ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Գրիգոր Հարությունյան․Առաջինը Մեղրիի հարցը ես եմ բարձրացրել ԱԺ-ում, երբ պատգամավոր էի

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին հրավիրված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելով ԼՂ խնդրի կարգավորման բանակցային խրոնոլոգիան, ինչպես նաև 44-օրյա պատերազմի օրերին տեղի ունեցած միջնորդավորված բանակցությունները՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավորությամբ, որոշ ուշագրավ բացահայտումներ արեց։

Նա նշեց, որ որպես պատերազմը դադարեցնելու լրացուցիչ պայման 2020թ. հոկտեմբերի 19-ին ՌԴ-ի կողմից առաջարկվել է հետևյալը՝ խաղաղապահներ պետք է տեղակայվեն ոչ միայն Լաչինի միջանցքի երկայնքով, այլև Մեղրիում՝ ապահովելու Ադրբեջանի արևմտյան շրջանների հաղորդակցությունը Նախիջևանի հետ։  «Ես չհամաձայնեցի նաև դրան, չհամաձայնեցի, որ ՀՀ տարածքում ՀՀ վերահսկողության տակ չգտնվող շերտ, այսինքն՝ միջանցք ստեղծվի, ասելով, որ ճանապարհին համաձայն եմ, միջանցքին՝ ոչ»,- մասնավորապես հայտարարեց Փաշինյանը։  

Մեղրիի թեմային ՀՀ վարչապետն  անդրադարձավ նաև բանակցային գործընթացի մեկ այլ՝ «տարածքների փոխանակում» հայեցակարգի համատեքստում, ըստ որի՝ «ՀՀ-ն իր տարածքից հատված պետք է տա Ադրբեջանին՝ Ղարաբաղը ստանալու համար»։ Խոսքը Մեղրիի  մասին է։   «Այդ փաստաթուղթը, ճիշտ է, չի ընդունվել, բայց կա կարծիք, և ես ընդունում եմ այդ կարծիքը, որ այս փաստաթղթի իրականացումը կանխել են Կարեն Դեմիրճյանն ու Վազգեն Սարգսյանն իրենց կյանքով»,- նկատեց Փաշինյանը։  Վարչապետը նշեց նաև, որ որքան էլ ժխտվի այն իրողությունը, որ նման տարբերակի շուրջ գործընթաց է տեղի ունեցել, «կան վկայություններ, մասնավորապես նաև Վազգեն Սարգսյանի գրառումը, կան կոնկրետ մարդիկ, պաշտպանության նախկին նախարար (խոսքը, ենթադրաբար, Վաղարշակ Հարությունյանի մասին է-խմբ.), որը հարցազրույց է տվել և վկայել է այդ՝ Մեղրիի փոխանակման  կարգավորման տարբերակի  մասին։ «Ճիշտ է, այն չի ընդունվել, իրավական ուժ չի ստացել, բայց նման փաստաթղթերը ձևավորվում են կողմերի քննարկումների, բանավեճերի արդյունքում, և դրանց մի անգամ ձևակերպված բովանդակությունը այլևս ոչ մի տեղ չի կորում, և մենք սրանում բոլորս համոզվեցինք 44-օրյա պատերազմի շրջանում տեղի ունեցած բանակցային մանրամասների շարադրանքներում»,-նշեց Փաշինյանը։  

Civic.am-ը վարչապետի վերոհիշյալ հայտարարությունների շուրջ զրուցել է մասնավորապես Մեղրիի փոխանակման տարբերակի բանակցությունների օրերին  ՀՀ ներքաղաքական զարգացումների վկաներից մեկի՝ Կարեն Դեմիրճյանի կուսակից, ՀԺԿ փոխնախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Գրիգոր Հարությունյանի հետ։  

- Պարոն Հարությունյան, Մեղրիի թեման, փաստորեն, այսքան տարի անց չի կորցրել իր ակտուալությունն ու ՀՀ-ի առաջ, որպես պատերազմը կանգնեցնելու լրացուցիչ պայման, ինչպես պարզվեց, դրվել է 44-օրյա պատերազմի ամենաթեժ փուլում ևս։ 

- Այո, չի կորցրել։ Այս ամբողջ կռիվը Մեղրիի համար էր և է։ Այն 4 հազար երեխան, որ կոտորվեց,  Մեղրիի համար էր  նաև, որպեսզի մեզ դնեն այնպիսի պայմաններում, որ ստիպված լինենք համաձայնել Մեղրիի տարբերակին։ Քի Վեսթի բանակցային քննարկումների ժամանակ, որը անձամբ եմ նայել, հայր Ալիևն ասաց՝ մենք համաձայն ենք Ղարաբաղի դիմաց Մեղրիի տարբերակին, ապա վրա բերեց՝ «շուտկա»։  
Առաջինը Մեղրիի հարցը  ես եմ բարձրացրել ԱԺ-ում, երբ պատգամավոր էի, և հայտարարել եմ՝ խնդրում եմ պատասխանեք՝ այսօր Մեղրիում ինտենսիվ խոսակցություն է գնում՝ յուրաքանչյուր շնչին առաջարկում են 5 հազար դոլար, յուրաքանչյուր տան համար՝ 10 հազար դոլար, պարզաբանեք, սա ի՞նչ խոսակցություն է։   Իմ հայտարարությունից հետո լրագրողները սկսեցին հետաքրքրվել, օրվա իշխանություններն էլ վախեցան և հետ կանգնեցին, ասացին՝ չկա նման բան։ Հետո մենք իմացանք, որ «Հոկտեմբերի 27»-ի ահաբեկչության  դրդապատճառներից մեկը կարող էր լինել նաև Մեղրիի հարցը։ Այսինքն՝ Կարեն Դեմիրճյանն ու Վազգեն Սարգսյանը խանգարում էին այդ տարբերակի իրագործմանը, ուրեմն ինչ -որ ձևով այդ խնդիրը պետք է փորձեին լուծել։ Էդ լակոտները՝ նախկին և ներկա դաշնակները, որտեղի՞ց ծնվեցին։ Եվ երբ այսօր դաշնակնեը մեծ-մեծ խոսում են, դուրս են տալիս, թող նախ այս հարցերի պատասխանները տան։  

-  Նախկին ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանը օրերս խոսում էր 200 մահապարտների թիմի մասին, որը պետք է «երկիրը այս չարիքից ազատի»՝ հեռացնի իշխանությանը։ 

- Դե նրանք էլ էին, էլի, մահապարտ, որ գնացին և «Հոկտեմբերի 27» արեցին։  

- Իսկ գուցե պատրաստվում են երկրորդ անգամ էլ փորձել...

- Չեն կարող, ուշացել են։ Նման բան մտադիր էին անել 2020-ի նոյեմբերի 9-ի գիշերը։ Ձեզ թվում է՝ պատահակա՞ն էին գրոհել Կառավարության, ԱԺ շենքերը։ Ծրագրված բան էր դա։  Զուգահեռ ՌԴ-ի պետական ալիքներով կեղտ էր լցվում Փաշինյանի վրա, ծաղրում էին, թե՝ բունկերում է և այլն։ ՌԴ-ն, իմացեք, երբեք չէր ընդունի, որ ժողովրդավարական ճանապարհով մեր երկրում իշխանություն փոխվի։ 

 - Պարոն Հարությունյան,  Մեղրիի   փոխանակման  տարբերակը կարծեք  վերաձևակերպվել է և շրջանառության մեջ է դրվել «Զանգեզուրի միջանցք» ձևակերպմամբ, և պարբերաբար շահագրգիռ հայտնի ուժերի կողմից թարմացվում է այդ մասին խոսակցությունը։ Օրերս Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարեց, թե «Զանգեզուրի միջանցքը» Հայաստանի հետ կապված խնդիր չէ. այն կապված է Իրանի հետ։ Այս հարցում Իրանի նման դիրքորոշումը և՛ Ադրբեջանին, և՛ մեզ տխրեցնում է»։ Ինչի՞ մասին է Էրդողանի ակնարկը։ 

- Նկատեցի՞ք, որ ՌԴ-ի մասին բան չի ասվում, նշանակում է՝ եթե խնդիրը՝ «խանգարողը», Իրանն է, ապա ՌԴ-ն կողմ է, չէ՞։  Այս հարցը պետք է ուղղել ՌԴ-ին՝ դուք մեր դաշնակիցն եք, դուք համաձա՞յն եք Մեղրիի միջանցքին, թե՞ չէ։  Այս ամենն անում են ռուսները թուրքերի հետ։ Ռուսները, ասեմ, իմ կարծիքով՝ ստիպված են անում, քանի որ այսօր տնտեսական բլոկադայի մեջ են, դեպի Եվրոպա ոչ մի կերպ դուրս գալ չեն կարողանում, նավահանգիստները իրենց համար փակ են։ Իրենց միակ ճանապարհը՝ դեպի Պարսից ծոց և էդտեղից՝ Հարավային Ասիա, Աֆրիկա դուրս գալն է։ ՌԴ-ն մտադիր է բացել Ջուլֆայի գիծը, Ալիևն էլ Թուրքիային ասում է՝ ուզո՞ւմ ես  այդ գիծը բացվի, ուրեմն պետք է բացել «միջանցքը»։ Ընդ որում, ասեմ՝ Մեղրիի այդ գծով դեռ Խորհրդային Միության օրոք օրական 23-24  շարժակազմ էր գնում, որից 11-12-ը գնում էր Պարսկաստան՝ Ջուլֆա։ Իսկ այդ շարժակազմերն ունեին 50-70 վագոն։ Ամեն մի շարժակազմը տանում էր մինչև 4 հազար տոննա բեռ։ 4 հազարը բազմապատկեք 20-ով, կստացվի՝ 80 հազար տոննա միայն այդ գծով ապրանք էր գնում։  Մեղրիի  կամ «Զանգեզուրի միջանցք», իմացե՛ք, չի լինելու։ Երբեք։ Այսօր եթե Փաշինյանն էլ, ամբողջ ժողովուրդն էլ կանգնեն, ասեն՝ թույլ տանք, թող այդտեղով թուրքերը գնան-գան, դա չի լինելու, քանի որ այդ միջանցքը միայն մեր շահերին չէ, որ առնչվում է։ Այստեղ ուրիշ մե՜ծ խնդիր ու «խաղեր» կան։  Նիկոլ Փաշինյանը էդ ինչքա՞ն ուժ ունեցավ, որ կանգնի ու հաստատակամ ասի՝ միջանցք չեմ տալու։ Նիկոլի զորությունն  այն է, որ նա չի գողանում, նրա վրա կոմպրոմատ չկա։ Իսկ երբ  ասում է՝ չէ, նշանակում է՝ ինչ-որ տեղից ասել են՝ «կասես չէ», և այդ ասողն էլ, ինձ թվում է, շատ հզոր մեկն է։ ՌԴ-ն, ինչպես ասվեց,  զրկվել է դեպի Արևմուտք գնալու ճանապարհից, ՌԴ-ի տնտեսությունը ամբողջությամբ գտնվում է եվրոպական մասում։ Ինքը որպեսզի դուրս գա միջազգային շուկա, պիտի գնա ու Վլադիվոստոկով դուրս գա, այսինքն՝ 9 հազար կիլոմետր պետք է գնա։ Այդ տնտեսությունը կարո՞ղ է  նման պայմաններում աշխատել։  Ուրեմն պետք է այլընտրանքային ճանապարհով ՌԴ-ն փրկվի, չէ՞։  Ուկրաինայի ճանապարհը փակվել է, մի օր էլ կարող է Բոսֆորն ու Սև ծովով ճանապարհը փակվի։ ՌԴ-ի դեմ, ինչ է, կարծում եք, պետք է միջուկային զենքո՞վ պայքարի Արևմուտքը։ Ո՛չ։  Տնտեսապես են ոչնչացնելու։ Դա իմ անձնական կարծիքն է։  ...Ռուսներն այժմ  Ադրբեջանի   ձեռամբ անընդհատ լարում են սահմանային իրավիճակը, որ ստանան իրենց ուզածը։  Ռուսների ներկայությամբ չէ՞ր, որ օրերս բերեցին, դրոշ տնկեցին Հակարի կամրջի մոտ։ Հընթացս վերադառնալով 44-օրյա պատերազմին՝ մի հարց՝ էդ ո՞նց եղավ, որ  Շուշին այդպես հեշտ գրավեցին։  Այդ ինչպե՞ս է, որ Արցախի իշխանություններն ասում էին՝ թշնամին Շուշիի մատույցներում է, մեր Գլխավոր շտաբն էլ ասում էր՝ նման բան չկա։ Այդ մասին այսօր նաև Փաշինյանն ասաց։ Այսինքն՝ պետք է հետազոտել ու պարզել, թե էդ գենշտաբը որտե՞ղ էր քնած կամ՝ ո՞ւմ թելադրանքով էր գործում, որ նման կերպ էր վարվում, գուցե որևէ պետության  թելադրանքո՞վ էր գործում։ Սա շատ կարևոր հարց է, որը պետք է հանձնաժողովը պարզի։  
 
- Ընդդիմությունը հայտարարեց, որ չի մասնակցելու Քննիչ հանձնաժողովի աշխատանքներին՝ պատճառաբանելով, թե այն չի կարող լինել անկախ ու անաչառ։ Այն դեպքում, երբ 4 քվոտա ուներ, 3-ը՝ «Հայաստան», 1-ը՝» Պատիվ ունեմ»   խմբակցություններից։ Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ բոյկոտեցին հանձնաժողովի աշխատանքները և մասնավորապես այսօրվա նիստը, երբ կարող էին հարցախեղդ անել իրենց կողմից «դավաճան», «կապիտուլյանտ» անվանված վարչապետին։ 

 - Ընդդիմությունը ո՞րն է, ասեք՝ «5-րդ շարասյուն», որ հստակ լինի, թե ում մասին է խոսքը։ Ընդդիմությունը մենք ենք եղել ժամանակին, որ հալածվել ենք տնով-տեղով, հարազատներով, բարեկամությամբ։ Մենք էինք ընդդիմություն, որ պայքարում էինք խուլիգանների դեմ։ Սրանք ի՜նչ ընդդիմություն, միլիոնները դրել են տակները, մի լակոտ ասում է՝ ես միլիարդատեր չեմ, միլիոնատեր եմ, դուք դրանց ասում եք ընդդիմությո՞ւն։  Ես նկատի ունեմ ղարաբաղյան կլանին, որը ղեկավարում է Ռոբերտ Քոչարյանը,  և այն թափթփուկներին, որոնք այդ կլանի սատելիտներն են դարձել, և որոնք ավելի վատն են, քան այդ կլանը՝ ՀՅԴ-ն, ՀՀԿ-ն։   Այսօր փաստարկված, ժամանակագրորեն ներկայացվեց ԼՂ խնդրի բանակցային գործընթացը։  Ձեր կողմից  ընդդիմություն անվանված խմբակը  բոյկոտեց հանձնաժողովի աշխատանքները և այսօրվա նիստը՝ այսպիսով ապացուցելով, որ համաձայն է այն ամենին, ինչ ասվում է։ Եթե համաձայն չեն, ապա թող գային և չլռեին։  Քոչարյանը հո գիտե՞ր, թե ինչեր պետք է բացահայտեն հանձնաժողովի նիստի ժամանակ, հրահանգել է իր պատգամավորներին՝ չգնաք։ Ինչի նրանք առանց Քոչարյանի քայլ են անո՞ւմ։  Այսօրվա նիստի ժամանակ նշվեց, որ եկող շաբաթ շարունակվելու է նիստը, դե թող գնան ու իրենց հարցերը տան, իրենց անհամաձայնությունը հայտնեն, հերքեն այն, ինչ ասվել է։ Ընդ որում, ասվեցին բաներ, որոնք քաջ գիտեր հանրությունը. ո՞վ չգիտեր, որ  Քոչարյանն է ԼՂ-ին բանակցություններից դուրս թողել։ Դա նո՞ր բան էր։ Մենք չգիտեի՞նք, որ Լիսաբոնի,  Ստամբուլի գագաթնաժողով է եղել. ընդ որում, ե՞րբ է  եղել, «Հոկտեմբերի 27»-ից մի քանի շաբաթ անց (1999թ. նոյեմբերի 19-ին)։  Եթե «Հոկտեմբերի 27»-ը չլիներ, Քոչարյանը չէր կարող գնալ և  Ստամբուլի խարտիան ստորագրել, որովհետև ՀՀ-ում նրան ականջներից կզրկեին։  
 
Հեղինե Մանուկյան


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
կարևորում,ենք,միջազգային,հանրության,հայկական,մշակութային,ժառանգության,նկատմամբ,ադրբեջանի,կողմից,իրականացվող,քաղաքականության,փաստագրումը․,ագն,խոսնակ , Կարևորում ենք միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության փաստագրումը․ ԱԳՆ խոսնակ
Կարևորում ենք միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության փաստագրումը․ ԱԳՆ խոսնակ
Հայաստանը կարևոր է համարում, որ միջազգային հանրությունը փաստագրում է հայկական կրոնական և մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականությունը, հայտնել է ՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակը՝ պատասխանելով «Aysor.am»-ի հարցմանը:
հայաստան,ադրբեջան,ամն,վաշինգտոն,հայաստան-ադրբեջան-բանակցություններ,ճնշում-բաքվի-վրա,հարցազրույց,ռիչարդ-կիրակոսյան , Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա. Ռիչարդ Կիրակոսյան
Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա. Ռիչարդ Կիրակոսյան
Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա, պատժամիջոցը մնում է ԱՄՆ վերջին ծայրահեղ քայլը. 1lurer.am-ի հարցազրույցը՝ Ռիչարդ Կիրակոսյանի հետ:
դինքին,սպանողի,ազատ,արձակումը,անակնկալ,չէր.,հարցազրույց,«ակօս»-ի,հայկական,էջերի,խմբագիր,բագրատ,էստուգյանի,հետ , Դինքին սպանողի ազատ արձակումը անակնկալ չէր. հարցազրույց «Ակօս»-ի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուգյանի հետ
Դինքին սպանողի ազատ արձակումը անակնկալ չէր. հարցազրույց «Ակօս»-ի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուգյանի հետ
Պոլսահայ հայտնի լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր Հրանտ Դինքի սպանության գործով դատապարտված Օգյուն Սամասթը չորեքշաբթի՝ նոյեմբերի 15-ին, վաղաժամկետ ազատ արձակվեց՝ սեպ խրելով Թուրքիայի հայերի, մասնավորապես՝ Դինք ընտանիքի արնահոսող վերքի մեջ:
ցանկացած,ճանապարհ,որն,անցնում,տարածքով,պետք,է,վերահսկվի,հայաստանի,կողմից.,տոյվո,կլաար , Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար
Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի խոսքով՝ միանգամայն տրամաբանական է, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որը կանցնի Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից։
պահանջում,ենք,որ,լղ,ժողովուրդն,ապահով,վերադարձի,երաշխիքներ,ունենա․,եմ,խոսնակի,բացառիկ,հարցազրույցը , Պահանջում ենք, որ ԼՂ ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա․ ԵՄ խոսնակի բացառիկ հարցազրույցը
Պահանջում ենք, որ ԼՂ ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա․ ԵՄ խոսնակի բացառիկ հարցազրույցը
Եվրոպական Միության արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր խոսնակ Պետեր Ստանոն պարզաբանել է Եվրոպական Միությունից հնչող հայտարարությունները Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով աջակցելու, երկրի հետ վիզաների ազատականացման շուրջ գործընթաց սկսելու վերաբերյալ։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: