ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հակամակրոնյան արշավ՝ ՀՀ պաշտպանության նախարարի Ֆրանսիա կատարած այցից հետո. արդյոք քարոզչական այս ավանտյուրայում խա՞ռն է ՀՀ-ում «անցանկալի անձ» համարվող Մուրադ Փափազյանի մատը

Փափազյանը 2021 թ. հունիսի 1-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպանության մոտ վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության՝ ՀՀ պետական դրոշակիր ավտոշարասյան դեմ հարձակում կազմակերպած անձանցից մեկն է:

Արցախափրկիչ առաքելություն ստանձնած ՀՅԴ-ն հասավ իր նպատակին՝ Արցախի հարցով ընթացող բանակցային պրոցեսի  «ունքը դզելու փոխարեն աչքն էլ հետը հանեց»։  Արդեն հայտնել ենք ՀՅԴ պաշտոնական կայքում զետեղված անդրադարձի մասին, ըստ որի՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Մարսել եռօրյա այցելության ժամանակ հանդիպում է ունեցել տեղի ազդեցիկ տարբեր շրջանակների, այդ թվում՝ հայ համայնքի հետ և իբրև թե հայտարարել. «Ես Ալիևին վրայ աւելի ճնշում բանեցուցած եմ և կը բանեցնեմ քան նոյնինքն Փաշինեանը: Հարցը Փաշինեանն է: Ես Արցախի հարցով միակն եմ, որ յստակ կեցուածք ու պատգամ ունիմ»:

Արևմտահայերենով գրված հրապարակումն այս, որում Մակրոնին վերագրվող հայտարարության իսկությունը փաստող որևէ ապացույց չկա՝ ձայնագրություն կամ տեսագրություն, կարող է դիվանագիտական սկանդալի առիթ հանդիսանալ, ինչին էլ, կարելի է ենթադրել, ձգտում է ՀՅԴ-ն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, թե արտաքին քաղաքական որ դերակատարների ազդեցությամբ է գործում հիշյալ քաղաքական ուժը։ Նշենք, որ Ադրբեջանը, որն, ի դեպ, մեղմ ասած, չի համակրում Ֆրանսիայի նախագահին, ավելի ճիշտ՝ նրա միջնորդական ջանքերը  ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, օգտվել է քարոզչական հարթակ նետված արտահոսքից  և պարզաբանում պահանջել Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանից։ 

Հարկ է նշել, որ հակամակրոնյան այս արշավը տեղի է ունենում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ Ֆրանսիա կատարած աշխատանքային այցից հետո, որի ժամանակ ջերմ ընդունելության արժանացած  Պապիկյանը հանդիպել էր  իր պաշտոնակցի՝ Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հետ, քննարկել  տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:  Երկու երկրների պաշտպանական ոլորտի առաջին դեմքերի հանդիպումը, որը, նկատենք, տեղի էր ունեցել ֆրանսիական կողմի (զինված ուժերի նախարարի) հրավերով, չէր կարող չանհանգստացնել տարածաշրջանի «անվտանգության երաշխավորներին»՝ ստիպելով այդ անհանգստությունը ի ցույց դնել ուղղակի կամ միջնորդավորված։   Արցախում նախօրեին արձանագրված, չորս հայ զինվորի կյանք խլած  սադրանքը գուցե հենց այդ՝ միջնորդավորված անհանգստության դրսևորումն էր։  

Մուրադի մատը խա՞ռն է     

Քարոզչական այս ավանտյուրայի «կուլիսային դերակատարները», նկատենք, մնում են ստվերում։  Մինչդեռ տեղի ունեցածի վրա լույս սփռելու համար պետք է պարզել, թե ով կամ ովքեր են համակարգում ֆրանսահայերի հանդիպումները պետական իշխանության ներկայացուցիչների հետ։  Ֆրանսահայ կազմակերպութունների  համակարգող խորհրդի համանախագահը, ինչպես հայտնի է, ՀՅԴ Բյուրոյի անդամ  Մուրատ Փափազյանն է (նա լավ հարաբերություններ ունի Ֆրանսիայի գործող և նախկին նախագահների, մասնավորապես՝ Ֆրանսուա Օլանդի հետ. վերջինիս Փափազյանը ընդհուպ «դու»-ով էր դիմում), որը, հիշեցնենք,  «անցանկալի անձ» է հայտարարվել Հայաստանում։ ՀՀ ԱԱԾ-ի հիշյալ  որոշումն էլ  ներկայումս բողոքարկում է ՀՀ վարչական դատարանում։ Մակրոնի հետ հանդիպման մասին անդրադարձում, նկատենք, նշված չէ՝ արդյոք  այդ միջոցառմանը  մասնակցո՞ւմ   էր  Փափազյանը ևս, հրապարակմանը կից ներկայացված լուսանկարներում ևս հայտնի դաշնակցականը չի երևում, սակայն հրապարակման մեջ կա հիշատակում նրա մասին։ Դիմելով Ֆրանսիայի նախագահին՝ ներկաներից մեկը՝ Հրաչ Վարժապետյանը, նշել է.  «Գիտենք՝ մեր ընկերը՝ Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը, տարբեր առիթներով արծարծում է Ձեզ հետ Արցախի տագնապալի և հույժ մտահոգիչ կացությունը, մենք էլ մեր հերթին դիմում ենք Ձեզ միևնույն պահանջով ու միևնույն հարթությամբ»։ 

Չենք պնդում, որ Փափազյանի մատը խառն է այս՝ դիվանագիտական  սկանդալի առիթ տված արտահոսքին, սակայն լեգիտիմ հարցադրում ունենք՝ արդյոք 133 տարեկան կուսակցությունը չունի՞ այնքան հեռատեսություն, եթե կուզեք՝ «քթածակ»՝ կոնֆիդենցիալ նման խոսակցությունը (եթե, իհարկե, Մակրոնը նման հայտարարություն արել է) չհանրայնացնելու համար։ Նշենք, որ Փափազյանը 2021 թ. հունիսի 1-ին    Ֆրանսիայում ՀՀ դեսպանության մոտ վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության՝ ՀՀ պետական դրոշակիր ավտոշարասյան դեմ հարձակում կազմակերպած անձանցից մեկն է: Վարչապետի աշխատակազմը Փափազյանին անցանկալի անձ համարելու վերաբերյալ պարզաբանման մեջ նշել էր, որ ավտոշարասյան ուղղությամբ նետվել են տարբեր իրեր, առարկաներ: Հիշյալ այցի ժամանակ Փափազյանի ղեկավարմամբ ամեն ինչ արվել է՝ տապալելու պաշտոնական հանդիպումները և ստեղծելու համատեքստ, թե Ֆրանսիայի հայկական համայնքը չի ընդունել Փաշինյանի պատվիրակությանը։  «Վարչապետի ՀՀ պետական դրոշակիր ավտոմեքենան ենթարկվել է  hարձակման, և ստեղծված իրավիճակը հաղթահարվել է միայն ֆրանսիական ոստիկանության և անվտանգության ուժերի ջանքերի արդյունքում: 

Այդ մասին վկայող տվյալներ հրապարակվել են տարբեր լրատվամիջոցների կողմից, իսկ տեսանյութերն առկա են նաև համացանցում»,- նշված էր պարզաբանման մեջ: ՀՅԴ-ական սույն գործչի և հարձակման ակտիվ այլ մասնակիցների մուտքը ՀՀ  արգելվել է:  

Ուշագրավ է, որ Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Արա Թորանյանը, որը   «Nouvelles d’Arménie» ամսագրի խմբագիրն է, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, ի պատասխան հարցի՝ արդյոք ներկա եղե՞լ է Մակրոնի հետ հանդիպմանը, Ֆրանսիայի նախագահը նման բան հայտարարե՞լ է, արձագանքել է՝ հանդիպմանը ներկա չի եղել։ Ապա՝ հավելել. «Ես տեղյակ չեմ այս խոսքերին, բայց կարող եմ ասել, որ ամեն անգամ, երբ մենք կազմակերպության անդամներով հանդիպել ենք, նման խոսք ես երբեք չեմ լսել նրանից։ Ես շատ զարմացած եմ, որ նման տեղեկություններ են տարածվում, և թե որտեղից կգան այդ լուրերը»: Հարցին՝ արդյոք փորձե՞լ է ճշտել՝ նման հարցուպատասխան եղե՞լ է, Թորանյանն արձագանքել է. «Ո՛չ, չեմ ճշտել, քանի որ շատ տեղեկություններ կան, որ կարող են ճիշտ կամ սխալ լինել, ես ամեն անգամ չեմ ճշտում, ամեն կազմակերպություն թող ինքը պատասխանատվություն կրի, ես ոստիկան չեմ»:  

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախորդ տարի Աստանայում ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովում քննադատել էր  Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին «France 2» հեռուստաալիքի «l ' Événement» հաղորդման ժամանակ՝  հայ-ադրբեջանական հակամարտության մասին հայտարարությունների համար։ Մակրոնը մասնավորապես նշել էր, թե «Հայաստանը մի երկիր է, որի հետ մենք առանձնահատուկ կապ ունենք։ Որովհետև Հայաստանը միշտ պայքարել է տարածաշրջանում հանդուրժողականության և խաղաղության համար»։ Ֆրանսիայի նախագահը քննադատության սլաքն ուղղել էր նաև ՀՀ ռազմավարական դաշնակցի՝ ՌԴ-ի կողմը և մասնավորապես նշել, թե «Ռուսաստանն օգտվեց հակամարտությունից (44-օրյա պատերազմը նկատի ունի-խմբ.), միջամտեց և ակնհայտորեն Ադրբեջանի խաղը խաղաց Թուրքիայի մասնակցությամբ։ Նա վերադարձավ այնտեղ, որպեսզի թուլացնի Հայաստանը։ Եվ այն, ինչ տեղի է ունենում այստեղ, ՌԴ-ի   ապակայունացնող մանևրն է, որը փորձում է Կովկասում անկարգություններ ստեղծել մեզ բոլորիս թուլացնելու և բաժանելու համար»։ Մակրոնին, որը Ադրբեջանին մեղադրել էր 2020 թ. սարսափելի պատերազմ սանձազերծելու մեջ, քննադատական պատասխան էր տվել  Ալիևը՝ մասնավորապես նշելով՝ եթե Ֆրանսիայի կառավարությունը նման վերաբերմունք ունի, ապա հնարավորություն չեն  տեսնում, որ հետագայում այդ երկիրը  որևէ դեր խաղա հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում։ 

Իսկ ահա այս տարվա հունիսի 1-ին Քիշնևում կայացած հնգակողմ հանդիպումից հետո, երբ Ելիսեյան պալատը իր  հայտարարության մեջ նշեց, թե  «նախագահ Մակրոնը կոչ է արել զերծ մնալ թշնամական ցանկացած հռետորաբանությունից և շեշտել խաղաղության վերադարձի ուղղությամբ ջանքերը շարունակելու կարևորությունը՝ ի շահ տարածաշրջանի բոլոր ժողովուրդների», Բաքուն կրկին բողոքեց՝ Ֆրանսիայի նախագահին մեղադրելով  կողմերի դիրքորոշումը «խեղաթյուրելու մեջ։ «Ցավոք սրտի, սա Ֆրանսիայի կողմից նման պահվածքի առաջին դեպքը չէ, և սա դրական ազդեցություն չի ունենում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի, տարածաշրջանում խաղաղության և կայունության վրա»,- հայտարարել էր (https://civic.am/worlds/area/82761-adrbejani-agnn-makronin-mexadrel-e.html)  Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը։  

Արդյոք   Ադրբեջանը, կառչելով ապացույց չպարունակող վերոհիշյալ՝ «ՀՅԴ-ական արտադրության» հրապարակումից, փորձում է անվստահությո՞ւն սերմանել Մինսկի խմբի համանախագահող երկրի ղեկավարի հանդեպ՝  տապալելու  բանակցային այն ռաունդները, որոնք պետք է տեղի ունենան այդ երկրի ղեկավարի մասնակցությամբ, հատկապես, երբ ՌԴ-ի գլուխն այս ընթացքում խառն է լինելու «ուկրաինական ճակատի»  և դրա հետևանքով ի հայտ եկած ներքին անկայուն իրավիճակով։   Հիշեցնենք, որ հուլիսի 21-ին Բրյուսելում նախանշված է եռակողմ հանդիպում։ Պայմանավորվածությունը ձեռք է բերվել քիշնևյան վերջին հանդիպման ժամանակ։ 
 
Հ. Մանուկյան 
civic.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: