ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Թուրք-Հայկական պատերազմի քաղաքական եւ մարտավարական նախապատրաստութիւնը

Քեմալին շատ հեշտ է յաջողւում «Ադրբեջանին ստիպել մտնելու սովետական պետութիւննների խմբի մէջ»: Լենինին ուղղուած Քեմալի Ապրիլի 26ի նամակից ճիշտ երկու օր յետոյ, Ապրիլի 28ին Ադրբեջանը հաշտ ու խաղաղ յայտարարում է իր «խորհրդային» դառնալու իրողութիւնը:

Ադրբեջանի մուսաւաթականները մէկ օրում իշխանութիւնը յանձնեցին Ադրբեջանի բոլշեւիկներին եւ հենց իրենք էլ «դարձան» բոլշեւիկներ, եւ նոյն 1920ի Ապրիլի 28ին 11րդ կարմիր բանակը հանգիստ, առանց դիմադրութեան մտաւ Բաքու: Դա նոյնիսկ աւելի շուտ էր, քան Անկարայից ուղարկուած նամակը Մոսկուա կը հասնէր: Պարզ է, որ գործում էր նախնական՝ բանաւոր պայմանաւորուածութիւնը: Նոյն թւականի դեկետմեբերի 22-29-ին տեղի ունեցած Խորհրդային Ռուսաստանի խորհուրդների 8-րդ համագումարին, երբ արդէն հիմնական բոլոր գործողութիւններն աւարտուած էին, Արտաքին գործերի Ժողկոմատը կարճ «զեկուցեց». «Քեմալականները մեզ հետ հարաբերութիւնների մէջ մտան Ադրբեջանի միջոցով, որտեղ նրանց կողմնակիցերի մի խումբ օժանդակեց հեղաշրջմանը եւ ադրբեջանական յեղափախական կառաւարութեան կողմից ռուսական կարմիր բանակի հրաւիրմանը»: Յամառօտ եւ ազնիվ՝ «յեղաշրջում ենք արել»:  Աւելին ասել չէր պահանջւում:

Հայաստանի կառաւարութեան արձագանքը կոշտ էր. «Ադրբեջանական հեղաշրջման իրական իմաստը հայ ժողոուրդի եւ Հայաստանի կառաւարութեան կողմից գնահատուել է ըստ արժանիքի: «Խանա-բէկական մուսավաթականների կառավարութիւնը» իբրեւ թէ սոցիալիստական յեղափոխական կառավարութեամբ փոխարինած այդ յեղաշրջոււմը ըստ էութեան ոչ մի փոփոխութիւն չբերեց Ադրբեջանի պետական եւ քաղաքական կյանք: Այդ իբրեւ թէ սցիալիստական կառաւարութեան առաջին քայլն ուղղուած էր իշխանութեան կողմից Ղարաբաղի եւ Զանգեզուրի աշխատաւոր հայ գիւղացիութեան բռնի ստրկացմանը:  Եթէ ուշադրութիւն դարձնենք Կիլիկիայի հայերի ջարդը կազմակերպած թուրքական իմպերիալիզմի առաջնորդ Մուստաֆա Քեմալի հետ Ձեր կառաւարութեան կապերի մասին արժանահավատ տեղեկութիւններին, Թուրքիայում եւ Կովկասում հայերի հրեշաւոր  կոտորածներով իրենց անունը դրօշմած Էնվերի, Խալիլի եւ Նուրի փաշայի մասնակցութեանը Ձեր երկրի պետական կյանքին, ապա բնական է, որ Հայաստանի կառաւարութիւնը չի կարող ի վնաս ներկայիս Ադրբեջանի կառաւարաութեան ճանաչել դեմոկրատական եւ սոցիալիստական կառաւարութիւն»[i]:
Ադրբեջանում տեղի ունեցած հեղաշրջումը բաւական արյունոտ դիմադրութեան է հանդիպել Ադրբեջանի գաւառներում, հատկապէս Ելիզաւետպոլում: Ըստ գերմանացի վերլուծաբան Եորգ Բաբերովսկու հաւաքած նյոթերի՝ մայիսին այս քաղաքում սկսուած ապստամբութիւնը ճնշուել է մեծ դաժանութեամբ՝ կռիւների ընթացքում զոհուել են 1500 կարմիրբանակայիններ, 4 ООО մուսուլմաններ, ձերբակալուել են 12.000 մարդ, որից 4.000ին գնդակահարել են , իսկ քաղաքը վեր է ածուել աւերակների[ii]:
Նախորդ գլխում բերուած փաստաթղթում Լենինին գրուած Մուստաֆա Քեմալի նամակը խոստանում էր, որ «Թուրքական կառավարութիւնը յանձն է առնում ռազմական գործողութիւններ սկսել իմպերիալիստական Հայաստանի դէմ եւ պարտաւորւում է Ադրբեջանին ստիպել մտնելու սովետական պետութիւնների խմբի մէջ»: Զուգահեռաբար Քեմալը նամակ է ուղարկում Քեազիմ Կարաբեքիրին. «Մենք տեղեկացնում ենք 1920ի ապրիլի 26ին մեր կողմից Բաքու ուղարկուած ռազմական առաքելութեանը, որ մենք ընտրել ենք իմպերիալիզմի դէմ բոլշեւիկյան պայքարի հետ յամերաշխութիւնը եւ համաձայն ենք, որոշակի պայմաններով  (ընդգծումը իմն է -Հ.Խ.), Ադրբեջանը յանձնել բոլշեւիկեան պետութիւնների խմբին»[iii]: Պէտք է ենթադրել, որ «որոշակի պայմաններով»ը խոստումներ էին Ադրբեջանին, ամէնայն հաւանականութեամբ՝ տարածքային, եւ անշուշտ իր ապագա մշտական օժանդակութիւնը: Իհարկէ, Քեմալը «որոշակի պայմաններով» զոհաբերում էր պատմութեան ընթացքում առաջին անգամ պետականութիւն ստեղծած եւ թուրքական ինքնութեան ընդունմանը հակուած հարաւկովկասյան թրքալեզուներին, եւ չնայած իշխանութեան արտաքուստ սահուն փոխանցմանը, Ադրբեջանում ներիշխանական պայքար է եղել: Ադրբեջանի ընդդիմադիրներին հանգստացնելու խնդիրը Մուստաֆա Քեմալի յանձնարարութեամբ Բաքւում գտնուող Հալիլ փաշայի վրայ էր: Հալիլ փաշան Ադրբեջանում ներդրուած քեմալական գործակալների մոդելային կերպար է, ուստի արժի երկու խօսքով անդրադառնալ նրան: Սա նոյն Հալիլ փաշան է, որի մասին Առաջին աշխարհամարտի ընթացքում թուրքական բանակին կամաւորաբար միացած եւ մինչեւ գեներալի կոչման արժանացած, թուրքական բանակը ներսից ճանաչած վենեսուէլցի Ռաֆայէլ դէ Նոգալէս Մենդէսը, չորս տարիների շփումների փորձով գրել է. «Հալիլ փաշան Էնվերի հորեղբայրը լինելուց զատ որեւէ անձնական արժանիք չունէր: Հայաստանում (նկատի ունի Արեւմտեան Հայաստանը-Հ.Խ.) Թուրքերի պարտութեան (նկատի ունի 1915ի աշնանը Արեւելեան ճակատում թուրքական բանակի պարտութիւններն ու նահանջը-Հ.Խ.), թուրքական բանակի կողմից հայերի կոտորածների ողջ պատասխանատւութիւնը նրա վրայ է ընկած: Նա էր, որ հրահրում էր իրենից աւելի յաջողակ իր նախկին ընկերներ սպաների սպանութիւնները»[iv]: Թուրքական բանակում իր ծառայութեան չորս տարիների ընթացքում Ռաֆայէլ դէ Նօգալէսի ճանապարհները յաճախ են խաչուել Հալիլ փաշայի ջարդարարութիւնների եւ կողոպուտների հետքերին եւ բանսարկութիններին եւ Հալիլը, հասկանալով, որ Նոգալէսը իր յանցագործութիւնների անցանկալի վկայ է, փորձում էր վերացնել նրան: Օսմանեան կայսրութիւնում հայերի ջարդերով 1915ին մեծ փորձ կուտակած Հալիլը ռուսական բոլշեւիկեան յեղափոխութիւնից յետոյ, 1918ին օսմանեան բանակի հետ մտել էր Կովկաս, մասնակցել նաեւ Ղարաբաղի հայերի ջարդերին, այնուհետեւ վերադարձել էր Ստամբուլ, ձերբակալուել պատերազմում յաղթած դաշնակիցների կողմից գողութեան, հայ ռազմագերիների նկատմամբ դաժանութիւնների մեղադրանքներով, բայց Ստամբուլի բանտից փախել էր եւ Էրզրումում խոնարհաբար ներկայացել ապստամբ, իր եղբորորդու հետ վատ յարաբերութիւններ ունեցող, բայց ներկայումս հզօրացող Քեմալին: Քեմալը ընդունում էր բոլորին, ամէնից աւելի նրա մօտ գնում էին դատուելուց վախեցող յանցագործները, որոնց ողջ քաղաքական ու բանակային անցեալը քրէական յանցագործութիւնների շարան էր: Քեմալը, կարելի է ասել, քրէական յանցագործների պարագլուխն էր: Դրանցից մէկն էլ սովորական բանսարկու, ջարդարար, մարդասպան, գող, կողոպտիչ, ստախօս, ոչ վաղ անցեալում Էնվերի ստուերով հովանաւորուած Հալիլն էր: 1919ի Սեպտեմբերին Քեմալը սրան կրկին Բաքու էր ուղարկել՝ յանձնարարելով Բաքուի իշխանութիւններին բացատրել քեմալական դիրքորոշումը՝ թոյլ չտալ Ռուսաստանի կողմից Ադրբեջանի գրաւումը[v]: Հալիլ փաշա կոչուող յանցագործը ժամանակը միայն դիւանագիտական առաքելութեան վրայ չէր «վատնել»: Նա 1920ի Մարտ-Ապրիլ ամիսներին հասցրել է Բաքուի կողմից 1919թ. Դեկտեմբերին Ղարաբաղում նահանգապետ նշանակուած տխրահռչակ Սուլթանովի հետ միասին մասնակցել Ադրբեջանի մուսաւաթական կառավարութեան ծրագրուած Զանգեզուրի եւ Ղարաբաղի հայերի կոտորածների արշաւներին՝ ընդհուպ մինչեւ Խանքենդիի (Ստեփանակերտ) եւ Շուշիի հայերի ոչնչացումը[vi]: Ամէնայն հաւանականութեամբ սա Քեմալի կողմից Հալիլին տրուած յանձնարարականներից մէկը պիտի լինէր: Այժմ Հալիլին տրուող առաջադրանքը  փոխւում է՝ համոզել Կովկասեան մուսաւաթական թուրքերին «բոլշեւիկանալ» եւ միանալ «բոլշեւիկեան պետութիւնների խմբին»: Հենց Հալիլն էլ դիմաւորում է Ադրբեջան մտած Կարմիր բանակը:
Ադրբեջանի մուսաւաթական կառավարութիւնը բոլշեւիկներին յանձնելը համաձայնեցնելիս պէտք է որ Քեմալի կողմից վերջններիս լուրջ խոստումներ տրուած լինէր: Այդ տարիներին դեռ դժուար էր պատկերացնել, որ շատ շուտով «բոլշեւիկեան պետութիւնների խումբ» չի լինելու, լինելու է մէկ պետութիւն՝ ԽՍՀՄ: Բոլոր դէպքերում երկու եղբայրական թուրք երկրների առաջնորդները նպատակայարմար էին գտել «որոշակի պայմաններով» փոքրը՝ Ադրբեջանը ժամանակաւորապէս զոհաբերել մեծին՝ Թուրքիային, բայց փոխարէնը մեծացնել Խորհրդային Ադրբեջանի տարածքը: Դատելով Ադրբեջանցի որոշ հեղինակների դատողութիւններից՝ այդ համաձայնութեան խնդրում դեր է խաղացել նաեւ համատեղ հակահայկական ատելութեան գործօնը: Ադրբեջանցիները համաձայն էին իշխանափոխութեան՝ հայերին վնասելու եւ հայերից շահելու հեռանկարով: Չէ՞ որ թուրք-ռուսական համաձայնագրով «Թուրքական կառավարութիւնը յանձն էր առնում ռազմական գործողութիւններ սկսել իմպերիալիստական Հայաստանի դէմ», իսկ Ադրբեջանին խոստանում էր ընդարձակել առաջին անգամ պատմութեան թատերաբեմում յայտնուած Ադրբեջան պետութեան սահմանները: Յետագայում, 2008ին, Ադրբեջանցի Ֆարիդ Ալեքպերլին պիտի «խոստովանի» այն, ինչ վաղուց բոլորին պարզ էր՝ որ թուրք-ռուսական համաձայնագիրը Ադրբեջանի համար ամէնեւին վատ գործարք չէր, եւ դրա արդիւնքում «Շնորհիւ Թուրքիայի ճնշման եւ չնայած hայերի բոլոր առարկութիւններին Նախիջեւանը մնաց Ադրբեջանի կազմում (իրականում «չմնաց», այլ Հայաստանի մաս լինելով՝ տրուեց Ադրբեջանին, ինչպէս Լեռային Ղարաբաղը-Հ.Խ.), <…> ռուսները թուրքերին վերադարձրին այն, ինչ hայերն անուանում են Արեւմտեան Հայաստան, այսինքն՝ Կարսը, Սուրմալուն, Արդահանը եւ Էրզրումը, իսկ կտրտուած ու փոքրացուած դաշնակցական Հայաստանը յանձնեցին թուրքական բանակի դատին: <…> Ըստ էության, թուրքերի եւ բոլշեւիկների պայմանաւորուածութիւնները շահեկան էին նախ եւ առաջ Թուրքիայի եւ Ադրբեջանի, պակաս շահեկան էին Ռուսաստանի, եւ բոլորովին շահեկան չէին Հայաստանի համար»[vii]: Սակայն 1920ի գարնանը դեռեւս մեծ երաշխիքներ չկային, որ Լենին-Քեմալ ծրագիրն անպայման յաջողելու է, որ բոլշեւիկների իշխանութիւնը Ռուսաստանում ժամանակաւոր արկածախնդրութեան հետեւանք չէ, որ Մուստաֆա Քեմալն ինքը Օսմանեան կայսրութեան պետութեան դէմ գործող ապստամբ խռովարար չէ: Ադրբեջանում լուրջ չէին ընկալւում հասարակական կեանքի վերակառուցման բոլշեւիկեան սկզբունքները, առաւել անլուրջ էին ընկալւում հենց Ադրբեջանի բոլշեւիկները՝ Ն.Նարիմանովի գլխաւորութեամբ: Ադրբեջանի բոլշեւիկների մեծ մասը հայեր, ռուսներ, հրեաներ էին, ում նկատմամբ մեծ անվստահութիւն կար: Ճիշտ է՝ սրանց հակակշիռ էին այն իրողութիւնները, որ Ադրբեջանի մուսաւաթական կուսակցութեան համար Թուրքիան ամէնամեծ ձգողականութիւնն ունէր, Թուրքիան էր, որ յատկապէս 1918-20ին անընդհատ սատարել էր Ադրբեջանին եւ հենց հիմայ էլ սատարում էր Ադրբեջանի հայկական ջարդարարութիւնը, Թուրքիայի վերակայացումը Ադրբեջանի համար սեփական փրկութեան հնարաւորութիւն էր, առանց թուրքական օժանդակութեան Ադրբեջանը որեւէ հեռանկար չունէր, եւ ընտրութիւնը պիտի կանգ առնէր չարեաց փոքրագոյնի վրայ՝ ժամանակաւորապէս զիջել Քեմալի ցանկութեանը, յատկապէս որ այն պիտի ուղեկցուէր Հայաստանի դէմ պատերազմով:  Մյոս կողմից, Հալիլ փաշայի գլխաւորութեամբ, բնակչութեանը խաբում էին, որ ռուսական 11րդ բանակը բաղկացած է թուրք-թաթարներից, որ այդ բանակը Բաքւում միայն մի քանի օր կը մնայ եւ կը շարժուի Հայաստանի դէմ՝ միաժամանակ նպատակ ունէնալով հասնելու Թուրքիա եւ օգնելու Մուստաֆա Քեմալին: Մինչդեռ օսմանեան թուրքերը աստիճանաբար տեղաւորում էին խորհրդայնացուած ադրբեջանի կառավարման պաշտօններում[viii]: Ճիշտ է, Հալիլ փաշայի գործն առայժմ Բաքւում յաջողութեամբ աւարտուել էր եւ նրան ուղարկում են Մոսկուա:
Խորհրդային յայտարարուած Ադրբեջանում, իհարկէ, շարունակւում էին հայկական կոտորածները[ix]: Խորհրդայնացուած Ադրբեջանում այդ իմաստով ոչ միայն ոչինչ չէր փոխուել, այլեւ այն իրեն շատ խրախուսուած էր զգում «իմպերիալիստ», «շովինիստ», «իմպերիալիստների կամակատար» յայտարարուած հայերի նկատմամբ գործողութիւններում: Հայերի ջարդերի մէջ նոր գաղափարական մեկնաբանութիւն էր մտել՝ նրանք խանգարում են «արեւելքը բոլշեւիկացնելու» եւ «բոլոր ճնշուածներին պաշտպանելու» ռուս-թուրքական ծրագրի իրականացմանը: Քեմալին բնականաբար միացած թուրք կոմունիստները շտապում են վստահեցնել Ռուսաստանի իրենց կուսակիցներին, որ այսուհետեւ «միջազգային հակայեղափոխութեան ամէնասեւ բոյնի վերածուող» Հայաստանը երեք կողմից շրջապատուած է՝ Խորհրդային Ադրբեջանի, Խորհրդային Ռուսաստանի եւ ոտքից գլուխ զինուած ապստամբ Անատոլիայի կողմից, եւ մինչեւ Անտանտին չյաջողուի նուաճել ապստամբ Անատոլիան, Հայաստանը չի կարողանայ խանգարել Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ Խորհրդային Ռուսաստանի միութեանը[x]: Հայաստանի Հանրապետության տարածքի մահմեդական բնակչութեան շրջանում լայնօրէն քարոզւում էր, որ Խորհրդային Ռուսաստանի եւ Մուստաֆա Քեմալի օգնութեամբ շուտով կ՛ազատուեն ատելի հայերի իշխանութիւնից՝ խրախուսելով նրանց տեղական ապստամբական շարժումները, որոնք յատկապէս բուռն էին Զանգիբասարում եւ Դարալագեազում, ինչն իր հերթին յանգեցնում էր տեղի հայ բնակչութեան եւ Հայաստանի կառավարութեան պատասխան գործողութիւնների[xi]: 1920թ. սկզբից քեմալականների կողմից ուղարկուած սպաներն ու զինուորականները չեթէներ էին պատրաստում Հայաստանի թրքախօս մահմեդական բնակչութեան միջավայրում եւ դրդում նրանց ապստամբական գործողութիւնների, մյոս կողմից Ադրբեջանի կողմից անընդհատ դրամ էին ուղարկում այդ գործողութիւնները կազմակերպելու համար: Յայտնի եւ տեսանելի էր, որ «Զանգիբասարի, Երեւանի կից շրջանի մէջ, մահմետական գիւղացիները կը պատրաստէին խրամատներ, կը քանդէին հորեր, կը տեղաւորէին գնդացիրներ»[xii]: Ձերբակալուել եւ դատարանում խոստովանական ցուցմունք էր տուել Զանգիբասարի ապստամբ մահմեդական բնակչութեանը Հայաստանում Ադրբեջանի պաշտօնական ներկայացուցիչ Խան Թեքինսկու յովանավորութեամբ դրամ տանող խումբը: Նոյն կերպ հաստատուել էր, որ Ադրբեջանի կառաւարութիւնը 5 մլն ռուբլի էր ուղարկել Շարուրի ապստամբ մահմեդական բնակչութեանը: Հայաստանի կառաւարութեան կողմից այս երեւույթները զսպօղ կամ պատժիչ գործողութիւնները Թուրքիայում լայնօրեն ներկայացւում էին որպէս Հայաստանի մահմեդական բնակչութեան կոտորածներ՝ բորբոքելով ատելութիւնն ու հայերից բխօղ վտանգի զգացողութիւնը:
Ըստ փաստաթղթերի՝ Խորհրդային Ռուսաստանում 1920ի ապրիլից յետոյ նուազագոյնը մինչեւ 1921ի սկիզբ երկու զուգահեռ իրարամերժ տեսլական եւ ծրագրեր, կամ առնուազն՝ պատկերացումներ կային ռուս-թուրքական յարաբերութիւնների սկզբունքների եւ գործողութիւնների շուրջ, մէկը՝ Ռուսաստանի Արտաքին յարաբերութիւնների Ժողկոմ Գ.Չիչերինի, մյոսը՝ Ստալինի կողմից գլախաւորուող «Կովկասեան բոլշեւիկների» խմբի (Ստալին, Ս.Օրջոնոկիձէ, Ն.Նարիմանով, Բ.Մդիւանի[xiii], Ա.Միկոեան եւ այլք): Այս հարցում յիշեալ հիմնական դերակատարները գործում էին երբեմն հակոտնեայ ծրագրերով, փորձում էին ազդել մէկը մյոսի վրայ, «Կովկասեան խումբը» երբեմն ընթացիկ զարգացումների մասին տեղեկութիւններ էր թաքցնում Չիչերինից եւ խնդիրները քննարկում ուղղակի Ստալինի հետ, իրավիճակը հասնում էր մի կէտի, երբ արդէն անհնար էր ազդել դէպքերի ընթացքին եւ սկսում էին ճնշում գործադրել իրենց ցանկալի լուծումների ուղղութեամբ: Սկզբում սա յստակ երեւում է Ադրբեջանի պահանջների նկատմամբ դիրքորոշումներով, ապա նաեւ՝ քեմալականների:
 
Շատ յատկանշական է Յունիսի 4ի Չիչերինի նամակը Քեմալին, որում նա փորձում է  ընդհանուր բնոյթի նախնական համաձայնութիւնները կոնկրետացնել, ի թիուս այլոց նաեւ հայերի՝ որպէս փոքրամասնութեան, եւ Հայաստանի հարցում: Բարձր բարոյական մակարդակի յաւակնող այս ուշագրաւ նամակի տեքստը հաւանաբար իմաստ ունի ներկայացնել ամբողջովին. «4 Յունիսի 1920թ.: Խորհրդային կառավարութիւնը պատիւ ունի հաստատելու <Ձեր> նամակի ստացումը, որում Դուք ցանկութիւն եք յայտնում նրա հետ մշտական յարաբերութիւններ հաստատելու եւ երկու երկրներին սպառնացող արտասահմանեան իմպերիալիզմի դէմ պայքարին մասնակցելու: Խորհրդային կառավարութիւնը բաւականութեամբ ընդունեց Անկարայի Ազգային Մեծ Ժողովի կողմից գլխաւորուող թուրքական նոր կառավարութեան արտաքին քաղաքականութեան սկզբունքները, որոնք յայտարարում են. 1)Թուրքիայի անկախութեան հռչակում, թ) Անվիճելիօրէն թուրքական տարածքների ներառում թուրքական պետութեան կազմի մէջ, 3) Արաբիան եւ Սիրիան որպէս անկախ պետութիւնների հռչակում, 4) Ազգային Մեծ Ժողովի կողմից ընդունուած որոշումներով Թուրքական Հայաստանի, Քուրդիստանի, Լազիստանի, Բաթումի մարզի, Արեւելեան Թրակիայի եւ թուրք-արաբական խառը տարրով տարածքների բնակչութեանը իրենց ճակատագիրը որոշելու հնարաւորութիւն: Ինքնին հասկանալի է, որ այս տարածքներում ազատ ռեֆերենդումը անց կը կացուի իրենց կամքից անկախ պատճառներով իրենց հայրենիքը թողած փախստականների եւ էմիգրանտների  մասնակցութեամբ եւ հայրենիք վերադառնալով, 5)Ազգային Մեծ Ժողովի կողմից գլխաւորուող թուրքական նոր պետութեան կողմից Եւրոպական պետութիւնների <նման>, աւելի ազատ հասարակարգով, ազգային փոքրամասնութիւնների ազգային իրաւունքների ճանաչում, 6)Նեղուցների հարցի որոշում՝ Սեւ ծովի առափնեայ պետութիւնների յանձնում,  7) Կապիտուլիացիաների եւ արտասահմանեան տնտեսական վերահսկողության ոչնչացում, 8)Արտասահմանեան պետութիւնների ցանկացած տեսակի ազդեցութեան ոլորտների վերացում: Խորհրդային կառավարությիւնը տեղեկացուած է իմպերիալիստական պետութիւնների դէմ պայքարում Ձեր աշխատանքները եւ Ձեր ռազմական գործողութիւնները ճնշուած ժողովուրդների ազատութեան բարձրագոյն իդէալներին համապատասխանեցնելու Ազգային Մեծ Ժողովի որոշմանը: Խորհրդային կառավարութիւնը յոյս ունի, որ դիւանագիտական բանակցութիւնները թոյլ կը տան Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովին՝ մի կողմից, եւ Հայաստանին ու Պարսկաստանին՝ մյոս կողմից, արդարութեան եւ ժողովուրդների ինքնորոշման հիմայն վրայ ճշգրիտ սահմաններ հաստատել: Խորհրդային կառավարութիւնը շահագրգիռ կողմերի հրաւէրով միշտ պատրաստ է իր վրայ վերցնել միջնորդի պարտաւորութիւնը: Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ ամուր բարեկամութիւն եւ բարեկամական յարաբերութիւններ հաստատելու նպատակով Խորհրդային կառավարութիւնն առաջարկում է անմիջապէս դիւանագիտական եւ հիւպատոսական ներկայացուցչութիւններ հաստատել: Խորհրդային կառավարութիւնը բարեկամութեան ձեռք է մեկնում աշխարհի բոլոր ժողովուրդներին, անխախտելիօրէն հաւատարիմ <մնալով> իւրաքանչիւր ժողովրդի ինքնորոշման  իրաւունքի ճանաչման իր սկզբունքին…
Արտաքին գործերի Ժողովրդական կոմիսար Չիչերին»[xiv]:
 
Ակնյայտ է, որ Չիչերինը լաւ տեղեակ չէր բանակցութիւնների ընթացքին եւ հասկանալի է, որ «արդարութեան եւ ժողովուրդների ինքնորոշման» մասին Չիչերինի եւ Քեմալի պատկերացումները շատ տարբեր էին: 1920ի սեպտեմբերի 4ին Չիչերինը առաջարկում էր Քեմալի ձախ հայեացքներով շրջապատի մարդկանց համոզել, որ Քեմալը ծայրահեղ սխալ է անում՝ ռուսների հետ բանակցութիւնների համար ընտրելով թուրքական վարչարարների հին հոգեբանութեան ներկայացուցիչ Բեքիր Սամիին, որը  խալիֆայութիւնը եւ սահմանների անձեռնմխելիութիւնը պահպանելու կողմնակիցներից է. «Մինչդեռ մենք անհրաժեշտ ենք համարում ինքնորոշուած Թուրքիայում հայերի թուին համապատասխան Հայաստանի ձեւաւորումը, որն իրաւունք կ՛ունէնայ միանալու Ռուսական Հայաստանին: Ինքնորոշման իրաւունքի դէմ Բեքիրի կտրուկ քննադատութիւնը տուեալ դէպքում վտանգում է Թուրքիայի եւ Ռուսաստանի յարաբերութիւնները, քանզի մենք չենք կարող օժանդակել Թուրքիայի ճնշուած ժողովուրդների իշխանութեանը»[xv]: Սվազի կոնգրեսից սկսած  Քեմալի շարժմանն աջակցող,  հյուսիսկովկասեան՝ օսական ծագումով Բեքիր Սամին, ինչպէս մոհաջիր հյուսիսկովկասցիների մեծ մասը, թշնաբար էր վերաբերում Ռուսաստանին առհասարակ, բոլշեւիկներին՝ մասնաւորապէս, քեմալիստների եւրոպամետ թեւից էր, Փետրուարից զուգահեռ մասնակցում էր նաեւ Անգլիայի հետ բանակցութիւններին, բայց ներկա փուլում Ռուսաստանի հանդէպ իր կոշտ դիրքորոշմամբ բաւարարում էր Մուստաֆա Քեմալի  ներկա փուլի պահանջներին:
Մինչ Չիչերինը ուղիներ էր փնտրում «բոլշեւիկյան գաղափարներով» ազդելու «բոլշեւիկացող Թուրքիայի» որոշումներին, նա չէր կարողանում ազդել հենց խորհրդային Ռուսաստանում եւ Ադրբեջանում տեղի ունեցող գաղափարական եւ փաստական գործընթացներին: Ադրբեջանում վստահ էին, թերեւս նոյնիսկ յստակ գիտէին, որ  թուրք-ռուսական բանակցութիւններում «Ադրբեջանի խորհրդայնացման գնի» մէջ էին մտնում նաեւ հայկական Նախիջեւանը, Ղարաբաղն ու Զանգեզուրը: Սրա վերաբերյալ նախնական քննարկումներում քիչ նիւթ կայ Ռուսաստան-Թուրքիա փաստաթղթերում, փոխարէնը այն յստակ երեւում է «բոլշեւիկեան գրագրութիւնում»: Չհամբերելով, մինչեւ Թուրքիան ռազմական գործողութիւններ կը սկսի Հայաստանի դէմ, նոր խորհրդայնացուած Ադրբեջանը Մայիսի 20ին Իջեւանի կողմից խորհրդային բանակի երկու զինուած հեծեալ գունդ է մտցնում Հայաստանի Հանրապետութեան տարածք[xvi], եւ Կարմիր Բանակի զօրամիաւորումներ ուղարկում Ղարաբաղ[xvii], ինչպէս նաեւ յայտարարում, որ Զանգեզուրից ու Ղարաբաղից զատ պէտք է Ադրբեջանին յանձնուի նաեւ Շարուր-Դարալագեազը[xviii]: 1920ի Յունիսի 19ին Կովկասեան բոլշեւիկներից Ստալինի խումբը համարուող Ադրբեջանի Յեղկոմի նախագահ Նարիման Նարիմանովը, Կովկասեան երկրամասային գործադիր կոմիտէի անդամ Բ. Մդիւանին, Ադրբեջանի Կոմունիստական Կուսակցութեան Կենտկոմի անդամ Ա. Միկոյեանը եւ Ռուսաստանի Կոմունիստական Կուսակացութեան Հայկական կոմիտէի անդամ Ա.Նուրիջանեանը հեռագիր են ուղարկում Ռուսաստանի Արտաքին գործերի Ժողկոմ Գեորգի Չիչերինին՝ անվերապահօրէն պահանջելով «արդէն խորհրդային Ադրբեջանի կազմի մէջ մտած իբրեւ թէ վիճելի Զանգեզուրն ու Ղարաբաղը [ճանաչել] անվիճելի եւ [ընդունել], որ այսուհետեւ պէտք է մնան Ադրբեջանի սահմաններում»[xix]: Նոյն Յունիսի 19ին Գ.Չիչերինը ստանում է նաեւ Ռուսաստանի Կոմունիստական Բոլշեւիկյան Կուսակցութեան Կովկասեան Բիւրոյի եւ Յեղափոխական Ռազմական Խորհրդի Կովկասեան ճակատի անդամ Գ.Օրջոնոկիձէի հերթական հեռագիրը. «Ադրբեջանը հաւակնում է Ղարաբաղին, Զանգեզուրին, Նախիջեւանին եւ Շարուր-Դարալագեազին: Ղարաբաղում եւ Զանգեզուրում հռչակուել է խորհրդային իշխանութիւն, եւ յիշեալ տարածքներն իրենց համարում են Խորհրդային Ադրբեջանի Հանրապետութեան մաս: Նախիջեւանն արդէն մի քանի ամիս գտնւում է մահմեդական ապստամբների ձեռքին: Շարուր-Դարալագեազի գաւառի մասին տեղեկութիւններ չունեմ: Ադրբեջանը ոչ մի կերպ չի կարող առանց Ղարաբաղի եւ Զանգեզուրի մնալ»[xx]: Այս հեռագրից ընդամէնը  տաս օր առաջ, Յունիսի 9ին, Ղարաբաղի Հայրենակցական միութեան Թիֆլիսի ներկայացուցչութիւնը Ս.Փիրումովի եւ Ա.Երզնկեանցի ստորագրութեամբ դիմել էր Մոսկուա՝ բողոքելով Կովկասում Խորհրդային Ռուսաստանի իշխանութիւնը ներկայացնող Օրջոնոկիձէի հովանաւորութեամբ Ադրբեջանի Յեղկոմի կողմից Ղարաբաղի բնակչութեան նկատմամբ Ադրբեջանի մուսաւաթական իշխանութեան ճնշման գործողութիւնները շարունակելու, հակահայկական նացոնալիստական տրամադրութիւնները բորբոքելու, Ղարաբաղի մահմեդական բէյական ճնշումներին բնակչութեան ընդդիմութիւնը «հակայեղափոխական» որակելու դէմ եւ խնդրել էր անկախ ճանաչել Խորհրդային Ղարաբաղը[xxi]: Մոսկուան, անշուշտ նաեւ Չիչերինը հիանալի գիտէր, որ ոչ Ղարաբաղը, ոչ Զանգեզուրը իրենց Ադրբեջանի մաս չեն համարում:
Ղարաբաղը, հաւանաբար նաեւ Զանգեզուրը Ադրբեջանին յանձնելը, ի վերջոյ, մտնում էր Ադրբեջանի խորհրդայնացման Թուրքիային տրուելիք «քաղաքական կաշառքի» գնի մէջ, բայց «Կովկասեան բոլշեւիկները» շատ էին շտապում՝ խանգարելով Թուրքիայի գործողութիւնների որոշ զսպուածութեանն ու Հայաստանի եւ Վրաստանի կառավարութիւններին ուղղուած  Խորհրդային Ռուսաստանի դիւանագիտութեանը: Նրանց «ախորժակը բացուել էր» եւ հիմայ արդէն պահանջում էին Ադրբեջանին յանձնել նաեւ Նախիջեւանն ու Շարուր Դարալագեազը:
Գ.Չիչերինը նոյնիսկ ստիպուած է լինում Յունիսի 29ին պաշտօնապէս դիմելու Ռուսաստանի Կոմկուսի Քաղբիւրոյին.  «Բաքուի ընկերների անկազմակերպուածութիւնը եւ նրանց գործունէութեան ու ԿԿի կողմից հաստատուած քաղաքական գծի մէջ աղաղակող հակասութիւնները հարկադրում են նրանց սանձելու միջոցներ ձեռնարկել: Այդպիսի ձեռնարկում կարող է լինել այստէղից [Մոսկուայից] Ժողկոմխորհի [Ժողովրդական կոմիսարների խորհուրդ] լիազորութիւններով, Կովկասեան խմբի գործիչների հետ կապ չունեցող, հեղինակաւոր ընկերոջ Բաքւում ներկայացուցիչ նշանակելը: Այն դէպքում, երբ ԿԿն որոշել է Վրաստանի եւ Հայաստանի բուրժուական կառավարութիւնների հետ համաձայնողական գիծ վարել <եւ> այնտէղ Անտանտի ոտքի տակի հողը խարխլել դիւանագիտական ճանապարհով՝ մեր ուժերն այլեւս այդ ուղղութեամբ շեղելը համարելով ոչ այժմէական, բաքուեցի ընկերներն իրենց գործողութիւններով ձախողում են համաձայնութիւնները, մերժում են Հայաստանի հետ համաձայնութեան ԿԿին անհրաժեշտ որոշումը, նպաստում են ապստամբութիւններին, պնդում են Ադրբեջանին միացնել այն վիճելի տարածքները, որոնք որոշուած է գրաւել մեր ուժերով եւ որոնց միացումն Ադրբեջանին լիովին անհնար կը դարձնեն Հայաստանի հետ համաձայնութիւնը: Բաքուի ընկերների այս ողջ ռազմական  քաղաքականութիւնը արմատապէս <հակասում է> ԿԿի հաստատած գծին: Վերջինիս ձախողումից խուսափել հնարաւոր է միայն այն դէպքում, եթէ Կենտրոնի հեղինակաւոր ներկայացուցիչը պարբերաբար զսպի տեղական ընկերներին…»[xxii]:
«Բաքուի ընկերներն», այնուամէնայնիւ, շարունակում են Ղարաբաղի եւ Զանգեզուրի պահանջներով նամակներով ու հեռագրերով «ռմբահարել» Մոսկուան: Այս խնդրի շուրջ բազմաթիւ գրագրութիւններից ուշագրաւ է Սերգօ Օրջոնոկիձէի 1920ի Յուլիսի 3ի հեռագիրը Չիչերինին այն մասին, որ Ղարաբաղն ու Զանգեզուրը անյապաղ պէտք է ճանաչել Ադրբեջանի կազմում, «դրանք վիճելի թողնելու դէպքում անկասկած գրաւուելու են թուրքերի կողմից եւ ողջ հայ բնակչութիւնը կոտորուելու է: Մենք դա ոչնչով կանխել չենք կարող»[xxiii]: Զանգեզուրն ու Ղարաբաղը Ադրբեջանին անմիջապէս չտալու դէպքում դրանց «ողջ հայ բնակչութիւնը կոտորուելու է» սպառնալիքը, իհարկե, կարելի է նաեւ ոչ թէ ակնյայտ երեւույթի կանխատեսում, այլեւ շանտաժի փորձ համարել, քանի որ հենց նոյն պահին արդէն խորհրդայնացուած Ադրբեջանում շարունակւում էին հայերի կոտորածները, եւ ոչ Ադրբեջանի, ոչ Ռուսաստանի բոլշեւիկ իշխանութիւնները ոչինչ չէին անում դրանք դադարեցնելու:  Բոլորն էին հասկանում, թէ ինչ են անում եւ ինչ է սպասւում հայ բնակչութեանը: Թուրքական բանակների մուտքից յետոյ Խորհրդային Ռուսաստանը չէր միջամտելու հայերի կանխատեսելի կոտորածներին՝ անկախ նրանից, թէ Ղարաբաղն ու Զանգեզուրը Հայաստանի կամ Ադրբեջանի կազմում կը լինեն, բայց քեմալականների՝ Հայաստանի Հանրապետութեան դէմ նախապատրաստուող պատերազմը պէտք է նախնական երաշխիքներ տար խորհրդայնացած Ադրբեջանին, որ իրենց խորհրդայնացումը միայն Թուրքիային զոհաբերութիւն չէ, եւ որ իրենք կը ստանան առնուազն հայկական Նախիջեւանը, Ղարաբաղն ու Զանգեզուրը: Խորհրդային Ռուսաստանի դիրքորոշումն այս հարցում նոյնպէս միանշանակ չէր, աւելի ճիշտ կը լինի ասել՝ քաղաքական միասնական ծրագիր չկար եւ դրանք ընդունւում էին դէպքերի զարգացումներին համընթաց՝ հակոտնեայ գաղափարները գլխաւորող երկու ուժերի՝ Խորհրդային Ռուսաստանի Արտաքին Գործերի Ժողկոմ Գեորգի Չիչերինի եւ Կովկասեան բոլշեւիզմը գլխաւորող Իոսիֆ Ստալինի միջեւ մրցակցութեամբ: Չիչերինը պնդում էր Ղարաբաղն ու Զանգեզուրը առայժմ վիճելի թողնելու եւ ռուսական բանակի ազդեցութեան գօտի դարձնելու շահեկանութիւնը, Ստալինը կողմ էր Ադրբեջանին կցելու ծրագրին: Մինչ Ռուսաստանի եւ «Կովկասեան» բոլշեւիկները վիճում էին Ղարաբաղի, Զանգեզուրի, Նախիջեւանի պատկանելութեան իրենց դիրքորոշումների շուրջ, քեմալական թուրքական բանակը մտնում է Նախիջեւան: Յուլիսի 7ին Օրջոնոկիձէն հեռագրում է Լենինին, Ստալինին եւ Չիչերինին, տեղեկացնելով որ «Նախիջեւանը, Օրդուբադը եւ այս շրջանի հիւսիսային մասը գրաւուած է Բայազեթի 9 հազար սուին հաշուող դիւիզիայի կողմից…ես խորապէս համոզուած եմ, որ Ադրբեջանում խորհրդային իշխանութիւնը ամրապնդելու եւ Բաքուն պահելու համար պէտք է միացնել Լեռնային Ղարաբաղը եւ Զանգեզուրը: Այս շրջանի հայերի անվտանգութիւնը Ադրբեջանը գլխով է երաշխաւորում»[xxiv]: «Ու՞մ գլխով» էր երաշխաւորում Խորհրդային Ադրբեջանը հայերի անվտանգութիւնը:
Յուլիսի 7ին կամ 8ին Օրջոնոկիձէն հեռագրում է Լենինի քարտուղարներից մէկին՝ Ստալինի տիկնոջը՝ Ն.Ալելուեւային. «…վաղը ես մեկնում եմ Բաքու: <…> Որտե՞ղ է այժմ Ստալինը: <Ստալինին պէտք է ասել>, որ իմ առաջարկութիւնն անհրաժեշտ է ընդունել: Ինձ եւ առհասարակ մեզ բոլորիս  շատ է հետաքրքրում նրա կարծիքն այս հարցի մասին… Նրան հաղորդէք, որ Չիչերինն ու Կարախանը (հայազգի Լեւ Կարախանը Չիչերինի տեղակալն էր-Հ.Խ.) ինձ կրկին կը դնեն անելանելի վիճակում: Նրա պատասխանն ինձ յայտնէք մինչեւ մեկնելս»[xxv]: Ստալինը, ի պատասխան Օրջոնոկիձէի հարցման, Յուլիսի 8ին հեռագրով տեղեկացնում է «իր կարծիքը». «[…] Իմ կարծիքով պէտք է որոշակիօրէն պաշտպանել կողմերից մէկին, տուեալ դէպքում, իհարկէ, Թուրքային Ադրբեջանի հետ միասին: Ես խօսել եմ Լենինի հետ: Նա չի առարկում»[xxvi]: Սա կարծիք չէր, դիրքորոշում էր եւ հրահանգ, որին «Լենինը չի առարկում»Պարզ է, թէ ինչու յաջորդ օրը՝ Յուլիսի 10ին Կովկասեան բոլշեւիկների ստալինեան «փունջը»՝ Ադրբեջանի Յեղկոմի նախագահ Նարիմանովը, Ռուսաստանի Կոմկուսի Կովկասեան բիւրոյի անդամ Մդիւանին, Ադրբեջանական Կոմկուսի Կենտկոմի անդամներ Միկոյեանը, Նանայշվիլին, 11րդ Կարմիր բանակի Յեղափոխական Ռազմական Խորհրդի անդամներ Վեսնիկը, Լեւանդովսկին, Միխայլովը եւս մի «յոյժ գաղտնի» երկարաշունչ նամակ են ուղարկում Մոսկուա՝ պահանջելով Ղարաբաղի եւ Զանգեզուրի շուտափոյթ կցումը Ադրբեջանին[xxvii], եւ նոյն Յուլիսի 10ին 11րդ Կարմիր Բանակի հրամանատար Լեւանդովսկին տեղեկացնում է Թիֆլիսում Խորհրդային Ռուսաստանի ներկայացուցիչ Ս.Կիրովին, որ Կարմիր Բանակը մտել է Զանգեզուր[xxviii]: 1920ի Յուլիսի 12ին Թուրքիայից ուղարկուած բանագնացը՝ ոմն Շարիֆ Եունուս,  Բաքու հասնելով, տեղեկացնում է, որ թուրքական կողմը շուտով կը սկսի Հայաստանի դէմ պատերազմը, իսկ առայժմ միայն գրաւել են Հայաստանի դէմ ճակատի կարեւոր մարտավարական դիրքերը, եւ Մոսկուայից տեղեկութիւն ստանալով, որ այդ գրաւումը ժամկէտից շուտ է եղել՝ կանգ են առել: Բանագնացը տեղեկացնում է Քեազիմ Կարաբեքիր փաշայի «վճռական խնդրանքն» այն մասին, որ մինչ հիմնական գործողութիւնների ծաւալումը, «եղբայրասպան գործողութիւնները դադարեցնելու համար», Կարմիր Բանակը գրաւի Ղարաբաղը եւ կապուի իր հետ: Խնդրանքը խիստ պնդողական է[xxix]: Քեազիմ Կարաբեքիրի «խիստ պնդողական խնդրանքն» արդէն պահանջ էր: «Եղբայրասպան գործողութիւններն» արդէն իսկ ծաւալւում էին ողջ թափով. Զանգեզուր եւ Ղարաբաղ էր մտել ոչ միայն Խորհրդային Ռուսաստանի Կարմիր Բանակը, այլեւ Խորհրդային Ադրբեջանի բանակը[xxx]: Կարմիր Բանակն Ադրբեջանի տարածք էր մտել ոչ միայն Ադրբեջանի խորհրդայնացումը հաստատելու, այլեւ Ադրբեջանի վրայով Հայաստան անցնելու եւ արեւմուտքից Նախիջեւան մտած թուրքական զօրաբանակներին օգնելու: Մուսաւաթական Ադրբեջանի Ազգային անվտանգութեան նախարար Նագի Կեյկուրունը յետագայում գրում է, թէ երբ «ռուսական Կարմիր Բանակը  պիտի հիւսիսից Ադրբեջան մտնէր, դեռեւս գործող մուսաւաթական «իշխանութիւնները Ղուբայի գաւառապետին հրահանգել էին առնուազն մէկ կիլոմետր երկարութեամբ քանդել երկաթգիծը: Սակայն ստախօս Հալիլ բէյը խաբում է Ադրբեջանի Պաշտպանութեան նախարարի տեղակալ գեներալ Շիխլինսկուն, թէ ռելսերը քանդուած վիճակում Կարմիր Բանակը չի կարողանայ հասնել Անատոլիա եւ օգնել Աթաթիւրքին (այն ժամանակ Մուսատաֆա Քեմալը դեռեւս «Աթաթիւրք» ազգանունը չէր կրում, բայց Նագի Կելկուրունը իր յիշողութիւնները գրել է շատ աւելի ուշ, հրատարակել՝ 1964ին, երբ Մուստաֆա Քեմալին միայն Աթաթիւրք էին կոչում-Հ.Խ.): Շիխլինսկին կարգադրում է վերականգնել երկաթգիծը … եւ ապրիլի 27ին Կարմիր Բանակը ներխուժում է Բաքու»[xxxi]: Սա այն քիչ դէպքերից էր, երբ Հալիլ բէյին յանիրաւի են «ստախօս» անուանել, նա  չէր խաբել, Ադրբեջան մտնող ռուսական Կարմիր Բանակը թուրք-ռուսական համաձայնեցուած գործողութիւններով իսկապէս պիտի  Հայաստանի վրայով միանար Նախիջեւանում հաստատուած Քեազիմ Կարաբեքիրի գլխաւորած թուրքական բանակին: Այլ խնդիր է, որ նոյն համաձայնութեան շրջանակներում նոյն բանակն օկուպացնում էր նաեւ Ադրբեջանը: Պէտք է ենթադրել, որ Ադրբեջանի մուսաւաթական իշխանութիւններն իսկապէս հաւատացրել էին, որ խորհրդայնացող Ադրբեջանը ինքնուրոյն եւ սեփական բանակով երկիր է լինելու եւ նրանք պատրաստւում էին ընդդիմանալ Կարմիր Բանակի մուտքին:
Իրենց դիմադրող Զանգեզուրի հայ բնակչութեանը կոտորելով՝ բոլշեւիկներն ամէն գնով փորձում էին Զանգեզուրի վրայով միանալ Նախիջեւանում կոտորածներ սկսած Բայազեթի թուրքական զօրաբանակին: 1920ի Օգոստոսի 14ին, ելոյթ ունէնալով իր իսկ ստեղծած Ազգային Մեծ ժողովում, Մուստաֆա Քեմալը կ՛ասի.  «Պարոնայք, բոլշեւիկների X եւ XI բանակների շնորհիւ մենք կարողացանք ճեղքել Արեւելեան եւ Կովկասեան ճակատները: Մեր խորհուրդները, ազդեցութիւնը եւ օժանդակութիւնը նրանց թոյլ տուեց հեշտութեամբ յաղթահարել Հիւսիսային Կովկասն ու մտնել Ադրբեջան»[xxxii]:
Ապստամբ Մուստաֆա Քեմալի յաջողութիւնները լրջօրէն ազդում էին Ստամբուլում գտնւող եւ Սեւրի պայմանգիրը քննարկող դաշնակիցների հետ ամագործակցող օսմանեան օրինական իշխանութիւնների վրայ: Մինչ այդ «միլլիականներին»՝ քեմալական ազգայնականներին վտանգաւոր համարող եւ նրանց դէմ պայքարող վարչապետը՝ Ֆերիտ փաշան Յունիսից սկսում է խուսափողական դառնալ: Կ.Պոլսում գտնուող հայերը եւ դէպքերի ընթացքը դեռ չհասկացող հայկական թերթերը, որ Յունիս-Յուլիս ամիսներին քննարկում էին յոյն-թուրքական ռազմական խնդիրները, Յունիսի կէսերին նկատում են, որ դեռ երէկ Ֆերիտ փաշան լիովին յենւում էր իթթիհատի կամ միլլիի երդուեալ հակառակորդների վրայ, իսկ իմա անորոշ եւ խուսափողական է թւում: «Երկիր» թերթը 1920ի Յունիսի 24ի «Կախաղաններ հոս, կախաղաններ հոն» յօդուածում գրում է, որ չնայած գաւառներում միլլին շարունակում է իր բոլոր խժդժութիւնները, «վերջերս մանաւանդ միլլին իր տիրապետութիւնը հիմնած է համայնատարած կարմիր թէռէոռի վրայ, եւ կախաղաններու անհատնում շարքը կ՛ապացուցանէ, թէ որ եւ է պայմանով չպիտի զգաստանան ու հանդարտուին այդ արիւնարբու արկածախնդիրները, մինչեւ որ յաջողին դարձեալ իրենց մենատիրութիւնը ապահովել», այնուամէնայնիւ կենտրոնական իշխանութիւնը, մասնաւորապէս Տամատ Ֆերիտը, որ կախաղաններով էր պատասխանում «միլլիճիների» յանդգնութիւններին, դարձել է վերապահողական: «Մեզի համար առեղծուած կը մնայ այս հարցը եւ մանաւանդ անհասկանալի կեդրոնի թուլութիւնն ու անհետեւողականութիւնը»[xxxiii]: Նոյն թերթը ներկայացնում է նաեւ թուրքական  Բեյան Սապահ թերթի դժգոհութիւնն այն մասին, որ «Մուստաֆա Քէմալի չէթեները…կը կեղեքեն, կը կողոպտեն անզեն ու անպաշտպան ժողովուրդը», մեծ լիազօրութիւններ են տուել Անատոլիայի աւազակախմբերին այնպէս, որ «չէթէապետը ամէն տեսակ բռնութիւն կրնայ գործել յանուն ազգային բաղձանքներուն. օրինակի համար կրնայ գիւղ մը մտնել եւ հազարաւոր ոսկիներ պահանջել, իսկ եթէ որ եւ է ընդդիմութեան հանդիպի՝ առանց այլեւայլութեան կախել, սպաննել»: Բեյան Սապահ թերթի յօդուածագիրը գտնում էր, որ թուրքական բոլոր սխալներից յետոյ Անկարայում հաւաքուող  աւազակներին միանալը հաւասար է ինքնասպանութեան[xxxiv]: Ուշագրաւ է, որ դէպքերի իրական զարգացումներին անտեղեակ պոլսահայերը լիովին հանգստացել էին թէ ադրբեջանական, թէ ռուսական վտանգի հեռանկարից. «Ադրպեճան վտանգ մը չէ Հայաստանին» յօդուածը ընթերցողներին տեղեկացնում է, որ «Ադրպեճան այլեւս չի կրնար վտանգ սպառնալ ոչ Հայաստանին եւ ոչ ալ Վրաստանին, որովհետեւ գոյութիւն չունի այլեւս, <իսկ> ռուսական վտանգ չկայ, արդէն իրենք ալ կ՛ըսեն, թէ Հայաստանի վրայ չէն յարձակիր, որովհետեւ աւերակ եւ անհաց երկիր մըն է»[xxxv]: Սա՝ այն ժամանակ, երբ Ադրբեջանն ու Ռուսաստանը ամէնայն արագութեամբ զբաղուած էին թուրք-հայկական պատերազմի նախապատրաստութիւններով:
Խորհրդային Ռուսաստանի օգնութեամբ եւ մասնակցութեամբ նախապատրաստուած թուրք-հայկական պատերազմի ընթացքի որոշ մանրամասներին անդրադառնալը անհրաժեշտ է թւում, քանի որ դրանք հիանալի լուսաբանում են Թուրքիայում մնացած հայերի հետ յետագայում վարուելու թուրքական իշխանութիւնների ձեռք բերած «իրաւունքները»:
lragir.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
1908,երիտթուրքական-հեղափոխություն,արևմտահայություն,բազմահազարանոց-ցույցեր,հայությունը-երիտթուրքերի-ցույցերում,ազատություն-հավասարություն-եղբայրություն , Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
1908 թվականի Երիտթուրքական հեղափոխության օրերին արևմտահայությունը մասնակցում էր բազմահազարանոց ցույցերին «ազատություն, հավասարություն, եղբայրություն» կարգախոսներով:
1919-1920,հայաստան,երևան,բաթումի,բաթումի-նավահանգիստ,թուրք-թաթար-թալանչիներ,բրիտանացի-զինվորների-վերահսկողության-տակ-գտնվող-զր,ամերիկյան-և-բրիտանական-մարդասիրական-օգնություն,բաթում-երևան-կյանքի-երկաթգիծը , 1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
«Ազատության պաշտպան» զրահագնացքի բրիտանական զինվորական անձնակազմը, Երևան, 1920 թ.
ամն,թուրքիայի-դաշնակից-ամն,եվրոպական-մեծ-տերություններ,թուրքիա,խորհրդային-միություն,հայոց-ցեղասպանություն,երկրորդ-աշխարհամարտ,հայկական-հարց,արևմտյան-հայաստանի-վերադարձի-ծրագիր,վահրամ-հովյան , Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Եվրոպական մեծ տերությունները և Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում են Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը։ ԱՄՆ-ի ու Թուրքիայի հարաբերություններում կային որոշակի կնճիռներ։ Այդ համատեքստում 2021-ին ԱՄՆ-ն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, թեև գործնականում մեծ հաշվով դա ոչինչ չի տալիս Հայկական հարցին։
հայ-ադրբեջանական,կոնֆերանս․,բաքու,1919-ի,դեկտեմբերի,14 , Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական կոնֆերանսին կմասնակցեն Ֆաթալի Խան Խոյսկին, Մամեդ Հասան Հաջինսկին և Մամեդ Ռզա Վեքիլովը։
հայերը,թուրքիան,ռուսաստանը,եւ,արեւմուտքը.,հայացք,1891,թվականից , Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Ներկայացնում ենք 1891 թվականի ապրիլին ամերիկյան The Atlantic Monthly ամսագրում հրապարակված Սեմյուել Գրին Ուիլեր Բենջամինի The Armenians and the Porte հոդվածի հայերեն թարգմանությունը:
ալեքսանդր-սոլժենիցինի-նոբելյան-պատմությունը,գրականության-նոբելյան-մրցանակ,շվեդիա,խսհմ,խսհմ-գերագույն-խորհուրդ,ստալինյան-ճամբարներ,հայրենիքից-բռնի-աքսոր,ռուս-ականավոր-մտածող-և-գրող,ալեքսանդր-սոլժենիցին , Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Խորհրդային Միությունում Սոլժենիցինին Նոբելյան մրցանակ շնորհելը ռումբի պայթյունի էֆեկտ ունեցավ։ Շատերն անկեղծորեն ուրախացան ռուս վառ և ազնիվ գրողի համաշխարհային ճանաչման համար: Սակայն իշխանությունները և պաշտոնական գրական հանրությունը թշնամաբար են ընդունել Շվեդիայի ակադեմիայի որոշումը։ ԽՄԿԿ Կենտկոմը Նոբելյան մրցանակակրին վարկաբեկելու մի ամբողջ ծրագիր էր մշակել։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: