ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Արամ Երկանյանը սպանում է Ադրբեջանի առաջին վարչապետ Խան Խոյսկուն. 19 հունիս, 1920, Թիֆլիս

Ներկայացնում հայ վրիժառուական պայքարի մասին հատված Թաթուլ Հակոբյանի ՀԱՅԵՐԸ և ԹՈՒՐՔԵՐԸ հատորից

 ՆԵՄԵՍԻՍ. ՄԱՍ ԱՌԱՋԻՆ
1920 թվականի այս օրը՝ հունիսի 19-ին, Թբիլիսիում (այն ժամանակ՝ Թիֆլիս) Արամ Երկանյանը (1900-1934) գնդակահարել է Ադրբեջանի նախկին վարչապետ Ֆաթալի Խան Խոյսկուն և վիրավորել նրա ընկեր Խալիլ բեկ Խասմամեդովին՝ Բաքվի խորհրդարանի «Մուսավաթ» կուսակցության հիմնադրին։ Արամ Երկանյանի գործակիցը եղել է Միսակ Կիրակոսյանը։
1919թ. ապրիլի 10-ի երեկոյան Ստամբուլի Բայազետ հրապարակում պաշտոնյաների ու զինվորականների ներկայությամբ, որոնց` մահապատժի արարողությանը մասնակցելը պարտադիր էր, կախաղան էր բարձրացվում Յոզղատի հայերի տեղահանության և կոտորածների հանցագործներից Բողազլըյանի գավառապետ Մեհմեդ Քեմալ բեյը: Դատավարության ընթացքում Քեմալը մասամբ ընդունել էր մեղքը, ասելով, որ ինքը ընդամենը բարեխղճորեն կատարել է կառավարությունից ստացված հրահանգը: Կախաղան հանվելուց առաջ ևս Քեմալը փորձել է արդարանալ նույն հիմնավորումով:
Հայոց ցեղասպանության անմիջական պատասխանատու օսմանյան տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաներից մահապատժի ենթարկված մյուս երկու ոճրագործներն էին Երզնկայի ժանդարմերիայի հրամանատար Հա‎‎ֆըզ Աբդուլլահ Ավնին և Բաբերդի կառավարիչ, հետագայում Ուր‎ֆայի գավառապետ Բեհրամզադե Նուսրեթը, որոնց մահապատիժներն իրագործվել են համապատասխանաբար 1920թ. հուլիսի 22-ին և օգոստոսի 5-ին` Սևրի դաշնագրի ստորագրման նախօրեին: Ռազմական ատյանները խուսափել են մահվան դատապարտել մյուս մեղադրյալներին, քանի որ կախաղան բարձրացված Մեհմեդ Քեմալի մահապատիժը վրդովեցրել էր թուրքերին: Մահապատժի հաջորդ օրը կազմակերպված Քեմալի թաղման արարողությանը մասնակցել է ավելի քան տասը հազար մարդ:
Համաշխարհային հանրության ճնշման տակ Օսմանյան սուլթան Մեհմեդ Վեցերորդ Վահիդեդդինը (1918-1922) և հաճախ փոփոխվող կառավարությունների ներկայացուցիչները շտապեցին պատժել Առաջին աշխարհամարտի տարիներին հայերի տեղահանության ու կոտորածների հեղինակներին: Այս հարցում կարևոր դեր խաղաց նաև այն, որ 1918թ. դեկտեմբերից օսմանյան կառավարությունները կազմվում էին Իթթիհադի հակառակորդ և ժամանակին հալածված Ազատություն և համաձայնություն կուսակցության անդամներից:
Անգամ թուրքական մամուլն էր մտահոգությամբ գրում, որ Օսմանյան կայսրության հայերի կոտորածների կազմակերպիչներին հարկադրված էր պատասխանատվության կանչում և որ դատավարությունների շարժառիթ էր ծառայել ոչ թե արդարության վերականգնումը, այլ ընդամենը Եվրոպայի առջև արդարադատ երևալու ցանկությունը. ՙԿառավարությունը տեղահանության և կոտորածների խնդրի կապակցությամբ դատարանին հանձնեց երեքից-հինգ հոգու: Մի՞թե խնդիրն այդքանով ավարտվում է: Ինչպե՞ս կարելի է տեղահանությունն ու կոտորածները սահմանափակել նման շրջանակում՚: Ռե‎‎ֆի Ջևադ Ուլունայը մեկ այլ հոդվածում գրում է. ՙՄիակ բանը, որ պարտավոր ենք անել, մի ողջ ժողովրդի դեպի բնաջնջում տարած մարդասպաններին պատժելն է՚:
Ցեղասպանագետ Վահագն Տատրյանի խոսքերով` Հայոց ցեղասպանության վերաբերյալ գոյություն ունեցող բազմահատոր գրականության մեջ չափազանց քիչ տեղեկություններ կան զանգվածային կոտորածներն իրագործող գլխավոր ջարդարարների դեմ գործադրված պատժամիջոցների մասին. ՙԱյն, ինչ կատարվեց 1919-1920 թթ. զինադադարի ժամանակ, խայտառակություն էր Թուրքիայի համար: Ջարդարարները թուրքական զինվորական ատյանի կողմից դատվեցին, մեղավոր ճանաչվեցին, մահվան դատապարտվեցին և կրեցին իրենց պատիժը: Հետպատերազմյան օսմանյան իշխանությունները մեծ դժկամությամբ և անթաքույց տագնապով համաձայնեցին կազմակերպել այդ զինվորական ատյանները: Դաշնակիցները տարբեր ձևերով հասկանալ էին տվել, որ եթե Թուրքիան չքավի մեղքերը և չպատժի հայերի կոտորածների գլխավոր պատասխանատուներին, առաջարկված խաղաղության պայմանները կարող էին բավական խիստ լինել՚:
Հայոց ցեղասպանությունը իրագործվել է 1915թ. մայիսի 14-ի (27) նախարարական որոշումով: Այն երկու նպատակ էր հետապնդում. տեղահանության անվան տակ գործադրել ցեղասպանություն, այդ ոճիրի գործադրման համար իրավական հիմք ստեղծել: Այդ օրենքը, որ վավերացման համար 1915թ. սեպտեմբերին պետք է բերվեր Օսմանյան խորհրդարան, չէր բերվել: Զավեշտականն այն է, որ այդ օրենքը հայ պատգամավորների պնդումով խորհրդարանի վավերացմանն էր ներկայացվում ավելի քան երեք տարի անց` 1918թ. նոյեմբերի 4-ին, երբ հայերը բնաջնջված էին, իսկ Օսմանյան կայսրությունը` պատերազմում պարտված:
1918թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Օսմանյան խորհրդարանում ամենաշատ քննարկված խնդիրը դարձավ կայսրությունն Առաջին աշխարհամարտի մեջ ներքաշելու և հայերի կոտորածները կազմակերպելու մեջ մեղադրվողներին դատական պատասխանատվության ենթարկելու հարցը: Հոկտեմբերի 19-ին վարչապետ Ահմեդ Իզզեթ փաշան խորհրդարանում ներկայացրեց կառավարության ծրագիրը, որում սակայն չէր ներառվել պատերազմի տարիների հանցագործությունները հետաքննելու հարցը: Քննադատություններին ի պատասխան Ահմեդ Իզզեթը հայտարարեց. ՙՄենք անպայման արդարադատություն ենք խոստանում՚:
Հայկական կոտորածների հարցով լարված քննարկումներ տեղի ունեցան խորհրդարանի նոյեմբերի 4-ի նիստում. նոյեմբերի լույս 2-ի գիշերը երիտթուրքական յոթ ղեկավարներ փախուստի էին դիմել` Թալեաթ, Էնվեր և Ջեմալ փաշաները, երկու բժիշկներ` Շաքիրը և Նազըմը, ոստիկանապետեր` Բեդրին և Ազմին, ովքեր գաղտագողի հեռացել էին Բոս‎ֆ‎‎‎‎‎‎որի և Սև ծովի ճանապարհով: Սա առիթ տվեց, որ մինչ այդ ահուդողի մատնված Իթթիհադի հակառակորդները մամուլի միջոցով ահազանգ հնչեցնեն և կառավարությանն ազդարարեն, որ ձերբակալի մյուս մեղսակիցներին` նախքան նրանց փախուստի դիմելը:
Իթթիհադականների դեմ քրեական դատ բացելու գործում կարևոր էր Օսմանյան խորհրդարանի դերը: Տեղի տալով ճնշումներին` խորհրդարանում ազգությամբ արաբ պատգամավոր Ֆուադ բեյի առաջարկի հենքով ստեղծվեց Հինգերորդ հանձնախումբը12, որի պարտականությունն էր հարցաքննության ենթարկել պատերազմի ժամանակ Սաիդ Հալիմի և Թալեաթի կառավարությունների նախարարներին և որոշել` պետք է՞ նրանք որպես հանցագործներ դատապարտվեն, թե՞ ոչ: Հանձնախումբը սակայն չկարողացավ իր եզրակացությունները ամփոփել և քվեարկության համար ներկայացնել խորհրդարանին, քանի որ սուլթան Մեհմեդ Վեցերորդ Վահիդեդդինը 1918թ. դեկտեմբերի 21-ին լուծարեց այն: Բայց և այնպես, այդ մարմնի հավաքած տեղեկությունները և փաստաթղթերը  ավելի ուշ մեծ օգուտ բերեցին:
Նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների ընթացքում Օսմանյան խորհրդարանի հայազգի պատգամավորները ակտիվորեն մասնակցում էին հայկական կոտորածների շուրջ քննարկումներին. ինչպիսի՞ն էին ոճիրի բնույթը և տարողությունը, ովքե՞ր էին պատասխանատուները, ինչպե՞ս կարելի է դարմանել հասցված վնասներն ու կորուստները: Երբեմն հայերին զորավիգ էին կանգնում հույն պատգամավորները, առաջին հերթին` Էմմանուել Էմմանուելիդին: Քննարկումներին մասնակցում էին վեց հայ պատգամավորներ, չէին մասնակցում Մուշի երկու հայ պատգամավորներ Գեղամ Տեր-Կարապետյանը, որ հիվանդ էր, Վահան Փափազյանը, ով հեռացել էր Թուրքիայից, և Պոլսից Պետրոս Հալաջյանը: Մյուս երեքը` Զոհրաբը, Վարդգեսը (Հովհաննես Սերենգյուլյան) և Վռամյանը (Օննիկ Դերձակյան) դավադրաբար սպանվել էին:
Հայերի բնաջնջմանը  նվիրված իր գրքում օսմանյան խորհրդարանի անդամ Ահմեդ Ռեֆիկը զարմանք էր հայտնում, որ երբ հայերը քշվում էին Դեր-Զոր ու կոտորվում, հայ պատգամավորները Ստամբուլում շարունակում էին ջերմ կապեր պահպանել Թալեաթի ու հայերի ոչնչացումը կազմակերպած Իթթիհադի այլ ղեկավարների հետ:
Նոյեմբերի 4-ի քննարկումների ընթացքում հայ պատգամավորները մերթ փաղաքշելով, մերթ սաստելով, մերթ երկիմաստ կամ թաքուն արտահայտություններով քննադատեցին հայերի հանդեպ իրագործված ոճրագործությունները: Ներքգործնախարար Ֆեթհի բեյը հարկադրված էր անձամբ ներկայանալ խորհրդարան` բացատրություններ տալու: Անշուշտ, հարց է ծագում, թե այս նույն հայ պատգամավորները ինչո՞ւ էին Եղեռնի ողջ ընթացքում լուռ մնացել և կարողացել զերծ մնալ մեծ սպանդից: Այդ օրը Էմմանուելիդին ներկայացրեց ութ կետերից կազմված դիմում, որում ասվում էր, որ հայ լինելուց բացի այլ մեղք չունեցող մեկ միլիոն հայեր են սպանվել, այդ թվում` երեխաներ ու կանայք: Դիմումում նաև նշվում էր հարյուր հազարավոր հույների սպանության և արտաքսման փաստը:
Մուշից պատգամավոր Գեղամ Տեր-Կարապետյանը Օսմանյան վերջին խորհրդարանում հայ պատգամավորներից միակն էր, որ բացառապես հայության քվեներով էր ընտրվել: Մյուս հայ պատգամավորները Իթթիհադի կողմից կամ նրանց օգնությամբ էին մտել խորհրդարան: Տեր-Կարապետյանի ողջ մնալը պատահականություն էր, նա չէր աքսորվել, քանի որ հիվանդ գամված էր անկողնուն: Բայց հիվանդությունը չէր խանգարել, որպեսզի արթուն կերպով հետևեր Մուշ քաղաքի և Մշո դաշտավայրի շուրջ հարյուր գյուղերի 80-90 հազար հայերի կոտորածին` Հայոց ցեղասպանության ամենից սահմռկեցուցիչ և քստմնելի դրվագներից մեկին: Դեկտեմբերի 9-ի նիստում հայ պատգամավորներից Տիգրան Պարսամյանը ընթերցում է արդեն մահկանացուն կնքած Տեր-Կարապետյանի ելույթի տեքստը. ՙԻնչպե՞ս եղավ, որ արևելյան նահանգներում` Կարին, Սեբաստիա, Խարբերդ, Վան, Տիգրանակերտ և Ուր‎‎ֆա գավառում բնակվող բոլոր հայերը տեղահան արվեցին, 1,5 միլիոնից ավելի հայեր ցիրուցան եղան, ջարդվեցին ու մահացան: Այս ընդհանուր ջարդի հետևանքով այդ շրջանի բոլոր հայերի շարժական ու անշարժ գույքը, վանքերի ու եկեղեցիների մեջ պահվող արժեքավոր իրերը կողոպտված են, այնտեղ բնակվող վանականները սպանված ու բնաջնջված են: Այս ահավոր բռնարարքներից հետո մնացած կոտորակված թվով զավակները բռնի կերպով կրոնափոխ լինելով, այստեղ ու այնտեղ ցիրուցան են եղել՚:
Հայոց ցեղասպանության կազմակերպման և իրականացման մեջ մեղադրվողների առաջին ձերբակալությունները կատարվեցին 1918թ. դեկտեմբերի սկզբին Անկարայում, Չորումում և Ադանայում: 1919թ. հունվար-փետրվարին ձերբակալությունները դարձան զանգվածային:
1919թ. հունվարին Փարիզում տեղի ունեցավ խորհրդաժողով, որը ստեղծեց հանձնաժողով` նրան իրավասություն տալով գտնելու պատերազմական հանցագործներին: Հենց այս հանձնաժողովի աշխատանքի շնորհիվ էր Սևրի պայմանագրի մեջ ներառվել հայերի կոտորածների մեղավորներին դատական պատասխանատվության ենթարկելու դրույթները` 226-րդ, 228-րդ և  230-րդ հոդվածները: 1919թ. փետրվարին Օսմանյան կայսրության վարչապետ Ահմեդ Թև‎ֆ‎իկ փաշան դիմեց չեզոք երկրներ Շվեյցարիային, Դանիային, Իսպանիային, Շվեդիային ու Հոլանդիային և նրանցից խնդրեց երկուական դատավորներ` հայերի զանգվածային ջարդերի պատասխանատուներին դատելու նպատակով միջազգային դատարան հիմնելու համար, սակայն Մեծ Բրիտանիան խոչընդոտեց, քանի որ մտադիր էր սեփական դատարանների միջոցով դատել պատասխանատուներին:
Հայերի կոտորածների մեջ մեղադրվող ոճրագործներին դատելու համար ռազմական դատարաններ հիմնելու առաջին նախաձեռնությունը 1918թ. դեկտեմբերի կեսերին էր, երբ այդ մասին հրապարակվեց սուլթանի հրովարտակը: Հանցագործներին դատելու նպատակով հիմնվելու էին ռազմական ատյաններ, կայսրությունը բաժանվեց դատաքննչական 10 շրջանների:
1919թ. հունվարի 8-ին Ստամբուլում կազմվում են առաջին, երկրորդ և երրորդ ռազմական ատյանները: Երիտթուրքական կուսակցության և կառավարության անդամները սկզբում դատաքննվել են միասին, սակայն դատավարության երկրորդ նիստում դատախազի պահանջով կառավարության անդամների գործը առանձնացվել է:
1919թ. ապրիլին կախաղան բարձրացված Մեհմեդ Քեմալի մահապատժից հետո, երբ ներքաղաքական մթնոլորտը լարվեց, իսկ մայիսին Ստամբուլում տեղի ունեցավ դատավարության դեմ ուղղված իթթիհադականների խոշոր ցույց, կառավարությունը ազատ արձակեց 41 հանցագործների, իսկ իթթիհադական ամբաստանյալների դատաքննությունը ժամանակավորապես դադարեցվեց: Բրիտանացիները մայիսի վերջերին բանտից Մալթա կղզի փոխադրեցին 78 բանտարկյալի, հիմնականում իթթիհադական հանցագործներ: Որոշ ժամանակ հետո բրիտանացիները Մալթայում պահվող` Հայոց ցեղասպանություն իրականցնողներին դատելու փոխարեն փոխանակեցին անգլիացի ռազմագերիների հետ:
1919թ. մարտին վարչապետ Դամադ Ֆերիդ փաշան հայտարարել էր, որ կգործի անգլիացիների ցանկությանը համապատասխան: Անմիջապես սկսվեցին ձերբակալությունները: Նախկին վարչապետ Սայիդ Հալիմից բացի ձերբակալվեցին մի շարք նախարարներ ու պատգամավորներ: Մեծ Բրիտանիան Օսմանյան կայսրությանն էր փոխանցել 61 անուն: Հայերի տեղահանության և կոտորածների մեղադրանքով ընդհանուր առմամբ ձերբակալվել էր 300 մարդ, որոնց մեջ եղել են նախարարներ, նահանգապետեր, գավառապետեր, ոստիկաններ, ժանդարմներ, լրագրողներ: Ձերբակալվածների մեծ մասն արգելափակվում էր բանտում, սակայն նրանց հանդեպ վերահսկողությունը խիստ չէր: Հանցագործներին այցելում էր հետագայում Աթաթուրք ազգանունը ստացած Մուսթա‎‎ֆա Քեմալը: Կալանավորներին մեկ անգամ այցելել է նաև Քյազիմ Կարաբեքիրը:
Բանտային ոչ խիստ պայմանների հետևանքով մի քանի հանցագործներ փախուստի դիմեցին: Դրանց մեջ էին հայերի ջարդարարներից հայտնի իթթիհադական Դիարբեքիրի նահանգապետ Մեհմեթ Ռեշիդ բեյը: Նա, Ստամբուլում ընկնելով ոստիկանական շուրջկալի մեջ, ինքնասպանություն է գործում Բեշիքթաշ թաղամասում: 1919թ. օգոստոսին բանտից փախչում են նաև Էնվեր փաշայի հորեղբայր Հալիլը և հայտնի իթթիհադական Քյուչյուք Թալեաթը:
Հանրակրթական, ապա ներքին գործերի նախարարի պաշտոնները զբաղեցրած Ալի Քեմալը ՙՍաբահ՚ օրաթերթում գրել է. ՙՉորս կամ հինգ տարի առաջ կատարվեց պատմության մեջ նախադեպը չունեցող ոճիր, մի հանցագործություն, որը սարսափ հարուցեց համայն աշխարհում: Եթե ուզում ենք պատկերացում տալ այդ ոճրագործության մասշտաբի և պայմանների մասին, ապա պետք է խոսենք ոչ թե հինգից տասը, այլ հարյուր հազարավոր հանցագործների մասին: Արդեն բացահայտվել է, որ իրականում այդ ողբերգությունը ծրագրված է եղել Իթթիհադի կենտրոնական կոմիտեի ընդունած որոշումների հիման վրա՚:
Ներքգործնախարար Ջեմալը իր հարցազրույցներից մեկում ընդունել է, որ իթթիհադականները 800 հազարի չափ հայեր են տեղահանել ու կոտորել:26 Այսպիսով, Օսմանյան կայսրության առաջին բարձրաստիճան պաշտոնյան ներքգործնախարար Ջեմալն էր, ով առաջին անգամ հրապարակում է հայերի կորուստների պաշտոնական տվյալները:
1919թ. մարտի 8-ին սուլթան Մեհմեդ Վեցերորդ Վահիդեդդինի հատուկ հրովարտակով Միություն և առաջադիմություն կուսակցության ղեկավարներն ու նախարարները հանձնվում են Ստամբուլի ռազմական արտակարգ ատյանին: Կուսակցության անդամների դատավարությունն սկսվում է ապրիլի 28-ին և շարունակվում մինչև մայիսի 17-ը: Դատավարության ժամանակ հեռակա կարգով մեղադրում են 11, իսկ ներկա` 20 կուսակցական գործիչներ ու բարձրաստիճան պաշտոնյաներ:
Հեռակա կարգով դատի տրված մեղադրյալներն էին` ներքին գործերի նախարար և վարչապետ (1917-1918) Թալեաթ փաշան, ռազմական նախարար Էնվերը, ռազմածովային նախարար Ջեմալը, կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ, Հատուկ կազմակերպության նախագահ Բեհաէդդին Շաքիրը, կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ, Հատուկ կազմակերպության անդամ, հանրակրթության նախարար Նազըմը,‎ ‎ֆինանսների նախարար Ջավիդը, հողագործության և առևտրի նախարար (1915-1917) Սուլեյման Էլբիստանին, հողագործության և առևտրի նախարար (1917-1918) Մուստա‎ֆ‎ա Շերիֆը, փոստի և հեռագրատան նախարար (1914-1917) Օսկանը, կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ Ռուզուհին, հասարակական անվտանգության նախարար, Հատուկ կազմակերպության անդամ Ազիզը:
1919թ. հուլիսի 5-ին կայացած դատավճռով Թալեաթը, Էնվերը, Ջեմալը և դոկտոր Նազըմը դատապարտվում են մահվան, Ջավիդը, Մուստաֆա Շերիֆը և շեյխ ուլ իսլամ Մուսա Քյազիմը` 15 տարվա աքսորի, իսկ Ռի‎ֆաթը և Հաշիմը արդարացվում են: Հայերի տեղահանության և կոտորածների (tehcir ve taktil) մեղադրանքով 1919-1921թթ. հարուցված 63 դատական գործերի արդյունքում կայացվել է երկու տասնյակ մահապատժի դատավճիռ, որոնցից միայն երեքն է իրականացվել, քանի որ մյուս հանցագործները գտնվել են փախուստի մեջ:
Մինչ ընթանում էին դատավարությունները, քեմալական շարժման տարածումը փոխում էր ընդհանուր տրամադրությունը: Հիմնականում քեմալականներով ներկայացված վերջին օսմանյան խորհրդարանում պատգամավորները 1920թ. փետրվարի 20-ին հանդես եկան Դամադ Ֆերիդ փաշայի դեմ դատական գործ հարուցելու առաջարկով, քանի որ վարչապետը հայերի կոտորածների պատասխանատուներին բացահայտելու հարցում հետևողական էր: Դամադ Ֆերիդը քեմալականների ճնշման տակ նույն տարվա հոկտեմբերի 17-ին հրաժարական տվեց, որին փոխարինեց քեմալականների նկատմամբ բարյացակամ տրամադրված Թև‎‎‎ֆիկ փաշան: Նոյեմբերի 8-ին ձերբակալվեցին Բաբերդի դատավճիռն արձակած դատավորները: Հայերի կոտորածների համար մեղադրված, դատապարտված և մահապատժի ենթարկված երեք ոճրագործներից երկուսը` Մեհմեդ Քեմալը և Բեհրամզադե Նուսրեթը, հերոսացվեցին: Նուսրեթի մահապատժի օրը` 1920թ. օգոստոսի 5-ին, Անկարայի մեջլիսը, ի նշան հարգանքի, տասը րոպեով դադարեցրեց աշխատանքը: Անկարայի մեջլիսի նույն տարվա դեկտեմբերի 9-ին ընդունած որոշման համաձայն թոշակ նշանակվեց Մեհմեդ Քեմալի ընտանիքին, իսկ դեկտեմբերի 25-ին` Նուսրեթի ընտանիքին:
Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչների մի մասը դատապարտվեց թուրքական ռազմական ատյանների վճիռներով, մի մասը` սպանվեց հայ վրիժառուների ձեռքով: Բայց կա ոճրագործների մի երրորդ խումբ, որոնց կատարած հանցագործությունները, համաձայն ցեղասպանագետ Վահագն Տատրյանի, դուրս են մնացել ընդհանուր դատապարտումներից: Նրանց թվում են ելուզակ ղեկավարները կամ չեթեբաշիները, որոնք ՙծուղակն ընկած հազարավոր հայ բռնագաղթողների են կոտորել թուրքական պետությանն անգամ անհայտ ու մինչ այդ չգերազանցված բարբարոսությամբ՚: Այս ելուզակ ղեկավարներից մի քանիսը սպանվել են իթթիհադականների կամ քեմալականների ձեռքով, ուրիշներն այս աշխարհին հրաժեշտ տվեցին սրտի տագնապից կամ ուղեղի կաթվածից, ինչպես նաև` զոհվեցին դժբախտ պատահարների հետևանքով կամ ինքնասպանություն գործեցին:
Նրանց մի մասը մեղադրվել են Աթաթուրքին սպանելու և իթթիհադական վարչակարգը վերահաստատելու դավադրության մեջ: Այս նախկին իթթիհատականների դատաքննությունները բաժանված են եղել երկու դատավարության, մեկը` Իզմիրում, մյուսը` Անկարայում: Դրանց առաջին շարքը սկսվել է Իզմիրում 1926 թ. մայիսի 26-ին և ավարտվել դատավճռի արձակման օրը` 1926 թ. հուլիսի 13-ին, երբ 7 դավադիրներ մահվան դատապարտվեցին և կախաղան բարձրացվեցին այդ օրը` կեսգիշերին: Նրանցից երեքն ընդգրկված են եղել, իսկ այդ երեքից երկուսը գլխավոր դեր են կատարել Հայոց ցեղասպանության կազմակերպման և իրականացման հարցում:
Հալիս Թուրգութը եղել է Միություն և առաջադիմություն կուսակցական ակտիվիստ և խորհրդարանական, պատերազմի ժամանակ Սեբաստիայի (Սվաս) նահանգում գործող Հատուկ կազմակերպության քանակակազմի հրամանատար: Ավելի ուշ աշխատել է կովկասյան ճակատում` ներառյալ Նախիջևանի շրջանում` 1917-1918 թթ: Հայկական տեղահանություններն ու կոտորածները հետաքննող թուրքական զինվորական ատյանի հետապնդումներից խուսափելով, համախոհների մի փոքր խմբի հետ թաքնվել է Սեբաստիայի լեռներում:
Ահմեդ Շյուքրուն պատերազմի ժամանակ եղել է կրթության նախարարը, ծայրահեղ իթթիհատական և հայերի ոխերիմ թշնամի: Նրան կախել են երկու անգամ, քանի որ պարանն առաջին անգամ կտրվել է և կիսամեռ գետին փռվել: Ապա կախաղանի վրա հոգին ավանդել` ահասարսուռ ձայներ արձակելով: Տասնյակ հազարավոր անմեղ հայ գյուղացիների մահվան դուռը հասցրած այս ոճրագործը կախաղան բարձրանալիս վախից սարսափահար գոռացել է:
Իսմայիլ Ջանփոլաթը եղել է Թալեաթի աջ ձեռքը, կայսրության հասարակական անվտանգության (Էմնիյեթի Ումումիյե) գրասենյակի պետ, օսմանյան մայրաքաղաքի կառավարիչ և պատերազմի վերջերին նաև ներքին գործերի նախարար:
Դատավարության երկրորդ շարքը սկսվել է Անկարայում 1926 թ. օգոստոսի 2-ին, ավարտվել` օգոստոսի 26-ին, և նույն օրը երեկոյան չորս շատ հայտնի իթթիհադականներ, որոնք նույնպես մեղադրվում էին Քեմալին սպանելու համար, կախաղան բարձրացվեցին: Նրանցից մեկը ‎‎ֆինանսների նախարար Չավիդն էր, որի դերը Հայոց ցեղասպանության կազմակերպման հարցում, ըստ Տատրյանի, չնչին էր. ՙՄյուս երեքը, Թալեաթից հետո գուցե, ամենամոլեգին դերակատարներն էին՚:
Դոկտոր Նազըմը հայերի զանգվածային բնաջնջման գաղափարը մտահղացողներից էր, մեծ ազդեցություն է ունեցել Թալեաթի վրա: Կախաղանին մոտենալիս ցնցվել ու դողացել է, բողոքել կատարվածի դեմ ու ասել, որ ինքն անմեղ է:
Ենիբահչելի Նայիլը Տրապիզոնի նահանգում եղել է Իթթիհադի պատասխանատու քարտուղարը: Նա Ջեմալ Ազմիի հետ նահանգի հայ բնակչությանը ենթարկել է բնաջնջման անենադաժան ձևերով, ոչ ոքի չի խնայել: Կախաղան բարձրանալիս որդուն խնդրել է հոգ տանել մոր և մյուս երեխաների մասին:
Ֆիլիփելի Հիլմին եղել է Իթթիհադի պատվիրակը Էրզրումում, դոկտոր Շաքիրի աջ ձեռքը և Հատուկ կազմակերպության տարածաշրջանային ուժերի ընդհանուր հրամանատարը: Նրա վերահսկողությամբ են իրականացվել Էրզրումի նահանգի հայ բնակչության տեղահանությունն ու բնաջնջումը: Հիլմին երկու անգամ է կախաղան բարձրացվել, քանի որ առաջին անգամ պարանը կտրվել է:
Տատրյանի ուսումնասիրությունների համաձայն, հայկական ջարդերի մի քանի տեղական կազմակերպիչների մահվան են դատապարտել իթթիհատականները: Կոտորածներին իրենց վճռորոշ մասնակցությամբ նրանք հաճախ հպարտացել են պոռոտախոսություններով:
Չերքեզ Ահմեդը եղել է Վանի կառավարիչ Ջևդեթի գլխավոր օգնականը նահանգի հայ բնակչությանը բնաջնջելու հարցում: Հետագայում աշխատել է Դիարբեքիրի կառավարիչ` դոկտոր Ռեշիդի ձեռքի տակ և իրագործել օսմանյան խորհրդարանի երկու հայ պատգամավորներ Վարդգեսի և Զոհրապի սպանությունը: Նրան մեղադրել են սպանության և թալանի մեջ: Զինվորական ատյանը մեղավոր է ճանաչել և մահվան դատապարտել. նա կախաղան է հանվել իր մեղսակից ընկերոջ` Հալիլի հետ 1915թ. սեպտեմբերին Դամասկոսում` Ջեմալ փաշայի կողմից: Նրա դատավճիռն ի կատար ածելու առիթով Ջեմալի աշխատակազմի ղեկավար Ալի Ֆուադ Էրդենն ասել է. ՙԿեղտոտ գործեր կատարողների կարիքը զգացվում է ծայրահեղ իրավիճակներում` հիմնականում պատասխանատվությունը նրանց վրա գցելու նպատակով: Բայց անհրաժեշտ է գործն ավարտելուն պես ազատվել նրանցից՚: Թալեաթն իր հերթին նրա մահապատժի հրամանն ստորագրելիս ասել է. ՙԲոլոր պարագաներում նրա ոչնչացումն անհրաժեշտ է: Այլապես նա խիստ վտանգավոր կարող է դառնալ հետագայում՚:
Յակուբ Ջեմիլը, ինչպես Չերքեզ Ահմեդը, գլխավոր դեր է կատարել կայսրության արևելյան հատվածում մեծ թվով հայերի բնաջնջման գործում: Էնվերի և Թալեաթի հետ գժտվելով, նա սկսել է սպառնալ նրանց: Մահապատժի է ենթարկվել 1916թ. սեպտեմբերին:
Քուրդ ելուզակների առաջնորդ Ամերոն Դիարբեքիրի կառավարիչ, դոկտոր Ռեշիդի հրամանով տեղի հայ համայնքի 636 ականավոր դեմքերի խեղումն ու սպանությունն իրագործելուց հետո, չերքեզ ելուզակների կողմից սպանվել է նույն կառավարչի և Դիարբեքիրից պատգամավոր Ֆեյզիի (երկուսն էլ` զանգվածային սպանությունների գլխավոր կազմակերպիչներ) հրամաններով: Քուրդ Մուրզա բեյը հպարտացել է Էրզրումի նահանգում 70 հազար հայեր սպանելով: Իր պոռոտախոսության համար էլ վտանգավոր համարվելով, սպանվել է իր ղեկավարի հրամանով:
ՙՋեմալ փաշան մի շարք քրդերի կախաղան է բարձրացրել Իսլահիյեում հայերի դեմ կազմակերպված գազանություններին մասնակցելու համար: Վեհիբ փաշան կախաղան է բարձրացրել Հատուկ կազմակերպության երկու սպաներ` Սվասում  աշխատանքային գումարտակներում ընդգրկված 2000 հայերի կոտորածը կազմակերպելու համար՚,- գրում է Տատրյանը:
Հատուկ կազմակերպության երեք հայտնի ղեկավարներ, որոնց` հայերի նկատմամբ ունեցած գազանային և արյունարբու վերաբերմունքի մասին լեգենդներ են հյուսվել, սպանել են քեմալականները: Յահյա Քափթանը եղել է Տրապիզոնում զանգվածային խեղդման գործողությունների պատասխանատուն. հազարավոր երեխաներ, կանայք և ծերունիներ փոխադրվել են բաց ծով և թափվել ջուրը` սվինահարվելուց հետո: Քափթանը հետագայում միացել է քեմալականներին` չխզելով Էնվերի հետ կապերը: Նրա հավատարմությունը ստուգելու պատրվակով անցկացված հարցաքննությունների ժամանակ Քափթանը սպառնացել է չափազանցված ճնշումների դեպքում բացահայտել իրեն հայտնի պետական գաղտնիքները: Անծանոթ մարդասպանները նրան դարանակալել են և սպանել Տրապիզոնում 1922թ. հուլիսին:
Թոփալ Օսմանը գործել է արևելյան սահմանային շրջաններում որպես Հատուկ կազմակերպության ելուզակ` չեթե: Հաճախ է գլուխ գովել հայերին սպանելու իր առաքելության մասին: Պատերազմից հետո միացել է քեմալականներին և կազմակերպել Տրապիզոնի հույն և հայ բնակչության լայնածավալ կոտորածները: Մուսթաֆա Քեմալը բարձրացրել է նրա պաշտոնը և նշանակել իր անձնական պահակախմբի ղեկավար: Հետագայում, սակայն, Անկարայի խորհրդարանի քեմալական պատգամավորների զայրույթն է առաջացրել, երբ վրեժխնդրությունից դրդված խեղդամահ է արել իր տուն հրավիրած պատգամավորներից մեկին: Սպանվել է իրեն ձերբակալելու եկած զինվորական տարբեր խմբավորումների փոխհրաձգության ժամանակ: 1923-ի մարտին նրա դիակը կախել են խորհրդարանի շենքի առաջ:
Հատուկ կազմակերպության սպա (Դելի) Հալիթը մասնակցել է արևելյան նահանգների հայ բնակչության սպանություններին: Եղել է մոլեռանդ իթթիհատական, ապա դարձել է մոլեռանդ քեմալական, երբ հետպատերազմյան թուրքական զինվորական դատարանը սկսել է հետապնդել նրան` որպես կոտորածների մասնակցի: Եղել է կռվարար և հանդուգն: Այլ քեմալական ղեկավարների և պատգամավորների հետ ունեցած հաճախակի վեճերից մեկի ժամանակ սպանվել է թուրքական խորհրդարանի նախասրահում 1925թ. փետրվարին:
Մի շարք իթթիհատական ղեկավարներ ինքնասպանություն են գործել: Դիարբեքիրի նահանգի կառավարիչ դոկտոր Ռեշիդը եղել է ամենադաժան կառավարիչներից, ով մեծ ոգևորությամբ է իրագործել Դիարբեքիրի և այլ շրջաններից եկած հայերին բնաջնջելու իթթիհատականների դժոխային ծրագիրը: Ձերբակալումից, բանտից փախուստից և վերակալանավորվելուց հետո 1919թ. հունվարին ինքնասպանություն է գործել:
Իթթիհատի անխոնջ մարտիկներից զորավար Մահմուդ Քյամիլը 1915-1916 թթ. եղել է 3-րդ բանակի հրամանատարը, նրա հրամանատարության տարածաշրջանն ընդգրկում էր 6 հայկական նահանգները և Տրապիզոնի նահանգը, որի հայ բնակչության բնաջնջումը վստահված էր նրան: Հատուկ հրահանգներ է տվել` մանուկներին, ծերերին և հղի կանանց չխնայելու վերաբերյալ: Նաև սպառնացել է կախել այն մահմեդականներին, ովքեր կհամարձակվեն ապաստան տալ հայերին: Ինքնասպանություն է գործել 1922թ. նոյեմբերին:
Իթթիհատի ղեկավարներից Քարա Քեմալը եղել է Թալեաթի մտերիմը: Կուսակցության բոլոր գաղտնի ծրագրերը և  որոշումները գտնվել են նրա տրամադրության տակ: 1926թ. դատարանը նրան  մեղավոր է ճանաչվել Մուսթաֆա Քեմալին սպանելու դավադրության մեջ: Նրան հաջողվել է փախչել: Կալանավորվել է հավաբնում և 1926թ. հուլիսին ինքնասպանություն  գործել:
Հայ ժողովրդի դահիճներից մի քանիսը դժբախտ պատահարներով են մահացել: ՙԻսլամի բանակի՚ հրամանատար, ռազմական նախարար Էնվերի եղբայրը` Նուրի փաշան, ով 1918թ. սեպտեմբերին Բաքվի հայերի կոտորածների հիմնական կազմակերպիչն էր, պատերազմից հետո դառնում է գործարար և արդյունաբերող, Ստամբուլում զենքի և զինամթերքի գործարան է հիմնում: 1949թ. մարտին գործարանն ուժեղ պայթյունի հետևանքով փուլ է գալիս, Նուրին մնում է փլատակների տակ:
Երզնկայի շրջանի, հետագայում Բիթլիսի, Բաղդադի և Մոսուլի նահանգների կառավարիչ Մեհմեդ Մեմդուհը եղել է Երզնկայի շրջանի կոտորածների գլխավոր կազմակերպիչը: Մեծ հարստություն է դիզել հայ զոհերի հաշվին: Պատերազմից հետո փորձել է Զմյուռնիայում (Իզմիր) գործարարությամբ զբաղվել, սակայն մահացել է ավտովթարից:
Մոլեռանդ իթթիհատական և հայերի ոխերիմ թշնամի, Մալաթիայից խորհրդարանի պատգամավոր Հաշիմ բեյը հովանավորել է որդու` Մուհամմեդի գործողությունները: Վերջինս կոտորել է տվել Մալաթիայի հայ բնակչության զգալի մասին: Գողացված ձիու պատճառով ծերունի մի քրդի հետ կռվի բռնվելով` Մուհամմեդը սպանվում է այդ քրդի որդու ձեռքով: Լուրն ստանալով` Հաշիմ բեյը կաթված է ստանում և երկար տառապելուց հետո մահանում 1917թ.:
Մալաթիայի մուֆթին ղեկավարել է Մալաթիայի հայ կաթոլիկ առաջնորդի խեղդամահությունը, երբ վերջինս մերժել է ընդունել մահմեդականություն: Խեղդամահ անելուց առաջ կաթոլիկ առաջնորդին մարմնական անասելի տառապանքներ են պատճառել: Տուն վերադառնալուց անմիջապես հետո մուֆթին սրտի կաթված է ստանում և տեղում մահանում:
ԹեհլիրյանՙՄարդ եմ սպանելբայց մարդասպան չեմ՚
1921թ. մարտի 15-ը հայ ժողովրդի մեծագույն դահիճներից Թալեաթ փաշայի կյանքի վերջին օրն էր: Գրող Շահան Նաթալին35 Սողոմոն Թեհլիրյանին բացատրել է, թե ինչ պետք է անի 25-ամյա հայ վրիժառուն Բեռլինում Թալեաթին սպանելուց հետո. ՙԹիվ մեկ ազգասպանի գանգը կպայթեցնես և չփորձես փախչել. կկանգնես տեղում` ոտքդ սատակի վրա ու կհանձնվես ոստիկաններին, որոնք կգան ու կձերբակալեն՚:
Թեհլիրյանն այսպես է նկարագրում Թալեաթի կյանքի վերջին ժամը. ՙԱռավոտը սովորականից շուտ վեր կացա. արևի շողերը արդեն հասել էին դիմացի շենքի պատուհանին: Հազիվ էի ավարտել թեյս և ուզում էի բազկաթոռը մոտեցնել պատուհանի եզրին, երբ հանկարծ դիմացի շենքի պատշգամբում տեսա Թալեաթին: Քարացա. նա՞ էր արդյոք: Այո’: Նա մեկ-երկու քայլ առաջ անցավ, ուշադիր զննեց մայթը` նախ վեր, ապա վար, ու կարծես ինչ-որ մտքերի ծանրության տակ` գլուխը կախ: Ըստ երևույթին, թեթև չէր կյանքը գործած անպատում ոճիրից հետո: Թեև անցել էր հինգ-վեց տարի, բայց վախը անբաժան էր մնացել նրանից: Իր լայն ուսերին կրում էր երկու հրապարակային մահավճիռներ` Պոլսո պատերազմական ատյանի և ՀՅԴ-ի: Առաջինը նրա համար հավանաբար ուներ բարոյական նշանակություն. փոխանակ վեր հանելու իր ՙազգանվեր՚ մեծ գործը, հարազատ երկրի մեջ դատապարտում էին նրան մահվան` որպես սովորական ոճրագործի: Բայց ժամանակը կարող էր այդ ՙթյուրիմացությունը՚ պարզել. ապագա սերունդները կհասկանային կատարած գործի արժեքը, եթե չլիներ ՀՅԴ դատավճիռը: Նայեցի ժամացույցին. 10-ն էր, Ուհլանտ գնալու իր սովորական ժամը: Զենքը վերցրի` պատրաստ դուրս գալու: Հանկարծ նա հայտնվեց դռան մոտ և փղի պես ծանրորեն սկսեց վար իջնել: Սառը դատողությունը ինձ ասում էր, որ այս անգամ անկարող պիտի լինի ազատվել ձեռքիցս, բայց և հուզումը բազմալեզու աղաղակներով փոթորկում էր ինձ՚:
Երիտթուրք ոճրագործները կամ նրանց մեծագույն մասը կխուսափեր հայ ժողովրդի ոչնչացումը կազմակերպելու և իրագործելու պատժից, եթե չլինեին հայ երիտասարդ վրիժառուներն ու ՀՅԴ-ի ՙՆեմեսիս՚ գործողությունը: Հունական դիցաբանության մեջ Նեմեսիսը վրիժառության աստվածուհին էր: 1919թ. աշնանը Երևանում կայացած ՀՅԴ 9-րդ Ընդհանուր ժողովը որոշեց պատժել Երիտթուրքերի պարագլուխներին և Հայոց ցեղասպանության մյուս իրականացնողներին: Առանձնացվեց 650 անուն, որից 41-ը գլխավոր ոճրագործներն էին: ՙՆեմեսիսի՚ իրագործման համար ստեղծվեց պատասխանատու մարմին, ղեկավար ընտրվեց ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Արմեն Գարոն, ինչպես նաև` հատուկ ‎‎ֆոնդ Շահան Մարչակլյանի ղեկավարությամբ: Գործողության անմիջական ղեկավար նշանակվեց Շահան Նաթալին, օգնական` Գրիգոր Մերջանովը: Տեղեկությունների հավաքումն իրականացնում էր թուրքերի շարքերը թափանցած Հրաչ Փափազյանը, ով գերազանց տիրապետելով թուրքերենին, դարձել էր Ջեմալ Ազմիի որդու ՙընկերը՚ Մեհմեդ Ալի անունով:
ՀՅԴ պատմագիրներից, Բյուրոյի անդամ Հրաչ Տասնապետյանը նկատում է, որ ՙհասկանալի պատճառներով՚ ՀՅԴ 9-րդ Ընդհանուր ժողովի որոշումների բրոշյուրը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին պատժելու մասին որևէ հիշատակում չի թողել, սակայն Սողոմոն Թեհլիրյանի, Միսաք Թոռլաքյանի և Արշավիր Շիրակյանի հուշերը հստակորեն հաստատում են քաղաքական այս դատավճիռների կազմակերպված լինելու իրողությունը:
Թալեաթ փաշայի սպանության կազմակերպման հարցում առաջնահերթ է եղել ՀՅԴ Ամերիկայի Կենտրոնական կոմիտեի և Արմեն Գարոյի ու Շահան Նաթալիի դերակատարությունը:
Թեհլիրյանը իր հուշերում գրում է. ՙԴիմացի մայթով հավասարվեցի Թալեաթին, արագ քայլերով բավական առաջացա, անցա նույն մայթը, որտեղով գնում էր նա: Հետ դարձա: Մոտենում էինք իրար: Նա գալիս էր ճեմելու ձևով` ձեռնափայտը անփույթ ճոճելով: Մի կարճ տարածություն մնացած` զարմանալի անդորրություն համակեց էությունս: Հավասարվելու վրա Թալեաթը շեշտակի նայեց ինձ. աչքերի մեջ առկայծեց մահվան սարսուռը: Վերջին քայլը բեկվեց. մի քիչ թեքվեց, որ խուսափի, բայց զենքը դուրս քաշելս ու գլխին պարպելս մեկ եղավ: Թալեաթը հարվածից կարծես ցցվեց ու մի ակնթարթ հզոր մարմինը պրկվեց ձիգ, բայց երերուն, ապա, սղոցված կաղնու բնի պես թնդյունով երեսի վրա տապալվեց՚:
ՃԱԿԱՏԱՄԱՐՏ, Թալեաթի սպանությունը, Ivan Ardhaldjian-ի Ֆեյսբուքյան էջից
Թալեաթի սպանության լուրը ՀՅԴ Պոլսի ԱԶԱՏԱՄԱՐՏ թերթում
Թեհլիրյանը ծնվել է Կամախի Բագառիճ գյուղում: Արևմտյան Հայաստանի դատարկումից և Եղեռնից հետո, որին զոհ են գնացել նրա մայրն ու հարազատները, Թեհլիրյանը զինվորագրվում է ՙՆեմեսիս՚ գործողությանը: Թալեաթին սպանելուց հետ նա ձերբակալվում է, սակայն 1921թ. հունիսի 3-ին ազատ է արձակվում դատարանի դահլիճից, որտեղ նրան պաշտպանում էր Յոհաննես Լեփսիուսը:
Դատարանի նախագահ- Դուք ձեզ ինչո՞ւ հանցավոր չեք համարում:
Թեհլիրյան- Ինքս ինձ հանցավոր չեմ համարում, որովհետև խիղճս հանգիստ է:
Նախագահ- Խիղճդ ինչո՞ւ է հանգիստ:
Թեհլիրյան- Մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ:
Նախագահ- Թալեաթ փաշային ուզում էի՞ք սպանել:
Թեհլիրյան- Այս հարցը չեմ հասկանում: Ես նրան արդեն սպանել եմ:
Նախա‎գահ- Ուզում եմ ասել` նրան սպանելու ծրագիր ունեի՞ք:
Թեհլիրյան- Ես որևէ ծրագիր չունեի:
Նախագահ- Ե՞րբ արթնացավ այդ գաղափարը:
Թեհլիրյան- Դեպքից մոտ երկու շաբաթ առաջ ինձ շատ վատ էի զգում, ջարդերի պատկերները աչքերիս առաջ էին: Մորս դիակը տեսա: Այդ դիակը ոտքի ելավ, կանգնեց առջևս և ասաց ինձ. դու տեսար, որ Թալեաթը այստեղ է ու անտարբե՞ր ես մնում:
Նախագահ- Իսկ դուք ի՞նչ արեցիք:
Թեհլիրյան- Հանկարծ արթնացա և որոշեցի այդ մարդուն սպանել՚:
Դաշնակցության կողմից մահապատժի դատապարտված մյուս իթթիհատականները և մուսավաթականները սպանվեցին 1921-1922 թվականների ընթացքում: ՀՅԴ 9-րդ Ընդհանուր ժողովի որոշումով մահվան դատապարտված և սպանված բոլոր թուրքերը, բացառությամբ Էնվեր փաշայի, ընկան դաշնակցականների ձեռքով:
Բեհբութ խան Ջիվանշիրը` Ադրբեջանի նախկին ներքգործնախարարը, 1918թ. սեպտեմբերին Բաքվում հայկական ջարդերի կազմակերպիչներից մեկը, սպանվեց 1921թ. հուլիսի 18-ին Պոլսում, Միսակ Թոռլաքյանի կրակոցներից:
1919թ. հոկտեմբերին Թի‎ֆլիսի Երևանյան, այսօր` Ազատության հրապարակում, Արամ Երկանյանը գնդակահարել էր Ադրբեջանի ռազմական նախարար Ղասիմբեկովին, ապա գնդապետ Սարա‎ֆովին: 1920թ. հունիսի 19-ին Գոլովինսկու, այսօր` Ռուսթավելի պողոտայում, Երկանյանը սպանեց Ադրբեջանի առաջին վարչապետ, ապա արտգործնախարար Ֆաթհալի Խան-Խոյսկուն և արդարադատության նախկին նախարար Խալիլ բեկ Խասմամեդովին:
Արշավիր Շիրակյանը Հռոմում 1921թ. դեկտեմբերի 5-ին ահաբեկում է Թուրքիայի նախկին վարչապետ Սայիդ Հալիմ փաշային, իսկ 1922թ. ապրիլի 17-ին Բեռլինում Արամ Երկանյանի հետ տապալում Բեհաէդդին Շաքիրին ու Ջեմալ Ազմիին: Շիրակյանն իր ՙՆահատակների կտակը՚ ինքնակենսագրական գրքում այսպես է ներկայացնում Սայիդ Հալիմ փաշայի սպանությունը. ՙՀանկարծ լսվեց կառքի դղրդյունը: Միանգամից մարմինս անծանոթ սարսուռ անցավ, երբ տեսա հսկա ձիերը, որոնց բաշերը քամուց ալեկոծվում էին: Սայիդ Հալիմ փաշան իր թիկնապահի հետ կառքում էր: Անմիջապես քայլեցի մյուս մայթը, որպեսզի լավագույն դիրքով ահաբեկեմ: Արագ ոստումով անցա և ցատկեցի կառքի վրա: Մինչ թիկնապահը նայում էր կառապանին, Սայիդ Հալիմ փաշայի աչքերը հանդիպեցին իմ աչքերին: Աչքերը սարսափով էին լցված, երբ ատրճանակիս փողը ուղղեցի աջ քունքին և կրակեցի: Երկրորդ փամփուշտի հարկ չեղավ: Մի խռպոտ ձայն, և փաշան նստած տեղից տապալվեց կառքում` գլուխը իմ կողմը, գրեթե ոտքերիս տակ՚:
Հայոց ցեղասպանության կազմակերպման գլխավոր պատասխանատուներից Տրապիզոնի նահանգապետ Ջեմալ Ազմիի և մյուս հանցակիցների նկատմամբ 1919թ. գարնանը կայացած դատավարության մասին օսմանյան ՙԱլեմդար՚ թերթը ապրիլի 16-ի համարում ներկայացրել է Տրապիզոնի ՙտեղահանության ու կոտորածների՚ համար մեղադրվողների նկատմամբ դատարանում ընթերցված ամբաստանագիրը. ՙՏրապիզոնի վիլայեթում Միություն և առաջադիմություն կուսակցության կենտրոնական կառավարության կողմից հայերի տեղահանության վերաբերյալ ընդունված որոշումների գործադրման ընթացքում նախ հայ տղամարդկանց, ապա կանանց ու երեխաներին նշանակված վայրեր տեղափոխելիս նրանց մի մասն անգթաբար սպանվել է Դեյիրմենդերեի կողմերում, իսկ կանայք ու երեխաներն էլ բեռնավորվել են նավակները և ջրախեղդ արվել: Հայերի մի մասին էլ, իբր բուժման նպատակով, տարբեր միջոցներով թունավորել են Կարմիր մահիկ հիվանդանոցում, որից հետո կողոպտվել է նրանց գույքը, դրամը և թանկարժեք իրերը: Ողջ մարդկության կողմից անեծքով ու նողկանքով հիշվելու արժանի նման անամոթ արարքների ու հանցագործությունների հանդգնած և այժմ փախուստի մեջ գտնվող Տրապիզոնի նահանգապետ Ջեմալ Ազմիի և կուսակցության պատասխանատու քարտուղար Յենիբահչելի Նայիլի, ինչպես նաև` դատարանում ներկա մյուս հանցակիցների մասնակցությունն այդ վիթխարի կոտորածին հիմք են տալիս պատիժ սահմանելու համար: Ջեմալ Ազմին և Յենիբահչելի Նայիլը (Տրապիզոնի) գլխավոր հանցագործներն են, գործող անձինք: Բնականաբար, միայն Ջեմալ Ազմին ու Նայիլը չէին կարող այդ ահռելի սպանդն իրականացնել՚:
Շիրակյանը ինքնակենսագրական հատորում գրում է, որ Շաքիրի ու Ազմիի սպանությունը կատարվել է Թալեաթի այրու, Ազմիի կնոջ ու ընտանիքի այլ անդամների, Շաքիրի կնոջ ներկայությամբ. ՙԱտրճանակը ձեռքիս, նետվեցի: Խմբի հետնապահ Թալեաթի այրին տեսավ ինձ: Ամբողջ կատաղությամբ խոյացա և ձախ ձեռքով ուժգին հարվածեցի: Նա գետին ընկավ` ճիչ արձակելով: Այս ճչի վրա Ազմին դարձավ դեպի ինձ: Այնքան մոտ էր, որ ատրճանակիս փողը ուղղելով` կրակեցի: Ճիվաղը տապալվեց: Փողը դարձրի Շաքիրին և կրակեցի ճակատին, բայց վրիպեցի, գնդակը մտավ ձախ այտը: Դեռ ոտքի էր, բայց արդեն Արամը (Երկանյան) հասավ և իր ատրճանակով գնդակ թողեց ճիշտ ճակատին ու նրան գետին փռեց: Շաքիրը տապալվեց իր ընկերոջ` Ազմիի դիակի վրա, արտառոց խաչ ձևացնելով՚:
Թուրքական մամուլը Ազմիին և Շաքիրին անվանեց երկրորդ և երրորդ շահիդներ: Ըստ Պոլսի հայկական ՙՃակատամարտ՚ թերթի` ՙՄասնավոր շուքով տեղի ունեցավ Շաքիրի և Ազմիի թաղումը: Մեռելակառքին հետևում էին 16 ինքնաշարժեր և 20 կառքեր: Բեռլինի թուրքական դեսպանատան իմամը գերեզմանի մոտ կատարեց արարողությունը: Թաղումին ներկա էին դեսպանատան գլխավոր քարտուղար Ահմեդ բեյը, ինչպես նաև բազմաթիվ թուրքեր: Երկու դիակները ժամանակավորապես թաղվեցին Թալեաթի հարևանությամբ՚:
Էնվեր փաշան սպանվեց Տաջիկստանի լեռներում` 1922թ. օգոստոսի 4-ին, Կարմիր բանակի գնդապետ Հակոբ Մելքումովի ջոկատի իրականացրած գործողության արդյունքում: Բոլշևիկների բարեկամ Էնվերը անցել էր բասմաչների կողմը և կռվում էր կարմիրների դեմ:
Թուրքիայի նախագահ Սուլեյման Դեմիրելը 1990-ականների կեսերին Տաջիկստան կատարած այցի օրերին հայտարարեց, որ շուտով ՙմեր մեծ հայրենակից՚ Էնվեր Փաշայի աճյունը կտեղափոխվի Թուրքիա և կթաղվի իր հայրենի հողում:
Ջեմալ փաշան` Հայոց ցեղասպանության ծրագրման և իրականացման երեք գլխավոր պատասխանատուներից, սպանվեց 1922թ. հուլիսի 21-ին Թիֆլիսի կենտրոնական փողոցներից մեկում` Ստեփան Ծաղիկյանի, Պետրոս Տեր-Պողոսյանի և Արտաշես Գևորգյանի կողմից: Վերջինիս օրագրությունը պատմում է. ՙԱյդ պահին, երբ այնքան էինք մոտեցել Ջեմալին, և հաստատ էր, որ նրա համար այլևս ոչ մի փրկություն չկա, այդ վեհ վայրկյանին` այն գիտակցությունը, որ մեզ` ինձ ու Տեր-Պողոսյանին գերագույն բախտ է վիճակվել ի կատար ածել մեր միլիոնավոր նահատակների վերջին կամքը, նրանց կտակը` պատժել, վրիժառու լինել ջեմալներից, էությունս համակեց մի անպատմելի, անհունորեն հաճելի երանությամբ: Աչքերս վառվեցին մի եզակի, երկնային ջերմությամբ: Ու քույրս, Ուրֆայի մոտերքը գազանաբար հոշոտված, դեռ 16 տարին չլրացած, աչքերիս առաջ է կանգնում այդ պահին, ձեռքը ծոցին, գլուխը խոնարհ… իմ նահատակված քույրը… Եվ ես գոչում եմ` փաշա’, փաշա’, հիշի’ր Ուրֆան ու Դեր-Զորը՚:
Տասնամյակներ անց Ջեմալի թոռը` լրագրող Հասան Ջեմալը, 2008-ի սեպտեմբերյան մի առավոտ ուղևորվել էր Ծիծեռնակաբերդի բարձունք, քայլել դեպի անմար կրակը, մի քանի սպիտակ մեխակներ թողել, շրջել թանգարանում: Տասնյակ թուրքեր են ծաղիկներ դրել, սակայն Հասան Ջեմալի դեպքն այլ է. Ծիծեռնակաբերդ է այցելում մի թուրք, որի պապը Երիտթուրքերի մյուս առաջնորդների հետ իրականացրել էր Հայոց ցեղասպանության ու Հայրենազրկման հրեշավոր ծրագիրը:
Մեկ այլ թուրք լրագրող Յավուզ Բայդարը, ով սեպտեմբերյան այդ օրերին նույնպես եղել էր Երևանում, պատմել էր, թե Հասանը խորապես ազդվել էր և հուզվել, երբ այցելել էր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Ֆրանսիական ՙՆուվել դ’Արմենի՚ հանդեսի հետ զրույցում, պատմելով Ծիծեռնակաբերդում իր զգացողությունների մասին, Հասան Ջեմալը ասել է, որ թեև ինքը կրում է պապի ազգանունը (Djemal), սակայն ինքը Հասան Ջեմալն (Hasan Cemal) է: ՙԱյն ինչ կարող եմ ասել, հետևյալն է. համաձայն եմ, որ Ջեմալն իմ պապն է, բայց ես ուրիշ մարդ եմ՚: ՙԵս անգամ հանդիպեցի այն մարդու (Արտաշես Գևորգյան) թոռան հետ, ում պապը 1922-ին սպանել էր իմ պապին: Ես նրան հրավիրեցի Ստամբուլ՚,- ասել է նա:
aniarc.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
1908,երիտթուրքական-հեղափոխություն,արևմտահայություն,բազմահազարանոց-ցույցեր,հայությունը-երիտթուրքերի-ցույցերում,ազատություն-հավասարություն-եղբայրություն , Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
1908 թվականի Երիտթուրքական հեղափոխության օրերին արևմտահայությունը մասնակցում էր բազմահազարանոց ցույցերին «ազատություն, հավասարություն, եղբայրություն» կարգախոսներով:
1919-1920,հայաստան,երևան,բաթումի,բաթումի-նավահանգիստ,թուրք-թաթար-թալանչիներ,բրիտանացի-զինվորների-վերահսկողության-տակ-գտնվող-զր,ամերիկյան-և-բրիտանական-մարդասիրական-օգնություն,բաթում-երևան-կյանքի-երկաթգիծը , 1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
«Ազատության պաշտպան» զրահագնացքի բրիտանական զինվորական անձնակազմը, Երևան, 1920 թ.
ամն,թուրքիայի-դաշնակից-ամն,եվրոպական-մեծ-տերություններ,թուրքիա,խորհրդային-միություն,հայոց-ցեղասպանություն,երկրորդ-աշխարհամարտ,հայկական-հարց,արևմտյան-հայաստանի-վերադարձի-ծրագիր,վահրամ-հովյան , Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Եվրոպական մեծ տերությունները և Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում են Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը։ ԱՄՆ-ի ու Թուրքիայի հարաբերություններում կային որոշակի կնճիռներ։ Այդ համատեքստում 2021-ին ԱՄՆ-ն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, թեև գործնականում մեծ հաշվով դա ոչինչ չի տալիս Հայկական հարցին։
հայ-ադրբեջանական,կոնֆերանս․,բաքու,1919-ի,դեկտեմբերի,14 , Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական կոնֆերանսին կմասնակցեն Ֆաթալի Խան Խոյսկին, Մամեդ Հասան Հաջինսկին և Մամեդ Ռզա Վեքիլովը։
հայերը,թուրքիան,ռուսաստանը,եւ,արեւմուտքը.,հայացք,1891,թվականից , Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Ներկայացնում ենք 1891 թվականի ապրիլին ամերիկյան The Atlantic Monthly ամսագրում հրապարակված Սեմյուել Գրին Ուիլեր Բենջամինի The Armenians and the Porte հոդվածի հայերեն թարգմանությունը:
ալեքսանդր-սոլժենիցինի-նոբելյան-պատմությունը,գրականության-նոբելյան-մրցանակ,շվեդիա,խսհմ,խսհմ-գերագույն-խորհուրդ,ստալինյան-ճամբարներ,հայրենիքից-բռնի-աքսոր,ռուս-ականավոր-մտածող-և-գրող,ալեքսանդր-սոլժենիցին , Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Խորհրդային Միությունում Սոլժենիցինին Նոբելյան մրցանակ շնորհելը ռումբի պայթյունի էֆեկտ ունեցավ։ Շատերն անկեղծորեն ուրախացան ռուս վառ և ազնիվ գրողի համաշխարհային ճանաչման համար: Սակայն իշխանությունները և պաշտոնական գրական հանրությունը թշնամաբար են ընդունել Շվեդիայի ակադեմիայի որոշումը։ ԽՄԿԿ Կենտկոմը Նոբելյան մրցանակակրին վարկաբեկելու մի ամբողջ ծրագիր էր մշակել։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: