ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Անհերքելի է այն փաստը, որ հենց հայկական գյուղն է կռել Հայաստանի Հանրապետության հիմքերն ու դրել հիմնասյուները

Առաջին Հանրապետության վարչապետ Ալեքսանդր Խատիսյանի անտիպ հուշերից (Հատված Ֆիզ.-մաթ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Հարությունյանի նոր գրքից)

Անհերքելի է այն փաստը, որ հենց հայկական գյուղն է կռել Հայաստանի Հանրապետության հիմքերն ու դրել հիմնասյուները: Եվ հենց դրանով է պայմանավորված այդ պետության ծագումնաբանության ժողովրդավարությունը: Հայաստանի Հանրապետության հռչակումից դեռևս 6-7 ամիս առաջ, այն ճակատամարտերը` Սարիղամիշի, Սարդարապատի, Ղարաքիլիսայի, Էրիվանի տակ տալիս ու հաղթում էր շինել հագած հենց հայ գյուղացիությունը և դրա համար էլ հենց նրան` հայ գյուղացիությանն են պատկանում Հայկական Պետության իրական  հիմնադիրների իրական պատիվն ու փառքը:

Դիվանագիտությունն ընդամենը ձևակերպում է փաստերը: Իսկ բուն փաստերը, իրականությունը ստեղծում է ժողովուրդը, նրա որոշակի դասակարգեր: Հայերի մոտ այդ դասակարգը առաջնորդների և մտավորականների ուղղորդմամբ շարժվող գյուղացիությունն էր: Այն առաջնորդների, որոնք, աննշան բացառությամբ, նույնպես սերված էին գյուղացիությունից: Ես սերվել եմ ծառայողի, չինովնիկի ընտանիքից, ուստիև անխռով կերպով այդ դափնեպսակը կարող եմ հանձնել գյուղացիությանը: Գյուղացիությանը, որին տեսել եմ գործի մեջ, արյան մեջ, տառապանքի ու դժբախտության մեջ և անկախության գաղափարի ցնծության մեջ:

Ոչ միայն մարտի դաշտում, այլ նաև հենց Թիֆլիսում այդ գյուղացիները բարձրացնում էին մարդկանց ոգին ու տրամադրությունը: Երբ 1917-ի դեկտեմբերին Թիֆլիսում բոլշևիկյան բռնկման վտանգ էր զգացվում և անհրաժեշտ էր հուսադրել բնակչությանը, ապա գավառից` Էրիվանից Թիֆլիս կանչեցին 3-րդ գունդը: Ես գնացի նրանց ընդառաջ և խնդրեցի, որ իրենց առնական տեսքով և տրամադրությամբ նրանք դրականորեն ներազդեն թիֆլիսեցիների վրա: Եվ նրանք եկան և ներազդեցին:

Հայոց Ազգային խորհրդից զատ Թիֆլիսում գործում էր նաև թուրքահայերի Կոմիտեն: Այդ օրերին նրա մոտ դեռևս բացակայում էր “Միացյալ Հայաստանի“ գաղափարը: Ազգային առվակները մոտենում էին միմյանց, բայց, դեռևս, չէին միախառնվում: Նրանց մոտ գերիշխում էր առանձին Թուրքահայաստանի ազատագրման գաղափարը: Նրանք հատուկ գնդեր էին կազմավորում` հիմնականում Անդրանիկի հրամանատարությամբ: Նրանց հետ աշխատում էր անգլիացի գնդապետ Պարքը, ով հետագայում սպանվեց բոլշևիկների կողմից Վլադիկավկազում: Պարքի միջոցով Ազգային Խորհրդին էր փոխանցվել 4 մլն. ռուբլի: Այդ երկու հայկական կոմիտեները երբեմն անցկացնում էին համատեղ նիստեր, սակայն, ինչպես նշեցինք, չէին միաձուլվում:

Մեր աչքի առաջ, օր-օրի հայության շրջանում բարձրանում էր Ազգային Խորհրդի հեղինակությունը: Հենց նրա շուրջ էին խմբվում ռուսահայության շահերը և ի հայտ գալիս ու զարգանում Կովկասում անկախ հայկական պետական տարածքի գաղափարը: Միտքը միանգամայն նոր էր և գնալով ավելի ու ավելի տարածում էր գտնում: Բայց այդ միտքը ի հայտ էր գալիս ամենևին ոչ դատարկ տեղից, այլ ծնունդ էր առկա իրականության:

Հայկական կորպուսը ձևավորվում էր և նրա զորամասերը մեկնում էին ռազմաճակատ: Ես չեմ կարող ասել, որ դա մի հզոր ուժ էր: Այդ զորքը շարժվում էր դեպի հսկայական երկայնքով ռազմաճակատ և այնտեղ տրոհվում մանր մասերի: Դրոն, որին ես համարում եմ խոշոր ռազմական տաղանդ, ասում էր, որ մեր զինվորական ուժերի նման բաշխումը սխալ էր: Նա կողմնակից էր ճակատային գծի կրճատման և ուժերը մի բռունցք հավաքելու տարբերակին: Դրա փոխարեն մեր զինուժը մասնատվում էր և պատերազմում էր մաս-մաս: Միաժամանակ շատ վատ էր մեր համար իրադրությունը թիկունքում: Մահմեդականները երկաթգծի երկայնքով հարձակվում էին դեպի ռազմաճակատ շարժվող գնացքների վրա: Արդեն նույնիսկ Թիֆլիսի մոտակայքում` Աշանա, Սերալյի, Սանդար կայարաններում: Ստիպված էինք մաքրել նման խցանումները և դեպի ռազմաճակատ բաց թողնել զորքերը: Ես հիշում եմ մի դեպք Ալեքսանդրապոլում, որը շատ ծանր ու վարկաբեկիչ էր մեզ համար: Ալեքսանդրապոլի մոտ կա Մոլլա-Մուսա անունով մահմեդական մի գյուղ: Այդ գյուղի բնակիչները հարձակվել էին հայ զինվորների վրա, սպանել նրանցից մի քանիսին, խլել զենքերը: Մինչև պատժիչ ջոկատ ուղարկելը Ալեքսանդրապոլից դեպքի վայր մեկնեց մի զինված խումբ` մի համակրելի երիտասարդ, Ալեքսանդրապոլի զինվորական պատգամավորների խորհրդի նախագահ, երիտասարդ մենշևիկ Ասրիբեկովի գլխավորությամբ: Նրա հետ էին նաև քաղաքային Վարչության անդամները: երբ այդ պատվիրակությունը մոտեցել է գյուղին, այնտեղից հնչել են կրակոցներ և Ասրիբեկովը սպանվել է: Քաղաքի հայ բնակչությունը հուզված էր: Սկսվեցին խմորումներ, ինչ տեղափոխվեց քաղաքի կայարան, ուր ժամանում էր Թիֆլիսից եկող գնացքը: Հայ զինվորները, ի հատուցումն մահմեդականների կատարածի, բռնեցին վագոնից դուրս եկող մի մահմեդականի, քարշ տվեցին կայարանից դուրս ու այնեղ սպանեցին: Եվ դա անվանում էին Կովկասը թուրքերից պաշտպանելու “միասնական ճակատ”:

Մինչդեռ թուրքերը, տեսնելով, որ ռուսական զորքերը լքել են ռազմաճակատը, ռազմաճակատում սկսեցին դիմել սադրանքների: Նրանք հեռագիրը հեռագրի հետևից էին ուղարկում Կովկասյան զորքերի գլխավոր հրամանատար Օդիշելիձեին, որոնցում հայերին մեղադրում էին թուրք-քրդական բնակչության նկատմամբ անասելի բռնություններ իրականացնելու մեջ: Նրանց բողոքները զարհուրելի էին: Իմ աչքի առաջ են 1918թ. հունվարի 9-ի, հունվարի 19-ի, հունվարի 29-ի, հունվարի 30-ի հեռագրերը: Դրանք լցված են բողոքներով հայերի կատարած բռնությունների վերաբերյալ:

Ես անհրաժեշտ եմ համարում ընդհանուր առմամբ հիշեցնել, ամեն մի կոտորածից, բռնությունից և հարձակումից առաջ թուրքերը նախապես այդ ամենի իրագործման համար հող են նախապատրաստում, մեղադրելով հայերին մահմեդականների հանդեպ բռնություններ իրականացնելու մեջ: Ես հիշում եմ, թե անցած տարի, Լոզանի Համաժողովի նախօրեին, թուրքերն իրենց լրատվամիջոցներում հաղորդագրություն էին տեղադրել, թե Ահարոնյանը, Չոբանյանը, Փաշալյանը […] քաղաքում ահաբեկչություն էին նախապատրաստում թուրքերի դեմ, մինչդեռ այդ անձինք այդ ժամանակ խաղաղ ու հանգիստ նստած էին Լոզանում: Հենց երեկ եմ ես կարդացել, որ բացահայտվել է “հայերի դավադրություն, որոնք փորձ են արել հրդեհել Կոստանդնուպոլիսը”: Նման հաղորդագրությունները ունեին հստակ նպատակ, և դրանք այդ նպատակին հասնում էին` սկսվում էին հուզումներ կովկասյան թաթարների միջավայրում: Եվ քանի-քանի չուսումնասիրված, չճշտված հարցերի շուրջ մենք անպտուղ վեճեր ենք ունեցել 1918թ. ձմռան ու գարնան ընթացքում Բաքվի գործիչների` Սուլթանովի, Ցեփիլովի, Խան-Խոյսկու, Ջաֆարովի, Խասմամեդովի հետ իրենց պահանջների վերաբերյալ: Նրանք պատ էին կառուցում մեր ու իրենց միջև և համերաշխության ստվերը փախչում էր մեզանից:

1918թ. գարնանը հայերն ու կովկասյան մահմեդականներն ավելի ու ավելի էին հեռանում միյանցից, և պատճառը թուրքերն էին: Միաժամանակ, Կովկասի թաթարները հարձակվում էին դեպի Ռուսաստան,- դեպի տուն գնացող ռուսական զինվորական գնացքների վրա: Կա շատ հայտնի դեպք, երբ թաթարները Շամքոր կայարանում հարձակվել էին տուն գնացող ռուս զինվորների գնացքի վրա, ինչի արդյունքում վագոններում կենդանի այրվել էին մոտ 1000 ռուս զինվորներ, իսկ գնացքում եղած հրացաններն ու հրետանին թաթարները տարել էին Ելիզավետպոլ: Ես հիշում եմ, թե ատելության ինչպիսի պոռթկում առաջ բերեց ռուս զինվորների մոտ այդ հարձակումը: 1921թ., երբ Ելիզավետպոլում ապստամբեց թաթարական մի զորամաս, բոլշևիկները վրիժառու եղան թաթարներից այդ հարձակման համար, դաժանորեն ճնշելով այդ ապստամբությունը: Դրա կապակցությամբ թաթարները մեղադրեցին հայերին, որոնք, իբր հիշելով իրենց նեղացածությունը թաթարներից, սատարել են բոլշևիկներին թաթարներից վրեժխնդիր լինելու հարցում:

 

…Ընթանում էր 1918թ. հունվար ամիսը: Թուրքական ուժերի ճնշման տակ հայկական զորքը թողնում էր քաղաքները, հայկական բանակի հետևից գալիս էին փախստականների շարանները: Ընկան Էրզինջանը, Վանը, ռազմաճակատը մոտենում էր 1914թ. հին ռուս-թուրքական սահմանի գծին: Թուրքիայի և Անդրկովկասի միջև 1917թ. դեկտեմբերի 5-ին կնքված զինադադարը թե իրավաբանորեն և թե փաստացի, ըստ էության, անէականացավ:

Կրկին արյուն, կրկին փախստականներ, ցրտահարված մարդիկ… Այդպիսին էր այդ օրերին իրավիճակը Կովկասում: Ինձ հեռագրով կանչեցին Էրզրում: Այնտեղ իրադրությունն անհանգիստ էր: Հունվարի վերջին ես պատրաստվում էի մեկնել Էրզրում, երբ ես ստացա մեկ այլ` կուսակցությունից ուղարկված հեռագիր, որով ինձ առաջարկվում էր շտապ մեկնել Թիֆլիս: Դա փետրվարի առաջին օրերին էր: Ես նոր էի վերադարձել Դիլիջանից, ու գնացել էի Քարավան-Սարայի շրջանի զեմստվոյի խորհրդակցությանը մասնակցելու համար: Դիլիջանից Ղարաքիլիսա վերադառնալիս ճանապարհին ինձ ողջունում էին: Հեծյալները քառատրոփ ընթանում էին ավտոմոբիլի հետևից: Նկատվում էր, որ վրացական ու թաթարական շրջանների հետ սահմանակից այդ հայկական շրջանում նույնպես արթնանում էր սեփական հայկական տարածքներ ունենալու գաղափարը: Ես դեռևս ընդամենը Ալեքսանդրապոլի քաղաքագլուխն էի, բայց ինձ նայում էին որպես համահայկական շահեր ներկայացնող անձի:

Ես ժամանեցի Թիֆլիս և հասկացա, որ ինձ Թիֆլիս կանչելու թեման դա Թուրքիայի հետ խաղաղ բանակցություններն սկսելն է: Պարզ հասկացվում էր, որ Թուրքերը ցանկանում են կամ պայմանագիր ստորագրել հենց Անդրկովկասի հետ, կամ Ռուսաստանի հետ` Անդրկովկասի վերաբերյալ (ընդգծումը մերն է – Վ.Հ.): Այս պահին ես կարող եմ պնդել, որ մենք ուշացել էինք:

Թարգմանությունը ռուսերենից՝ Վլադիմիր Հարությունյանի

lragir.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ադրբեջանն,ամեն,ինչ,անում,է,որպեսզի,խուսափի,հայաստանի,հետ,երաշխավորված,խաղաղության,պայմանագիր,կնքելուց․,պատգամավոր , Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանը շատ լավ վերլուծում է, թե խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում Հայաստանը ինչպիսի լուրջ հեռանկարներ կարող է ունենալ։
թուրքիա,անկարա,իրաք,քուրդ-զինյալների-դեմ-պայքար,քուրդիստանի-բանվորական-կուսակցություն,քբկ,pkk,թուրքիայի-արտգործնախարար,հաքան-ֆիդան,իրաքի-արտաքին-քաղաքական-գերատեսչության-ղեկավար,ֆուադ-հուսեյն , Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Դեկտեմբերի 19-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆուադ Հուսեյնը։
իշխան,սաղաթելյանը,գեղարքունիքում,փորձել,է,արդարանալ,և,իր,նոր,«նապառնիկ»,լևոն,քոչարյանի,հետ,ժողովրդին,նախապատրաստել,ռևանշի,չորրորդ,փորձին , Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
«Դիմադրություն» շարժման առաջնորդ ընկեր Իշխանի՝ Վարդենիսում հնչեցրած ելույթին, որում վերջինս փորձեց ոտքի վրա հիմնավորել իշխանափոխության ձախողման պատճառները։
ադրբեջանը,դժկամություն,է,ցուցաբերում.,կոստանյան , Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը BBC-ին տված հարցազրույցում ասել է, թե Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում:
2018-ի,մեր,ժառանգած,բանակցային,բովանդակությամբ,արդեն,իսկ,լղ-ի,պետական,կարգի,լուծարման,գործընթացը,սկսված,փաշինյան , 2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
Լիսաբոնից սկսած՝ պարզ էր, որ ոչ միայն տարածքների հետվերադարձի, այլև պետական ինստիտուտների վերացման հարց է դրված:
ուր,հիմա,լեռնային,ղարաբաղի,քաղաքացիական,բնակչությունը․,նիկոլ,փաշինյանն,անդրադարձել,ռդ,ագն-ի,հնչեցրած,մեղադրանքներին ,  Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը խորհուրդ կտամ վերցնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարդալ՝ 8-րդ կետը ներառյալ:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: