ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հայոց ցեղասպանությունը քրիստոնեական քաղաքակրթության դեմ էր ուղղված՝ բացի հայերից նահատակվեցին նաև հույներ ու ասորիներ․ գիտաշխատողը՝ իր տոհմի պատմության ու կրոնի դերի մասին

«Բայդենի կողմից Ցեղասպանությունն ընդունելու տարին էր, վերապրողի սերունդի հետ էին ուզում խոսել, և ես այս ամբողջը իրենց տրամադրեցի անգլերենով»,- Civic.am-ի հետ զրույցում պատմում է «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի Հայոց ցեղասպանության զոհերի և վերապրողների փաստագրման և ուսումնասիրության բաժնի վարիչ, ավագ գիտաշխատող Շուշան Խաչատրյանը։

Շուշան Խաչատրյանը նաև Հայոց ցեղասպանությունից վերապրածի ժառանգ է․ «Վերապրողը իմ պապիկն է՝ Խաչիկ Խաչատրյանը 1910թ․ ծնված»,-ասում է նա ու նշում, որ պապը՝ Խաչիկ Խաչատրյանը, ծնվել է Արևմտյան Հայաստանի Վանի նահանգի, Վանի գավառի, Ալջավազ գավառակի Նորշեն գյուղում․ «Առաջին դրվագը, որ ինձ իմ տատիկը, ծնողները փոխանցել են՝ այն է, որ թուրքերը գալիս են և հավաքում են գյուղի բոլոր տղամարդկանց, տանում գյուղից դուրս գտնվող մի վայր, առանձնացնում նրանց և գնդակահարում»։ 

Շուշանին հասած պատմությունները ևս վկայում են, որ թուրքերից բացի քրդերն էլ են լծվել հայերին ցեղասպանելու գործին․ քրդերը հրկիզում էին հայկական բնակավայրերը՝ տները, հողերը, նույնիսկ մարդկանց էին այրում։ Շուշան Խաչատրյանի տոհմին առնչվող ողբերգական  դրվագ ևս կա։ Նրա պապիկի քույրը՝ Զարդարը, 2 տարեկան հասակում այրվում է իր տատիկի հետ․ «Հանկարծակի երեխան տեսնում է, որ իրենց մեծ տատիկին քրդերը այլ հայերի հետ տանում են դեպի մի մարագ, երեխան՝ մեծ մամա գոռալով վազում է դեպի տատիկը և դրան հետևում է ողբերգական մի բան, որովհետև այնտեղ հավաքում են հայերին և այրում»։  

Այնուհետև Շուշանի պապիկի մայրը՝ Գյոզալ տատը, իր ողջ մնացած երեխաների հետ գաղթում է Արևելյան Հայաստան՝ ռուս զինվորների ուղեկցությամբ։ Շուշանի խոսքով՝ ռուս զինվորներն ուղղեկցում էին, որպեսզի հայ գաղթականներին ճանապարհին որևէ բան չսպառնա․ «Այդ ճանապարհի ընթացքում մահանում են պապիկիս երկու եղբայրները՝ Կարապետը և Երվանդը։ Եվս մեկ եղբայր մահանում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բակում, որտեղ հազարավոր գաղթականներ էին ապաստանել, այնտեղ նա տիֆի համաճարակից է մահանում»,-պատմում է Շուշանը։

Բազմանդամ ընտանիքից ողջ են մնում միայն Շուշանի Խաչիկ պապն ու հորաքույրը՝ Մարիամ Ֆառեն։ Սակայն երեխաներին սնունդով ապահովելու խնդրի առաջ է կանգնում Գյոզալ տատն ու որոշում նրանց սովի չմատնելու համար տեղավորել որբանոցում, որը կոչվում էր Մերձավոր Արևելքի նպաստամատույց կոմիտե։ Այնուհետև Գյոզալ տատը ապաստան է գտնում Պտղնիում․ «Հանկարծակի լուր է ստանում, որ երեխաներին պատրաստվում են տեղափոխել ԱՄՆ, արցունքն աչքերին ոտքով քայլելով հասնում է Երևան, որպեսզի երեխաներին հանի այնտեղից»,- ասում է Շուշանն ու հավելում, որ Գյոզալ տատուն, ի վերջո, հաջողվում է ցեղասպանությունից փրկված երեխաներին հանել որբանոցից և իր խնամքի տակ վերցնել։

Հայոց ցեղասպանությունից վերապրածների ժառանգը՝ Շուշանը, նշում է, որ իրենց տանը ցեղասպանությունից փրկված մասունք կա՝ միջնադարյան հմայիլ՝ աղոթքների գալարափաթույթ, որը զետեղված է պատյանում։ Գյոզալ տատը գաղթի ճանապարհին իրեն ծանոթ քահանայի մի զավակի է տեսել, որը հիվանդ է եղել և իր վրա կրելիս է եղել աղոթքների այդ պատյանը։ Սակայն որոշ ժամանակ անց Գյոզալ տատը նկատել է, որ աղոթքների պատյանը դրված է քարին, իսկ երեխան չկա։ Վերցրել է այն, որ երեխային տեսնելիս փոխանցի նրան, կարծել է, թե մոռացել է քարի վրա, սակայն այդպես էլ քահանայի հիվանդ որդուն չի հանդիպել ու մասունքն իր հետ բերել է Արևելյան Հայաստան։ «Եվ այդ մասունքի միջոցով է, որ ես առաջին անգամ հաղորդ դարձա որպես փոքրիկ երեխա և առաջին անգամ լսեցի իմ պապիկի վերապրման պատմությունը»,-նշում է Շուշանը։  

Գիտաշխատողի խոսքով՝ ոճրագործները բնականաբար, դրդապատճառներ ունեին, օրինակ՝ հայերի ունեցվածքին տիրանալը, կրոնական մղումները, երկար փայփայված հաշվեհարդարի իրագործումը․ «Ցեղասպանությունը միանգամից չի ծագում, դա երկար տարիներ, գուցե դարեր ձևավորվում է՝ հասունանում, ոճրագործ կողմի մեջ և տեղի է ունենում այն ժամանակ, երբ առավել պատրաստ են ձերբազատվել անցանկալի տարրից, որի հանդեպ  ատելություն էին սկսել տածել»։ 

Շուշան Խաչատրյանը որպես գիտաշխատող ուսումնասիրել է կրոնի գործոնը Հայոց ցեղասպանության պատմության մեջ և գրքեր հրատարակել։ «Չենք կարող ժխտել, որ Օսմանյան կայսրությունն իրենից ներկայացնում էր կրոնական լուրջ խճանկար, երբ դարեր շարունակ իսլամ ընդունած նվաճողները գերիշխանություն էին հաստատել քրիստոնյա փոքրամասնություն դարձած ազգերի բնիկ տարածքների վրա, այսինքն՝ հույների, հայերի ասորիների»,- ասում է նա։

Գիտաշխատողը հավելում է՝ շատ հայտնի էին քրիստոնյա ազգերի երեխաներից հավաքվող ենիչերիական կորպուսները․ «Երեխաներին տանում էին Կոստանդնուպոլիս, նրանց անուններն էին փոխում, կրոնափոխ անում և դարձնում իսլամադավան զորք, որն ունակ էր գազանությունների։ Այդ զորքը հավաքվում էր միայն քրիստոնյա երեխաներից՝ կոչվում էր արյան հարկ կամ դևշիրմեի ինստիտուտ, այսինքն՝ ծնողը իր երեխային հարկ էր տալիս Օսմանյան իշխանություններին։ Դևշիրմեի ինստիտուտը հայերի մեջ 16-րդ դարում է շատ էական դեր ունեցել մինչև 18-րդ դարի կեսերը։ Մինչև այն ժամանակ, երբ հայ վարդապետներից մեկը Սուլթանին խնդրում է, որ դևշիրմեի փոխարեն հայերը գումարով հարկ տան»։ 

Գիտաշխատողն իր ուսումնասիրություններում անդրադարձել է նաև ցեղասպանության ժամանակ ծիսական սպանություններին՝ զոհաբերություններին։ «Քրիստոնյային քարշ էին տալիս՝ տանում եկեղեցու խորանի վրա ու մորթում՝ հատուկ աղոթքներ ասելու հետ մեկտեղ»,- ասում է նա։

Գիտաշխատողի ուսումնասիրություններում անդրադարձ կա նաև 1915թ․ զոհերի սրբադասմանը, երբ Հայ առաքելական եկեղեցին սրբադասել է այն նահատակներին, որոնք հանուն հավատի են սպանվել․ նրանք նույնիսկ բառերով էին հրաժարվել ուրանալ Քրիստոսին։ «Փաստորեն Օսմանյան կայսրության կողմից   քրիստոնեական քաղաքակրթության դեմ ուղղված ակտ էր, որովհետև բացի հայերից նահատակվեցին նաև հույներ ու ասորիներ»,- ընդգծում է գիտաշխատողը։ 

Նշենք, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչել ու դատապարտել են բազմաթիվ երկրներ։ 

 Առաջին երկիրը, որը ճանաչել ու դատապարտել է  Հայոց ցեղասպանությունը՝  Ուրուգվայն էր՝ 1965թ․-ին։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

 Նարա Մարտիրոսյան


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
1908,երիտթուրքական-հեղափոխություն,արևմտահայություն,բազմահազարանոց-ցույցեր,հայությունը-երիտթուրքերի-ցույցերում,ազատություն-հավասարություն-եղբայրություն , Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
1908 թվականի Երիտթուրքական հեղափոխության օրերին արևմտահայությունը մասնակցում էր բազմահազարանոց ցույցերին «ազատություն, հավասարություն, եղբայրություն» կարգախոսներով:
1919-1920,հայաստան,երևան,բաթումի,բաթումի-նավահանգիստ,թուրք-թաթար-թալանչիներ,բրիտանացի-զինվորների-վերահսկողության-տակ-գտնվող-զր,ամերիկյան-և-բրիտանական-մարդասիրական-օգնություն,բաթում-երևան-կյանքի-երկաթգիծը , 1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
«Ազատության պաշտպան» զրահագնացքի բրիտանական զինվորական անձնակազմը, Երևան, 1920 թ.
ամն,թուրքիայի-դաշնակից-ամն,եվրոպական-մեծ-տերություններ,թուրքիա,խորհրդային-միություն,հայոց-ցեղասպանություն,երկրորդ-աշխարհամարտ,հայկական-հարց,արևմտյան-հայաստանի-վերադարձի-ծրագիր,վահրամ-հովյան , Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Եվրոպական մեծ տերությունները և Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում են Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը։ ԱՄՆ-ի ու Թուրքիայի հարաբերություններում կային որոշակի կնճիռներ։ Այդ համատեքստում 2021-ին ԱՄՆ-ն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, թեև գործնականում մեծ հաշվով դա ոչինչ չի տալիս Հայկական հարցին։
հայ-ադրբեջանական,կոնֆերանս․,բաքու,1919-ի,դեկտեմբերի,14 , Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական կոնֆերանսին կմասնակցեն Ֆաթալի Խան Խոյսկին, Մամեդ Հասան Հաջինսկին և Մամեդ Ռզա Վեքիլովը։
հայերը,թուրքիան,ռուսաստանը,եւ,արեւմուտքը.,հայացք,1891,թվականից , Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Ներկայացնում ենք 1891 թվականի ապրիլին ամերիկյան The Atlantic Monthly ամսագրում հրապարակված Սեմյուել Գրին Ուիլեր Բենջամինի The Armenians and the Porte հոդվածի հայերեն թարգմանությունը:
ալեքսանդր-սոլժենիցինի-նոբելյան-պատմությունը,գրականության-նոբելյան-մրցանակ,շվեդիա,խսհմ,խսհմ-գերագույն-խորհուրդ,ստալինյան-ճամբարներ,հայրենիքից-բռնի-աքսոր,ռուս-ականավոր-մտածող-և-գրող,ալեքսանդր-սոլժենիցին , Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Խորհրդային Միությունում Սոլժենիցինին Նոբելյան մրցանակ շնորհելը ռումբի պայթյունի էֆեկտ ունեցավ։ Շատերն անկեղծորեն ուրախացան ռուս վառ և ազնիվ գրողի համաշխարհային ճանաչման համար: Սակայն իշխանությունները և պաշտոնական գրական հանրությունը թշնամաբար են ընդունել Շվեդիայի ակադեմիայի որոշումը։ ԽՄԿԿ Կենտկոմը Նոբելյան մրցանակակրին վարկաբեկելու մի ամբողջ ծրագիր էր մշակել։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: