ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Մինսկի խմբի «Փաթեթային» առաջարկը. կարգավորման համապարփակ համաձայնագիր (նախագիծ). 1997-ի հուլիս

Նախ` Հայաստանը, ինչպես հայտնի է, չի կարող հարցի կարգավորման հիմք ընդունել Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքն այնքան ժամանակ, քանի դեռ չեն ճշգրտվել Ադրբեջան-ԼՂ հարաբերությունները, և չի հստակեցվել ԼՂ քաղաքական կարգավիճակը: Երկրորդ. ԼՂ անվտանգության կոնցեպտը, որը, մեր կարծիքով, խաղաղ կարգավորման կարևոր գործոններից է գործընթացի զարգացման բոլոր փուլերում, պետք է զգալիորեն հստակեցվի և ուժեղացվի թե կոնցեպտուալ և թե կիրառական առումով:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահություն
 
հուլիս, 1997թ.
 
Նախաբան
 
 
Կողմերը, լիովին ըմբռնելով խաղաղության և համագործակցության առավելությունը հանուն իրենց ժողովուրդների բարգավաճման և բարեկեցության, լի են Լեռնային Ղարաբաղի ձգձգվող հակամարտության խաղաղ կարգավորումն իրականացնելու վճռականությամբ: Ստորեւ շարադրված կարգավորումը հիմք կստեղծի Կովկասի միասնական տնտեսական զարգացման համար` հնարավորություն տալով այս տարածաշրջանի ժողովուրդներին ապրել բնականոն և արդյունավետ` ունենալով ժողովրդավարական հաստատություններ, աճող բարեկեցություն, խոստումնալից ապագա: Այս համաձայնագրին համապատասխան համագործակցությունը կհանգեցնի բնականոն հարաբերությունների ողջ տարածաշրջանում` առևտրի, տրանսպորտի և կապի ոլորտներում` հնարավորություն տալով մարդկանց միջազգային կազմակերպությունների միջոցով վերականգնել իրենց քաղաքներն ու բնակավայրերը, հաստատել կայունություն, ինչն անհրաժեշտ է տարածաշրջանում արտաքին կապիտալ ներդրումների ծավալի էական մեծացման համար, և  ճանապարհ բացել փոխշահավետ առևտրի համար, ինչը կհանգեցնի բոլոր մարդկանց բնական բարգավաճմանը, ինչի նախադրյալները դրված են կովկասյան տարածաշրջանում: Հաշտությունն ու համագործակցությունը մարդկանց միջև նրանց ահռելի ներուժը կծառայեցնեն ի շահ իրենց հարևանների և աշխարհի ժողովուրդների:
 
Համապատասխանաբար, կողմերը, լինելով հավատարիմ ՄԱԿ-ի կանոնադրության դրույթներին, ԵԱՀԿ հիմնարար սկզբունքներին ու որոշումներին և միջազգային իրավունքի հիմնարար նորմերին և վճռականություն ցուցաբերելով նպաստել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 822, 853, 874, 884 որոշումների ամբողջական իրականացմանը, սույնով համաձայն են ձեռնարկել զինված հակամարտության դադարեցման և բնականոն հարաբերությունների վերականգնման մասին թիվ 1 համաձայնագրում արձանագրված միջոցները և համաձայնության հասնել ԼՂ վերջնական կարգավիճակի շուրջ, ինչպես շարադրված է թիվ 2 համաձայնագրում:
 
Համաձայնագիր թիվ 1. զինված հակամարտության դադարեցումը
 
Կողմերը համաձայնում են`
 
    ձեռնպահ մնալ միմյանց միջև վեճերի կարգավորման նպատակով զինված ուժի օգտագործումից, այդ թվում` սույն համաձայնագրի իրականացման ընթացքում:
    դուրս բերել զինված ուժերը երկու փուլով:
 
Առաջին փուլում ԼՂ-ից դեպի արևելք և հարավ ընկած ներկայի շփման գծերի վրա տեղակայված ուժերը կհեռացվեն մի քանի կիլոմետր դեպի թիվ 1 հավելվածում համաձայնեցված գծերը` պատշաճ կերպով հաշվի առնելով Բարձր մակարդակի ծրագրավորման խմբի (ԲՄԾԽ) հանձնարարականները` ռազմական տեսակետից հիմնավորված բուֆերային գոտում ԵԱՀԿ բազմազգ ուժերի առաջատար ջոկատների սկզբնական ծավալման համար հնարավորություն ստեղծելու նպատակով, բաժանել կողմերին այդ գծով և անվտանգություն ապահովել երկրորդ փուլի դուրսբերման ընթացքում:
 
Երկրորդ փուլում ուժերը դուրս կբերվեն թիվ 1 հավելվածում համաձայնեցված գրաֆիկի համաձայն` հետեւյալ կերպ.
 
Ա. Հայաստանի ուժերը դուրս են բերվում և տեղակայվում Հայաստանի տարածքում:
 
Բ. ԼՂ ուժերը դուրս են բերվում Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի 1988թ. սահմանագծից ներս (ստորեւ` VIII և IX կետերում նշված բացառություններով):
 
Գ. Ադրբեջանի ուժերը դուրս են բերվում դեպի թիվ 1 հավելվածում համաձայնեցված գծեր` ԲՄԾԽ հանձնարարականների հիման վրա:
 
Դ. Ծանր զրահատեխնիկան դուրս կբերվի ավելի հեռու` թիվ 1 հավելվածում համաձայնեցված վայրեր` ԲՄԾԽ հանձնարարականների հիման վրա, թափանցիկության և հաշվետու լինելու պահանջների պահպանմամբ:
 
Ե. Ուժերի դուրսբերման ավարտին բուֆերային գոտին տեղակայված կլինի ինչպես նշված է թիվ 1 հավելվածի քարտեզում` 1988թ. ԼՂԻՄ սահմանագծի և հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսային մասի երկայնքով:
 
III. Ուժերի դուրսբերման արդյունքում ազատված տարածքները վերածվում են բաժանարար գոտու, որտեղ անվտանգության պահպանմանը պետք է հետևեն ԵԱՀԿ խաղաղության ապահովման ուժերը` մշտական խառը հանձնաժողովի հետ համատեղ: Կողմերից ոչ մեկին չի թույլատրվի ներս բերել իր ուժերն այդ գոտի, եթե ոչ ԵԱՀԿ խաղաղության ապահովման ուժերի և մշտական խառը հանձնաժողովի թույլտվությամբ` թիվ 2 հավելվածի իրականացման շրջանակներում, ուր նախատեսված կլինեն սահմանապահ ծառայության, ականազերծման և քաղաքացիական ոստիկանական գործառույթների համար համաձայնեցված ստորաբաժանումներ: Կողմերը համաձայնում են բացառել բոլոր ռազմական թռիչքները բաժանարար և բուֆերային գոտիներում:
 
    Նպաստել ԵԱՀԿ խաղաղության ապահովման բազմազգ ուժերի ծավալմանը բուֆերային գոտում` անվտանգության երաշխավորման համար` մշտական խառը հանձնաժողովի հետ համատեղ: ԵԱՀԿ խաղաղության ապահովման բազմազգ ուժերը կազմված կլինեն ԵԱՀԿ-ի կողմից նշանակված ուժերից, և նրանց մանդատը կսահմանվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշմամբ, ընդ որում մանդատը կթարմացվի ԵԱՀԿ գործող նախագահի հանձնարարականով:
    Իրականացնել տեղահանված անձանց վերադարձը նրանց նախկին մշտական բնակության վայրեր` բաժանարար գոտում: ԵԱՀԿ խաղաղության ապահովման բազմազգ ուժերը մշտական խառը հանձնաժողովի հետ համատեղ կհետևեն վերադարձող բնակչության անվտանգությանը և կապահովեն բոլոր կողմերի վստահությունն այդ գոտու ապառազմականացման ռեժիմին հետեւելու առումով:
    Ուժերի դուրսբերման հետ միաժամանակ միջոցներ կկիրառվեն ճանապարհների, երկաթուղիների, էլեկտրահաղորդակցման և կապի գծերի, առեւտրային և այլ հարաբերությունների բացման համար` ներառելով անհրաժեշտ բոլոր միջոցները: Կողմերը երաշխավորում են այդ կապերի օգտագործումը բոլորի կողմից, ներառյալ` էթնիկ փոքրամասնությունները` երաշխավորելով նրանց հասանելիությունը իրենց էթնիկ խմբերին տարածաշրջանի այլ վայրերում: Կողմերից յուրաքանչյուրը պարտավորվում է վերացնել բոլոր շրջափակումները և ապահովել մյուս բոլոր կողմերի համար բեռների ու մարդկանց փոխադրումն առանց խոչընդոտների: Հայաստանը և Ադրբեջանը երաշխավորում են իրար միջևազատ և անվտանգ երկաթուղային հաղորդակցություն, մասնավորապես` Բաքու-Հորադիզ-Մեղրի-Օրդուբադ-Նախիջևան -Երևան գծով:
 
VII. Համագործակցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, ՄԱԿ-ի՝ փախստականների հարցերով Գերագույն հանձնակատարի և այլ միջազգային մարդասիրական կազմակերպությունների հետ` հակամարտության հետևանքով կալանավորվածներին վերադարձնելու, անհետ կորածների ճակատագրերը հետաքննելու և աճյունները հայրենադարձելու նպատակով:
 
VIII. Հիշյալ միջոցառումների շուրջ` կապված Լաչինի միջանցքի հետ.
 
Ա. Ադրբեջանը միջանցքը վարձակալությամբ տրամադրում է ԵԱՀԿ-ին, որը պայմանագիր կկնքի միջանցքը բացառապես ԼՂ իշխանությունների կողմից օգտագործվելու մասին (տարանցման համար նախատեսված բացառություններով` բերված ստորեւ` Ե կետում):
 
Բ. ԵԱՀԿ-ն հետևում է ԼՂ իշխանությունների հետ համագործակցության անվտանգությանը:
 
Գ. Լաչինի միջանցքի սահմանագծերը համաձայնեցված են թիվ 2 հավելվածում` պատշաճ կերպով հաշվի առնելով ԲՄԾԽ հանձնարարականները:
 
Դ. ԵԱՀԿ-ն հետևում է Լաչին քաղաքը շրջանցող ճանապարհի շինարարությանը, որի ավարտից հետո Լաչին քաղաքը հանվում է Լաչինի միջանցքից: Դա վերադարձվում է ադրբեջանական վարչարարության ներքո (որպես բաժանարար գոտու մաս), և նրա նախկին բնակիչները կկարողանան վերադառնալ:
 
Ե. Միջանցքում չեն թույլատրվում մշտական բնակավայրերը և զինված ուժերը` բացառությամբ անվտանգության ուժերի թույլատրված քանակի: Պաշտոնական անձինք, դիտորդները և ԵԱՀԿ խաղաղության ապահովման ուժերի ներկայացուցիչները նախապես զգուշացնելու դեպքում ունեն տարանցման իրավունք որևէ ուղղությամբ, ինչպես նաև տարածաշրջանի ադրբեջանցի բնակիչները, որոնք տարանցում են կատարում Լաչինի շրջանից Ղուբաթլուի շրջան կամ հակառակը: Լաչինի շրջանի տարածքը միջանցքի շրջանակներից դուրս համարվում է բաժանարար գոտու մաս:
 
    Հետևյալ միջոցառումների շուրջ` կապված Շուշի քաղաքի և Շահումյանի շրջանի հետ:
 
ա) Կողմերը երկու հատվածներից դուրս են բերում իրենց զինված ստորաբաժանումները` բացառությամբ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների` սահմանափակ սպասարկող անձնակազմով:
 
բ) Տեղական իշխանությունները կօժանդակեն ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատություների և  մարդու իրավունքների գրասենյակի դիտորդների տեղաբաշխման հարցում:
 
գ) Տեղահանված անձինք կարող են վերադառնալ իրենց նախկին մշտական բնակության վայրերը: Նրանց անվտանգությունը կերաշխավորեն համապատասխան տեղական իշխանությունները:
 
դ) Վերադարձած բնակիչները օգտվում են բոլոր քաղաքացիական իրավունքներից, այդ թվում` կուսակցություններ ստեղծելու: Նրանք համապատասխանաբար ներկայացված կլինեն Բաքվի և  Ստեփանակերտի խորհրդարաններում և ընտրական խորհուրդներում, այդ վայրերի ոստիկանությունում և անվտանգության ուժերում` այդ վայրերի ողջ բնակչության տոկոսային հարաբերակցությանը համապատասխան:
 
ե) Մշտական խառը հանձնաժողովը համակարգում է միջազգային օգնության բաշխումը այդ վայրերում արդարության հիմքերով և երկու խմբերի ազգաբնակչությանն ի օգուտ:
 
զ) Շուշի քաղաքի և Շահումյանի շրջանի բնակիչները կունենան երաշխավորված հասանելիություն ճանապարհների, կապի և այլ հարաբերությունների համար մնացյալ Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի հետ:
 
    Հիմնել մշտական խառը հանձնաժողով տվյալ համաձայնագրի` Ադրբեջանին և Ղարաբաղին առնչվող խնդիրների հետ կապված դրույթների իրականացմանը հետևելու նպատակով: Մշտական խառը հանձնաժողովն ունի երեք համանախագահ` մեկը` ադրբեջանցի, մեկը` ԼՂ-ից և ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչը: Ադրբեջանի և ԼՂ-ի համանախագահների հիմնական պարտականությունը համաձայնագրի իրականացումն է, ԵԱՀԿ-ից համանախագահի հիմնական պարտականությունը միջնորդությունն ու տարաձայնությունների դեպքերում արբիտրաժն է: Մշտական խառը հանձնաժողովն ունի հետևյալ ենթահանձնաժողովները` ռազմական, տնտեսական, մարդասիրական և մշակութային: Մշտական խառը հանձնաժողովը և նրա ենթահանձնաժողովների գործառույթները շարադրված են թիվ 2 հավելվածում:
    Հիմնել ամբողջական դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի և Ադրբեջանի միջեւ:
 
XII. Ստեղծել հայ-ադրբեջանական երկկողմ հանձնաժողով` Հայաստանի և Ադրբեջանի կողմից մեկական համանախագահներով: ԵԱՀԿ գործող նախագահը ներկայացված է այդ հանձնաժողովում: Հայ-ադրբեջանական երկկողմ հանձնաժողովը նպաստում է սահմանային միջադեպերի կանխարգելմանը, իրականացնում է կապ երկու երկրների սահմանապահ զորքերի և անվտանգության այլ համապատասխան ուժերի միջև և հետեւում է ճանապարհների, երկաթուղիների, կապի, խողովակաշարերի, առևտրային և այլ հարաբերությունների բացման միջոցառումներին:
 
XIII. ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը սույն համաձայնագրի երաշխավորն է:
 
XIV. Սույն համաձայնագիրը կգործի մինչևԵԱՀԿ Մինսկի խորհրդաժողովի ժամանակ համապարփակ կարգավորման համաձայնագրի կնքումը, որը մասնավորապես կհիմնի անվտանգության և խաղաղության պահպանման մշտական մեխանիզմների փոխարինումը նրանց, որոնք սահմանված են սույն համաձայնագրում:
 
Հավելված թիվ 1.
 
Զորքերի դուրսբերման իրականացում և տեղահանված անձանց վերադարձ. աշխարհագրական չափորոշիչներ, գրաֆիկներ և անվտանգության ասպեկտներ:
 
Հավելված թիվ 2.
 
Անվտանգության միջանկյալ միջոցառումներ. հանձնաժողովների մանդատները, հսկողության և անվտանգության ռեժիմի չափորոշիչները:
 
Համաձայնագիր թիվ 2. կարգավիճակը
 
Նախաբան
 
ԼՂ կարգավիճակը և նրա հիմնական էթնիկ և մշակութային բնութագրի պահպանումը հետաքրքրություն են ներկայացնում միջազգային հանրության համար, ներառյալ` Հայաստանը: Դա չի կարող ճշգրտվել ինչպես Ադրբեջանի, այնպես էլ ԼՂ իշխանությունների միակողմանի գործողության արդյունքում: Կարգավիճակը ճշգրտվում է հետևյալ չափորոշիչներով:
 
    Հակամարտության բոլոր կողմերը ճանաչում են Ադրբեջանի և Հայաստանի տարածքային ամբողջականությունը և սահմանների անխախտելիությունը:
    ԼՂ-ն պետական և տարածքային կազմավորում է Ադրբեջանի կազմում, և նրա ինքնորոշումը կներառի ստորև թվարկված իրավունքներն ու առավելությունները, երբ նրանք կձևակերպվեն Ադրբեջանի և ԼՂ իշխանությունների միջև կնքված համաձայնագրում, հավանության կարժանանան Մինսկի խորհրդաժողովի կողմից և կներառվեն Ադրբեջանի ու ԼՂ սահմանադրություններում:
 
III. ԼՂ-ն և Նախիջևանը կունենան Ադրբեջանի և Հայաստանի հետ ազատ և առանց խոչընդոտների տրանսպորտային հաղորդակցության և կապի իրավունք:
 
    ԼՂ վարչական սահմանները անցնում են նախկին ԼՂԻՄ սահմաններով:
    ԼՂ-ն կունենա իր Սահմանադրությունը` ընդունված ԼՂ ժողովրդի կողմից` հանրաքվեով: Այդ Սահմանադրությունը կներառի ԼՂ իշխանությունների և Ադրբեջանի համաձայնագիրը ինքնորոշման ձևի մասին` սույն փաստաթղթի հիման վրա: Ադրբեջանը համապատասխանաբար փոփոխություններ կմտցնի իր Սահմանադրությունում` այս համաձայնագրերի ներառման համար: ԼՂ-ն կունենա իր սեփական դրոշը, զինանշանը, օրհներգը:
    ԼՂ տարածքում գործում են ԼՂ Սահմանադրությունն ու օրենքները: Ադրբեջանի օրենքները, կանոնները և կատարողական որոշումները գործում են ԼՂ տարածքում, եթե նրանք չեն հակասում վերջինի Սահմանադրությանն ու օրենքներին:
 
VII. ԼՂ-ն ինքնուրույն է կազմավորում իր օրենսդիր, գործադիր և դատական մարմինները:
 
VIII. ԼՂ բնակչությունն ընտրում է Ադրբեջանի խորհրդարանի ներկայացուցիչներ և մասնակցում է Ադրբեջանի նախագահի ընտրություններին:
 
    ԼՂ-ն կունենա արտասահմանում համապատասխան ներկայացուցչության միջոցով օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ տնտեսության, գիտության, մշակույթի, սպորտի և մարդասիրական հարցերի ոլորտներում անմիջական արտաքին կապեր իրականացնելու իրավունք: ԼՂ քաղաքական կուսակցությունները իրավունք կունենան կապեր հաստատել այլ երկրների քաղաքական կուսակցությունների հետ:
    ԼՂ քաղաքացիները կունենան Ադրբեջանի անձնագրեր` ՙԼեռնային Ղարաբաղ՚ հատուկ հավելագրումով: ԼՂ քաղաքացիները չեն համարվի օտարերկրացիներ Հայաստանի օրենքների համապատասխան (տե՛ս` Միացյալ Թագավորության իռլանդական ակտը (1949)), կարող են ցանկացած ժամանակ արտագաղթել Հայաստան եւ կարող են ստանալ հայաստանյան քաղաքացիություն` Հայաստան մշտական արտագաղթի դեպքում (տես` Իսրայելի ՙՎերադարձի մասին՚ օրենքը):
    ԼՂ-ն կլինի ազատ տնտեսական գոտի՝ տարադրամների ազատ շրջանառությամբ:
 
XII. ԼՂ-ն կունենա Ազգային գվարդիա և ոստիկանական ուժեր: ԼՂ քաղաքացիներն իրավունք կունենան ծառայել ԼՂ տարածքում:
 
XIII. Ադրբեջանի բանակը, անվտանգության ուժերը և ոստիկանությունը իրավունք չեն ունենա մուտք գործել ԼՂ տարածք առանց ԼՂ իշխանությունների թույլտվության:
 
XIV. ԼՂ բյուջեն կազմվում է սեփական ռեսուրսների հաշվին գոյացած մուտքերից: ԼՂ կառավարությունը կխրախուսի և կերաշխավորի ադրբեջանական և օտարերկրյա անձանց և ընկերությունների ներդրումները:
 
    ԼՂ-ն ունի բազմազգ բնույթ. յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի օգտագործել իր ազգային լեզուն բոլոր պաշտոնական և ոչ պաշտոնական դեպքերում:
 
XVI. Սույն համաձայնագրի երաշխավորը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն է:
 
Ղարաբաղյան հակամարտության վստահության ամրապնդման միջոցառումներ
 
Որպես հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու մտադրության դրսեւորում` կողմերն առանց սպասելու որևէ այլ համաձայնության կարող էին իրականացնել վստահության ամրապնդմանն ու անվտանգությանն ուղղված հետեւյալ միջոցառումներից յուրաքանչյուրը կամ բոլորը:
 
* Ադրբեջանն ու Հայաստանը կարող են իրենց վրա պարտավորություն վերցնել անմիջապես վերականգնել հրադադարի ռեժիմը Իջեւան-Ղազախ հատվածի իրենց սահմանների երկայնքով: Այս ռեժիմը, որն իրագործվել է 1992թ., ներառում էր հրատապ կապի հեռախոսային գիծ և համատեղ սահմանային պարեկություն:
 
* Կողմերը կարող են համաձայնության գալ ԵԱՀԿ գործող նախագահի դիտորդական առաքելության ընդլայնման շուրջ՝ ԼՂ առնչությամբ հավելյալ հսկողություն իրականացնելու համար, օրինակ՝ Իջեւան-Ղազախ հատվածի հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով:
 
* Իրականացնել երկխոսություն ՄԱԿ-ի փախստականների հարցերով Գերագույն հանձնակատարի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի օժանդակությամբ մարդասիրական պահանջարկների գնահատման նպատակով (ինչպես ադրբեջանական տեղահանված անձանց համար, այնպես էլ ԼՂ ներսում): Դա կարող է իրականացվել կամ ՄԱԿ-ի Գերագույն հանձնակատարի, կամ էլ` Կարմիր խաչի միջազգային կոմիտեի համաձայնությամբ:
 
* Բացել ամենշաբաթյա կամ ամենօրյա շուկաներ ԼՂ տարածաշրջանում ինչպես հայերի, այնպես էլ ադրբեջանցիների համար: Սա կպահանջի սահմանների հատման կետերի ստեղծում, դեպի շուկայական հրապարակներ տանող ճանապարհների բացում և ականազերծում ու համաձայնագրեր` կապված տարանցիկության ռեժիմների եւ առևտրի կանոնների եղանակավորման հետ:
 
Մինսկի խորհրդաժողովի համանախագահներին
 
Հայաստանի դիրքորոշումը վերը բերված փաստաթղթի վերաբերյալ
 
Հայաստանը ողջունում է Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի համատեղ ջանքերը, որոնց նպատակն է նոր լիցք հաղորդել ԼՂ հակամարտության շուրջ ընթացող բանակցություններին: Այս տարվա մայիսի 31-ին ձեր` տարածաշրջան կատարած այցելության ընթացքում մեզ ներկայացված փաստաթուղթը՝ ՙԼՂ հակամարտության կարգավորման համապարփակ համաձայնագիր՚, հանգամանորեն ուսումնասիրվել է և շարունակվում է քննարկվել: Մինչ այդ ցանկանում ենք ձեզ ներկայացնել Հայաստանի նկատառումները փաստաթղթում արտահայտված նպատակների, մոտեցումների, սկզբունքների և տարրերի նկատմամբ.
 
Հայաստանը ողջունում է համանախագահության նպատակները` ԼՂ հակամարտությանը տալ համապարփակ խաղաղ կարգավորում և դրանով իսկ հիմք ստեղծել Կովկասում համընդհանուր տնտեսական զարգացման և Կովկասի ժողովուրդների բարօրության համար: Այստեղ մենք ցանկանում ենք ավելացնել նաև հակամարտությունների արդար լուծման և ժողովուրդների ինքնորոշման իրավունքների հարգման սկզբունքները: Այնուամենայնիվ, փաստաթղթում տեղ գտած որոշ ընդհանուր սկզբունքների նկատմամբ Հայաստանը լուրջ առարկություններ ունի:
 
Նախ` Հայաստանը, ինչպես հայտնի է, չի կարող հարցի կարգավորման հիմք ընդունել Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքն այնքան ժամանակ, քանի դեռ չեն ճշգրտվել Ադրբեջան-ԼՂ հարաբերությունները, և չի հստակեցվել ԼՂ քաղաքական կարգավիճակը:
 
Երկրորդ. ԼՂ անվտանգության կոնցեպտը, որը, մեր կարծիքով, խաղաղ կարգավորման կարևոր գործոններից է գործընթացի զարգացման բոլոր փուլերում, պետք է զգալիորեն հստակեցվի և ուժեղացվի թե կոնցեպտուալ և թե կիրառական առումով: Այս սկզբունքը պետք է ներառի այնպիսի առանցքային տարրեր, ինչպիսիք են ԼՂ շրջագծով լայնատարած ապառազմականացումը, ԼՂ պաշտպանական պոտենցիալի պահպանումը, ԼՂ անկլավային գոյության բացառումը և անվտանգության ապահովման երաշխիքներ միջազգային հանրության և Հայաստանի կողմից:
 
Նախքան բուն փաստաթղթերի դրույթներին անցնելն ուզում ենք ուշադրություն հրավիրել մի սպրդման վրա, որը տեղ է գտել ներածական մասում եւ անսովոր հղում է պարունակում հակամարտության անվանմանը` այն կոչելով ՙԼեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտություն՚: Անդրադառնալով զինված հակամարտության դադարեցման մասին համաձայնագիր 1-ին` պետք է նշել. թեև դրա հիմնական դրույթները կողմերի միջև բազմիցս քննարկվել և բանակցվել են Մինսկի խմբի շրջանակներում, այսուհանդերձ, ներկա նախագիծը լի է բովանդակային և սկզբունքային թերություններով:
 
Նախ. առաջարկում ենք հանել 2A կետը, որն անհարկի մեկնաբանությունների առիթ է դառնում:
 
Երկրորդ. 7-րդ հոդվածով նախատեսվող ապաշրջափակման միջոցառումները բավականին թույլ են արտահայտված: Դրանց կիրառման վերաբերյալ պարտավորությունները, որ ստանձնելու են կողմերն իրենց ուժգնությամբ, պետք է համապատասխանեն համաձայնագիր 1-ի մյուս միջոցառումների պարագայում նախատեսվող պարտավորություններին: Հարկավոր է ունենալ ապաշրջափակման հատուկ ժամանակացույց:
 
Երրորդ. 9-րդ հոդվածը, որը վերաբերում է Լաչինին, անընդունելի է, որովհետև չի լուծում ԼՂ անկլավային գոյության մասին վերեւում արդեն իսկ արտահայտված սկզբունքային խնդիրը: Այս կապակցությամբ առաջարկում ենք մտածել հարցի ավելի ընդգրկուն մոտեցման մասին, որը կբացառեր ապագայում հնարավոր կոնֆլիկտային իրավիճակները:
 
Չորրորդ. համաձայնագիր 1-ի կիրառման հետ կապված խառը հանձնաժողովների գործողության մեխանիզմը, կարծում ենք, սկզբունքային հստակեցման կարիք ունի:
 
Ամփոփելով համաձայնագիր 1-ի վերաբերյալ մեր նկատառումները` ցանկանում ենք նշել, որ դրա մնացած կետերի ու դրույթների շուրջ մեր դիտողությունների բացակայությունը չպետք է մեկնաբանվի իբրևդրանց բացարձակ և անվերապահ ընդունում: Հայաստանը գտնում է, որ այդ կետերի վերջնական համաձայնեցումը պետք է լինի բանակցային գործընթացի արդյունք:
 
Համաձայնագիր 2-ի նկատմամբ հայտնում ենք հետևյալը.
 
Ինչպես նշել ենք վերեւում, Հայաստանը չի կարող հարցի կարգավորման հիմք ընդունել Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը, հետևաբար, համաձայնագրի նախագծում տեղ գտած 1-ին եւ 2-րդ հոդվածները Հայաստանի համար քննարկման ենթակա չեն:
 
3-րդ հոդված. Հայաստանը որևէ ձևական կապ չի տեսնում ԼՂ-ի և Նախիջևան ի միջև և գտնում է, որ Ադրբեջան-Նախիջևան անխափան հաղորդակցության հարցը կարգավորվում է համաձայնագիր 1-ի` ապաշրջափակման մասին դրույթներով: Նախիջևանի հետ հաղորդակցությունն Ադրբեջանի համար միշտ էլ բաց և անարգել է եղել, սակայն Ադրբեջանը հրաժարվել է օգտվել դրանից:
 
4-րդ հոդված. առաջարկում ենք ՙվարչական սահմաններ՚ կամ ՙսահմաններ՚ բառերը փոխարինել ՙտարածք՚ բառով:
 
6-րդ հոդված. ապագայում տեւական տարակարծություններից ու թյուրիմացություններից խուսափելու նպատակով առաջարկում ենք, որ ԼՂ-ում կիրառվելիք օրենքները, նորմատիվ ակտերն ու գործադիր որոշումները բացառապես ընդունվեն կամ վավերացվեն ԼՂ օրենսդիր իշխանության կողմից:
 
9-րդ հոդված. անհրաժեշտ ենք համարում ամրագրել նաև ԼՂ իրավունքը` այլ երկրների հետ քաղաքական կապեր հաստատել և դրանց վարման համար ապահովել համապատասխան ներկայություն:
 
10-րդ հոդված. Հայաստանը միանշանակորեն գտնում է, որ ԼՂ բնակիչները պետք է ունենան երկքաղաքացիության իրավունք:
 
11-րդ հոդված. ԼՂ-ում վճարման օրինական միջոց կարող են համարվել մեկից ավելի արժույթներ, անհրաժեշտ ենք համարում նաև ամրագրել ԼՂ տարածքում գտնվող բնական պաշարների ու հարստությունների` ԼՂ ժողովրդին պատկանելու և նրա կողմից տնօրինվելու բացառիկ իրավունքը:
 
12-րդ հոդված. նպատակահարմար ենք գտնում ՙԱզգային գվարդիա՚ բառերը փոխարինել ՙպաշտպանության ուժեր՚ բառերով և ամրագրել ԼՂ քաղաքացիների` բացառապես ԼՂ-ի տարածքում զինծառայության հանգամանքը:
 
13-րդ հոդված. այստեղ հստակ ամրագրել, որ Ադրբեջանի բանակը և ոստիկանությունը ոչ մի պարագայում չեն կարող մուտք գործել ԼՂ տարածք:
 
14-րդ հոդված. անհրաժեշտ ենք համարում հստակություն մտցնել` ամրագրելով ԼՂ բյուջեի անկախ լինելու հանգամանքը: Ինչ վերաբերում է ներդրումներին, ապա ԼՂ-ն պետք է վարի ազատական քաղաքականություն:
 
15-րդ հոդված. միանշանակորեն հանել ԼՂ-ի` բազմազգ գաղափարը և հստակորեն ամրագրել, որ ԼՂ պաշտոնական լեզուն հայերենն է:
 
Հայաստանը սկզբունքային առարկություն չունի փաստաթղթի վերջում տեղ գտած վստահության ամրապնդման միջոցառումների կապակցությամբ, սակայն գտնելով, որ դրանց գործնական կիրառումը կապված է լուրջ բարդությունների հետ` առաջարկում է ստեղծել համատեղ աշխատանքային խումբ, որը կքննարկեր և կմշակեր վստահության ամրապնդման միջոցառումների ցանկը, կիրառման կարգն ու մեխանիզմները:
 
 
Աղբյուր՝ aniarc.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ադրբեջանն,ամեն,ինչ,անում,է,որպեսզի,խուսափի,հայաստանի,հետ,երաշխավորված,խաղաղության,պայմանագիր,կնքելուց․,պատգամավոր , Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանը շատ լավ վերլուծում է, թե խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում Հայաստանը ինչպիսի լուրջ հեռանկարներ կարող է ունենալ։
թուրքիա,անկարա,իրաք,քուրդ-զինյալների-դեմ-պայքար,քուրդիստանի-բանվորական-կուսակցություն,քբկ,pkk,թուրքիայի-արտգործնախարար,հաքան-ֆիդան,իրաքի-արտաքին-քաղաքական-գերատեսչության-ղեկավար,ֆուադ-հուսեյն , Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Դեկտեմբերի 19-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆուադ Հուսեյնը։
իշխան,սաղաթելյանը,գեղարքունիքում,փորձել,է,արդարանալ,և,իր,նոր,«նապառնիկ»,լևոն,քոչարյանի,հետ,ժողովրդին,նախապատրաստել,ռևանշի,չորրորդ,փորձին , Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
«Դիմադրություն» շարժման առաջնորդ ընկեր Իշխանի՝ Վարդենիսում հնչեցրած ելույթին, որում վերջինս փորձեց ոտքի վրա հիմնավորել իշխանափոխության ձախողման պատճառները։
ադրբեջանը,դժկամություն,է,ցուցաբերում.,կոստանյան , Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը BBC-ին տված հարցազրույցում ասել է, թե Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում:
2018-ի,մեր,ժառանգած,բանակցային,բովանդակությամբ,արդեն,իսկ,լղ-ի,պետական,կարգի,լուծարման,գործընթացը,սկսված,փաշինյան , 2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
Լիսաբոնից սկսած՝ պարզ էր, որ ոչ միայն տարածքների հետվերադարձի, այլև պետական ինստիտուտների վերացման հարց է դրված:
ուր,հիմա,լեռնային,ղարաբաղի,քաղաքացիական,բնակչությունը․,նիկոլ,փաշինյանն,անդրադարձել,ռդ,ագն-ի,հնչեցրած,մեղադրանքներին ,  Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը խորհուրդ կտամ վերցնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարդալ՝ 8-րդ կետը ներառյալ:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: