ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հայաստանի լճերը(1)

Հայաստանի լճերը աչքի են ընկնում գենետիկական բազմազանությամբ, ինչը պայմանավորված է տարածքի երկրաբանական զարգացմամբ: Հայաստանի տարածքում կա մոտ 100 լիճ ու լճակ՝ բոլորը քաղցրահամ:

Հայաստանի լճերը աչքի են ընկնում գենետիկական բազմազանությամբ, ինչը պայմանավորված է տարածքի երկրաբանական զարգացմամբ: Հայաստանի տարածքում կա մոտ 100 լիճ ու լճակ՝ բոլորը քաղցրահամ: Հայաստանի լճերը ունեն հրաբխային (Ակնա լիճ), սառցադաշտային (Քարի, Լեսինգի), սողանքափլվածքային (Պարզ լիճ), հնահունային (Մեծամոր) ծագում։ Հայկական լեռնաշխարհում կա լճերի մի տեսակ, որ Մերձավոր արևելքում ոչ մի տեղ այլևս չկա՝ խառնարանային տիպը։ Մեր լեռնաշխարհում կան հրաբխային գագաթներ, որոնց խառնարանը լցված է ջրով և շուրջ տարի այդ լճերը պահպանվում են։ «Հայաստանի լճերը» ցանկում ներառել ենք միայն այն լճերը, որոնք բնական են կամ ունեն բնական ծագում, բայց հետագայում վերածվել են ջրամբարների։

Հայաստանի լճերը գերում են իրենց գեղեցկությամբ ու ջրի պարզությամբ, սակայն որոշ լճերի հատակը պատված է տիղմով և անվտանգ չէ լողալու համար։ Օրինակ Գոշի լճում կամ Արմաղանի խառնարանային լճում լողալ խորհուրդ չենք տալիս։ Նրանց հատակը պատված է տիղմի հաստ շերտով, որն առաջին հայացքից չի երևում։

Հիշեք, որ լողալ կարելի է միայն բնական լճերում, ջրամբարի վերածված լճերում լողալն արգելված է։

Հիշեք նաև, որ Աժդահակի խառնարանային լճում Չլողալն արգելվում է։)

 

Աժդահակի խառնարանային լիճ

Աժդահակի լիճն առաջացել է Աժդահակ հանգած հրաբխի խառնարանում։ Գտնվում է ծովի մակերևույթից 3515 մետր բարձրության վրա։ Այն հանդիսանում է Հայաստանի ամենաբարձր լեռնային լիճը։

Թառի լիճ

Թառի լիճը գտնվում է համանուն լեռան խառնարանում, Աժդահակ լեռնագագաթից 1,3 կմ հարավ-արևմուտք, ծովի մակերևույթից 3442 մետր բարձրության վրա։ Թառը լեռան ոչ պաշտոնական անունն է, գագաթն անուն չունի։ Ոմանք այն անվանում են Կարմիրսար։


Թառի լիճ

 

Կակաչ լիճ

Կակաչ լիճը գտնվում է Գեղարքունիքի մարզում, Արեգունի լեռնահամակարգում, Ծովագյուղից 1,7 կմ հյուսիս-արևելք։ Բարձրությունը ծովի մակարդակից` 2300 մ, մակերեսը` 1 հա: Լիճն անվանում են նաև Ծովագյուղի լիճ։


Կակաչ լիճ

 

Ծովեր լիճ

Ծովեր լճակը գտնվում է Լոռու մարզում՝ Դսեղ գյուղից 3 կմ հարավ-արևելք, Սևորդյաց լեռների հյուսիսային լանջի աղեղնաձև գոգավորությունում, ծովի մակերևույթից 1390 մետր բարձրության վրա։


Ծովեր լիճ / Լուսանկարը՝ Շահե Հարությունյանի

 

Սևանա լիճ

Հայաստանի ամենախոշոր լիճը Սևանն է, որն ունի տեկտոնահրաբխային ծագում: Աշխարհում կան բազմաթիվ լճեր, որոնք Սևանից մեծ են և ավելի բարձր են տեղադրված, բայց չեն վայելում այնպիսի ժողովրդականություն ինչպես Սևանը: Սևանը պատմական շրջանում տարբեր անուններ է կրել՝ Գեղարքունի, Գեղամա ծով և այլն: Լիճը գտնվում է Գեղարքունիքի մարզում,  ծովի մակարդակից  շուրջ 1900 մ բարձրության վրա:

Սևանա լիճը ձգված է հյուսիս արևմուտքից հարավ-արևելք 75 կմ երկարությամբ: Սևանի գոգավորությունը տեկտոնական ծագում ունի, բոլոր կողմերից շրջապատված է լեռներով՝ Արեգունի, Սևանի, Արևելյան Սևանի, Գեղամա և Վարդենիսի: Արտանիշ և Նորատուս թերակղզիներով անցնող պայմանական գծով լիճը բաժանվում է երկու մասի` Մեծ և Փոքր Սևանի: Ընդհանուր մակերեսը` 1416 ք․կմ է, միջին խորությունը` 41 մ, առավելագույնը` 82 մ:


Սևանա լիճ

Փոքր Սևանը երիտասարդ է, լճային նստվածքները սակավազոր են, փաստորեն ներկայացնում է խորը գրաբեն (տեկտոնական իջվածք)։ Առավելագույն խորությունն ակստեղ հասնում էր 99 մ-ի (մինչև մակարդակի իջեցումը)։ Լիճը փաստորեն առաջացել է Փոքր Սևանի արևմտյան մասում վերին չորրորդական լավաների արտավիժումից։ Մինչև արտավիժումը Հրազդան գետը Մեծ Սևանի հարթ հատակին գալարներ առաջացնելով մտնում էր Շորժայի թմբի մեջ ստեղծված հովիտը, դուրս գալիս Փոքր Սևանի գոգավորություն և այնտեղից հոսում հարավ։ Սակայն լավային արտավիժումների հետևանքով գետի հունը Լճաշեն գյուղից արևմուտք փակվել, և սկսվել է Սևանի լճացումը․ սկզբում Փոքր Սևանում, ապա՝ Մեծ Սևանում։

Սևանա լճի գոգավորությունը բնության հրաշալիքներից մեկն է նաև իր մաքուր օդով, վճիտ ջրով, զովությամբ, պատմական ու բնական հազվագյուտ հուշարձաններով, հանքային ջրերով։

Արտավանի լիճ

Արտավանի լիճը գտնվում է Վայոց ձորի մարզում, Արտավան գյուղից 2,5 կմ հյուսիս-արևելք: Ծովի մակարդակից 2240 մ բարձրության վրա: Մակերեսը` 6 հա է: Լճի կադաստրային անունը Ալլիճ է, սակայն լիճն ավելի հայտնի է Արտավանի լիճ անվամբ: Արտաքին տեսքը յուրահատուկ է։ Վերևից նայելիս լիճը նման է աշխարհի քարտեզին:


Արտավանի լիճը

 

Թարփի լիճ

Թարփի լիճը գտնվում է Ողջաբերդի լեռներում՝ Գեղարդ գյուղից 5,5 կմ հյուսիս-արևմուտք, ծովի մակերևույթից 2170 մետր բարձրության վրա։


Թարփի լիճը Ողջաբերդի լեռներում / Հեռվում Արագած լեռնազանգվածն է

 

Ակնա լիճ

Լիճը գտնվում է Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի սահմանագլխին՝ Գեղամա լեռների կենտրոնական կատարային մասում, ծովի մակերևույթից 3032 մ բարձրության վրա: Մակերեսը` 0,8 ք․կմ է , խորությունը` 15 մ: Լիճը սնվում է ձնհալքի և աղբյուրների ջրերով։ Այն շրջապատված է երիտասարդ հրաբխային կոներով և ալպյան հրաշագեղ մարգագետիններով։ Նրա ջուրը պարզ է, անուշահամ։ Լճի հայելում արտացոլվում են շրջակա լեռները և երկնքի կապույտը։


Ակնա լիճն ու Գեղամա լեռները

 

Արփի լիճ

Արփի լիճը գտնվում է ՀՀ Շիրակի մարզում, Աշոցքի սարահարթում։ Նախկինում բնական լիճ էր։ 1950 թ.-ից վերածվել է ջրամբարի: Մինչև ջրամբար դառնալը մակերեսը եղել է 20,6 քկմ , խորությունը` 1,6 մ, ծավալը` 3 մլն խմ: Ամբարտակի կառուցումից հետո, Արփի լիճը դարձավ Հայաստանի երկրորդ ջրային ավազանը Սեւանից հետո: Արփի լճից սկիզբ է առնում Ախուրյան գետը, որը թափվում է Հայաստանը Թուրքիայից բաժանող Ախուրյանի ջրամբարը: Արփի լճին ամենամոտ տեղակայված Պաղակն գյուղակում է գրանցվել Հայաստանի ամենացածր՝ -46 աստիճանը:

2009 թ․-ին ատեղծվել է «Արփի լիճ» ազգային պարկը։ Ազգային պարկի տարածքում գրանցված են 225 տեսակի ողնաշարավոր կենդանիներ։


Արփի լիճ

 

Վիշապալիճ (Վանքի լիճ)

Լճակը գտնվում է Արարատի մարզում, Գողթ գետի վերնագավառում, Թառնիստ  սարավանդի արևմտյան մասում, Գեղարդ գյուղից 9 կմ արևելք: Ծովի մակարդակից 2620 մ բարձրության վրա, մակերեսը` 30 հա:


Վիշապալիճ (Վանքի լիճ)

 

Կապույտք կամ Գոմքի լիճ

Կապույտք լիճը առաջացել է համանուն գետի վրա՝ գետի հունի արգելափակման հետևանքով։ Գտնվում է Կապույտ գյուղից 3,2 կմ հարավ-երևելք, ծովի մակերևույթից 2055 մետր բարձրության վրա։ Լիճն անվանում են նաև Գոմքի լիճ, քանի որ մոտ է գտնվում Գոմք գյուղին։ Պաշտոնական անուն չունի։


Կապույտք լիճ / Լուսանկարը՝ Լևոն Գալստյանի

 

Գոշի լիճ

Լճակը գտնվում է Տավուշի  մարզում, Արեգունի լեռների հյուսիսային լանջերին, Խաչարձան գետի ձախափնյակում, Ճերմակավան գյուղից 1 կմ հյուսիս-արևմուտք։ Գտնվում է ծովի մակարդակից 1398 մ բարձրության վրա: Մակերեսը` 1,2 հա:


Գոշի լիճ

 

Լեսինգի լիճ


Լեսինգի լիճ

Լիճը գտնվում է Արագած լեռնազանգվածի հյուսիսարևելյան լանջին, ծովի մակարդակից 3200 մ բարձրության վրա, Ծաղկաշեն գյուղից 8 կմ հյուսիս-արևմուտք։ Մակերեսը` 1,6 հա, առավելագույն խորությունը` 2,5 մ: Կոչվել է ի պատիվ ակադեմիկոս Ֆրանց Յուլի Լեվինսոն Լեսինգի, որը 1927-1929 թվականներին ղեկավարել է ԽՍՀՄ ԳԱ արշավախմբերի աշխատանքները Արագածում և Սևանա լճի ավազանում։


Ֆրանց Յուլի Լեվինսոն Լեսինգ

 

Ծակքարի լիճ

Ծակքարի լիճը գտնվում  է Սյունիքի մարզում, Զանգեզուրի լեռների կատարային հատվածում, Քաջարան քաղաքից 8 կմ հարավ-արևմուտք, ծովի մակարդակից 3270 մ բարձրության վրա: Մակերեսը` 3 հա:


Ծակքարի լիճ

Շարունակելի ...

Այստեղ ներկայացրել էինք միայն Հայաստանի տարածքում գտնվող լճերը, իսկ ողջ Հայկական լեռնաշխարհի լճերին կարող եք ծանոթանալ https://www.hayazd.com/News/Detail/93623 հոդվածում։

 

Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։

https://www.armgeo.am/armenian-lake/

 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
«թումո»-ն,թվայնացնում,է,հայկական,մշակութային,ժառանգությունը , «Թումո»-ն թվայնացնում է հայկական մշակութային ժառանգությունը
«Թումո»-ն թվայնացնում է հայկական մշակութային ժառանգությունը
Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնն ընդլայնում է իր նախաձեռնությունը՝ թվայնացված հայկական պատմամշակութային վայրերի արխիվը հարյուրավոր կոթողներով համալրելու նպատակով:
apple-watch,խելացի-ժամացույցներ,բժշկական-գործառույթներ,արյան-ճնշում-չափել,հայտնաբերել-հիպերտոնիայի-նշաններ,ժապավեններ-ամրացնելու-նոր-մագնիսական-մեխանիզմ ,  Apple Watch-ի հաջորդ տարբերակը կկարողանա արյան ճնշում չափել
Apple Watch-ի հաջորդ տարբերակը կկարողանա արյան ճնշում չափել
Հաջորդ Apple Watch-ը կլինի ավելի բարակ և կարող է ունենալ ժապավեններ ամրացնելու նոր մագնիսական մեխանիզմ: Սակայն ավելի հետաքրքիր նորամուծություն կարող է լինել մի շարք բժշկական գործառույթների հայտնվելը։ Գուրմանի խոսքով՝ Apple Watch-ի հաջորդ տարբերակը կկարողանա հայտնաբերել հիպերտոնիայի նշանները՝ չափելով արյան ճնշումը դաստակի մոտ և ապնոէ:
գիտնականները,վերականգնել,հնագույն,հոբբիթի,դեմքը,հոբբիթ , Գիտնականները վերականգնել են հնագույն «հոբբիթի» դեմքը
Գիտնականները վերականգնել են հնագույն «հոբբիթի» դեմքը
Հիմնվելով Homo floresiensis-ի մնացորդների, մարդկանց և շիմպանզեների մասին տվյալների վրա՝ գիտնականները մոդելավորել են հնագույն «հոբբիթի» դեմքը։ Նրա հասակը 1 մետրից մի փոքր ավելի է։
չինաստանը,պատրաստվում,է,շուկա,հանել,իր,մարդանման,ռոբոտները , Չինաստանը պատրաստվում է շուկա հանել իր մարդանման ռոբոտները
Չինաստանը պատրաստվում է շուկա հանել իր մարդանման ռոբոտները
Չինաստանը մտադիր է դառնալ մարդանման ռոբոտների արտադրության առաջատարը։
ստոկհոլմում,կայացել,մրցանակի,հանձնման,արարողությունը,նոբելյան , Ստոկհոլմում կայացել է Նոբելյան մրցանակի հանձնման արարողությունը
Ստոկհոլմում կայացել է Նոբելյան մրցանակի հանձնման արարողությունը
Կիրակի օրը Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմի համերգասրահում տեղի է ունեցել ֆիզիկայի, քիմիայի, բժշկության, գրականության և տնտեսագիտության 2023 թվականի Նոբելյան մրցանակների հանձնման արարողությունը։
արհեստական,բանականությունը,կարողանում,է,գաղտնաբառերը,վերծանել,95%,ճշգրտությամբ՝,հիմնվելով,ստեղնաշարի,ձայնի,վրա , Արհեստական բանականությունը կարողանում է գաղտնաբառերը վերծանել 95% ճշգրտությամբ՝ հիմնվելով ստեղնաշարի ձայնի վրա
Արհեստական բանականությունը կարողանում է գաղտնաբառերը վերծանել 95% ճշգրտությամբ՝ հիմնվելով ստեղնաշարի ձայնի վրա
Բրիտանացի հետազոտողների ջանքերով արհեստական ​​բանականությունը (AI) կարողանում է տարբերել համակարգչի ստեղնաշարի վրա սեղմված ստեղների ձայները:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: