ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (13)

Ըստ երկրի սահմանադրության, խորհրդարանի հայ պատգամավորները հանդիսանում են համայնքի լիիրավ ներկայացուցիչները։ Բայց նրանք նաև օրենսդիր մարմինների ներկայացուցիչ են և ոչ թե գործադիր մարմնի , իսկ երկրորդ՝ «ազգային» կանոնադրության մեջ նրանց մասին չկա ոչ մի հոդված։

1909 թ. Իրանի ներքին գործերի մինիստրության հրամանով կրոնական փոքրամասնություններին իրավունք էր վերապահվում իրանական խորհրդարանի՝ մեջլիսի երկրորդ նստաշրջանում ունենալ մեկական պատգամավոր։ Ելնելով 1909 թ. մեջլիսի երկրորդ գումարման ընդունված օրենքի՝ ընտրական իրավունքի մասին համապատասխան հոդվածից (այն է՝ յուրաքանչյուր 50 հազար հոգուց ընտրվում է մեկ պատգամավոր) հայերը պահանջեցին, որ իրենց թույլատրվի մեջլիսում մեկի փոխարեն երկու պատգամավոր ունենալ, քանի որ այդ տարիներին իրանահայերի թիվը հասնում էր մոտ 100 հազարի։ Սակայն հայ բնակչության այդ օրինական պահանջը մերժվեց։ 1909 թ. նոյեմբերի 15-ին իր աշխատանքներն սկսեց մեջլիսի նստաշրջանը, որտեղ հայերն ունեցան միայն մեկ պատգամավոր՝ ի դեմս իրանահայ նշանավոր գրականագետ Հովսեփ Միրզայանի։ Մինչև 5-րդ նստաշրջանը (1925-1927) իրանահայերը մեջլիսում ունեցել են մեկ պատգամավոր։ Հետագայում երկրորդ պատգամավոր ունենալու հարցը հայերի կողմից կրկին բարձրացվեց և ի վերջո համայնքին իրավունք տրվեց ունենալ նաև երկրորդ պատգամավորը։ Ներկայումս իսլամական խորհրդարանում Իրանի հայ համայնքը ներկայացված է երկու պատգամավորներով։ Նրանցից մեկը ներկայացնում է Թեհրանն ու հյուսիսային իրանահայությանը, մյուսը՝ հարավային իրանահայությանը։
Թեհրանի և հյուսիսային իրանահայության պատգամավորն է Կարեն Խանլարյանը, իսկ հարավային իրանահայությանը՝ Ռոբերտ Բեգլարյանը։ Իրանական խորհրդարանի համար առաջադրված հայ պատգամավորների ընտրությունից առաջ պարտադիր կարգով նրանց թեկնածությունը պետք է հաստատվի ընտրությունները վերահսկող պետական մարմնի՝ «Սահմանադրությունը պահպանողների խորհրդի» («Շոուրայ-ե նեգահբան-ե ղանուն-ե ասասի»)։ Ընդ որում, նրան տրամադրված է վետոյի իրավունք, այսինքն՝ կարող է մերժել կամ այլ թեկնածուի ընտրել որպես պատգամավոր։ Այսպիսով, իսլամական խորհրդարանի՝ մեջլիսի (մաջլես-ե-շոուրայ-ե էսլամի) 290 պատգամավորական մանդատներից 5-ը, ըստ երկրի սահմանադրության, հատկացված են պաշտոնապես ճանաչված «կրոնական փոքրամասնություններին»։ Դրանք են երկու հայերից բացի 1 զրադաշտական, 1 հրեա, 1 ասորի («նեստորական» և «քաղդեացի»՝ կաթոլիկ համատեղությամբ)։ Այդ առթիվ ԻԻՀ սահմանադրության մեջ նշվում է հետևյալը. «Զրադաշտները և հրեաները ընտրում են մեկական պատգամավոր, ասորիները և խալդերը ընտրում են մեկ պատգամավոր, հյուսիսի և հարավի հայ քրիստոնյաները ընտրում են մեկական պատգամավոր48։ Պաշտոնական քարոզչությունը 290 հոգանոց խորհրդարանում «կրոնական փոքրամասնություններին» հատկացված հինգ պատգամավորական մանդատը ներկայացնում է որպես պետության կողմից փոքրամասնությունների նկատմամբ իրագործվող բարյացակամ քաղաքականության վառ դրսևորում։ Մեջլիսի հայ պատգամավորների գործունեությունը կենտրոնացվում է հայ համայնքի՝ որպես կրոնական փոքրամասնության իրավունքների հարցերի շուրջ։ Նրանք իրավասու են օգտվելու հայ բնակչության դիմումները և բողոքները քննարկելու, պետական և ղեկավար մարմիններին միջնորդություններ հարուցելու և այլ իրավունքներից։ Հայ պատգամավորները խորհրդարանում պաշտպանում են հայ համայնքի ազգային, իրավական, դատական, համայնքային և այլ շահերը։ Հայ պատգամավորների, ինչպես և կրոնական մյուս փոքրամասնությունների պատգամավորների գործունեությունը մեջլիսի մյուս պատգամավորների համեմատությամբ սահմանափակված է համայնքին վերաբերող հարցերի շրջանակով։ Հայ համայնքի թեմական մարմինները ևս երկրի նախարարությունների և գերատեսչությունների հետ շփվում են այդ պատգամավորների միջոցով։
Ըստ երկրի սահմանադրության, խորհրդարանի հայ պատգամավորները հանդիսանում են համայնքի լիիրավ ներկայացուցիչները։ Բայց նրանք նաև օրենսդիր մարմինների ներկայացուցիչ են և ոչ թե գործադիր մարմնի , իսկ երկրորդ՝ «ազգային» կանոնադրության մեջ նրանց մասին չկա ոչ մի հոդված։ Դա փաստորեն նշանակում է, որ «ազգային իշխանության» համար պատգամավորներն ընդհանրապես գոյություն չունեն։ Նրանք պատգամավորական ժողովի նիստերին հրավիրվում են միայն խորհրդակցական ձայնի իրավունքով, թեև դա էլ կանոնագրով նախատեսված չէ, ուստի և պատգամավորական ժողովը կարող է առհասարակ նրանց չհրավիրել (մի բան, որ նախընթաց ունեցել է)։ Իսկ քանի որ չգրված օրենքով պատգամավորների ընտրությունը մեծապես պայմանավորված է «ազգային իշխանության» հաստատումից, վերջինս նրանց համարում է հաշվետու։ Նման պայմաններում պարզ է, որ համայնքային առումով խորհրդարանի հայ պատգավորներից քիչ թե շատ անկախ գործունեություն չի կարելի ակնկալել, իսկ «ազգային իշխանության» վրա հսկողություն՝ առավել ևս։ Իրականում խորհրդարանի հայ պատգամավորները ավելի ակտիվ են հայ անհատ-պետություն, մասամբ նաև «ազգային իշխանություն»-պետություն հարաբերությունների ասպարեզում, իսկ համայնք-«ազգային իշխանություն» հարաբերությունների տեսակետից նրանք գրեթե ոչ մի դեր չունեն49։ Ուշագրավ է նշել, որ բոլոր պատգամավորները մեջլիսի առաջին նստաշրջանում պետք է երդում տան և ստորագրեն երդման հատուկ տեքստի տակ։ Ընդ որում, մահմեդական պատգամավորներն երդվում են իսլամի Սուրբ գրքի՝ Ղուրանի վրա, իսկ կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչներից յուրաքանչյուրը այդ երդումը տալիս է իրենց Սուրբ գրքի վրա։
Թեև Իրանի Իսլամական Հանրապետությունում կրոնական փոքրամասնությունները օրենքով զորակոչվում են իրանական բանակում ծառայելու համար, սակայն նրանք, այդ թվում նաև հայերը, չեն կարող զբաղեցնել զինվորական բարձր պաշտոններ։ Առհասարակ իսլամական հեղափոխությունից հետո նկատվեց պետական նշանակության պաշտոնական դիրքերից կրոնական փոքրամասնություններին տեղ չտալու միտում, որը հետզհետե խորացավ։ Ներկայումս որոշ վկայությունների համաձայն, նույնիսկ թաղապետի պաշտոն զբաղեցնելու ակնհայտ հնարավորություն ունեցող և համայնքից դուրս էլ իր վարչարարարական ունակություններով հեղինակություն վայելող հայը, չգրված օրենքով ստիպված է չներկայացնել իր թեկնածությունը։ ԻԻՀ սահմանադրության 115-րդ հոդվածում երկրի նախագահի ընտրության օրինակով նշվում է, որ պետության մեջ բարձր պաշտոններ զբաղեցնելու պարտադիր պայման է «պաշտոնական կրոնին (այսինքն՝ իսլամին – Վ. Բ.) պատկանելությունը»։
Ընդհանրացնելով վերոշարադրյալը, հարկ ենք համարում նշել, որ նախ, թեև Իրանի հայ համայնքի իրավական կարգավիճակը, ըստ սահմանադրության, ոչ թե «Իրանի քաղաքացի» ձևակերպումն է, այլ «կրոնական փոքրամասնություն» ձևակերպումը, սակայն ի տարբերություն հարևան արաբական մի շարք երկրների (Արաբական Միացյալ Էմիրություններ, Քուվեյթ, Կատար, Բահրեյն, Օման և այլն), որտեղ քրիստոնյաների համար գրեթե անհնար է քաղաքացիություն ստանալ, Իրանում հայերը մշտապես, բոլոր ժամանակներում ունեցել են քաղաքացիություն։ Այնուհետև, ի տարբերություն Ծոցի երկրների, Իրանում հայերն ունեն նաև սեփականություն ունենալու իրավունք։ Թեև հայերը չեն մասնակցում Իրանի քաղաքական զարգացումներին, չեն ընտրվում պետական կառույցներում պաշտոնավարելու համար, կենտրոնանալով միայն հայապահպանության խնդիրների վրա, սակայն այդ բոլորով հանդերձ, նրանք ներգրավված են Իրանի սոցիալական և մշակութային գործընթացներում և գիտակցվում են որպես երկրի լիիրավ և արժանավոր քաղաքացիներ։
Վահան Բայբուրդյան (պ. գ. դ., պրոֆեսոր) – Եր., Լուսակն, 2013 թ 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
թեհրան,իրանահայ-համայնք,ս․-մարիամ-աստվածածին-բարեգործական-կենտրոն,սմաբկ,հմհֆ,հայ-մշակութային-հասարակական-ֆորում,հայազդ-լրատվական-կայք,աշխարհատեսների-հայկական-կենտրոն,մարո-այվազյան,կարինե-ղուկասյան,սահակ-շահմուրադյան , ՀՄՀՖ-ի, Ս․ ՄԱԲԿ-ի և Թեհրանի Աշխարհատեսների Հայկական կենտրոնի ներկայացուցիչները քննարկել են համագործակցությունների զարգացման հեռանկարները
ՀՄՀՖ-ի, Ս․ ՄԱԲԿ-ի և Թեհրանի Աշխարհատեսների Հայկական կենտրոնի ներկայացուցիչները քննարկել են համագործակցությունների զարգացման հեռանկարները
Թվականիս դեկտեմբերի 16-ին Սրբ․ Մարիամ Աստվածածին Բարեգործական կենտրոնի և Հայ Մշակութային Հասարակական Ֆորումի հյուրն էր Թեհրանի Աշխարհատեսների Հայկական կենտրոնի վարչության ատենապետ՝ Տկն․ Մարո Այվազյանը։
հայ-մշակութային-և-հասարակական-ֆորում,ս․-մարիամ-աստվածածին-բարեգործական-կենտրոն,հմհֆ-ի-ներկայացուցիչներ,հմհֆ-ի-տնօրեն,կարինե-ղուկասյան,հայազդ-կայքի-խմբագիր,հայազդ,սահակ-շահմուրադյան,իրանահայ-թարգմանիչ,մշակութային-և-կրթական-գործիչ,հասարակական-գործիչ,նորայր-մեհրաբյան,հայ-գողգոթան,շուշի,գոմեշ , ՀՄՀՖ-ի ներկայացուցիչները և իրանահայ թարգմանիչ և հասարակական գործիչ Նորայր Մեհրաբյանը քննարկել են համագործակցության խթանման ուղղություններն ու հնարավորությունները
ՀՄՀՖ-ի ներկայացուցիչները և իրանահայ թարգմանիչ և հասարակական գործիչ Նորայր Մեհրաբյանը քննարկել են համագործակցության խթանման ուղղություններն ու հնարավորությունները
Հայ Մշակութային և Հասարակական Ֆորումի վարիչ տնօրենի և «Հայազդ» կայքի խմբագրության հրավերով թվականիս դեկտեմբերի 2-ին, Թեհրանի Ս․ Մարիամ Աստվածածին Բարեգործական կենտրոնում կայացավ իրանահայ վաստակավոր թարգմանիչ, հասարակական, մշակութային և կրթական գործիչ Նորայր Մեհրաբյանի հետ հանդիպումը։
իրանահայ,համայնքը.,պատմական,ակնարկ,(14) , ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (14)
ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (14)
ՀԱՄԱՅՆՔԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ և ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՄԱՄՈՒԼԸ ԵՎ ՏՊԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
հայ-մարզամշակութային-րաֆֆի-համալիր,հմմ-րաֆֆի-համալիրի-մշակութային-բաժանմունք,գրքերի-պարսկերեն-թարգմանության-շնորհանդես,պարսկերեն-թարգմանության-հեղինակ,նորայր-մեհրաբյան,հայ-գողգոթան,շուշի,գոմեշ,գրիգորիս-պալաքյան,սերո-խանզադյան,հրանտ-մաթևոսյան,իիհ-ում-հհ-դեսպանության-խորհրդական,սերգեյ-գրգիգորյան,հյուպատոս-արթուր-սարգսյան,անդրանիկ-սիմոնյան,թեհրանի-հայոց-թեմի-թեմական-խորհրդի-ներկայացուցիչնե,մաշղ-հրատարակչության-ներկայացուցիչներ,իրանահայ-մարզամշակութային-միությունների-ներկայացու , ՀՄՄ Րաֆֆի համալիրում կայացել է «Հայ Գողգոթան», «Շուշի» և «Գոմեշ» գրքերի պարսկերեն թարգմանության շնորհանդեսը
ՀՄՄ Րաֆֆի համալիրում կայացել է «Հայ Գողգոթան», «Շուշի» և «Գոմեշ» գրքերի պարսկերեն թարգմանության շնորհանդեսը
Թվականիս նոյեմբերի 16-ին, Հայ մարզամշակութային Րաֆֆի համալիրի Մշակութային բաժանմունքի նախաձեռնությամբ տեղի ունեցավ երեք արժեքավոր գրքերի պարսկերեն թարգմանության շնորհանդեսը։
կլարա,աբքարի,պատմությունը.,իրանահայ,առաջին,մանրանկարչուհի , Կլարա Աբքարի պատմությունը. Իրանահայ առաջին մանրանկարչուհի
Կլարա Աբքարի պատմությունը. Իրանահայ առաջին մանրանկարչուհի
Կլարա Աբքարը 73 տարեկան էր, երբ իր տունը վերածեց արվեստանոցի՝ նկարչություն սովորեցնելու համար։ Երկու տարի անց Թեհրանի նախկին թագավորական Սաադ Աբադ պալատում բացվեց նրա աշխատանքների թանգարանը: Նա հայտնի է որպես առաջին իրանցի կին մանրանկարչուհի, սակայն կենդանության օրոք երբեք վաճառքի չի հանել իր ստեղծագործություններից ոչ մեկը:
իրանահայ,համայնքը.,պատմական,ակնարկ,(12) , ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (12)
ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (12)
Իրանի Իսլամական Հանրապետությունում կրոնական փոքրամասնություններ ներկայացնող համայնքների իրավական հիմք է հանդիսանում «Կրոնական փոքրամասնությունների վերաբերյալ օրենքը», որը փոքրամասնություններին տրամադրում է երկրի սահմանադրությունից բխող բավականին լայն իրավունքներ իրենց ներքին գործերի և կրոնական ինքնավարության բնագավառում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: