ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հայ հանճարի շողարձակումները՝ Բոսֆորի ափին

Կա՞, արդյոք, աշխարհում օտար մի երկրորդ քաղաք, որն այնպես շռայլորեն շքեղացած լինի հայ ճարտարապետական մտքից ու երեւակայությունից մարմին առած փայլատակումներով, որքան հայոց մեծ եղեռնը որոճած սուլթանների բույն Ստամբուլն է՝ անիծյալներ սուլթան Համիդի, Էնվերի, Թալեաթի, սրանց նմանների ու հետեւորդների մայրաքաղաք Ստամբուլը: Այսօր էլ աշխարհին ներկայանալի նրանց ամենաշքեղ կառույցները Բոսֆորի ափին հառնել են Պալյան գերդաստանի ու նրանց շառավիղների ձեռամբ… /

Գանք հեռվից. Պալյանների նահապետը 18-րդ դարի սկզբին Կեսարիայի Դերեվանք գյուղից Կոստանդնուպոլիս գաղթած Պալի Քալֆան է՝ ինքնուս ճարտարապետը, ով աշխատել է պալատում որպես կառույցներ նորոգող, ապա նշանակվել արքունական ճարտարապետ: Նրա որդի Գրիգորը գնացել է հոր հետքերով՝ նույնպես եղել է պալատական ճարտարապետ եւ սուլթան Սելիմ 3-րդի խորհրդականը, առաջինն է կրել Պալյան ազգանունը: Նա է կառուցել Կ. Պոլսի Պեշիկթաշի թաղամասը, թագավորական եւ այլ պալատներ, նաեւ Քասր-ը- Ջեդիդը՝ Նոր Դղյակը, Թերսանեի դղյակը, Թոփհանեի մզկիթը, Գում Գափուի մայր՝ Սբ Աստվածածին եւ Կեսարիայի եկեղեցիները, Բաչեքյոյի Վալիդե ամբարտակը, այլ կառույցներ: Պալյանների հռչակն ու ազդեցությունը Օսմանյան կայսրությունում իր բարձրակետին է հասել հենց Գրիգոր ամիրա Պալյանի գործունեության օրոք: Նրա եղբայր Սենեքերիմի կառույցներից հայտնի է միայն Բայեզիդի Հրդեհի աշտարակը: Այդուհետ ճարտարապետների չորս սերունդ էր հաջորդելու միմյանց. Գրիգորի որդի Կարապետ Պալյանի ժառանգներ Նիկողոսը, Հակոբը, Սիմոնը եւ Նիկողոսի որդի Լեւոնն իրենց ստեղծած եզակի կառույցներով ոչ միայն անջնջելի հետք էին թողնելու թուրքական վերջին շրջանի արքունի եւ հանրային ճարտարապետական կառույցների վրա, այլեւ նոր, ավելի բարձր աստիճանի էին հասցնելու ճարտարապետությունն ու շինարարական արվեստը ընդհանրապես: Պալյան ընտանիքի ներկայացուցիչներով շրջափուլ էր սկսվելու նաեւ Կ. Պոլսի հայկական եկեղեցաշինության պատմության մեջ: Նրանց կառուցած եկեղեցիներն առանձնանում են եւ՛ ճարտարապետական ուրույն լուծումներով, ե՛ւ հայ դասական միջնադարյան ճարտարապետության հարազատ շեշտադրումներով: Սակայն Պալյան ճարտարապետները մեծ համբավ էին ձեռք բերելու հատկապես օսմանյան սուլթանների համար Բոսֆորի ափերին կառուցած իրենց շքեղ պալատներով ու ապարանքներով: Դրանցից ամենահայտնին, թերեւս, սուլթան Աբդուլ Մեջիդի Դոլմաբահչեն է՝ Կարապետ Պալյանի հրաշակերտումներից մեկը, որն իրականացրել է իր որդու՝ Նիկողոսի հետ համատեղ: Այսօր այդ մեծ ճարտարապետի հիշատակի օրն է, ուստի հակիրճ անդրադառնանք Պալի Քալֆանի տաղանդավոր այս զավակին: Կարապետը ծնվել է Կոստանդնուպոլսում, Գրիգոր Պալյանի եւ Սողոմե Սեւերյանի ընտանիքում, 1800-ին: Հոր մահանալու պահին նա դեռ չուներ այն փորձառությունը, որպեսզի զբաղեցներ նրա՝ գլխավոր ճարտարապետի պաշտոնը թուրքական արքունիքում: Այդ իսկ պատճառով ծառայության է մտնում քեռու՝ Հովհաննես Սեւերյանի մոտ, որը նույնպես ճարտարապետ էր: Ժամանակ էր պետք հայրական պատվաբեր՝ պալատական ճարտարապետի տիտղոսով հռչակվելու համար: Նրա առաջին գործը Եդիգուլեի հայկական եկեղեցին էր լինելու, օգնությունը տեղի հայ համայնքին ոչ միայն որպես ճարտարապետ, այլեւ իբրեւ գործուն մասնակից համայնքի կյանքին ու գործունեությանը, նյութական նվիրատվությունները՝ հայկական կրթօջախներ հիմնելու նպատակով: Անիում հայկական ճարտարապետությունն ուսումնասիրած արվեստագետը սուլթան Աբդուլ Մեջիդից ձեռք է բերել ազգային հոգեւոր եւ գերագույն ժողովների արտոնագրեր: Նա միմյանց հաջորդած երեք սուլթանների օրոք՝ Մահմուդ Բ, Աբդուլ Մեջիդ եւ Աբդուլ Ազիզ, ստանձնել է Ստամբուլի ճարտարապետական կառույցների շինարարությունը՝ այս ասպարեզում ծառայելով շուրջ երեք տասնամյակ: Այդ ընթացքում կառուցվելու էին Ջեմիլիե եւ Մյունիրե սուլթանական ծովափնյա պալատները, որոնք այժմ վերածվել են Սինան գեղարվեստի համալսարանային համալիրի, Ելդզի հին ապարանքը, Չրաղանի հնօրյա պալատը, դղյակներ, զորանոցներ, զանազան հաստատություններ, գործարաններ, ամբարտակներ: Նշանավոր են Եդիգուլեի Սբ Փրկիչ հայոց հիվանդանոցը, դրան կից Սբ Հակոբ, Գուրուչեշմեի Երեւման Սբ Խաչ, Պեշիկթաշի Սբ Աստվածածին, Բեյողլուի Սբ Երրորդություն եկեղեցիները, Սկյուտարի ճեմարանի շենքը, այլ կառույցներ: Մասնագետների հավաստմամբ՝ միայն Դոլմաբահչեի հոյակերտ պալատն ու մզկիթը բավարար են արդեն, որպեսզի նա համարվի Պալյան ընտանիքի ամենատաղանդավոր ու վարպետ ճարտարապետը: Սա գնահատել է նաեւ թուրքական իշխանությունը՝ նրան արժանացնելով օսմանյան կառավարության Պատվո շքանշանի: …Այս պահին ես հիշեցի ծովանկարչության աննվաճ տիրակալ մեծն Այվազովսկուն, ով սուլթանի նվիրաբերած ոսկե մեդալը կախեց իր շան վզից եւ հետո այն շպրտեց ծովի հատակը: Այդուհետ ծնվեց նրա «Տրապիզոնի հայերի կոտորածը» ցնցող կտավը: Արդյոք շքանշանի հետ նույն կերպ չէ՞ր վարվի Դոլմաբահչեն հառնեցրած Կարապետ Պալյան սքանչելագործ ճարտարապետը, եթե իմանար, թե էլի ինչեր պետք է անեն իր ժողովրդի դեմ մշակութային գենից, այսինքն՝ աստվածայինից զուրկ թուրք արարածները:

/hhpress.am/



ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
1908,երիտթուրքական-հեղափոխություն,արևմտահայություն,բազմահազարանոց-ցույցեր,հայությունը-երիտթուրքերի-ցույցերում,ազատություն-հավասարություն-եղբայրություն , Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
1908 թվականի Երիտթուրքական հեղափոխության օրերին արևմտահայությունը մասնակցում էր բազմահազարանոց ցույցերին «ազատություն, հավասարություն, եղբայրություն» կարգախոսներով:
1919-1920,հայաստան,երևան,բաթումի,բաթումի-նավահանգիստ,թուրք-թաթար-թալանչիներ,բրիտանացի-զինվորների-վերահսկողության-տակ-գտնվող-զր,ամերիկյան-և-բրիտանական-մարդասիրական-օգնություն,բաթում-երևան-կյանքի-երկաթգիծը , 1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
«Ազատության պաշտպան» զրահագնացքի բրիտանական զինվորական անձնակազմը, Երևան, 1920 թ.
ամն,թուրքիայի-դաշնակից-ամն,եվրոպական-մեծ-տերություններ,թուրքիա,խորհրդային-միություն,հայոց-ցեղասպանություն,երկրորդ-աշխարհամարտ,հայկական-հարց,արևմտյան-հայաստանի-վերադարձի-ծրագիր,վահրամ-հովյան , Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Եվրոպական մեծ տերությունները և Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում են Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը։ ԱՄՆ-ի ու Թուրքիայի հարաբերություններում կային որոշակի կնճիռներ։ Այդ համատեքստում 2021-ին ԱՄՆ-ն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, թեև գործնականում մեծ հաշվով դա ոչինչ չի տալիս Հայկական հարցին։
հայ-ադրբեջանական,կոնֆերանս․,բաքու,1919-ի,դեկտեմբերի,14 , Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական կոնֆերանսին կմասնակցեն Ֆաթալի Խան Խոյսկին, Մամեդ Հասան Հաջինսկին և Մամեդ Ռզա Վեքիլովը։
հայերը,թուրքիան,ռուսաստանը,եւ,արեւմուտքը.,հայացք,1891,թվականից , Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Ներկայացնում ենք 1891 թվականի ապրիլին ամերիկյան The Atlantic Monthly ամսագրում հրապարակված Սեմյուել Գրին Ուիլեր Բենջամինի The Armenians and the Porte հոդվածի հայերեն թարգմանությունը:
ալեքսանդր-սոլժենիցինի-նոբելյան-պատմությունը,գրականության-նոբելյան-մրցանակ,շվեդիա,խսհմ,խսհմ-գերագույն-խորհուրդ,ստալինյան-ճամբարներ,հայրենիքից-բռնի-աքսոր,ռուս-ականավոր-մտածող-և-գրող,ալեքսանդր-սոլժենիցին , Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Խորհրդային Միությունում Սոլժենիցինին Նոբելյան մրցանակ շնորհելը ռումբի պայթյունի էֆեկտ ունեցավ։ Շատերն անկեղծորեն ուրախացան ռուս վառ և ազնիվ գրողի համաշխարհային ճանաչման համար: Սակայն իշխանությունները և պաշտոնական գրական հանրությունը թշնամաբար են ընդունել Շվեդիայի ակադեմիայի որոշումը։ ԽՄԿԿ Կենտկոմը Նոբելյան մրցանակակրին վարկաբեկելու մի ամբողջ ծրագիր էր մշակել։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: