ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
ՀՀ նախկին նախագահները ընկերական կապեր ունեն Պուտինի, Ջո Բայդենի և Մեծ Բրիտանիայի թագավորի հետ, սակայն չեն օգտագործում դրանք ԼՂ խնդիրը բարձրաձայնելու համար

Գուցե նախկին նախագահների դիմումները որևէ ազդեցություն չգործեն էլ, բայց այն միջազգային գործընկերների մոտ կարող էր առաջացնել SOS ազդանշանի էֆեկտ։ Սակայն հերթական անգամ համոզվում ենք, որ նախկին նախագահներին ոչինչ այնքան չի հետաքրքրում և հետաքրքրել, որքան անձնական ամբիցիաները, իսկ երկուսի դեպքում՝ աթոռը։

Լաչինի միջանցքի փակումից հետո անցել է շուրջ 7 ամիս։ Այդ ընթացքում Կարմիր խաչի, ռուս խաղաղապահների օժանդակությամբ որոշակի քանակությամբ բեռներ դեպի Արցախ, այնուամենայնիվ, հասնում էին։ Նաև բուժօգնության կարիք ունեցողները, չնայած դժվարությամբ, ուշացումներով, բայց կարողանում էին հասնել Հայաստան։ Անգամ մարդկանց տեղաշարժն էր հնարավոր՝ տարբեր այլընտրանքային ճանապարհներով, իսկ Հակարիի կամրջի վրա ադրբեջանական անցակետի տեղադրումից հետո դա հնարավոր էր միայն խաղաղապահների, Կարմիր խաչի մեքենաների և ադրբեջանական անցակետում ստուգվելուց հետո։ Սակայն շաբաթներ առաջ ադրբեջանական կողմը այդ հնարավորությունների ճանապարհը ևս փակեց։ Եվ հիմա դեպի Արցախ հումանիտար բեռների՝ սնունդ, դեղորայք, մատակարարումները ամբողջովին դարձան անհնար, նաև բուժօգնության կարիք ունեցողների տեղաշարժն է արգելվել։


Հումանիտար իրավիճակն Արցախում իրոք ճգնաժամային է։ Եվ թվում է, թե երկու երեխաների մահանալուց հետո գոնե, որը տեղի ունեցավ շրջափակման հետևանքով, և թերսնուցումների ու անհրաժեշտ բուժօգնություն ստանալու հնարավորություններից զրկված լինելու հետևանքով դեռ չծնված երեխաների (պտուղների) մահվան ցուցանիշների բազմակի ավելացումից ու հղի կնոջ՝ հերթերում ինքնազգացողության վատանալու ժամանակ քաղաքացիների ցուցաբերած օգնության հույսին մնալուց հետո գոնե Հայաստանի նախկին նախագահները, գործի դնելով իրենց կապերը, հեղինակությունը, կանցնեն որոշակի գործողությունների։ Առնվազն ակնկալիք կար, որ կխոսեն, կդիմեն գերտերությունների ղեկավարներին, ինչը կարող է հերթական ազդակը լինել վերջիններիս, որ իրավիճակն իրոք ծայրահեղ է։ 


Սերժ Սարգսյանը ի վերջո խոսեց։ Դրան կանդրադառնանք վերջում։ Իսկ ինչո՞ւ են լռում Լևոն Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը։ Ո՞ւր է կորել Արմեն Սարգսյանը։ 


Տեր-Պետրոսյանը Լեռնային Ղարաբաղի հարցը մշտապես համարել է Հայաստանի թիվ մեկ խնդիրը։ Բազմիցս նշել է, որ քանի դեռ այդ հարցը լուծված չէ, Հայաստանը ո՛չ տնտեսապես կարող է հզորանալ, ոչ էլ կարող է մյուս խնդիրները լուծել։ Այո՛, իր առաջարկները չեն ընդունվել իր հաջորդների կողմից։ Ավելին՝ ժամանակը ցույց տվեց, որ դա սխալ ճանապարհ էր։ Այլ հարց է՝ Տեր-Պետրոսյանի առաջարկած ուղով գնալու դեպքում մեր երկիրը հիմա ինչ իրավիճակում կլիներ, ԼՂ հարցում ինչպիսի իրավիճակ կունենայինք, բայց ակնհայտ է, որ ստատուս քվոն պահելու ճանապարհը սխալ ճանապարհ էր։ Այնուամենայնիվ, Ղարաբաղի ժողովուրդը հիմա օրհասական վիճակում է։ Մի՞թե Տեր-Պետրոսյանի նեղացվածությունն է խանգարում նրան խոսել, դիմել միջազգային հանրությանը, օգտագործել իր հեղինակությունն ու կապերը։ Ոչ ոք չի ասում ելքեր ցույց տալ։ Այդ հարցին Տեր-Պետրոսյանը պատասխանել է. «չգիտեմ, ես ինֆորմացիայի չեմ տիրապետում, հիմա Նիկոլի հետ են խոսում»։ Բայց դիմել, ահազանգել գոնե կարող է։ Գուցե անիմաստ լինի, օգուտ չտա, բայց լռելը հաստատ չի օգնի։ Առաջին նախագահը որոշ ժամանակ առաջ շաբաթը մեկ հանդիպում էր ՌԴ դեսպան Կոպիրկինի հետ։ Լավ, գոնե Կոպիրկինի հետ կարող է, չէ՞, հանդիպել՝ հորդորել քայլեր ձեռնարկել։ Կարող է, չէ՞, նամակով դիմել ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահներին։  


Նույնը՝ Ռոբերտ Քոչարյանը։ 2021 թվականի ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ, 2019-ին, երբ Քոչարյանը կալանավորված էր, ինքն ու իր կողմնակիցները հպարտորեն հայտարարում էին, թե Պուտինը իր ընկերն է։ Ավելին՝ ՌԴ նախագահն անգամ Քոչարյանի տիկնոջը՝ Բելլա Քոչարյանի հետ հանդիպեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի տակ եղած ընթացքում։ Ինչո՞ւ հիմա Քոչարյանը Արցախի ճգնաժամային իրավիճակում չի օգտագործում իր ընկերական կապերը։ Առավել ևս, որ Պուտինի խաղաղապահ ուժերն են հիմա պատասխանատու Լաչինի միջանցքով անխոչընդոտ տեղաշարժի համար։ Մի՞թե պետք է հարցը անձնապես իրեն, իր կաշվին վերաբերի, որպեսզի այդ կապերն օգտագործվի։ Հիշեցնենք նաև, որ պատերազմի օրերին Քոչարյանն ու Տեր-Պետրոսյանը ցանկանում էին մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպելու համար, սակայն պահանջում էին Փաշինյանից իրենց հատուկ կարգավիճակ տրամադրել։


ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանն էլ գաղտնիք չէ, թե ինչ կապեր ունի ողջ աշխարհում։ Ցանկացած մեկը կնախանձեր նրա կապերի կեսն ունենալ։ Նա անձնական կապեր ունի Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի՝ թագավոր Չարլզ Երրորդի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։ Իսկ մենք գիտենք, թե ինչ ազդեցություն ունեն այդ երկրները ողջ աշխարհում, իսկ ԱՄՆ-ն Ղարաբաղի հարցում ներգրավված Մինսկի խմբի համանախագահ երկիր է։


Այսինքն՝ բացի նախկին պաշտոններով պայմանավորված ինստիտուցիոնալ կապերից, Հայաստանի նախկին նախագահները նաև անձնական, ընկերական հարաբերություններ ունեն համանախագահ երեք երկրներից երկուսի գործող նախագահների հետ։ 

Սերժ Սարգսյանն, ահա, արեց առաջին քայլը։ Նա բաց նամակով դիմել է համանախագահ երեք երկրների ղեկավարներին, ինչն անչափ գովելի արարք է։ Սակայն երբ կարդում ես նախկին նախագահ եղած մարդու նամակը, հասկանում ես, որ նամակի հիմնական իմաստը ոչ թե Արցախի հարցի բարձրացումն է, այլ այն չես կարող այլ կերպ բնութագրել, քան ներքաղաքական ճղճիմ բամբասանք։ Սարգսյանը ստեղծված իրավիճակի մեղավոր է համարում նաև հայ ժողովրդին, որը 2018-ին մերժեց իրեն․ «Դիմում եմ ձեզ՝ նախևառաջ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների, որպես առաջնորդների, ովքեր անձամբ գիտեն, թե ինչ հանգրվանում էր Արցախյան խնդրի լուծման բանակցային գործընթացը մինչև 2018 թվականը, երբ մեր հասարակությունը հուզական ընտրություն կատարեց և իշխանությունը հանձնեց պետության ընկալման հետ որևէ աղերս չունեցող գործչի: Ես հասկանում եմ, որ շատ-շատերը հնարավորություն ստացան փորձելու լուծել Արցախի խնդիրը՝ օգտվելով այդ մարդու՝ սեփական երկրի շահերի հետ կապ չունեցող անտրամաբանական քայլերից: Բայց փաստ է, որ և՛ հարցը չի լուծվել, և՛ խնդիրներն են շատ ավելի խորանում, իսկ այդ մարդն էլ այսօր հստակորեն չունի մեր ժողովրդի քվեն՝ Արցախը ճանաչելու որևէ այլ երկրի կազմում և արցախցիների կողմից էլ բացարձակապես չունի քվե՝ ինքնակամ որոշելու իրենց ճակատագիրը»:


Եվ սա ասում է մի նախկին ղեկավար, որը հստակ իմանալով բանակցային իրավիճակի, կործանարար պատերազմի վերահաս վտանգի ու հակառակորդի հետ մեր սպառազինության իրական անհամապատասխանության մասին, կամք չի դրսևորել որևէ լուծման գնալ՝ Արցախն ու Հայաստանը փրկելու համար։ Բանակցային պրոցեսը բերել հասցրել  է մի կետի, որից հետո ՀՀ հաջորդ ղեկավարի սեղանին են դրվել հողեր զիջելու նրա չիրականացրած պայմանավորվածություններն ու խոստումները։ Փոխարենը, ժամանակ ձգելով՝ թույլատրել է, որ իր շրջապատը կեղեքի ու հարստահարի Հայաստանն ու Արցախը՝ ժամանակակից անվտանգային համակարգերի, սպառազինության, անօդաչուների գումարները միլիարդավոր դոլարների հարստության վերածելով։ Փաստը՝ ապօրինի գույքի բռնագանձման հայցապահանջների աներևակայելի չափերն են։ 


10-ամյակներով մսխելով մեր բազմահազար նահատակների արյամբ ձեռք բերված արցախյան պատերազմի հաղթանակը՝ այդ նույն Արցախը չի ապահովել նորագույն պաշտպանությամբ ու անվտանգային ժամանակակից համակարգով։ Մի բան էլ, գլուխը կախ, «թեթև կսմիթներով»  համաձայնել է Ադրբեջանի հետ Ռուսաստանի միլիարդավոր դոլարների ռազմական դաշնակցությանը՝ Հայաստանին թողնելով ռուսական քաղաքականության թակարդում՝ ավելի կոնկրետ՝ ռուս-թուրքական։  

Այս մարդիկ՝ ՀՀ երեք նախկին նախագահները, չեն հաղթահարել իրենց անձնական նեղվածությունը։ Եվ եթե Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Արմեն Սարգսյանը պետք է Արցախի հարցը բարձրացնեն այնպես, ինչպես դա արեց Սերժ Սարգսյանը, ապա շատ ավելի լավ կլինի, եթե լռեն, ինչպես որ դա հիմա անում են։ 

Գուցե նախկին նախագահների դիմումները որևէ ազդեցություն չգործեն էլ, բայց այն միջազգային գործընկերների մոտ կարող էր առաջացնել SOS ազդանշանի էֆեկտ։ Սակայն հերթական անգամ համոզվում ենք, որ նախկին նախագահներին ոչինչ այնքան չի հետաքրքրում և հետաքրքրել, որքան անձնական ամբիցիաները, իսկ երկուսի դեպքում՝ աթոռը։ 

Վովա Հակոբյան
 
Աղբյուր՝ civic.am
 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: