ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Սիմոն Վրացյա. Միակ պետոնւթյունը, որի հետ մենք պիտի խոսենք… Թուրքիան է

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը ներկայացնում է Հայրենիքի փրկության կոմիտեի (1921 թ. փետրվարի 18-ապրիլի 2) և քեմալականների հետ հարաբերությունների մասին երկրորդ գրությունը, որի հեղինակը Կոմիտեի ղեկավար, Հայաստանի Հանրապետության վերջին վարչապետ Սիմոն Վրացյանն է:

Այս նյութը տեղ է գտել Վրացյանի «ԿՅԱՆՔԻ ՈՒՂԻՆԵՐՈՎ. դեպքեր, դեմքեր, ապրումներ» վեցհատորյակի Զ հատորում (Բեյրութ, 1967, տպագրություն Համազգային) «Դ. Թրքական Հարցը» (էջ 55-71) խորագրի տակ:
Փետրվարյան շարժման ամենածանր և ամենամտահոգիչ կողմը թուրքական հարցն էր: Հեղկոմի առաջ բերած խժդժությունները Հայաստանում, կարծես, մոռացնել էին տվել հայ ժողովրդի բնազդական վախը թուրքից: Նրանք, որ ջատագովում էին քաղաքացիական կռիվը՝ բոլշևիկ, թե ոչ բոլշևիկ, մոռանում էին, որ Արաքսի այն կողմ թուրքն էր նստած, և Մարգարայի կամուրջը սահմանն էր Հայաստանի և Թուրքիայի միջև: Կարծես մոռանում էին, որ Ալեքսանդրապոլը թուրքի ձեռքին էր և թուրք ասկյարները թալանում, ավերում և լլկում էին հայ կանանց շրջակա հայկական գյուղերում: Մոռանում էին, որ Հայաստանի Հեղկոմի բողոքները և Ալեքսանդրապոլը դատարկելու պահանջը արհամարհանքով անտեսվում էին թուրքերի կողմից…
… Հանրային մտքերի վրա որոշ տպավորություն գործեց և այն փաստը, որ թուրքերի ներկայացուցիչը Երևանում՝ Բեհաեդդին բեյը, առաջիններից եղավ փետրվար 18-ի հեղաշրջման շնորհավորողը՝ բացառիկ ջերմ խոսքերով…
… Թուրքական հարցը դառնում էր մեր օրվա քաղաքականության կենսական խնդիրը:
[1921 թ.] Մարտի 15-ին ես հատուկ նիստի հրավիրեցի Հայրենիքի Փրկության կոմիտեի անդամներին և մի քանի ականավոր անձանց՝ քննելու թուրքական հարցը: Ներկա էին Հմ. Օհանջանյան, Հ. Քաջազնունի, Ա. Հովհաննիսյան, Ս. Մելիք-Յոլչյան, Վ. Մինախորյան, Սուրեն (Կուռո), Գ. Սարգիսբեկյան, Ա. Մաքսապետյան, Ս. Մեսրովբյան, Ավ. Օհանջանյան:
Հետևյալը այս խորհրդակցության արձանագրությունն է՝ կազմված նույն ժամանակ:
ՕՐԱԿԱՐԳ
Մեր և թուրքերի (տեքստում գրված է տաջիկ, տաջիկների և Տաջկաստան, մենք դարձրել ենք թուրք, թուրքեր, Թուրքիա- ԱՆԻ) փոխադարձ հարաբերությունները:
Նախագահ՝ Ս. Վրացյան – … միակ պետությունը, որի հետ մենք պիտի խոսենք… Թուրքիան է: Մենք հնարավորություն ունենք խոսելու նրանց հետ՝ հիմնված Ալեքսանդրապոլի դաշնագրության վրա…
Հ. Քաջազնունի – Գտնում է, որ մեր և թուրքերի միջև շարունակվում են նախկին զինադադարի պայմանները: Ալեքսանդրապոլի դաշնագրությունը, որից պիտի սկսենք մեր թուրքերի հետ, չի մտել մինչև այժմ իր ուժի մեջ: Հնարավոր է այս ուղղությամբ այժմ իսկ սկսել խոսակցություններ: Ինչքան էլ ծանր լինի Ալեքսանդրապոլի դաշնագրությունը, ըստ ամենայնի այն ժամանակվա և այսօրվա մեր դրությունը երբեք թույլ չի տա մեզ ստեղծել ավելի նպաստավոր դրություն: Ինձ թվում է կա հնարավորություն այսօրվա պայմաններում որոշ բարեփոխումների ենթարկել Ալեքսանդրապոլի դաշնագիրը: Ամենածանր կետը զինվորների թվի կրճատման կետն է: Կարելի է, ելնելով մեր այսօրվա բացառիկ դրությունից, պահանջել, որպեսզի չսահմանափակվի զինվորների թիվը նրանց որոշած չափով… Շնորհիվ մեր երկրում տեղի ունեցող քաղաքական վերջին փոփոխություններին, ստեղծվել է մի կացություն, որը կարծես ավելի հնարավոր է դարձնում մեր և թուրքերի մերձեցումը: Մեր այս դրությունը և մեր բացառիկ կացությունը կարիք է զգացնում թուրքերի լայն աջակցության՝ որպես զինակցի: Այդ աջակցությունը պիտի լինի գլխավորապես արտաքին թշնամու դեմ:
Ա. Հովհաննիսյան – Ալեքսանդրապոլի դաշնագիրը, որի մասին խոսվում է, դա ամենասպանիչ դրությունն է մեզ համար… Մենք պիտի աշխատենք խոսել մի այլ դաշնագրի մասին, որով մենք կարողանանք ստանալ թեև փոքր, բայց անկախ Հայաստան…
Վ. Մինախորյան – Գտնում է, որ Ալեքսանդրապոլի դաշնագիրը կնքված է ի նպաստ Թուրքիայի, որպես հաղթողի: Այսօր էլ նույն դրությունն էմեզանում, հետևաբար, ելնելով այդ ընդհանուր սկզբունքից, ներկայումս ինչ դաշնագիր էլ որ կնքվելու լինի, դա լինելու է ոչ նպաստավոր մեզ համար…
Ս. Վրացյան – …Ես կարծում եմ՝ բանակցություններ սկսել կարող ենք մենք՝ միայն հիմք ունենալով Ալեքսանդրապոլի դաշնագիրը: Այսօր ժամանակը չէ գնահատելու այդ դաշնագրի բոլոր կողմերը: Մենք, եթե կամենում ենք փրկել մեր երկիրը այս ծանր դրությունից, հարկարված ենք դիմելու այս քայլին ևս, ինչքան էլ ծանր լինի և ոչ պատվաբեր: Բայց պետք է ասեմ, որ ես ևս դեմ եմ մեր կողմից զինակցության առաջարկին, այդ առաջարկը պիտի լինի նրանց կողմից… Ես այս բանակցությունների վրա նորից պնդում եմ ու առաջնորդվում անմիջական օժանդակության տեսակետից: Այս ճանապարհով գոնե մենք կունենանք մի դուռ, մի բարեկամի ուժ մեր երկրի տնտեսական և քաղաքական շահերի տեսակետից:
Ա. Մաքսապետյան– Մենք մնացել ենք մենակ և անհրաժեշտ է իրոք գտնել մի բարեկամ, որպիսին է թուրքը… Մենք պիտի ընդունենք Ալեքսանդրապոլի դաշնագիրը որպես հիմք…
Ս. Վրացյան– Անհրաժեշտ է հարցը կոնկրետացնել և որոշել մի խնդիր – բոլշևիկների դեմ կռվելիս օգտվելու ե՞նք թուրքական ուժերից, թե ոչ: Եթե այո, այդ դեպքում պիտի բանակցություններ սկսել հենց այսօր:
Սուրեն (Կուռո Թարխանյան) – Մենք մեր ուժերով անզոր ենք պայքարել երկար ժամանակ: Հարցին այս տեսակետից մոտենալով պիտի որոշել՝ օգտվե՞լ թուրքական ուժերից, թե ոչ: Ինձ թվում է, որ մենք հարկադրված ենք դիմել այդ ուժերի աջակցությանը:
Հ. Քաջազնունի – Որովհետև հարցը դրվում է պարզ, ես ունեմ դրա համար դրական պատասխան, որ բոլշևիկների լծից ազատվելու համար մենք դիմենք թուրքերի աջակցությանը, թեկուզ պարտադրված իրագործելու Ալեքսանդրապոլի դաշնագիրը կետ առ կետ:
Վ. Մինախորյան – Եթե մեր կռիվը պիտի լինի ռուսների դեմ, ոչ մի թուրքական ուժ չի փրկում մեզ:
Ս. Վրացյան – Մեր կռիվը Ռուսաստանի հետ չէ, որովհետև Ռուսաստանը պաշտոնապես կռիվ չի հայտարարել մեր դեմ…
Եզրակացնելով արծարծված մտքերը՝ Վրացյանը քվեարկության է դնում հետևյալ կետերը.
Ա. սկսել թուրքերի հետ բարեկամական հարաբերություններ,
Բ. այդ հարաբերությունների հիմք ընդունել Ալեքսանդրապոլի դաշնագիրը
Դեմ քվեարկում են Հ. Օհանջանյանը, Ա. Հովհաննիսյանը: Դեմ քվեարկելով հանդերձ, առաջարկում են մեղմացնել Բ. կետի խմբագրությունը:
Որոշվում է նաև տալ հետևյալ հեռագիրը Թուրքիայի Ազգային Մեծ ժողովի կառավարության արտաքին գործոց կոմիսարություն, Անկարա.
«Ազատվելով բոլշևիզմի անունով Հայաստան մտած օտար լուծից՝ Հայաստանի ժողովուրդը լի է խորունկ վճռականությամբ, ապրելու ազատ ու անկախ և ամենամոտիկ բարեկամական հարաբերություններ ստեղծելու իր հարևանների և, առաջին հերթին, թուրք ժողովրդի հետ: Իմ կառավարությունը Թուրքիայի և Հայաստանի միջև միջազգային նորմալ և բարեկամական հարաբերություններ ստեղծելու բազա է համարում այն պայմանագիրը, որոնք ձևակերպված են անցյալ տարվա դեկտեմբերի 2-ին Ալեքսանդրապոլում կնքված հայ-թուրքական դաշնագրի մեջ և հետագայում ստեղծված իրական պայմանները:
Տոգորված լավագույն զգացմունքներով դեպի թուրք ժողովուրդը և նրա ազատության համար մարտնչող Ազգային Մեծ ժողովի կառավարությունը և ապավինելով Ձեր կողմից շուտափույթ կարգադրության երկու երկրների միջև բարեկամական կապեր հաստատելու և քաղաքական ու տնտեսական-առևտրական հարաբերություններ սկսելու խնդրի մասին, իմ կառավարությունը կարծում է, որ հարցի լուծումը արագացնելու ամենահարմար ձևը անձնական տեսակցությունն է:
Հայաստանի կառավարության նախագահ և արտաքին գործոց նախարարության վարիչ՝ Ս. Վրացյան
Թիվ 89, արտգործնախարարություն, 15.03.1921, Երևան»:
Ժողովում խոսք եղավ և «անձնական տեսակցության» մասին: Քաջազնունին պատրաստակամություն հայտնեց մեկնել Անկարա և անձամբ վարել բանակցությունները, բայց այդ հարցը թողնվեց անորոշ:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
1908,երիտթուրքական-հեղափոխություն,արևմտահայություն,բազմահազարանոց-ցույցեր,հայությունը-երիտթուրքերի-ցույցերում,ազատություն-հավասարություն-եղբայրություն , Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
1908 թվականի Երիտթուրքական հեղափոխության օրերին արևմտահայությունը մասնակցում էր բազմահազարանոց ցույցերին «ազատություն, հավասարություն, եղբայրություն» կարգախոսներով:
1919-1920,հայաստան,երևան,բաթումի,բաթումի-նավահանգիստ,թուրք-թաթար-թալանչիներ,բրիտանացի-զինվորների-վերահսկողության-տակ-գտնվող-զր,ամերիկյան-և-բրիտանական-մարդասիրական-օգնություն,բաթում-երևան-կյանքի-երկաթգիծը , 1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
«Ազատության պաշտպան» զրահագնացքի բրիտանական զինվորական անձնակազմը, Երևան, 1920 թ.
ամն,թուրքիայի-դաշնակից-ամն,եվրոպական-մեծ-տերություններ,թուրքիա,խորհրդային-միություն,հայոց-ցեղասպանություն,երկրորդ-աշխարհամարտ,հայկական-հարց,արևմտյան-հայաստանի-վերադարձի-ծրագիր,վահրամ-հովյան , Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Եվրոպական մեծ տերությունները և Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում են Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը։ ԱՄՆ-ի ու Թուրքիայի հարաբերություններում կային որոշակի կնճիռներ։ Այդ համատեքստում 2021-ին ԱՄՆ-ն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, թեև գործնականում մեծ հաշվով դա ոչինչ չի տալիս Հայկական հարցին։
հայ-ադրբեջանական,կոնֆերանս․,բաքու,1919-ի,դեկտեմբերի,14 , Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական կոնֆերանսին կմասնակցեն Ֆաթալի Խան Խոյսկին, Մամեդ Հասան Հաջինսկին և Մամեդ Ռզա Վեքիլովը։
հայերը,թուրքիան,ռուսաստանը,եւ,արեւմուտքը.,հայացք,1891,թվականից , Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Ներկայացնում ենք 1891 թվականի ապրիլին ամերիկյան The Atlantic Monthly ամսագրում հրապարակված Սեմյուել Գրին Ուիլեր Բենջամինի The Armenians and the Porte հոդվածի հայերեն թարգմանությունը:
ալեքսանդր-սոլժենիցինի-նոբելյան-պատմությունը,գրականության-նոբելյան-մրցանակ,շվեդիա,խսհմ,խսհմ-գերագույն-խորհուրդ,ստալինյան-ճամբարներ,հայրենիքից-բռնի-աքսոր,ռուս-ականավոր-մտածող-և-գրող,ալեքսանդր-սոլժենիցին , Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Խորհրդային Միությունում Սոլժենիցինին Նոբելյան մրցանակ շնորհելը ռումբի պայթյունի էֆեկտ ունեցավ։ Շատերն անկեղծորեն ուրախացան ռուս վառ և ազնիվ գրողի համաշխարհային ճանաչման համար: Սակայն իշխանությունները և պաշտոնական գրական հանրությունը թշնամաբար են ընդունել Շվեդիայի ակադեմիայի որոշումը։ ԽՄԿԿ Կենտկոմը Նոբելյան մրցանակակրին վարկաբեկելու մի ամբողջ ծրագիր էր մշակել։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: