ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Սոս Սարգսյան. «Կուզեմ, որ հայ ազգը այլեւս այդ վախի զգացողությունը չունենա»

Սոս Սարգսյանը երկար է ապրել։ Եվ, բարեբախտաբար, այնպես է ստացվել, որ շատ սերունդներ են նրան ճանաչել

«Վերնատուն» հրատարակչությունը «Անհատներ» մատենաշարով ներկայացնում է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի հոդվածների, հուշերի, ակնարկների, մտքերի, հարցազրույցների ընտրանին։ «Երկիրը երկիր է» վերնագրված ժողովածուն կազմել եւ խմբագրել է գրականագետ Արմեն Սարգսյանը։ Գրքի կազմման աշխատանքները տեւել են ավելի քան մեկ տարի. մեկտեղվել են ինչպես նախկինում հրատարակված, այնպես էլ անտիպ տեքստեր։
 
«Այս հարցում ինձ շատերն են օգնել, ինչպես տիկին Նելլին՝ Սոս Սարգսյանի կինը, այնպես էլ մեծ թվով լրագրողներ, խմբագիրներ, վարպետի ժառանգության գիտակներ»,- Մեդիամաքսի հետ զրույցում ասաց Արմեն Սարգսյանը։
 
- Ինչպե՞ս են ընտրվում «Անհատներ» շարքի հերոսները։ Խնդիր է դրվում արժանի՞ն մատուցել անհատներին, թե՞ եւս մեկ անգամ փոխանցել, «լսելի» դարձնել նրանց խոսքը հանրությանը։
 
- Սոս Սարգսյանը երկար է ապրել։ Եվ, բարեբախտաբար, այնպես է ստացվել, որ շատ սերունդներ են նրան ճանաչել։ Իմ սերունդը՝ որ հաստատ։ Եվ ահա այդքան մարդկանց սիրելի արտիստին կարիք կար ճանաչելի դարձնելու նաեւ երիտասարդներին, որ գուցե եւ տեսել են Սոս Սարգսյանի ֆիլմերը, բայց քիչ են ծանոթ նրա մտավորական եւ հայրենասեր կերպարին։ Իսկ ավելի ավագ սերնդի աչքում եւ հիշողության մեջ նա մնացել է որպես մտավորականության հնչեղ ձայն, որ, ցավոք, լռեց իր մահով։ Եվ հիշում եմ, որ նրա մահվան օրը շատերը փաստեցին՝ մտավորականության ձայնը լռեց։
Լուսանկարը` ՝«Վերնատուն»
Սոս Սարգսյանն իրավամբ հեղինակություն էր, ապրող-արարող մեկը, որի կարծիքը լսում էին, խոսքն արժեք ուներ, որովհետեւ ցուցաբերում էր սրտացավություն։ «Վերնատուն» հրատարակչության «Անհատներ» շարքում ներկայացված են միայն իսկական հեղինակություններ, ճանապարհ անցած, արժեքներ ստեղծած մարդիկ, որպիսին ինքն էր՝ մեծ արտիստը։ Ժողովածուն պատահական վերնագիր չունի։ Այն հուն է երազանքների երկրի համար, որտեղ արտիստի ցանած սերմերն անպայման ծիլեր են տալու։
 
-Ի՞նչ հիմքի վրա եւ ի՞նչ սկզբունքով եք կազմել գիրքը։
 
- Վարպետի ժառանգությունը շատ մեծ է, եւ երբ մտորում էի, թե այդ ահռելի էջերի ո՞ր մասն ընդգրկեմ, հասկացա, որ կարիք կա մեկտեղելու հատկապես պետականաշինության համար կարեւոր հատվածը։ Գրքում եւ՛ խոսք կա, եւ՛ գործ։ Եվ ինչպիսի՜ քննադատություն։ Առողջ, բնական, ցավի կետերին խփող, մատը երակին դնող քննադատություն։ Կինոն, թատրոնը, հեռուստատեսությունը, հասարակական կյանքը եւ այլ բնագավառներ Սարգսյանի քննադատող մտքի առանցքում են, դրանց արատավոր կողմերի մասին շարունակ խոսում է եւ չի հանձնվում, երբ իր գործի պտուղները դեռ քաղելիք չեն, այլ միայն արատներն են շատանում։
Արմեն ՍարգսյանըԱրմեն Սարգսյանը
 
Երբ Նարինե Գրիգորյանին խնդրեցի առաջաբան գրել գրքի համար եւ հետո կարդացի այդ տեքստը, հասկացա, որ վարպետի ցանած սերմերը ոչ միայն ծիլեր են տվել, ինչպես Նարինեն է ասում, այլեւ դարձել են մրգատու ծառեր, որոնց քաղցր պտուղները այսօր գլորվում են ոչ միայն Համազգայինի, այլեւ շատուշատ այլ թատրոնների բեմերից։ Որովհետեւ սերունդներ է կրթել, պատրաստել է նվիրյալների, որ այսօր շարունակում են նրա գործը՝ նորովի վերծանելով արտիստի ամեն խոսք ու գործ։
 
-«Մենք պետություն չենք ունեցել, մենք նոր ենք սովորում՝ ինչ է պետականությունը, դա նշանակում է, որ մեր զարգացման ընթացքը չի կարող լինել նույնը, ինչ մյուս ազգերինը։ Մենք պետք է շտապենք…»։ Շատ են այսօրինակ պատգամները, որ գուցե օգնեն ընթերցողին վերարժեւորել մեր անցած ու անցնելիք ճանապարհը։
 
-«Չամաչենք, սովորենք, ասենք՝ իմ Հայաստանը»,- ասում էր նա եւ մատի ամեն շարժումով սիրել տալիս մեր երկիրը, մշակույթը։ Համակ սեր է այս գիրքը, սեր այն հողի հանդեպ, որտեղ միլիոնավոր շիվեր է տնկել մեծ արտիստը։ Եվ սա բառի բուն իմաստով։ Նա բնությունը սիրող էր. այդտեղից էր սկսում ճշմարտությունը։ Հորդորում էր շատ կրթվել, որովհետեւ պատերազմները գիտելիքներով են հաղթում, իսկ «ժողովուրդների մրցությունը, ըստ էության, տաղանդների մրցություն է»: Իսկ լեզո՜ւն որքան էր կարեւորում, որքան գեղեցիկ խոսք ուներ, հիանալ կարելի է։ Եվ հաճախ էր տեղին քննադատում, երբ հեռուստացույցից լսում էր մի հայերեն, որ ամենաքիչը գռեհիկ էր, ամենամեղմը՝ տհաճ, աղճատված, անհոդաբաշխ։
Սոս ՍարգսյանըՍոս Սարգսյանը
Լուսանկարը` Մեդիամաքս
Իսկապես, Սոս Սարգսյանի դպրոցն անցած մարդիկ նաեւ խոսքի մշակույթի անմոռանալի դասեր են անցել։ Լեզվի դասերին պարտադիր գումարում էր հայրենասիրության դասերը։ Սաստիկ քննադատում էր արտագաղթողներին։ Արդարացում չէր գտնում նրանց համար։ Համարում էր, որ եթե մեր տունը ցուրտ է, կտուրը կաթում է, պետք է նորոգել, այլ ոչ գնալ-տեղավորվել ուրիշների հարմարավետ տներում։ Հորդորում էր մնալ հայրենի հողում, պահել հայկական ընտանիքը, որովհետեւ դրսում ընթանալու ենք այլասերման ճանապարհներով։
 
«Ես կուզեմ, որ հայ ազգը այլեւս այդ վախի զգացողությունը չունենա»
 
Գրքի առաջաբանի հեղինակը Սոս Սարգսյանի անվան պետական Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար, բեմադրիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Նարինե Գրիգորյանն է։
 
-Հե՞շտ էր, թե՞ դժվար վարպետի մասի գրելը։
 
-Դժվար է ձեւակերպել մտքերդ, երբ զգացմունքներդ բուռն են։ Պիտի փորձես հնարավորինս հակիրճ՝ շատ բան ասել։ Մյուս կողմից՝ դրա շնորհիվ, որ պետք է գրեի նախաբանը, երկխոսություն սկսվեց վարպետի հետ։ Երբ ապրում ես, վայելում ամեն րոպեն վարպետի հետ, թեեւ գնահատում ես այդ շփումները, բայց գնահատական տալ չես կարողանում։ Տարիներ հետո սկսեցի հասկանալ, թե ինչու էր մեզ հետ այդքան շատ հայրենիքից խոսում, թե ինչու էր այդքան կարեւորում մեր քաղաքացի լինելը։ Մենք դերասաններ ենք, ու զարմանում էի երբեմն, թե ինչու այդ պահին չենք զբաղվում հենց դերասանությամբ, այլ հայրենիքի մասին հարցեր ենք արծարծում։ Հետո հասկանում ես, որ մինչեւ ճիշտ աշխարհայացք չձեւավորվի, չես ստանալու այն, ինչը շատ կարեւոր է արվեստը փոխանցելու համար։
Սոս ՍարգսյանըՍոս Սարգսյանը
Լուսանկարը` Մեդիամաքս
Այդ զրույցներն ավելի կարեւոր էին, քան ասենք, թե ինչպես կարող է դերասանը ձայնը փոխել։ Մեկ է, աշխարհայացքից է գալիս շատ բաներ։ Ինչո՞ւ Սոս Սարգսյանի թատրոնը շարունակեց, ծաղկեց, որովհետեւ ինքը հիմքը ճիշտ դրեց, ինքը մեզ հետ զրուցեց, պապիկի պես վարվեց։ Էդ ամենը՝ գրելիս սկսեցի հասկանալ։ Ուզում էի նախաբանում կետ առ կետ (բայց չտարածվելով) փոխանցել ընթերցողին այն, ինչ զգացել եմ կենդանի շփվելով այդ մեծ մարդու հետ։
 
- Շարունակելով Ձեր միտքը՝ մեջբերեմ Սոս Սարգսյանի հետեւյալ ձեւակերպումը. «Այնուամենայնիվ, թատրոնը կիրթ մարդկանց գործ է»։ Գրքում մեկտեղված այս եւ նման մտքերը կարո՞ղ են «ուղեցույց» դառնալ դերասանների, թատրոնի մարդկանց համար։
 
- Թատերական ինստիտուտ շատ տաղանդավոր երեխաներ են ընդունվում, բայց եզակիներն են իսկապես մասնագետ դառնում։ Կիրթ լինելը միայն ինտելեկտը չէ, նաեւ դաստիարակություն է, այդ ամեն ինչը պիտի ունենաս, որ կարողանաս ուժերդ, տաղանդդ ճիշտ ներկայացնել։ Դրա համար, հատկապես 21-րդ դարում, եթե ուզում ես մարդիկ կտրվեն իրենց իրականությունից ու գան թատրոն, դու պիտի շատ հետաքրքիր լինես։
Նարինե ԳրիգորյանըՆարինե Գրիգորյանը
 
Կդառնա՞ գիրքը ուղեցույց՝ կախված է ընթերցողից։ Ասում են՝ ուսուցիչը հայտնվում է այն ժամանակ, երբ ձեւավորվում է աշակերտը։ Եթե կարդացողը իսկապես բաց է ու պատրաստ, այդ ամենը կգտնի գրքում։
 
-Գրում եք. «Դուք թատրոնը հիմնեցիք այն ժամանակ, երբ երկրում սով էր, պատերազմ, ցուրտ ու մութ»։ Համազգային թատրոնն ի՞նչ տվեց մարդկանց այդ տարիներին։
 
-Նախ՝ հավատ տվեց, որ եթե արվեստը կա, թատրոնը կա, ուրեմն ամեն ինչ իր տեղում է, ամեն բան կարելի է վերգտնել, վերականգնել։ Երբ բոլոր թատրոնները փակվել էին, Սոս Սարգսյանը տարբեր թատրոններից հավաքեց դերասանական սերուցքն ու հիմնեց Համազգային թատրոնը՝ կենդանի պահելով ոգին։ Թատրոնն այդ ժամանակ ուժ, ոգի էր փոխանցում։ Մարդիկ մրսում էին… թատրոնում վառարան կար, տաք էր, հաճախ տոմս էլ չէինք վաճառում, թույլ էինք տալիս, որ մարդիկ գան։ Ու տաքանում էին ե՛ւ ֆիզիկապես, եւ՛ հոգեպես։
 
- Վարպետը խոսելով Ցեղասպանության մասին՝ ասում է, որ համատարած վախ էր մտել ժողովրդի մեջ, դրա համար միլիոնավոր մարդիկ մոլորվեցին ու մորթվեցին։ Մեջբերեմ. «Հարցնում ես՝ ինչը կցանկանայի, որ չկրկնվեր։ Ես կուզեմ, որ հայ ազգը այլեւս այդ վախի զգացողությունը չունենա»։ Նախազգո՞ւմ էր գուցե, որ մի օր պատմությունը կարող է կրկնվել։
 
-Ասել է որպես զգուշացում, եւ դա շատ կարեւոր պատգամ է։ Մեր շուրջն անընդհատ ուզում են վախի մթնոլորտ ստեղծել թշնամիները, բայց չպետք է կորցնենք հավատը մեր ուժերի հանդեպ ու տրվենք վախին։ Երբ հայրիկիս ադրբեջանցիները ձերբակալել էին (շարժման տարիներին էր, երբ մենք ընտանիքով տեղափոխվել էինք Արցախ, որ մեր երկրին տեր կանգնենք), ի՞նչ էին անում. ուզում էին վախեցնել հայերին, որ թողնեն, գնան Արցախից։ Թշնամին ուզում է վախեցնել, որ մենք այդ ամենը հեշտ ու հանգիստ բաց թողնենք։ Վախը արմատախիլ անել է պետք, որովհետեւ կյանքը տրվում է ապրողին, չվախեցողին։
Սոս ՍարգսյանըՍոս Սարգսյանը
Լուսանկարը` Մեդիամաքս
Մեր թատրոնի խաղացանկում կա «Հաղթանակի գենեզիս» վավերագրական ներկայացումը պատերազմի մասին։ Դրամատուրգը պիեսը վերնագրել էր «Վախի գենեզիս»։ Ասացի՝ ես վախից չեմ պատմելու, ես պատմելու եմ փոքր հաղթանակներից, որոնցից ծնվում է մեծ հաղթանակը։ Իրավիճակում միշտ կարեւոր է, թե ինչն ես շեշտադրում, դրանից են ձեւավորվում ապագա քայլերդ. եթե կենտրոնանաս վախի վրա, քարացած կմնաս ու զոհի նման կսպասես բախտիդ, եթե ամեն վայրկյան կենտրոնանաս նպատակիդ վրա, համբերատար կփնտրես դրան հասնելու ճանապարհները եւ, ի վերջո, կհաղթես:
 
Արմինե Սարգսյան
mediamax.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
կարևորում,ենք,միջազգային,հանրության,հայկական,մշակութային,ժառանգության,նկատմամբ,ադրբեջանի,կողմից,իրականացվող,քաղաքականության,փաստագրումը․,ագն,խոսնակ , Կարևորում ենք միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության փաստագրումը․ ԱԳՆ խոսնակ
Կարևորում ենք միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության փաստագրումը․ ԱԳՆ խոսնակ
Հայաստանը կարևոր է համարում, որ միջազգային հանրությունը փաստագրում է հայկական կրոնական և մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականությունը, հայտնել է ՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակը՝ պատասխանելով «Aysor.am»-ի հարցմանը:
հայաստան,ադրբեջան,ամն,վաշինգտոն,հայաստան-ադրբեջան-բանակցություններ,ճնշում-բաքվի-վրա,հարցազրույց,ռիչարդ-կիրակոսյան , Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա. Ռիչարդ Կիրակոսյան
Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա. Ռիչարդ Կիրակոսյան
Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա, պատժամիջոցը մնում է ԱՄՆ վերջին ծայրահեղ քայլը. 1lurer.am-ի հարցազրույցը՝ Ռիչարդ Կիրակոսյանի հետ:
դինքին,սպանողի,ազատ,արձակումը,անակնկալ,չէր.,հարցազրույց,«ակօս»-ի,հայկական,էջերի,խմբագիր,բագրատ,էստուգյանի,հետ , Դինքին սպանողի ազատ արձակումը անակնկալ չէր. հարցազրույց «Ակօս»-ի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուգյանի հետ
Դինքին սպանողի ազատ արձակումը անակնկալ չէր. հարցազրույց «Ակօս»-ի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուգյանի հետ
Պոլսահայ հայտնի լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր Հրանտ Դինքի սպանության գործով դատապարտված Օգյուն Սամասթը չորեքշաբթի՝ նոյեմբերի 15-ին, վաղաժամկետ ազատ արձակվեց՝ սեպ խրելով Թուրքիայի հայերի, մասնավորապես՝ Դինք ընտանիքի արնահոսող վերքի մեջ:
ցանկացած,ճանապարհ,որն,անցնում,տարածքով,պետք,է,վերահսկվի,հայաստանի,կողմից.,տոյվո,կլաար , Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար
Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի խոսքով՝ միանգամայն տրամաբանական է, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որը կանցնի Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից։
պահանջում,ենք,որ,լղ,ժողովուրդն,ապահով,վերադարձի,երաշխիքներ,ունենա․,եմ,խոսնակի,բացառիկ,հարցազրույցը , Պահանջում ենք, որ ԼՂ ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա․ ԵՄ խոսնակի բացառիկ հարցազրույցը
Պահանջում ենք, որ ԼՂ ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա․ ԵՄ խոսնակի բացառիկ հարցազրույցը
Եվրոպական Միության արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր խոսնակ Պետեր Ստանոն պարզաբանել է Եվրոպական Միությունից հնչող հայտարարությունները Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով աջակցելու, երկրի հետ վիզաների ազատականացման շուրջ գործընթաց սկսելու վերաբերյալ։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: