ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հնդկաստանը եւ ուժերի գլոբալ հավասարակշռությունը

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Հարվարդի համալսարանի պրոֆեսոր, ԱՄՆ պաշտպանության նախարարի նախկին օգնական Ջոզեֆ Ս. Նայ-կրտսերի հոդվածը՝ գրված Project Syndicate-ի համար:

Երբ անցյալ ամիս Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Սպիտակ տանը հանդիպեց ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, դիտորդները դրանում Չինաստանի դեմ ձեւավորվող դաշինքի նշաններ տեսան: Բայց նման ակնկալիքները չափազանցված են: Ինչպես պարզաբանել է Հնդկաստանի արտգործնախարար Սուբրահմանյամ Ջայշանքարը, պաշտոնական դաշինք չի քննարկվում, նույնիսկ եթե «ոխերիմ բարեկամների» բազմաբեւեռ աշխարհում դեռ հնարավոր է երկարաժամկետ գործընկերություն պահպանել:
 
Հնդկաստանը դաշինքների նկատմամբ հետգաղութային անվստահության երկար պատմություն ունի: Բայց Հնդկաստանին նաեւ երկար ժամանակ մտահոգում է Չինաստանը, առնվազը 1962 թվականին երկու երկրների միջեւ Հիմալայների սահմանային պատերազմից հետո: Նախագահ Ջիմի Քարթերի վարչակազմում աշխատելու օրոք ինձ ուղարկեցին Հնդկաստան՝ խրախուսելու վարչապետ Մորարջի Դեսայիին աջակցել միջուկային զենքից ազատ գոտի ստեղծելու հարավասիական գաղափարին, որպեսզի Հնդկաստանի ու Պակիստանի միջեւ ահագնացող միջուկային մրցավազքը անվերահսկելի չդառնա: Ինչպես ինձ այն ժամանակ ասացին իմ հնդիկ տանտերերը, նրանք ցանկանում էին համեմատվել ոչ թե Հարավային Ասիայի Պակիստանի, այլ Արեւելյան Ասիայի Չինաստանի հետ:
 
2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո Միացյալ Նահանգներն ու Հնդկաստանը սկսեցին 20 տարի տեւողությամբ ամենամյա «երկրորդ ուղու» բանակցությունները նախկին դիվանագետների միջեւ, ովքեր դեռ սերտ կապի մեջ էին կառավարության անդամների հետ: (Ամերիկյան պատվիրակության կազմում, օրինակ, ընդգրկված էին այնպիսի գործիչներ, ինչպիսիք են Հենրի Քիսինջերը եւ Ռիչարդ Հոլբրուքը:) Հնդիկ մասնակիցները կիսեցին իրենց ամերիկացի գործընկերների մտահոգությունը Աֆղանստանում եւ Պակիստանում Ալ-Քաիդայի եւ այլ ծայրահեղական սպառնալիքների վերաբերյալ, բայց հստակեցրին նաեւ, որ դեմ են, որ ամերիկացիները Հնդկաստանն ու Պակիստանը դիտարկեն որպես «ենթամնայով կապված» երկրներ։
Լուսանկարը` REUTERS
Հնդիկներն էլ էին մտահոգված Չինաստանով, բայց ցանկանում էին պահպանել արտաքուստ լավ հարաբերությունները եւ մուտքը չինական շուկա: Չինաստանը վաղուց ի վեր Հնդկաստանի խոշորագույն առեւտրային գործընկերներից է, բայց Չինաստանի տնտեսությունը շատ ավելի արագ է աճել, քան Հնդկաստանինը: Շուկայական փոխարժեքների հաշվարկով՝ դարասկզբին Չինաստանը ապահովում էր համաշխարհային ՀՆԱ-ի 3,6%-ը, իսկ Հնդկաստանը այդ մակարդակին հասավ միայն 2020-ականներին:
 
2000-ականներին, երբ Չինաստանի աճը զգալիորեն գերազանցում էր իրենցը, «երկրորդ ուղու» բանակցություններում հնդկացիներին անհանգստացնում էր ոչ միայն Չինաստանի աջակցությունը Պակիստանին, այլեւ Չինաստանի աճող համաշխարհային հզորությունը ավելի լայն առումով: Ինչպես ասաց մի հնդիկ ռազմագետ, «մենք որոշել ենք, որ Չինաստանը ավելի շատ չենք սիրում, քան ձեզ», եւ սա շատ ավելի առաջ էր, քան վիճարկվող Հիմալայան սահմանին 2020-ին տեղի ունեցած փոխհրաձգությունը, երբ 20 հնդիկ զինվոր սպանվեց:
 
Այդ ժամանակվանից Հնդկաստան-ԱՄՆ հարաբերությունները զգալիորեն ամրապնդվել են: Տաս տարի առաջ ամերիկացի, հնդիկ, ճապոնացի եւ ավստրալիացի դիվանագետների Քառակողմ անվտանգության երկխոսության («Քառյակ») հանդիպումներին մեծ նշանակություն չէին տալիս. այժմ դրանք բարձրաձայն գովազդվում են եւ անցկացվում պետության ղեկավարների մակարդակով: Հնդկաստանն այսօր ավելի շատ համատեղ զորավարժություններ է անցկացնում ԱՄՆ-ի հետ, քան որեւէ այլ երկրի։
 
Բայց այս հարաբերությունները շատ հեռու են դաշինքից: Հնդկաստանն իր սպառազինության կեսից ավելին դեռեւս ներկրում է Ռուսաստանից, պատժամիջոցների տակ գտնվող ռուսական նավթի հիմնական գնորդն է (Չինաստանի հետ) եւ ՄԱԿ-ում հաճախակի քվեարկում է ԱՄՆ-ի դեմ: Հնդկաստանը դեռեւս հրաժարվում է դատապարտել 2022 թվականին Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա, ճիշտ այնպես, ինչպես չդատապարտեց 1979 թվականին ԽՍՀՄ ներխուժումը Աֆղանստան: Չնայած Հնդկաստանը պարծենում է, որ աշխարհի ամենամեծ դեմոկրատական երկիրն է, այն չի պաշտպանում ժողովրդավար Ուկրաինան: Հնդկաստանի գլխավոր առաջնահերթություններն են պահպանել զենքի ու նավթի հասանելիությունը եւ Ռուսաստանին էլ ավելի չմղել Չինաստանի գիրկը:
Լուսանկարը` REUTERS
Թեեւ Բայդենը հրավիրել է Մոդիին իր երկու «Ժողովրդավարության գագաթնաժողովներին», բազում արեւմտյան ու հնդիկ քննադատներ դատապարտում են Մոդիի ոչ լիբերալ շրջադարձը դեպի հինդու ազգայնականությունը: «Ընդհանուր արժեքների» մասին երկու խոշորագույն դեմոկրատական պետությունների վերջին հայտարարությունները գուցե եւ գեղեցիկ են հնչում, բայց դրանք եւս դաշինք չեն նշանակում: Հնդկա-ամերիկյան հարաբերությունների բանալին Չինաստանի հետ ուժերի հավասարակշռությունն է եւ դրանում Հնդկաստանի տեղը:
 
Այս առումով Հնդկաստանի նշանակությունն աճում է։ Այս տարվա սկզբին այն առաջ է անցել Չինաստանից՝ որպես աշխարհի ամենաբնակեցված երկիր: Այն բանից հետո, երբ Չինաստանի բնակչությունը հասավ 1.4 միլիարդի, երկիրը սկսեց ժողովրդագրական անկում ապրել, իսկ աշխատուժն արդեն հասել է իր բարձրակետին: Ավելին, Հնդկաստանի տնտեսությունն այս տարի աճելու է 6%-ով՝ ավելի արագ, քան Չինաստանինը, ինչը դարձնում է Հնդկաստանը աշխարհի հինգերորդ խոշորագույն տնտեսությունը: Եթե այն շարունակի աճել նույն տեմպերով, ապա դարի կեսերին կհասնի եվրոգոտու տնտեսության չափերին։
Լուսանկարը` REUTERS
Շնորհիվ հսկայական բնակչության, միջուկային զենքի, մեծ բանակի, աճող աշխատուժի, ուժեղ էլիտար կրթության, ձեռներեցության մշակույթի եւ մեծ ու ազդեցիկ սփյուռքի հետ կապերի՝ Հնդկաստանը նշանակալի գործոն կմնա ուժերի գլոբալ հավասարակշռության մեջ: Բայց Հնդկաստանը միայնակ չի կարող հավասարակշռել Չինաստանին, որի զարգացումն ավելի վաղ է սկսվել: Չինաստանի տնտեսությունը մնում է մոտ հինգ անգամ ավելի մեծ, իսկ Հնդկաստանում դեռեւս լայնորեն տարածված է աղքատությունը: Հնդկաստանի 900 միլիոն աշխատունակ տարիքի մարդկանցից միայն մոտ կեսն է ներկայացված աշխատաշուկայում, իսկ կանանց մեկ երրորդից ավելին անգրագետ է: Որպեսզի Հնդկաստանի աճող բնակչությունը տնտեսական ակտիվ լինի, այն պետք է կրթել: Թեեւ Չինաստանի աշխատուժը անցել է իր բարձրակետը, դրա հիմքում կրթության ավելի բարձր միջին մակարդակն է:
 
Չնայած հիմնական ռազմավարական ոլորտներում առեւտրային կապերի ընտրովի խզմանը, Հնդկաստանը դեռ չի ցանկանում հրաժարվել չինական շուկայից: Մասնակցելով «Քառյակ»-ին, Հնդկաստանը մասնակցում է նաեւ Շանհայի համագործակցության կազմակերպությանը եւ BRICS-ի (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան եւ Հարավային Աֆրիկա) պարբերական հանդիպումներին: Չնայած Հնդկաստանը այլեւս չի խոսում Չմիացած երկրների շարժման մասին, այն շահագրգռված չէ նաեւ սահմանափակող դաշինքներով։ Հետեւելով ուժերի հավասարակշռության քաղաքականության հիմնական տրամաբանությանը, Հնդկաստանին ու ԱՄՆ-ին վիճակված է կարծես թե ոչ թե ամուսնություն, այլ երկարաժամկետ գործընկերություն, որը կարող է տեւել միայն այնքան ժամանակ, քանի դեռ երկու երկրներն էլ մտահոգված են Չինաստանով:
 
Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի
 
Copyright: Project Syndicate, 2023.
www.project-syndicate.org
mediamax.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: