաժեշտ է լսել ԼՂ-ում ՌԴ  խաղաղապահ զորախմբի պարզաբանումը՝ ինչո՞ւ նրանք չեն ապահովում ՀՀ   կառավարության հումանիտար օգնության մուտքը ԼՂ, եթե Ադրբեջանը պնդում է, թե չի արգելափակել Լաչինի միջանցքը:

Կարծում եմ՝ այս հարցի պարզաբանումը կարևոր է, և մեր համապատասխան մարմինները պետք է աշխատեն այս հարցի շուրջ պարզաբանումներ ստանալու ուղղությամբ»։ 

Ասվածից հետևում է, որ հումանիտար շարասյան անցմանը դեպի Արցախ արգելք է հանդիսանում ՌԴ խաղաղապահ զորակա՞զմը։ Եթե իր պատասխանատվության գոտու մի՝ ՀՀ-Արցախ կենսական կապը ապահովող հատվածում՝ Լաչինի միջանցքում, ՌԴ խաղաղապահ զորակազմը այլևս ի զորու չէ իրացնել իր ֆունկցիաները կամ՝ կորցրել և կամ հրաժարվել է այդ գործառույթներն իրացնելու իր իրավունքից, ապա պարզ տրամաբանությունը հուշում է, որ պետք է բարձր մակարդակով հայտարարի այդ մասին։ Իսկ դա նշանակում է նոյեմբերի 9-ի հայտարարության բովանդակության և շարադրված կետերի վերանայման հրատապ  անհրաժեշտություն։ Որքան գիտենք՝ մինչև այս պահը որևէ նման հայտարարություն ՌԴ-ի կողմից չի արվել, այսինքն՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որը 2020 թ. ձեռք բերված մի շարք առանցքային պարտավորությունների  փաստաթղթավորումն է, կողմերից և ոչ մեկը չի չեղարկել։ 

Հարկ է նշել, որ նոյեմբերի 9-ի հայտարարությանը հղում է արվում նաև Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների՝ 2022-ի փետրվարի 22-ին ստորագրած  «Դաշնակցային փոխգործակցության մասին» հռչակագրում։ Ռուսաստանն ու Ադրբեջանը, ըստ այդ հռչակագրի,  «կշարունակեն ամեն կերպ նպաստել Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի 2020-ի նոյեմբերի 9-ի, 2021-ի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի հայտարարությունների իրականացման ջանքերին, որոնք հիմք են հանդիսանում տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդման, տնտեսական ու տրանսպորտային բոլոր կապերի ապաշրջափակման և Ադրբեջանի ու Հայաստանի միջև հարաբերությունների նորմալացման համար»։ 

Այսինքն՝ խնդրո առարկա նոյեմբերի 9-ի հայտարարության իրավաբանական ուժը ևս մեկ անգամ իրացվել է ՌԴ-Ադրբեջան երկկողմ հռչակագրում, որը նույնպես, որքան գիտենք, կողմերից որևէ մեկը չի չեղարկել։   

Այսինքն՝ թե Բաքուն, թե ՌԴ-ն Լաչինի միջանցքի նկատմամբ իրենց պարտավորությունները ստանձնել են ոչ միայն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, այլև վերաստանձնել են  երկկողմ հռչակագրով։ Եվ երբ տիկին Զախարովան, խոսելով Արցախի նկատմամբ ՌԴ պարտավորությունների մասին, հղում է անում այն մանիպուլյատիվ  նարատիվին, թե՝ ՀՀ-ն Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում, հետևապես՝ «ի՞նչ է ուզում ՀՀ-ն մեզնից», պետք է նկատի ունենա շատ կարևոր մի հանգամանք՝   ճանաչումը (միակողմանի), եթե անգամ տեղի է ունեցել, տեղի է ունեցել բանավոր։ Չկա այդ մասին որևէ փաստաթուղթ։  Մինչդեռ այդ՝ անգամ բանավոր ճանաչումից  բնավ չի հետևում, որ այդպիսով առ ոչինչ է համարվել նոյեմբերի 9-ի հայտարարությունը և դադարել է դրա գործողությունը։ Այնպես որ, Հայաստանի, Արցախի և միջազգային հանրության ականջներից  «լապշա կախելու» փորձերն անիմաստ են,  դրա փոխարեն ՌԴ-ն լավ կանի անհապաղ կատարի իր ստանձնած պարտավորություններն ու այս պահից սկսած ապահովի Կոռնիձորում կայանած հումանիտար շարասյան մուտքն Արցախ։  
     
Հ. Մ.
civic.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ադրբեջանն,ամեն,ինչ,անում,է,որպեսզի,խուսափի,հայաստանի,հետ,երաշխավորված,խաղաղության,պայմանագիր,կնքելուց․,պատգամավոր , Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանը շատ լավ վերլուծում է, թե խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում Հայաստանը ինչպիսի լուրջ հեռանկարներ կարող է ունենալ։
թուրքիա,անկարա,իրաք,քուրդ-զինյալների-դեմ-պայքար,քուրդիստանի-բանվորական-կուսակցություն,քբկ,pkk,թուրքիայի-արտգործնախարար,հաքան-ֆիդան,իրաքի-արտաքին-քաղաքական-գերատեսչության-ղեկավար,ֆուադ-հուսեյն , Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Դեկտեմբերի 19-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆուադ Հուսեյնը։
իշխան,սաղաթելյանը,գեղարքունիքում,փորձել,է,արդարանալ,և,իր,նոր,«նապառնիկ»,լևոն,քոչարյանի,հետ,ժողովրդին,նախապատրաստել,ռևանշի,չորրորդ,փորձին , Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
«Դիմադրություն» շարժման առաջնորդ ընկեր Իշխանի՝ Վարդենիսում հնչեցրած ելույթին, որում վերջինս փորձեց ոտքի վրա հիմնավորել իշխանափոխության ձախողման պատճառները։
ադրբեջանը,դժկամություն,է,ցուցաբերում.,կոստանյան , Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը BBC-ին տված հարցազրույցում ասել է, թե Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում:
2018-ի,մեր,ժառանգած,բանակցային,բովանդակությամբ,արդեն,իսկ,լղ-ի,պետական,կարգի,լուծարման,գործընթացը,սկսված,փաշինյան , 2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
Լիսաբոնից սկսած՝ պարզ էր, որ ոչ միայն տարածքների հետվերադարձի, այլև պետական ինստիտուտների վերացման հարց է դրված:
ուր,հիմա,լեռնային,ղարաբաղի,քաղաքացիական,բնակչությունը․,նիկոլ,փաշինյանն,անդրադարձել,ռդ,ագն-ի,հնչեցրած,մեղադրանքներին ,  Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը խորհուրդ կտամ վերցնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարդալ՝ 8-րդ կետը ներառյալ:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: