ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (6)

Ներկայումս Իրանում գյուղական հայ բնակչություն այլևս համարյա գոյություն չունի։ Մինչդեռ ոչ հեռավոր անցյալում եղել է բավականին մեծ թվով հայ գյուղացիություն։

Հայերը Թեհրան են մեկնում ոչ միայն աշխատանք գտնելու, այլև կյանքի ավելի հարմարավետ պայմաններ որոնելու, ուսում ստանալու, հավելյալ դրամ վաստակելու, ինչպես նաև հայկական միջավայրի հետ ակտիվ շփումներ ունենալու նպատակով։ Հայ միգրանտներին ձգում է նաև մեծ քաղաքում կյանքի հրապուրանքը։ Թեհրանի ազգային կազմը բավականին խայտաբղետ է։ Ընդհանուր առմամբ այդ քաղաքում տարբեր ազգություններ ապրում են խառը վիճակում։ Սակայն կան թաղամասեր և փողոցներ, որոնք գերազանցապես բնակեցված են որոշակի էթնիկական կամ կրոնական խմբերով՝ պարսիկներով, ազերիներով, քրդերով, զրադաշտականներով և այլն։ Հայերը նույնպես համախումբ ձևով ապրում են որոշակի թաղամասերում (Մաջիդիե, Զարքեշ, Նարմաք, Հեշմաթիե և այլն), թեև կան նաև ամբողջ քաղաքում ցրված հայ ընտանիքներ։ 


Ներկայումս Իրանում գյուղական հայ բնակչություն այլևս համարյա գոյություն չունի։ Մինչդեռ ոչ հեռավոր անցյալում եղել է բավականին մեծ թվով հայ գյուղացիություն։ XVII դարում մեծ բռնագաղթի ժամանակ շահ Աբբաս Ա-ն գյուղական հայ բնակչության մի հոծ զանգված (12 հազար ընտանիք, մինչև 70 հազար մարդ) բնակեցրել էր Կենտրոնական Իրանում, երկրի այն ժամանակվա մայրաքաղաք Սպահանից արևմուտք, հյուսիս-արևմուտք և հարավ-արևմուտք ընկած գավառներում (Փերիա, Չհարմահալ, Բուրվարի, Քյամարա, Լնջան, Ալնջան, Քյարվանդ, Քյազազ, Ջափլաղ, ավելի ուշ՝ Ղարաղան)։ Բուրվարին (Սպահանից 200 կմ հյուսիս-արևմուտք, ՍպահանՀամադան ավտոճանապարհի միջնամասում) եղել է Իրանի ամենահայաշատ գավառներից մեկը։ Բուրվարիի հայ բնակչությունը գաղթեցվել է հիմնականում Մեծ Հայքի Մանազկերտի, Ալաշկերտի և Կարս-Կաղզվանի շրջաններից։

XVII դ. երկրորդ կեսին Բուրվարի գավառում կար շուրջ 30 հայաբնակ գյուղ, 1903 թ. շուրջ 20 գյուղ (4000 հայ), 1933 թ. 22 գյուղ (5900 հայ)։ 1946 թ. Բուրվարի գավառից (23 գյուղ – 6320 հայ) Հայաստան ներգաղթեց մոտ 2000 մարդ։ Բուրվարիի վերջին երկու հայաբնակ գյուղերը (Խորզենդ և Ֆարաջաբադ) հայաթափվել են 1970-ական թթ. սկզբին։ Չհարմահալը (Սպահանից 70 կմ հարավ-արևմուտք) եղել է Իրանի հայաշատ գավառներից մեկը։ Չհարմահալի հայ բնակչությունը Իրան է գաղթեցվել Մեծ Հայքի Բասեն գավառից (Հասանկալա-- Կաղզվան)։ 

Չհարմահալի գավառի ամենահին հայաբնակ գյուղն է Վաստիգանը։ 1869-72 թթ. և 1918 թ. Չ. Գ.-ի հայ բնակչությունը ի թիվս մի շարք այլ գավառների մեծապես տուժել է ահավոր սովից։ 1917 թ. Չ. Գ.-ի 9 գյուղերում բնակվում էր մոտ 4300 հայ, 1928 թ. 12 գյուղերում 620 տուն (3100 հայ)։ 1946 թ. Խորհրդային Հայաստան ներգաղթեց Չհարմահալի հայաբնակ գյուղերից 6-ը (Աղբուլաղ, Սինագան, Մամուռան, Լիվասիան, Ներքին Քոնարք և Վերին Քոնարք – 1144 հոգի)։ Չհարմահալի գավառի վերջին 3 հայաբնակ գյուղերը (Մամուքա, Հաջիաբադ, Սիրաք – 1949 թ. 836 հոգի, 1960 թ. մոտ 30 հոգի) վերջնականապես հայաթափվել են 1960-ական թթ. վերջին։ Սրանց բնակչությունը հիմնականում տեղափոխվել է Թեհրան և Աբադան։ Փերիան (Սպահանից հյուսիս-արևմուտք) եղել է Իրանի առավել հայաշատ գավառը։ Փերիայի հայությունը գաղթեցվել է հիմնականում Մեծ Հայքի Վասպուրական նահանգից (Վան, Արճեշ, Արծկե)։ 1851 թ. Փերիայի 19 հայաբնակ գյուղերում բնակվում էր 880 տուն – 5600 մարդ, 1901 թ. 24 գյուղերում 1430 տուն – 9300 մարդ, 1918 թ. 26 գյուղերում 1790 տուն – 13450 մարդ, 1946 թ. 24 գյուղերում 2265 տուն – 15100 մարդ (դրանցից Հայաստան են ներգաղթել 370 տուն 2400 մարդ), 1965 թ. 17 գյուղերում 1550 տուն – 10365 մարդ։ 

Իրանի հայաբնակ գավառներից Փերիան վերջինն է հայաթափվել 1990-ական թթ.։ 2003 թ. Փերիայում հայաբնակ էր միայն Բոլորան գյուղը։ Ղարաղան գավառը գտնվում է Թեհրանից 150-180 կմ հարավարևմուտք՝ Ղազվին-Սավե-Համադան քաղաքների եռանկյունում։ Ղարաղանում հայերը բնակություն են հաստատել 1750 թ. սկսած։ Առաջին հայաբնակ գյուղը եղել է Լարը (այլ տվյալներով Քոշքաբարը), որի բնակչությունը այստեղ է տեղափոխվել Բուրվարի գավառից։ Երկրորդ հայաբնակ գյուղն է Չարհադը, ուր տեղափոխվել են Փերիայից, Քյազազից, Քյամարայից։ Ժամանակի ընթացքում Ղարաղանի հայաբնակ գյուղերի թիվը հասել է 12-ի։

1940 թ. գավառի 9 հայաբնակ գյուղերում բնակվում էր 405 տուն – 2057 մարդ։ 1962 թ. Ղազվինի 7.5 բալանոց ավերիչ երկրաշարժը ճակատագրական եղավ Ղարաղանի համար։ Մարդկային և նյութական զգալի կորուստներ կրած գյուղերը հետագա մեկ-երկու տարում շատ արագ հայաթափվեցին։ Վերջին Վերին Չանախչի գյուղը դատարկվեց 1973 թ.։
Ղարաղանի հայ բնակչության հիմնական մասը տեղափոխվեց Թեհրան28։ Իրանում հայկական գյուղերի հայաթափման այդ նույն տխուր վիճակը առկա է նաև Ատրպատականում։ Ուրմիա (Կապուտան) լճի և Կասպից ծովի միջև ընկած Ատրպատականը (ավելի քան 100000 քառ. կմ) հարավ-արևելքից հարևան լինելով Մեծ Հայքին, դեռևս մ. թ. ա. ընկած ժամանակաշրջանից ամենայն հավանականությամբ հայաբնակ է եղել։ IV-VII դարերում Առաջավոր Ասիայում տեղի ունեցած ռազմաքաղաքական մեծ ցնցումների հետևանքով (387 թ. Հայաստանի անկախության կորուստ և VII դ. առաջին կես՝ արաբական նվաճումներ) Ատրպատականին միացվեցին Մեծ Հայքի որոշ տարածքներ։ 

Պարսկահայքը, Վասպուրականի արևելյան մասը և Փայտակարանը (հետագայում Ղարադաղ) մինչև XIX դ. սկիզբը հոծ հայություն ունեցող Ատրպատականը (65.000 մարդ) զգալիորեն հայաթափվեց 1828 թ. Թուրքմենչայի ռուս-պարսկական պայմանագրին հաջորդած դեպի ռուսահայ տիրույթներ հայերի զանգվածային ներգաղթի (45.000 մարդ) հետևանքով։ XX դ. սկզբին Ատրպատականի մասամբ կամ զուտ հայաբնակ 134 գյուղերում և քաղաքներում բնակվող հայ համայնքի թիվն էր 6123 տուն – մոտ 37 հազար հոգի։ Առավել հայաշատ գավառներն էին Ատրպատականի հյուսիս-արևելյան մասում գտնվող Ղարադաղը (ավելի քան 6000 հայ) և Ուրմիա լճից արևմուտք ընկած Սալմաստ-Ուրմիա շրջանը (ավելի քան 15.000 հայ)։ Համայնքին և հատկապես Մակու-Խոյ-Սալմաստ-Ուրմիա շրջանին ծանր հարված հասցրեց 1918 թ. թուրքական ներխուժումը, որի հետևանքով զոհվեց ավելի քան 7000 հոգի, իսկ հազարավոր հայեր դարձան փախստական։

1946 թ. մեծ ներգաղթի հետևանքով Ատրպատականի հայ համայնքն էլ ավելի նոսրացավ։1948 թ. այն կազմում էր ոչ ավելի քան 15.000 մարդ։ 2005 թ. Ատրպատականի հայ համայնքում (ներառյալ Թավրիզը) արդեն հաշվվում էր մոտ 2000 հայ29։ Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ իրանահայերի մեծ մասը բնակվում էր Թավրիզ, Թեհրան, Սպահան, Աբադան, Արաք, Ահվազ, Մասջեդսոլեյման և մի շարք այլ քաղաքներում։ 

Ներկայումս հայության մեծ մասը կենտրոնացված է Թեհրանում։ Սակայն բացի մայրաքաղաքից հայ բնակչություն կա Սպահանում (Նոր Ջուղան ներառյալ), Շահինշահրում, ավելի պակաս Թավրիզում (մինչև 1000 հայ, որոնք ապրում են «Լիլավա», «Ղալա» և «Բարոն Ավագ» թաղամասերում), Արաքում, Շիրազում և այլն։ Այսօր իրանահայ համայնքի և համայնքային կառույցների առջև ծառացած գերխնդիրներից ամենագլխավորը ահագնացող չափերի հասնող արտագաղթն է։ Հանրահայտ իրողություն է, որ բոլոր ժամանակներում, հատկապես Իրանի պատմության ճգնաժամային պահերին, հայերը դիմել են արտագաղթի։ Գլխավորապես հենց այդ պատճառով Իրանի հայ բնակչության թվաքանակը աճ չի արձանագրել (եթե նկատի ունենանք, որ միայն XVIII դարում Հայաստանից բռնագաղթի միջոցով այդ երկիրն էր տեղափոխվել ավելի քան 300-400 հազար հայ բնակչություն)։ Նորագույն ժամանակներում իրանահայության խոշոր արտագաղթ տեղի ունեցավ 1979 թ. իսլամական հեղափոխության տարիներին ու նրան հաջորդող շրջանում, ինչպես նաև 1980-1988 թթ. Իրան-իրաքյան պատերազմի շրջանում։

Ներկայումս թեև բացակայում է հետհեղափոխական շրջանին բնորոշ արտագաղթելու նախատրամադրվածությունը, սակայն ապագայի նկատմամբ մտահոգ իրանահայության մի որոշակի զանգվածի մոտ այնուամենայնիվ տիրապետող է այն մտայնությունը, որ վաղ թե ուշ իրենք ևս պետք է վերցնեն գաղթականի ցուպը։ Ուստի ավելի լավ է դա անել հենց հիմա, քանի դեռ չեն փակվել արտագաղթելու հնարավորությունները և քանի դեռ հնարավոր է անշտապ, հանգիստ պայմաններում, առանց խուճապի իրացնել իրենց անշարժ գույքը և տեղափոխվել այլ երկիր։ Անկասկած հայության արտագաղթն ունի բազմաթիվ շարժառիթներ. ա. տնտեսական։


Արևմուտքի երկրների և առաջին հերթին ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները երկրի բնակչության համար ստեղծել են ծանր վիճակ. իրանական դրամական միավորը՝ ռիալը, սրընթաց կերպով արժեզրկվում է, սղաճի տեմպերն ընդունել են մեծ չափեր, տեղի է ունենում ապրանքների և ծառայությունների հարաճուն թանկացում, հետևաբար նաև բնակչության կենսամակարդակի անկում։ Թեև իրանահայերը մեծ մասամբ ապրում են նյութական ապահով ու բարեկեցիկ կյանքով, սակայն ինքնստինքյան հասկանալի է, որ նրանք ևս անմիջականորեն իրենց վրա զգում են այդ բոլոր դժվարությունների բեռը։ բ. Արտագաղթի քաղաքական շարժառիթներ. շատերի մոտ իշխող է դարձել այն մտայնությունը, որ Իրանի միջուկային ծրագրի կապակցությամբ արևմուտքի հետ խորը առճակատումը, իրանական կառավարության արմատական կեցվածքը Իսրայելի հանդեպ և մի շարք այլ գործոններ իրենց մեջ պարունակում են զինված դիմակայության վտանգ։
Առհասարակ այն հանգամանքը, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը մշտապես արտաքին ճնշումների տակ է, մարդկանց մոտ առաջ է բերում ոչ միայն մտահոգություն, այլև տագնապ։ Արտագաղթը կապված է նաև տարածաշրջանում տիրող իրավիճակի հետ։ Կյանքը համոզիչ փաստերով ապացուցել է, որ մեր օրերում Մերձավոր ու Միջին Արևելքի երկրներում ցանկացած անկայունության ժամանակ թիրախ են դառնում 
փոքրամասնությունները։

Միանգամայն ակնհայտ է նաև, որ այսպես կոչված «արաբական գարնան» իրադարձությունները, ինչպես նաև կրոնական-իսլամիստական ծայրահեղականների ակտիվությունը խոցելի են դարձնում առհասարակ քրիստոնեությունը դավանող ժողովուրդների դիրքերը։ Մարդիկ ակնառու կերպով տեսնում են, որ այսօր Սիրիայի և Եգիպտոսի երբեմնի ծաղկուն ու բարգավաճ հայ համայնքներն արդեն վերացման շեմին են։ Նույնը վերաբերում է Իրաքի, Հորդանանի և Պաղեստինի հայ համայնքներին։ Նույնիսկ «փոքրիկ Հայաստան» հորջորջված լիբանանահայ համայնքը, որն ընդամենը մի քանի տասնամյակ առաջ հանդիսանում էր Սփյուռքի ամենահայաշատ և ամենամեծ ու ամենաաչքի ընկնող կենտրոնը, այսօր կանգնած է նույն մարտահրավերների առջև։ Այդ համայնքում ևս հայ բնակչության թիվը էականորեն կրճատվել է, առկա են նաև մտահոգիչ խնդիրներ հայապահպանության տեսանկյունից։ Ներկայումս անկասկած Իրանում հայերի համայնքային կյանքն իր վրա կրում է սիրիական իրադարձությունների ազդեցության կնիքը, քանի որ Իրանը, առավել քան տարածաշրջանի որևէ այլ երկիր, ներքաշված է այն իրադարձությունների մեջ, որոնցով պայմանավորված են սիրիական ճգնաժամի հանգուցալուծմանը միտված քայլերը։



Այդ առումով իրանցիներն իրենց բախտակից են համարում սիրիացիների հետ, իսկ իրանահայերը՝ սիրիահայերի։ Առկա են նաև իրանահայության արտագաղթի զուտ կենցաղային բնույթի պատճառներ։ Դրանք են տարածաշրջանում կրոնակացվության (կրոնական գործոնի) մակարդակի աճը, մասնավորապես իսլամական ծայրահեղականների ակտիվացումը Մերձավոր ու Միջին Արևելքի մի շարք երկրներում իրանահայության շրջանում առաջացրել են որոշակի մտավախություն և իրենց անվտանգությանն առնչվող ներքին տագնապ։
Մյուս կողմից իրենց բնակության վայրում իսլամական միջավայրը և դրանից բխող որոշակի սահմանափակումները հայերի համար ստեղծում են ինչ-ինչ անհարմարության զգացողություն։ Հայերի արտագաղթին նպաստող գործոններից մեկն էլ այն է, որ արտագաղթողներն ազգականներ ունեն շատ երկրներում։ Հայտնի իրողություն է նաև, որ առհասարակ բոլոր ժողովուրդների մոտ անխտիր արտագաղթի հարցում ուժգին կերպով գործում է ուրիշների օրինակին հետևելու ֆենոմենը կամ իներցիայի ուժը։

Բացի այդ, արևմուտքի մի շարք երկրներ Իրանից արտագաղթողներին համեմատական հեշտությամբ հատկացնում են մուտքի և ապրելու արտոնագրեր։ Իրանահայ հայրենակիցների պատմածի համաձայն, Իրանում գործունեություն է ծավալել «ՀԱՅԱԶ» կոչվող հրեական մի կազմակերպություն, որը մասնագիտացած է հատկապես հայերի արտագաղթի կազմակերպման հարցերում Միացյալ Նահանգներ։ Յուրաքանչյուր անձից արտագաղթը դյուրին և առանց թղթաբանական քաշքշուքների կազմակերպելու համար, այդ կազմակերպությունը գանձում է 5000 ԱՄՆ դոլար, ընդ որում գումարն արտասահմանում հետ վերադարձնելու պայմանով։

Որքան էլ որ զարմանալի ու անհավատալի է, չնայած կազմակերպության իսրայելական լինելու մեծ հավանականությանը, այն Իրանում փաստորեն գործում է անխափան ու անարգել։ Շատերն այն կարծիքին են, որ դեռևս XIX դարում հիմնված հրեական այդ կազմակերպությունը հայության արտագաղթի վրա մեծ գումարներ է վաստակում։ Կան նաև տեսակետներ, որ դա տարածաշրջանի հայաթափման ծրագիր է։ Ընդ որում, ուշագրավն այն է, որ «ՀԱՅԱԶ»-ի ծրագիրը տարածվում է միայն կրոնական փոքրամասնությունների վրա, այսինքն մուսուլմանները ներգրավված չեն ծրագրի շրջանակների մեջ։
Վահան Բայբուրդյան (պ. գ. դ., պրոֆեսոր) – Եր., Լուսակն, 2013 թ
tert.nla.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
թեհրան,իրանահայ-համայնք,ս․-մարիամ-աստվածածին-բարեգործական-կենտրոն,սմաբկ,հմհֆ,հայ-մշակութային-հասարակական-ֆորում,հայազդ-լրատվական-կայք,աշխարհատեսների-հայկական-կենտրոն,մարո-այվազյան,կարինե-ղուկասյան,սահակ-շահմուրադյան , ՀՄՀՖ-ի, Ս․ ՄԱԲԿ-ի և Թեհրանի Աշխարհատեսների Հայկական կենտրոնի ներկայացուցիչները քննարկել են համագործակցությունների զարգացման հեռանկարները
ՀՄՀՖ-ի, Ս․ ՄԱԲԿ-ի և Թեհրանի Աշխարհատեսների Հայկական կենտրոնի ներկայացուցիչները քննարկել են համագործակցությունների զարգացման հեռանկարները
Թվականիս դեկտեմբերի 16-ին Սրբ․ Մարիամ Աստվածածին Բարեգործական կենտրոնի և Հայ Մշակութային Հասարակական Ֆորումի հյուրն էր Թեհրանի Աշխարհատեսների Հայկական կենտրոնի վարչության ատենապետ՝ Տկն․ Մարո Այվազյանը։
հայ-մշակութային-և-հասարակական-ֆորում,ս․-մարիամ-աստվածածին-բարեգործական-կենտրոն,հմհֆ-ի-ներկայացուցիչներ,հմհֆ-ի-տնօրեն,կարինե-ղուկասյան,հայազդ-կայքի-խմբագիր,հայազդ,սահակ-շահմուրադյան,իրանահայ-թարգմանիչ,մշակութային-և-կրթական-գործիչ,հասարակական-գործիչ,նորայր-մեհրաբյան,հայ-գողգոթան,շուշի,գոմեշ , ՀՄՀՖ-ի ներկայացուցիչները և իրանահայ թարգմանիչ և հասարակական գործիչ Նորայր Մեհրաբյանը քննարկել են համագործակցության խթանման ուղղություններն ու հնարավորությունները
ՀՄՀՖ-ի ներկայացուցիչները և իրանահայ թարգմանիչ և հասարակական գործիչ Նորայր Մեհրաբյանը քննարկել են համագործակցության խթանման ուղղություններն ու հնարավորությունները
Հայ Մշակութային և Հասարակական Ֆորումի վարիչ տնօրենի և «Հայազդ» կայքի խմբագրության հրավերով թվականիս դեկտեմբերի 2-ին, Թեհրանի Ս․ Մարիամ Աստվածածին Բարեգործական կենտրոնում կայացավ իրանահայ վաստակավոր թարգմանիչ, հասարակական, մշակութային և կրթական գործիչ Նորայր Մեհրաբյանի հետ հանդիպումը։
իրանահայ,համայնքը.,պատմական,ակնարկ,(14) , ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (14)
ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (14)
ՀԱՄԱՅՆՔԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ և ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՄԱՄՈՒԼԸ ԵՎ ՏՊԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
հայ-մարզամշակութային-րաֆֆի-համալիր,հմմ-րաֆֆի-համալիրի-մշակութային-բաժանմունք,գրքերի-պարսկերեն-թարգմանության-շնորհանդես,պարսկերեն-թարգմանության-հեղինակ,նորայր-մեհրաբյան,հայ-գողգոթան,շուշի,գոմեշ,գրիգորիս-պալաքյան,սերո-խանզադյան,հրանտ-մաթևոսյան,իիհ-ում-հհ-դեսպանության-խորհրդական,սերգեյ-գրգիգորյան,հյուպատոս-արթուր-սարգսյան,անդրանիկ-սիմոնյան,թեհրանի-հայոց-թեմի-թեմական-խորհրդի-ներկայացուցիչնե,մաշղ-հրատարակչության-ներկայացուցիչներ,իրանահայ-մարզամշակութային-միությունների-ներկայացու , ՀՄՄ Րաֆֆի համալիրում կայացել է «Հայ Գողգոթան», «Շուշի» և «Գոմեշ» գրքերի պարսկերեն թարգմանության շնորհանդեսը
ՀՄՄ Րաֆֆի համալիրում կայացել է «Հայ Գողգոթան», «Շուշի» և «Գոմեշ» գրքերի պարսկերեն թարգմանության շնորհանդեսը
Թվականիս նոյեմբերի 16-ին, Հայ մարզամշակութային Րաֆֆի համալիրի Մշակութային բաժանմունքի նախաձեռնությամբ տեղի ունեցավ երեք արժեքավոր գրքերի պարսկերեն թարգմանության շնորհանդեսը։
կլարա,աբքարի,պատմությունը.,իրանահայ,առաջին,մանրանկարչուհի , Կլարա Աբքարի պատմությունը. Իրանահայ առաջին մանրանկարչուհի
Կլարա Աբքարի պատմությունը. Իրանահայ առաջին մանրանկարչուհի
Կլարա Աբքարը 73 տարեկան էր, երբ իր տունը վերածեց արվեստանոցի՝ նկարչություն սովորեցնելու համար։ Երկու տարի անց Թեհրանի նախկին թագավորական Սաադ Աբադ պալատում բացվեց նրա աշխատանքների թանգարանը: Նա հայտնի է որպես առաջին իրանցի կին մանրանկարչուհի, սակայն կենդանության օրոք երբեք վաճառքի չի հանել իր ստեղծագործություններից ոչ մեկը:
իրանահայ,համայնքը.,պատմական,ակնարկ,(13) , ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (13)
ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (13)
Ըստ երկրի սահմանադրության, խորհրդարանի հայ պատգամավորները հանդիսանում են համայնքի լիիրավ ներկայացուցիչները։ Բայց նրանք նաև օրենսդիր մարմինների ներկայացուցիչ են և ոչ թե գործադիր մարմնի , իսկ երկրորդ՝ «ազգային» կանոնադրության մեջ նրանց մասին չկա ոչ մի հոդված։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: