ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Արժանապատվություն

Սոկրա՛տ, գերագոյնը մարդկութեան որդիներէն, գովք քեզ, թէեւ դու բարձր ես ամէն գովքէ ու դափնիէ, անհունօրէ˜ն բարձր: Գարեգին Նժդեհ /

Աթենքի դատարանը Ք. ծ. ա. 399 թ. Սոկրատեսին դատապարտեց մահապատժի, եւ մեղադրյալը կյանքին հրաժեշտ տվեց՝ թույնով լի գավաթը ինքնակամ պարպելով: Խոստովանենք, որ յոթանասուն տարեկանում, երբ ամեն լրացուցիչ օրը մարդու համար Աստծո իսկական պարգեւ է, նման արարքը ինքնին հոգու մեծագույն ամրության, անհողդողդ կամքի եւ նախանձելի հաստատակամության վկայություն է: Ամեն մեկիս վիճակված չէ այդքան արժանապատվորեն հեռանալու:    Կատարվածն անխուսափելի էր, իրադարձությունների տրամաբանության անողոք հետեւանք, հանճարի եւ ամբոխի, փիլիսոփայության եւ իշխանության հերթական առճակատման հանգուցալուծում: Սոկրատեսն իր մտածելակերպով եւ գործելակերպով ավելի ու ավելի խորթ էր դառնում այլասերվող աթենական հանրությանը: «Իմաստուն մարդու» անդադար որոնումները, երբ նա, ինչպես ինքն է խոստովանում դատարանում, նախապես այդ կանխավարկածով էր մոտենում հերթական հեղինակությանը, հերթական նշանավոր արիստոկրատին, երեւելի քաղաքացուն, նշանավոր անձնավորությանը եւ ամեն անգամ անխուսափելիորեն պսակազերծում էր փուչ գիտունիկներին, ահա այդ զբաղմունքը, ըստ էության, զուտ փիլիսոփային բնորոշ այդ կենսակերպը շատերին էր աստիճանաբար թշնամացրել: Ես էլ եմ քո պես տգետ՝ շիփ-շիտակ ասում կամ այլաբանորեն հասկացնում էր նա զրուցակցին, բայց ես գոնե գիտեմ, որ ոչինչ չգիտեմ, իսկ ահա դու կարծում ես, թե գիտես: Դատարանի սրահում Սոկրատեսը դա վերստին կհռչակի որպես ազատ քաղաքացու համար ամենավարկաբեկիչ դիրքորոշումը. «Բայց մի՞թե ամենից ամոթալի տգիտությունն այն չէ, որ երեւակայես, թե իբր գիտես այն, ինչը չգիտես»: 

Ըստ էության, կարեւոր չէին ո՛չ Սոկրատեսին ներկայացված մեղադրանքի բովանդակությունը (իբր, փիլիսոփան չի ընդունում Աթենքը հովանավորող աստվածներին, այլ ուրիշ աստվածներ է քարոզում, նաեւ իր խոսքերով այլասերում է երիտասարդությանը), ո՛չ մեղադրողների ելույթները (որոնք չեն էլ պահպանվել), ո՛չ դատավորների քվեարկությունը (220-ը Սոկրատեսին կողմ էին, 281-ը՝ դեմ). կործանվող, ապագայից զուրկ Աթենքը (Պերիկլեսի «ոսկի դարն» անցյալ էր դարձել) պիտի սպաներ իր երեւելի զավակին (հավիտենական խայտառակություն, անարդարացի եւ անպատվաբեր մի արարք, որը բնավ չեն հատուցում «գնա մեռիր, արի՝ սիրեմ» համախտանիշի ոգով հետագա իրադարձությունները, մասնավորապես՝ մեղադրողների եռյակին պատժելը, Սոկրատեսի հուշարձանը կանգնեցնելը, հետմահու փառաբանությունը եւ այլն): Սոկրատեսը դա հրաշալի է հասկանում եւ բացատրում դատավորներին. իրեն, ինչպես որ բազում ազնիվ մարդկանց կործանում են եւ կործանելու են ոչ թե անհատ մեղադրողները, այլ հանրային անառողջ միջավայրը, համատարած կեղծիքը, անզուսպ զրպարտությունը եւ հիվանդագին հայցամոլությունը (մեկը մյուսին դատի տալը, երբեմն նաեւ մահապատժի պահանջով, գրեթե դարձել էր աթենացիների հիմնական զբաղմունքը. զուր չէ Դեմոսթենեսը մի առիթով Աթենքն անվանել «դատավարությունների քաղաք»): 

Սոկրատեսի դատավարության ընթացքի մանրամասների եւ հատկապես նրա պաշտպանական ելույթների մասին տեղեկանում ենք հիմնականում Պլատոնի  «Ջատագովություն Սոկրատեսի» աշխատությունից եւ «Կրիտոն» երկխոսությունից: (Ըստ որոշ աղբյուրների` Պլատոնը, որ պիտի անմահացներ իր ուսուցչին նշանավոր երկխոսություններում, դատավարությանը ներկա է եղել, սակայն նրան թույլ չեն տվել պաշտպանական ելույթ ունենալու): Ի տարբերություն Պլատոնի մյուս երկերում հանդիպող իր կերպարի՝ այստեղ Սոկրատեսը ոչ թե համեստաբար (դիմացինի ընկալմամբ՝ նաեւ երբեմն միամտաբար) հարցեր է տալիս, համբերատար կերպով հանգամանորեն քննարկում զրուցակիցների պատասխանները, նրբահնար եղանակներով խոսքը հանգեցնում իր համար ցանկալի ավարտի (թեկուզ հանգրվանային), այլ լի է սեփական արժեքի եւ վաստակի գիտակցությամբ, լիուլի գործադրում է իր նշանավոր հեգնանքը, անխնա բացահայտում է մեղադրողների անբարո վարքը, նաեւ կանխատեսում դրանց վերահաս պատիժը: Շատ տպավորիչ է խոսքի առաջաբանը, որտեղ մեղադրյալը հմտորեն միավորում է իր եւ ազնիվ, անկողմնակալ դատավորների շահերը. չէ՞ որ կեղծ մեղադրանքն անպատվաբեր է ոչ միայն դրանք մոգոնողների համար, այլեւ վճիռ կայացնելու պարտականություն ունեցողների եւ առհասարակ Աթենքի բոլոր քաղաքացիների համար. «Արդ, աթենացի՛ք, ինձ հարկ է պաշտպանվել եւ ջանալ կարճատեւ ընթացքում հերքելու այն կեղծիքը, որ արդեն երկար ժամանակ տարածված է ձեր շրջապատում: Անտարակույս, ես կցանկանայի, որ դա արվեր ի բարօրություն ե՛ւ ինձ, ե՛ւ ձեզ. ուրիշ էլ ինչի՞ կարող եմ հասնել իմ պաշտպանությամբ»: Անմեղ մարդուն, իսկապես, մնում է ապավինել եւ վստահել օրենքի ուժին, ուստի եւ դատավարության ցանկալի հանգուցալուծմանը. «Դե, թող այն ընթանա կամոքն Աստծո, իսկ քանի որ օրենքին պիտի ենթարկվել, ապա, ուրեմն, պիտի արդարանամ»: 

Պակաս տպավորիչ չէ Սոկրատեսի գործադրած առերեւույթ հավանության փաստարկման եղանակը, երբ նա գովաբանում է իրեն մեղադրողներին՝ ասելով, թե «որքան համոզիչ» էին նրանք խոսում, բայց, ափսոս, ըստ էության ոչինչ չասացին, «եւ ոչ մի ճշմարիտ բառ»:  Սոկրատեսին հայտնի էր, որ իրեն հանիրավի նույնացնում են սոփեստների հետ՝ ոմանք ակամա, ոմանք էլ՝ վարկաբեկելու միտումով: (Առհասարակ, այդ շրջանում հասարակական կարծիքի մեջ խառնափնթոր պատկերացումներ կային փիլիսոփայության եւ սոփեստության, սոփեստության եւ ճարտասանության մասին. հետագայում Պլատոնը այս հարցում հստակություն մտցրեց): Մեղադրողները դա էլ էին օգտագործում դատավորների մեջ կանխակալ վերաբերմունք առաջացնելու նպատակով: Ուստի Սոկրատեսը, նախ՝ շիփ-շիտակ հայտնում է դատավորներին, թե ինքը տեղյակ է մեղադրողների այդ զրպարտանքի մասին («նրանք պնդում են, թե դուք պիտի զգուշանաք, որ ես ձեզ չմոլորեցնեմ իմ խոսքի ճարտարությամբ»), ապա հավելում, որ թեեւ ինքը բնավ ուժեղ չէ պերճախոսության մեջ, բայց եթե «խոսքի ճարտարություն» ասելով հասկանանք ճշմարտախոսությունը, ապա, այո՛, ինքը «հռետոր է, բայց ոչ նրանց տեսակից», վերջապես՝ հաստատում է իր հավատարմու-թյունը «դատավոր–մեղադրյալ» փոխհարաբերության իսկությանը. «Խնդրում եմ ուշադրություն դարձնել միայն այն բանին, ճշմարտությո՞ւն է իմ ասածը, թե՞ ոչ. դա է դատավորի արժանիքը, իսկ հռետորի պարտականությունն է ասել ճշմարտությունը»:

  Խոսելով իր պաշտպանական մարտավարության էության մասին՝ Սոկրատեսը բացատրում է, թե ինչու չի վարվում այլոց, հենց ներկաներից շատերի պես, որոնք ամեն կերպ փորձում են դատավորների գութը շարժել՝ արցունքներով, աղերսանքով, երեխաներին եւ հարազատներին դատարան բերելով: Նախ՝ դա անպատվաբեր է, բացի դրանից՝ անհարմար վիճակի մեջ է դնում դատավորներին. «Չէ՞ որ դատավորը նրա համար չի կարգված, որ կամայաբար ներում շնորհի, այլ որ արդարացի դատ անի, եւ նա երդում է տվել ոչ թե այն բանի համար, որ ում ուզի թողություն տա, այլ որ դատի օրենքների հիման վրա»: Ակնհայտ է, որ Սոկրատեսի սույն մեկնաբանությունն այնքան էլ համոզիչ չի եղել այն դատավորների համար, որոնք նրանից հատկապես թողության աղերսանք են ակնկալել. ահա թե ինչու փիլիսոփան չի մոռանում հավելել, թե չէր ցանկանա, որ իր վարվելակերպը ոմանց զայրացնի: Ամենայն հավանականությամբ, զայրացողների թիվը բավական մեծ է եղել (մահվան դատավճռի կողմնակիցները դարձան 291-ը). անտարակույս, մեղադրյալի նման արժանապատիվ կեցվածքը ըստ արժանվույն գնահատելու համար սոսկ դատավորի տեղում լինելը բավարար չէ: Դատավորների շրջանում որոշակի վրդովմունք պիտի որ հարուցեր նաեւ մեղադրյալի անսքող հեգնանքով ակնարկությունը. «Մեկ անգամ չէ, որ ինձ հարկ է եղել տեսնելու, թե ինչպես, թվում է թե հարգարժան մարդկանց, բավական է դատա-րան կանչվեն, զարմանալի բաներ են անում. այն տպավորությունն է, թե նրանք մտածում են, որ սարսափելի բան կլինի, եթե մահանան, բայց եւ անմահ են դառնալու, եթե նրանց մահապատժի չենթարկեն»: Մահապատժի վճռի կայացումից հետո Սոկրատեսի ելույթում սեփական դիրքորոշման հիմնավորումը պարզապես շառաչուն մի ապտակ է դառնում իր դեմ քվեարկածների դեմքին. «…. Դուք կարծում եք, թե ես դատապարտված եմ, քանի որ ինձ չբավականացրի՞ն ձեզ իմ կողմը գրավելու փաստարկները: Բնավ ոչ: Ինձ չբավականացրին հանդգնությունը եւ անամոթությունը ասելու ձեզ այն, ինչն առավել հաճույքով եք լսում՝ որ ես ողբայի, լացուկոծ դնեի. դուք սովորել եք դա ուրիշներից լսելու, բայց ինձ համար արժանավայել չեմ համարում: Դա սազական է ստրուկին, եւ ես հիմա չեմ զղջում, որ այդկերպ չեմ պաշտպանվել»: Իսկ մինչ այդ իր խոսքում փիլիսոփան պարզ ու ազնվորեն խոստովանում է, որ եթե իրեն արդարացնեն, ապա ինքը չի փոխելու իր ապրելակերպը, շարունակելու է փիլիսոփայել, քանի որ դրանում տեսնում է համաքաղաքացիների համար իր օգտակարությունը. «Եթե դուք հիմա ինձ բաց թողնեիք…. ապա ես ձեզ կասեի. «Ես նվիրված եմ ձեզ, աթենացինե՛ր, բայց հնազանդվելու եմ ավելի շատ Աստծուն, քան ձեզ, եւ քանի դեռ շնչում եմ եւ մեջս ուժ է մնում, չեմ դադարելու փիլիսոփայել, հորդորել եւ համոզել ձեզանից ամեն մեկին՝ ասելով այն, ինչ սովորաբար ասում եմ. «Դու մարդկանցից լավագույնն ես, քանի որ աթենացի ես, քաղաքացին ես մեծագույն քաղաքի, բոլորից ավելի փառաբանված հզորությամբ եւ իմաստնությամբ, դու չե՞ս ամաչում, որ հոգ ես տանում առավելագույնս փող, պատիվ եւ փառք ունենալու մասին, այնինչ բանականության, ճշմարտության եւ հոգուդ մասին չես հոգում, չես մտածում, որ հոգիդ հնարավորինս լավը դարձնես»:

 Մահապատժի վճռի կայացումից հետո անգամ Սոկրատեսը պահպանում է իր բարոյական գերազանցությունը դատարանի հանդեպ` ցույց տալով, որ ինքն ավելի հայրենասեր է, հարազատ քաղաքի ապագայի համար ավելի մտահոգ, քան նենգամիտ մեղադրողները եւ արյունարբու դատավորները. «Քանի որ ինձ այդքան քիչ ժամանակ է մնացել ապրելու, աթենացինե՛ր, հիմա ձեր մասին հոռի կարծիք է տարածվելու, եւ մեր քաղաքը վարկաբեկելու սովոր մարդիկ ձեզ մեղադրելու են այն բանի համար, որ կյանքից զրկեցիք Սոկրատեսին՝ իմաստուն մարդուն. չէ՞ որ նրանք, ովքեր հակված են ձեզ հանդիմանելու, պնդելու են, թե ես իմաստուն եմ, թեպետ դա այդպես չէ: Բայց այլ բան, եթե դուք փոքր-ինչ սպասեիք, այնժամ դա ձեզ համար էլ կպատահեր ինքն իրեն. տեսնում եք տարիքս, ես արդեն խոր ծերունի եմ եւ իմ մահը մոտ է»:  Ինչպես հայտնի է, Սոկրատեսը կարող էր առհասարակ խուսափել դատավարությունից՝ մինչ դատը լքելով Աթենքը, կարող էր նույնիսկ բանտից փախուստի դիմել (ինչպես հորդորում էին նրա աշակերտները եւ արդեն իսկ նախապատրաստել էին փախուստը). կարելի է ենթադրել, որ մեղադրողներին լիովին կբավարարեր դա, քանի որ նրանց նպատակը ի վերջո փիլիսոփային լռեցնելն էր՝ թեկուզ վտարանդի դարձնելով, այդկերպ վարկաբեկելով նրան, նսեմացնելով եւ արժեզրկելով նրա վաստակը:   Մահվանից խույս տալը, բացատրում է Սոկրատեսը, դժվար չէ. երբեմն զինվորն էլ է վախից զենքը նետում, հանձնվում թշնամուն եւ այդկերպ խուսափում մահվանից: Բայց նա այդ իսկ պահին վարկաբեկված է. փաստորեն այլասերումը մահվանից արագահաս է. «Եվ ահա ինձ, դանդաղաշարժ եւ ծեր մարդուս, հասավ ոչ այնքան արագաշարժը, իսկ ինձ մեղադրողներին՝ ուժեղ ու ճարպիկ այդ մարդկանց, ամենից արագաշարժը՝ այլասերումը: Ես այստեղից հեռանում եմ՝ ձեզանից դատապարտված մահվան, իսկ իմ մեղադրողները հեռանում են՝ ճշմարտությունից մերկացված իրենց չարագործությամբ եւ անարդարությամբ: Ես մնում եմ իմ պատժի հետ, նրանք՝ իրենց: Այդպես էլ, թերեւս, պիտի լիներ, եւ ես կարծում եմ, որ դա ճիշտ է»: 

Փիլիսոփայի ամփոփիչ խոսքն է. «Արդ, ժամանակն է այստեղից հեռանալու. ես՝ մեռնելու համար, դուք՝ ապրելու, իսկ թե որն է դրանից լավը, ոչ մեկին հայտնի չէ, բացի Աստծուց»: Ձեւական տեսակետից՝ Սոկրատեսը դատը տանուլ տվեց. ճշմարիտ փիլիսոփան պարտվեց  իշխանության ճշմարտությանը: Բայց ի վերջո փիլիսոփայի երկնասլաց ոգին հաղթեց իշխանության կույր ուժին, քանզի Սոկրատեսն անմահացավ, հավերժացավ պատմության մեջ որպես արժանապատիվ մարդու վեհաշունչ տիպար, կատարյալ փիլիսոփայի անզուգական կերպար, դարձավ բարոյական բարձրագույն հատկությունների չափանիշ: 

Վալերի ՄԻՐԶՈՅԱՆ Փ. գ. դ., պրոֆեսոր

/hhpress.am//


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
1908,երիտթուրքական-հեղափոխություն,արևմտահայություն,բազմահազարանոց-ցույցեր,հայությունը-երիտթուրքերի-ցույցերում,ազատություն-հավասարություն-եղբայրություն , Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
1908 թվականի Երիտթուրքական հեղափոխության օրերին արևմտահայությունը մասնակցում էր բազմահազարանոց ցույցերին «ազատություն, հավասարություն, եղբայրություն» կարգախոսներով:
1919-1920,հայաստան,երևան,բաթումի,բաթումի-նավահանգիստ,թուրք-թաթար-թալանչիներ,բրիտանացի-զինվորների-վերահսկողության-տակ-գտնվող-զր,ամերիկյան-և-բրիտանական-մարդասիրական-օգնություն,բաթում-երևան-կյանքի-երկաթգիծը , 1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
«Ազատության պաշտպան» զրահագնացքի բրիտանական զինվորական անձնակազմը, Երևան, 1920 թ.
ամն,թուրքիայի-դաշնակից-ամն,եվրոպական-մեծ-տերություններ,թուրքիա,խորհրդային-միություն,հայոց-ցեղասպանություն,երկրորդ-աշխարհամարտ,հայկական-հարց,արևմտյան-հայաստանի-վերադարձի-ծրագիր,վահրամ-հովյան , Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Եվրոպական մեծ տերությունները և Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում են Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը։ ԱՄՆ-ի ու Թուրքիայի հարաբերություններում կային որոշակի կնճիռներ։ Այդ համատեքստում 2021-ին ԱՄՆ-ն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, թեև գործնականում մեծ հաշվով դա ոչինչ չի տալիս Հայկական հարցին։
հայ-ադրբեջանական,կոնֆերանս․,բաքու,1919-ի,դեկտեմբերի,14 , Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական կոնֆերանսին կմասնակցեն Ֆաթալի Խան Խոյսկին, Մամեդ Հասան Հաջինսկին և Մամեդ Ռզա Վեքիլովը։
հայերը,թուրքիան,ռուսաստանը,եւ,արեւմուտքը.,հայացք,1891,թվականից , Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Ներկայացնում ենք 1891 թվականի ապրիլին ամերիկյան The Atlantic Monthly ամսագրում հրապարակված Սեմյուել Գրին Ուիլեր Բենջամինի The Armenians and the Porte հոդվածի հայերեն թարգմանությունը:
ալեքսանդր-սոլժենիցինի-նոբելյան-պատմությունը,գրականության-նոբելյան-մրցանակ,շվեդիա,խսհմ,խսհմ-գերագույն-խորհուրդ,ստալինյան-ճամբարներ,հայրենիքից-բռնի-աքսոր,ռուս-ականավոր-մտածող-և-գրող,ալեքսանդր-սոլժենիցին , Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Խորհրդային Միությունում Սոլժենիցինին Նոբելյան մրցանակ շնորհելը ռումբի պայթյունի էֆեկտ ունեցավ։ Շատերն անկեղծորեն ուրախացան ռուս վառ և ազնիվ գրողի համաշխարհային ճանաչման համար: Սակայն իշխանությունները և պաշտոնական գրական հանրությունը թշնամաբար են ընդունել Շվեդիայի ակադեմիայի որոշումը։ ԽՄԿԿ Կենտկոմը Նոբելյան մրցանակակրին վարկաբեկելու մի ամբողջ ծրագիր էր մշակել։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: