ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Գյուղը մերն է՝ կրկժնեցուցը

ԿՐԿԺԱՆՈՒՄ ապրել եմ մինչև ութ տարեկան դառնալս: Աշխաբադում ծնողներիս հետ ապրած երեք տարին հանած՝ ուղիղ հինգ գյուղոտված, հողոտված, քերծոտված տարիներ․․․

ԿՐԿԺԱՆՈՒՄ ապրել եմ մինչև ութ տարեկան դառնալս: Աշխաբադում ծնողներիս հետ ապրած երեք տարին հանած՝ ուղիղ հինգ գյուղոտված, հողոտված, քերծոտված տարիներ․․․ Եվ որ ամենակարևորն էր իմ կյանքում, տունը, որտեղ մեծանում էի, տատիկ-պապիկոտ էր, թոնրահացոտ էր, աղբրաջրոտ էր․․․ Տանը ինձ շատ սիրող քեռիներ կային, իմ զարգացմամբ ու դաստիարակությամբ զբաղվող Սվետիկ մորաքույր կար, երկար գանգուրներս քաշելով սանրող Լենա քեռեկին կար․․․ Տնահայաց չքնաղ տեսարանը չմոռանամ՝ Շուշվա քերծերը․․․
Առաջին դասարանում սովորել, տառաճանաչ եմ դարձել այսօր այդքան հանրահայտ, ցավոք, օմօնականների օձաբույն եղած, բարձունքին թառած խղճուկ դպրոցում: Լա’վ եմ հիշում ընկեր Մանյայի (այսպես էինք դիմում մեր բոլոր առարկաների միակ ուսուցչուհուն) առաջին դասին հագած ծաղկավոր շորը, թախծոտ ժպիտը, առինքնող, գեղեցիկ խոսքը:
Տնօրենը ազերի էր՝ Սադըխ Մէլիմը, խոսում էր գրական հայերենով՝ ընդգծված թրքական 
առոգանությամբ:
Ուսմասվարը ընկեր Մանյայի ամուսինն էր՝ ընկեր Հրանտիկը, որ ազերիներին էլ էր դասավանդում․․․ պատմությո՜ւն: Ուրիշ ով կար-չկար՝ չեմ հիշում։ Դռնապանից սկսած մինչև տնօրեն՝ թուրքեր էին․ մի ընկեր Մանյա կար, մի ընկեր Հրանտիկ, մի քանի զույգ, թե՞ կենտ, հայ աշակերտներ․․․ Միևնույն է, դպրոցը մե’րն էր՝ կրկժնեցուցը (կրկժնեցի ասելով՝ ոչ մեկի մտքով այն ժամանակ, համենայն դեպս, ազերի չէր անցնում)․ գրողի ծոցը, թե ինչեր էին հորինվում, ինչ հեռահար պլաններ էին մշակվում բաքուներում: Դպրոցը մե’րն էր: Մի քանի զույգ, թե՞ կենտ, հայ աղջիկներն ու տղաները, Աստծո տված բարի լույսին հաղթահարելով բարձունքն ի վեր ձգվող քարոտ, փոշոտ կածանի դժվարությունները, հասնում էին դասի…
Ընկեր Մանյան դասը սկսում էր «ցածր» դասարանցիներից, ավարտում «բարձրերով»: Հպարտ, գեղեցիկ դասեր էին… Հայկյան լեզվի փառահեղության հետ հաղորդակցվելու հրաշալի ժամեր էին, երբ դասարանում թևածում էր հազարամյակների խորհուրդն ունեցող անվերծանելի մի ոգի, որի անտես զորություններից մէկն էր թերևս պարտադրում, որ ազերի տնօրենը մեզ հետ խոսեր միայն հայերեն: Ես չեմ հիշում, որ երբևէ որևէ հայ երեխա դպրոցում խոսեր ազերերեն կամ խեղճանար թուրք աշակերտների առջև, որոնց թիվը, ի դեպ, մի քանի տասնյակից անցնում էր:
Դպրոցը մե’րն էր՝ կրկժնեցուցը:
Չնայած անհարմար զառիթափով իջնելիս թուրքերի լամուկները հետևներիցս քարեր էին շպրտում (իրենց բնակելի մասը բարձունքի վրա էր, մերը՝ ներքևում), վազելու ընթացքում քարերից խուսափելու համար կեռումեռ էինք անում ու երբեմն ընկնում, ոտ ու ձեռք քերծում էինք, երբեմն մի քանի մետր գլորվում, թանաքամանը ջարդում, թանաքոտվում, երբեմն արյունոտվում, բայց էլի չէինք լացում, էլի տեղի չէինք տալիս ու ներքևից վերև, թեկուզ քաջ գիտակցում էինք, որ անօգուտ, պատասխան քարեր էինք շպրտում, լեզու հանում և իրենց լեզվով «մունդառ թուրքեր» կանչելով՝ հասնում գյուղի երկու հատվածներն իրարից բաժանող աղբյուրը:
Աղբյուրը մե’րն էր՝ կրկժնեցուցը, վկայությունը՝ ակի վերևի մարմար քարի մեսրոպատառ հիշատակագիրը: էլ չեմ ասում, թե կրկժնեցիք ինչ հպարտությամբ են վկայաբերում չգիտես ումից լսած կամ որևէ տեղ կարդացած փաստը, թե Նապոլեոնի՝ ծագումով արցախցի փեսան՝ Մյուրատը, մեծ հիացմունքով ու կարոտով հիշատակել է այդ աղբյուրի մասին:
Հենց հասնում էինք աղբյուրի տարածք, արդեն անձեռնմխելի էինք․ մեր մասում էինք, էլ ոչ մի թուրքի լամուկ չէր հանդգնի ասել՝ աչքներիդ վերևը հոնք կա: Լվացվում էինք, մաքրվում փոշուց, թանաքից, հանդարտվում ու գնում մեր տները: Ոչ մեկը չէր բողոքում, չէր գանգատվում․ եթե մեկիս արյունլվա ծնկին նայելով՝ գյուղի արևկող պատերի տակ նստած մամիկներից մեկը ասեր.
-Վա՜յ, քոռանամ, էդ թո՞րքն ա թխալ:
Հաջորդում էր խիստ հպարտ պատասխանը.
-Էդ էր մնացալ, թորքը հինչ շոն ա, վեր ինձ թխե: Վէնս ա սլկհալ:
Հպարտ պատասխան:
Ամոթ էր բարձունքից պարտված տուն վերադառնալը, ամոթ էր պարտությունը խոստովանելը:
Հաջորդ օրը նորից բարձունքն ի վեր գնում էինք դասի: Դպրոցի միջանցքում գերազանցիկների նկարները ցուցադրող տախտակին, ըստ մեզ՝ հատուկ շուք էին տալիս յան-ով վերջացող մեր ազգանուները: Թող որ խաչ քաշած տեսնեինք մեր ազգանուների վրա, խաչված ազգանունները ավելի հպարտ տեսք ունեին:
Մի անգամ մեծ մամայիս ( մորս տատին) հարցրի, թե ինչու է մեր դպրոցը թուրքերի գյուղահատվածում: Հավանաբար վերքոտ տեղին կպա.
— Հո՞ւվ ա ասալ, թե ուրանցն ա, էդ տեղերը լոխ մերն ա, խե գյուդում չը՞ս…
Ու մեծ մամաս մորմոքելով պատմեց հազարամյակներով իր տարիքը չափող նույն հայի նույն ճակատագրի նույն պատմությունը: Ինձ՝ յոթնամյա աղջնակիս համար այդ պատմությունից ամենաշատ հասկանալին մի բան էր՝ վերի շենի (վերևի գյուղի) հողերը «լոխ» մերն են՝ կրկժնեցուցը: Թուրքերը այդտեղ եկվորներ են: Շատերն էլ ապրում են հենց հայից բռնագրաված տներում: Սկսեցի ուրիշ աչքերով տեսնել մեր սարերը, մեր խոր-խոր ձորերը, մեր պարեխավոր քերծերը, մեր հարուստ այգիները, դեպի Անդրի պապիս բանջարանոցը ձգվող ճամփան, որ Շուշվա քերծին տակ էր, Բենիկ քեռուս՝ անտառից բերած խեժահոտ փայտն ու արցախահամ պտուղները, որ մինչև այդ կարծում էի, թե թուրքաբնակ Ղայբալու գյուղի տարածքից է բերում․․․ Չէ՛, մե’ր անտառից էր բերում:
Մեծ մամաս կրկժնեցի չէր, նա հարս էր եկել Կրկժան: Ամուսնու՝ Հակոբջանի պապերը, ապուպապերը, ապուպապերի ապուպպերն էլ կրկժնեցի էին: Ընդհանրապես շա՜տ- շատ ժամանակներ ի վեր կարծես մի յուրօրինակ օրինաչափությամբ գյուղի աղջիկները հարս էին գնում գյուղից դուրս, ինչպես ափսոսախառն հպարտությամբ տղամարդիկ էին ասում՝ Ղարաբաղի ո՞ր քաղաքն ասես, ո՞ր գյուղն ասես, որ չեն զարդարել ու զարդարում կրկժնեցի աղջիկները, իսկ տղաներն ահա, նույնպիսի մի օրինաչափությամբ, հարսներ բերում էին դրսից. Լավն էին մեր հարսները. Շուտ մերվում էին, շուտ էլ դառնում կրկժնեցի…
Իմ մեծ մամա Մարիամը ոչ միայն Կրկժանի ամեն մի ծառի, ամեն մի թփի, ամեն մի թիզ հողի, այլև անցյալի պատմության մեծ նախանձախնդիրն էր: Հակոբջանը նրան «ամեն մեկը մի քերծ» եղբայների քթի տակից փախցրել, բերել էր «յէրի շեն» (այն հատվածը գյուղի, ուր հայ-թուրքական ինչորմիերորդ կռվից հետո տերերին հանել ու տեղավորել էին թուրք-ազերիներ): Այնտեղ էր հարսնացել, այնտեղ մայրացել… «Զուլումի» օրերին երբ լեռներն են փախել, վերադարձել են՝ անշեն, անտուն, անինչք մնացած: Պտտվել են գյուղի շուրջը, պտտվել, վերջը աղբյուրը նշել անջրպետ ու ներքև ընկած մասում նորից բնավորվել՝ երբեք չհաշտվելով, թե նոր գյուղ են հիմնում, իրենց հատվածի մասին խոսելիս ասել՝ տվերի (ներքևի) շեն, անօրենի բերանում (մամիս խոսքով՝ շան ու կյուլի ըրխըմը) թողածի մասին՝ յէրի շեն: Ու դեռ երկար-երկար տարիներ իրենց հանգուցյալների դագաղներն ուսած՝ դժվարընթաց բարձունքն ի վեր տանում էին յէրի շենի՝ յուրյանց պապենական գերեզմանոցում թաղելու: Այդպես մինչև 1957 թվականը: Մանկությունը երի շենում անցկացրած Անդրի պապս մեռնելուց առաջ, երևի իրողության հետ հաշտված, պատգամել էր իրեն թաղել տվերի շենում:
Ընտրած բացատը չքնաղ էր ու գեղադիր, արևելահայաց կողմը դեպի Շուշի, արաևմտահայացը՝ Կրկժան. Դա էլ հիմա կրկժնեցի հայերի գերեզմանատեղին է, ինչպես մերոնք են ասում՝ հանգստարանը: Ցավ ի սրտիս՝ չեմ կարող չհիշատակել, որ դեկտեմբերի 6-ին Կրկժանում անօրենի գնդակից զոհված Բենիկ քեռուս չկարողացան ամփոփել պապական հանգստարանում, այն անընդմեջ կրակի տակ էր:
Երբ ամբողջ այբուբենն արդեն անգիր գիտեինք, ընկեր Մանյայի երջանկությանը չափ չկար. Նա այդ օրը տոնական էր հագնվել, նախշակար օձիքով ժակետ էր հագինը. հիշում եմ. այո՛, իհարկե, նախշակար օձիքով… Շնորհավորեց թվով հինգ առաջին դասարանցիներիս, լավ-լավ բաներ մաղթեց. Հա՛, չմոռանամ, թուրքական առոգանությամբ մաքուր գրական հայերենով մեզ շնորհավորեց նաև Սադըխ ՄԷլիմը և մաղթեց… խելոք, հայրենասեր, լավ հայեր մեծանանք, շնորհակալությո’ւն նրան. Լա’վ, շա’տ լավ մաղթանքներ էին:
Գոգնոցի տակ, երկարափեշ շորի գրպանում պահված կոնֆետը ստանալու ակնկալիքով դպրոցի բարձունքից «Հարյուր անգամ» սղալուց, «հարյուր անգամ» գլորվելուց պրծած՝ շնչակտուր հասնում եմ Գյուռոտը, շունչ առնելու համար կանգնում ով գիտի՝ քանի հարյուր տարվա թթենու տակ, որն իր ծանր ու մեծ ստվերը ձգում էր մինչև հորեղբայր Գուրգենենց դարպասը, որի ձախ կողմում դրված սալաքարին, փափուկ բարձիկը տակը դրած, նստած էր մի բուռ դարձած համով չամչած մեծ մամս:
Այնտեղ էր․ մեջքն արևին տված՝ նստած էր: Սկսեցի գոռալ՝ մեծ մա’մ, լոխ տառերը գյուդումըմ, ամեն հինչ կարդըմըմ… ու վազեցի ներքև:
Մամի աչքերը հաճախ էին թաց լինում․ տարիքի՞ց էին ջրակալում, ուրախությա՞ն, թե՞ տխրության արցունքներ էին… Այդ պահինը, անկասկած, արցունքներ էին․․․ ուրախության։ Ես նրա ավագ ծոռնուհին էի… և արդեն ամեն ինչ կարող էի կարդալ: Գոգնոցի տակի գրպանից երեք հալած, թղթին կպած կոնֆետ հանեց, մեկը ինձ, մյուսները իմ համադասարանցիների՝ իր երկու թոռնուհիների՝ Արեգայի և Նուբարիկի համար, չէ՞ որ նրանք էլ էին «լոխ» տառերը սովորել-ավարտել, հետո ինչ, թե «ամեն հինչ» ինձ նման չեն կարողանում կարդալ և գերադասում էին առանց փորձության իջնել թումբնիվար…
Գարնանը, կարծեմ իրենց նշանավոր տոներից առաջ, ազերի կանայք յէրի շենից խմբերով իջնում էին աղբյուր՝ իրենց հետ բերելով պղնձե մատուցարաններ, կաթսաներ, փարչեր, կժեր, առտնին գործածության այլևայլ իրեր և սկսում ավազով շփել ու հոսող աղբաջրով լվանալ: Աղբրամերձ տարածությունը լցվում էր անդուր ձենուձունով:
Հայ կանայք այդ օրը ջրի չէին գնում, ուղարկում էին մեզ՝ երեխաներիս: Մեր ջուր բերելն էլ բավականին երկար էր տևում. Հետաքրքիր էր ամանները ավազով շփելու նրանց արարողությունը դիտելը: Մեր մեջ կային չարաճճիության սիրահարներ, որոնք համբերությունից հանելու չափ ծանակում էին կռացած գործ անող թուրք «խալաներին»՝ ձեռքներն ընկած ճիպոտի ծայրով բարձրացնելով նրանց փեշերը. ականջներին էր հասել, թե նրանք ներքնաշոր չեն հագնում: Հատկապես մեր դասարանցի Սամվելը անպայման ուզում էր այդ ճշտել: Ըստ թուրք «խալաների»՝ ես մեջների խելոքն էի, և երբ սկսում էին անասելի անեծքներով քարեր շպրտել հայ «եթիմ մնացածների» վրա, ես չէի փախչում. Ինձ չէին խփում, չէին անիծում. Ես Լուսիկ տատիս մոտ էի ապրում՝ ծնողներիցս հեռու (նրանք օտարության մեջ էին՝ Աշխաբադում, իսկ ինձ պետք էր հայկական կրթություն ստանալ), երևի այդ էր պատճառը, որ ինձ էն գլխից արդեն մի քիչ «որբ» էին համարում և չէին . «ղմշում» անիծել: Ես դրանում համոզվեց, երբ մի օր թույլ չտվեցի մեր հորթը նովից ջուր խմի՝ ասելով, թե կսպասեմ մինչև թուրքի կժին ու ձեռքերին կպած ջուրը հոսի գնա: Գյուղ հարս եկած քրդուհին փրփրած բերանով սկսեց հայհոյել ու անիծել: Ես անհողդողդ կանգել էի՝ համակ ուշադրություն դարձած, որ հորթը հանկարծ չխմի, մինչև հազարը հաշվելս (ըստ մեր՝ երեխաներիս հեղինակավոր հավաստիացման՝ այդքան ժամանակը բավարար էր, որ ջուրը հոսեր, մաքրվեր): Մեկ էլ թուրք տարիքավոր մի կին զայրալից սաստեց նրան՝ ձենդ կտրի, ինչ ես կպել էդ անհեր մեծացող երեխայից: Հարսը լալկվեց, խեղճացավ, մեղավոր-մեղավոր նայեց ինձ: Ի՞նչ պատահեց… թվացյալ աննշան, աննշմար մի դեպք՝ այդ աղբյուրի շուրջ կատարվող հարյուրավորներից մեկը: Իսկ ես այդ պահին անդարձ կորցրի մանկությունս, ատելությամբ չափեցի երկուսին էլ ու խորին արհամրհանք զգացի աղբյուրի մոտ խժդժացող թրքուհիների նկատմամբ: Ես և՛ հորով էի, և՛ մորով , և որտեղից իմանային, կամ էլ որ իմանային, ինչ պետք է հասկանային այդ մանր, չնչին հոգիները, թե ի՜նչ ուժ էր հայրենիքը, ի՞նչ ուժ էր մայրենիով զավակին դաստիարակելու ու կրթելու ցանկությունը, որ մորը զատել էր զավակից: Չգիտեմ՝ եթե ծնողներս մի տարի անց չբռնեին ետդարձի ճամփան, վերջնական չբնավորվեին Արցախում, հետո ինչ կլիներ, և ինչպես կդատեի, բայց ես հպարտանում եմ նրանց՝ ա’յն օրերի մտածելակերպով, իմ՝ Կրկժանում այդ մի երկու տարին ապրելու հանգամանքով։ Իրոք, հպարտ եմ յէրի շենի բարձունքին թառած դպրոցում հայերեն սովորելու և խիստ հայեցի մեծանալուս համար․․․
Այդ օրն անմոռաց է, որովհետև դրանից հետո էր, այո՛, դրանից հետո էր հաստատ, որ ավելի սուր զգացի անջրպետը աղբյուրից վերև ու աղբյուրից ներքև ապրողների միջև, զգացի հայ լինելուս անափ հպարտությունը․․․ Իսկ մի երկու տարի հետո, երբ արդեն Ստեփանակերտի թիվ 1 դպրոցում էի սովորում, որն ուներ շատ հարուստ գրադարան, սկսեցի փնտրել գրքեր ու կարդալ, ուղղակի կլանել հայերին ու հայոց պատմությանը վերաբերող ամեն գործ, ինչ հնարավոր էր ձեռք բերել դպրոցական գրադարանում։ Եղած պատմավեպերը 5-րդ դասարանում արդեն կարդացել-ավարտել էի ու, մորքաքրոջս հավաստմամբ, դեռ համարձակվում էի կարծիք էլ հայտնել։
Ամեն անգամ գրադարանավարուհին ասում էր՝ շուտ է, դու դեռ փոքր ես, դժվար կլինի, շատ բան անհասկանալի կլինի… Իհարկե, այնպես չէ, որ հեշտ էր, և այնպես չէ, որ ամեն ինչ տեղը տեղին հասկանում էի․ բոլոր դեպքերում դեռ երեխա էի,․․ Բայց քանի հետ պահող խոսքեր էին ասում, այնքան համառությունս մեծանում էր։ Կարդալ-իմանալու կարիքը զգում էի:
Իմ շատ անուշ Լուսիկ տատը, որի ձեռքերից թոնրահացի հոտ էի առնում միշտ, մի քիչ սնոտիապաշտ կին էր․ սկսել էր անհանգստանալ ու վախենալ՝ չլինի թոռանը մի բան պատահի․ ո՞վ է տեսել՝ մի մատ երեխան իր բոյին գրքեր կարդա: Ու ծածուկ խաչակնքում էր, ժամանակ առ ժամանակ ինձ պատկանող իրերից որևէ մեկը աղոթել տալիս, շորերիս մեջ պահում, բարձիս տակ դնում, սրբերին մատաղ խոստանում, որ անհասիկ ծնված ու անսովոր ունակություններով մեծացող երեխային պահապան կագնեն: Նույնիսկ այն, որ անունս մուսուլմանական էին դրել, որպեսզի «ճակատս պինդ լինի», որպեսզի «չարքերը տեղս չիմանան ու տանեն, և երկար ապրեմ», տատիս չէր սփոփում․ ասում էր․ «Հենց գրադարանավարուհու աչքը հերիք է»։
Շատ մեծ տպավորություն էր թողնում իմ ընթերցասիրությունը հատկապես մեծ մամիս վրա: Նա հաճախ էր ասում՝ կարդա, մեծ մաման քեզ մատաղ, շատ կարդա, մի օր էլ դու մեր գյուղի մասին կգրես, ինչ անենք, որ աղջիկ ես, ինչի, կին գրող չի՞ լինի․․․ Ասում էր ու ձեռքը մի տեսակ շարժելով, ասես մեկին իրենից վանելով, ավելացնում՝ լավ, խելոք աղջիկը տասը, հլա մի քսան էլ տղա արժե․․․ Իմաստախոսություն էր, բայց ոչ բոլոր դեպքերի համար։
Իհարկե, գրող չդարձա, գյուղի մասին և գյուղի պատմությունն էլ չգրեցի: Բայց վերջին ամիսներին գիշեր-ցերեկ մտքով գյուղում եմ, և ամեն մի մանրուք, ամենքն ու ամեն ինչ աչքիցս չեն հեռանում, և ոչ մի ձայն ու խոսք ականջիցս չի կտրվում․․․ Ականջականչերս են արթնացել։ Հրաշք է՝ քարն անգամ, որին կպել է Բենիկ քեռուս ինձ համար գնած փոքրածավալ ջրի կուլան ու ջարդվել, լավ եմ հիշում, ոչ միայն տեղը, որտեղ ընկած էր, այլ նաև ձևն ու գույնը, փշրվելու ձայնը:
Ամենայն մանրամասնությամբ հիշում եմ օրը և պահը, երբ մեծ մամս կանչեց ինձ ու դողացող ձայնով, աչքերիցս գլորվող արցունքի կաթիլները մատով սրբելով՝ ասաց.
-Մեծ մաման քեզ մատաղ, էն կտրվածնեն ( թուրք կանանց նկատի ուներ) էլի եկել են աղբյուր, ձենները գցել, գնա՛ տես՝ էն ոչ մխիթարված Աղջա՞ն էլ է աման – չամանը բերել, ուշադիր նայի՛ր, եթե մեջը սիսնի կա, տակը գրածը կարդա՛․ էդ իմ օժիտի սինին է՝ հորս նվերը… -Էլ չշարունակեց, չկարողացա՞վ, թե՞ չուզեց իր քթից ելնող մուխը ինձ էլ համակի: Գնացի աղբյուր: Կարծես հենց պահին ի տես՝ Աղջա խալան կռացած ջանադրորեն շփում էր մի մեծ, գեղեցիկ, կլոր մատուցարան․ տակը՝ շրջանագծին հընթաց դաճվածագիր էր՝ «Սիրէլի դուստր Մարյամին իր հօրից յիշատակ…», և տարեթիվը՝ 1885:
Երևի շատ էի փոքր ողբերգության ահագնությունը զգալու համար, եթե ոչ՝ չէի սկսի քննադատաբար մեղադրել ապուպապիս, որ տառերը վայելչագրորեն սիրուն չէին, Մարիամ-ի Մ-ն մեծատառի նման չէ, յ-ով է գրված, հորից-ը՝ օ-ով, հիշատակը՝ յիշատակ․․․ և էլի ինչ-որ թերություններ՝ ըստ իս: Հայացքս երևի շատ սևեռուն էր չափում թրքուհու ամեն մի շարժումը: Նա տնքալով շտկեց կռացած մեջքը, նայեց ինձ և… անկասկած, հասկացավ․․․ հասկացավ հայացքիս մեջ ծովացող ցավն ու թշնամանքը։ Սինին ցած դրեց, կոպտորեն շուռ տվեց կուժը և ֆշշացրեց՝ է’ս էլ կարդա, օձի ճուտ, հետո՝ էլի՛ մի քանի իրեր․․․ Մեկ էլ ցասումով մի գեղեցիկ կթղա վերցրեց ու, գլխիս խփելու սպառնալիքով բարձրացնելով վերև, մռլտաց իր լեզվով՝ ռադ եղի՜ր, չքվի՜ր: Տեղիցս չշարժվեցի. մեծորեն նայեցի աչքամիջին ու մանկորեն լացախառն ճչացի՝ դու ռա՛դ եղիր մեր աղբյուրից, դո’ւք չքվեք, դո’ւք եք օձեր, ձեր լամուկներն են օձի ճտեր..
Ձայնիս վրա աղբրատակին գտնվող իր բանջարանոցից, բահը ձեռքին, դուրս վազեց մեծ մամիս մեծ հարսը՝ Նինա քույրիկը, որը կռվելիս խոսք չէր փնտրում, «ճոխ-ճոխ» անեծքների պակաս չկար․ պակասեր՝ կհորիներ, մանավանդ եթե առիթ տվողը թուրք էր․․․ Անիծում էր՝ էն էլ հենց թուրքերեն:
Սկսվեց մի ահավոր ճղճղոցով խոսքակռիվ: Ես ինձ չկորցրի, կարդացի կթղայի պռնկի շրջանակի դաճվածագիրը. դա էլ ինչ-որ Արշավիրի նվերն էր իր Թամամ դստերը․․․
Ու այսպես ահա: Օրը ցերեկով, մեր աչքի առաջ, ջանադիր շփում, լվանում էին մեր մամերի օժիտացու աման-չամանն ու սիրուն, նախշուն գորգ ու կարպետները․․․
Տիրաբար էին իրենց պահում յէրի շենի բնակիչները: Ամեն ինչի տերն էին իրենց զգում, նույնիսկ մեր ԽԱՉԻ, որ թողել էինք յէրի շենում:
Կրկժնեցիները երկյուղածությամբ ժամանակ առ ժամանակ տանում մատաղ են անում սրբացրած ծառի տակ, սրբացրած խաչքարի մոտ․․․ Այդպես էլ ուխտում են՝ մատաղ կանեմ Խաչին տակ:
Ահա այդ մեր Խաչին տակ մատաղ էին անում նաև թուրքե՜րը, քարերն էլ համբուրո՜ւմ, բա՜: Այնքան էին տեր զգում ամեն ինչի, այնպիսի՜ մոլեռանդությամբ, որ Խաչին տակն էլ էր «դարձել» իրենցը:
Էս ամենը տեսնում էր կրկժնեցին ու լուռ համբերում: Այդ լռության մեջ վիրավոր տնքոց կար, ցավոտ մղկտոց, կուտակվող հառաչանք, որ ի վերջո պիտի դառնար մռնչյուն:
Եվ դարձավ, այն էլ ինչպիսի՛…
 
Զուխրա Երվանդյան
Գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
մուլտիպլիկացիոն-կարճամետրաժ-ֆիլմ,հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,կարճամետրաժ-մուլտֆիլմ,օսկարի-հավակնորդ,օսկար,արմատ,արմատ-հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,շվեյցարաբնակ-կինոռեժիսոր,էլոդի-դերմանժ ,  «Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
«Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
The Hollywood Reporter-ը նշել է 15 անիմացիոն կարճամետրաժ ֆիլմերից մեկը՝ ARMAT-ը կարող է արժանանալ Օսկարի։
չինաստան,պեկին,խաչատրյանի-անվան-միջազգային-հոբելյանական-մրցույթ,արամ-խաչատրյան-մշակութային-հիմնադրամ,չինաստանի-ազգային-օպերային-թատրոն,չինաստանի-պետական-կառույցներ,հայաստանի-պետական-սիմֆոնիկ-նվագախումբ,սերգեյ-սմբատյան,արամ-խաչատրյան,արամ-խաչատրյանի-120-ամյա-հոբելյան , Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում դեկտեմբերի 17-ին մեկնարկել է Խաչատրյանի անվան միջազգային հոբելյանական մրցույթը՝ «ջութակ» մասնագիտական կարգում։ Այն նվիրված է Արամ Խաչատրյանի 120-ամյա հոբելյանին։
հայաստան,կգմս-նախարարություն,սիսակ-գաբրիելյան,netflix,ֆիլմեր,ֆիլմ,սերիալներ,ֆիլմարտադրություն,թիլ-շվայգեր,underdog,dead-by-dawn,collapse,նեթֆլիքսի-8-մասանոց-ֆիլմ , Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն։
յունեսկօ,ոչ-նյութական-մշակութային-ժառանգության-ներկայացուցչ,գյումրի,դարբնություն,դարբին,արվեստ,արհեստ,պապոյան-գերդաստան,գարիկ-պապոյան,վարպետ-գարիկ,գյումրու-դարբնության-ավանդույթը,գյումրու-դարբնության-մշակույթ , Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Դարբին Գարիկն ասում է, թե իրեն հարցնեն Գյումրու դարբնության ավանդույթում ինչն է ամենակարևորը, երևի կպատասխանի, որ․ «Ամեն գործդ կմտածես ընպես սարքես, որ բոլորի դուրն էլ գա, բայց առաջինը քո դուրը գա։ Էս գործը հա՛մ արհեստ է, հա՛մ արվեստ է, մենակ ուժով չի, պետք ա ուղեղ էլ ունենաս ու սիրտ»։ 
յունեսկօ,unesco,տաթևի-և-մեծ-անապատ-վանական-համալիրներ,որոտան-գետի-կիրճը,հուշարձանախումբ,եռաչափ-լազերային-սկանավորում-և-թվայնացում,հհ-կգմս-նախարարություն,հհ-ագ-նախարարություն,յունեսկօ-ում-հհ-մշտական-ներկայացուցչություն,պոակ,պատմամշակութային-ժառանգության-գիտահետազոտական-կենտ,միջազգային-ֆինանսական-աջակցություն ,  ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված դրամաշնորհը կազմում է շուրջ 55․000 ԱՄՆ դոլար, որով նախատեսվում է իրականացնել Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրների կազմի մեջ մտնող բոլոր կառույցների, ենթահուշարձանների եռաչափ լազերային սկանավորում և մանրամասն թվայնացում, կառավարման և ռիսկերի նվազեցման համապատասխան ծրագրերի կազմում, միջազգային փորձագետների խորհրդատվություն, պետական հաշվառման փաստաթղթերի լրամշակում, որոնց հիման վրա կպատրաստվի և ՅՈՒՆԵՍԿՕ կներկայացվի հուշարձանախումբը «Զինված հակամարտությունների պայմաններում մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիա»-ի հովանու ներքո առնելու հայտը։
գյումրի,հհ-վաստակավոր-նկարիչ,մինաս-ավետիսյան,մինաս-ավետիսյանի-95-ամյակ,մինաս-ավետիսյանի-95-ամյակին-նվիրված-ցուցահանդես,մինաս-ավետիսյանի-գործերը,ցուցահանդես,գույներ-կերտող-նկարիչը-խորագրով-ցուցահանդես , 45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել ՀՀ վաստակավոր նկարիչ Մինաս Ավետիսյանի գործերը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: