ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Մշակութային զարգացումն ու ծաղկումը պահանջում է նախ՝ խաղաղ ու անվտանգ, ապա և տնտեսական ապահով միջավայր

<<ՀԱՅԱԶԴ>> կայքի զրուցակիցն է կրթական և մշակութային գործիչ, և հայոց լեզվի և գրականության դասախոս տիկին Քարմեն Ազարյանը

  • Որպես իրանահայ վաստակավոր՝ կրթական և մշակութային գործիչ, և հատկապես հայոց լեզվի և գրականության դասախոս տիկին Ազարյան, ինչպե՞ս եք գնահատում մեր համայնքում առկա մշակութային և կրթական կյանքը, հատկապես կապված հայկական դպրոցներում մեր աշակերտության հայեցի դաստիարակության և լեզվի իմացության ուղղությամբ տարվող աշխատանքներին։
  • Որպես սկիզբ մեր զրույցի, որն ըստ երևույթին անառիթ չէ, քանի որ արդեն հոկտեմբեր ամսի մեջ ենք, ցանկանում եմ շնորհավորել Ս. Թարգմանչաց տոնի, Հայ մշակույթի, գրի ու գրականության տոնի կապակցությամբ՝ մեր մշակույթի գործիչներին, մասնավորաբար ուսուցիչներին, աշակերտներին ու ուսանողներին, և մի խոսքով մեր ողջ ժողովրդին:

Իսկ այս հարթության վրա անդրադառնալով Ձեր հարցին, որն ի դեպ շատ ընդգրկուն է և մի երկու պարբերությամբ հնարավոր չէ լիակատար պատասխան տալ, այնուամենայնիվ  կփորձեմ համառոտ ձևակերպել մտքերս: Նախ ուզում եմ նշել, որ երբ 1993-ին, որպես ԵՊՀ Բանասիրական ֆակուլտետի առաջին շրջանավարտներից մեկը վերադարձա Թեհրան, ցավոք սրտի, համայնքի ազգային մարմինները հրաժարվեցին մեզանից շատերի մասնագիտական ծառայությունից համայնքի կրթամշակութային համակարգի որևէ օղակում՝ դպրոցում թե հրատարակչությունում, միություններում և այլ «ազգային» համարվող կենտրոններում: Ուստի, դժբախտաբար, պատիվ չեմ ունեցել հատկապես որպես ուսուցիչ ծառայելու մեր դպրոցներում (սկզբում մի տարի անօգուտ դիմումներից հետո, միայն մեկ տարի այն էլ «Մարիամ հաստատությունում» եմ ուսուցիչ եղել), հետևաբար հայկական դպրոցներում կրթադաստիարակչական պայմանների ու որակի մասին կարծիք եմ կազմել, և փորձել ինչ որ կերպ աջակցել ուղղակի կամ անուղղակի, նախ՝ որպես աշակերտի ծնող, ապա՝ հայոց լեզվի դասախոս, ով տարիներ շարունակ առայսօր զբաղվել է ոչ միայն մեր պատանի-երիտասարդների, այլև դպրոցների հայ ուսուցիչների ու աշխատակազմի հետ՝ համալսարանի հարկի տակ:

 

  • Այդ դեպքում, ըստ Ձեզ, ինչպիսի՞ն էր և է' հայկական դպրոցն ավարտած աշակերտների և ուսուցիչների մակարդակը, և այդ տարիների ընթացքում ինչպիսի՞ աճ եք նկատել:
  • Նախ ուզում եմ շեշտել, որ Իսլ.Ազատ համալսարանի օտար լեզուների ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության ամբիոնի շուրջ 25 տարիների գործունեության ընթացքում, հատկապես սկզբնական շրջանում դիմորդները, ի պատիվ մեր համայնքի և իհարկե մեր պարսիկ հայրենակիցների, բավական մեծ թիվ են կազմել՝ տարբեր խավերից՝ աշակերտներ, ուսուցիչներ ու դպրոցի այլ պաշտոնյաներ, գրողներ ու արվեստագետներ, միութենականներ ու մշակութային գործիչներ և այլն: Գալով  Ձեր հարցին՝ պետք է ասեմ, որ թեկուզ այն լավ ու բարի օրերին, դժբախտաբար հայկական դպրոցների շրջանավարտների հայոց լեզվի և ընդհանրապես հայերենագիտական գիտելիքների որակն ու մակարդակը բավարար չէր և բավական ծանր աշխատանք էր պահանջում թե' ուսանողից և թե' դասախոսական կազմից՝ հայերենագիտական բարձրագույն ուսումնական այդ հաստատությանը համապատասխան մակարդակով ապահովելու համար: Ես հիմնականում դասավանդել եմ հին և ժամանակակից հայոց լեզու, ուստի ինձ համար առաջին հերթին նկատելի էր մեր լեզվի իմացության, հայերենով խոսելու և գրելու ունակության անկումը՝ նախկինի համեմատ, ինչպես և տարեցտարի նահանջը: Սրան ավելացնենք ընհանրապես հայերենագիտական գիտելիքների օրավուր խեղճացումը: Ճիշտ է անձամբ հիմնականում քերականություն եմ պարապել, որը պարզ լեզվով ասած՝անսխալ խոսելու և գրելու կանոններն է սովորեցնում, բայց և միաժամանակ ընդգծում մեր առօրյայում դրանք կիրառելու կարևորությունը, ստիպում յուրացնել ինչքան շատ բառեր և ազատվել պարսկաբարբառաժարգոնա...խառն լեզվից: Անկախ վայրից, զբաղեցրած պաշտոնից, թեմայից՝ խոսել և գրել հնարավորինս գրագետ հայերենով:

 

  • Եվ արդյունքը ինչպե՞ս եք գնահատում: Մինչ այդ ըստ Ձեզ ո՞րն էր այդ անկման պատճառը:
  • Գլխավոր պատճառը իմ կարծիքով, ինչպես բոլորս գիտենք, ազգային դպրոցների կարգավիճակում տեղի ունեցած փոփոխությունն էր՝ հայոց լեզվի ու կրոնի դասավանդման ժամերի կրճատումը և ոչ պաշտոնական դառնալը: Սակայն կարծում եմ այդ նոր պայմաններին համակերպվելու համար պետք էր շատ ավելի լուրջ, մասնագիտական ու տևական քայլեր կատարվեին: Ուսուցչական կազմի վերապատրաստում, դասագրքերի ու հատկապես դասավանդման մեթոդների վերամշակում, հայերենագիտական առարկաների դասավանդումը ըստ տարիքային խմբի վերաբաշխում ու վերածրագրում... և այլն: Իհարկե չեմ ուզում թերագնահատել պատասխանատու անձանց կողմից այս ուղղություններով կատարված աշխատանքը և մեղադրել որոշակի անհատի, և հատկապես ներկա պահին թերևս ավելորդ զրույց կլինի: Բայց և այնպես չի կարելի անտեսել այն փաստը, որ բոլոր այս աշխատանքները կատարվել են ոչ այնպես, որ պետք է և չեն կարողացել կասեցնել այդ անկումը կամ մասամբ բարելավել իրավիճակը: Օրինակի համար պարզ ու հասարակ մի օրինակ ասեմ. Նախակրթարանից մինչև դպրոցն ավարտելը մեր երեխաները ամեն առավոտ դասն սկսում էին Տերունական աղոթքով, իսկ երբ համալսարանում նրանց խնդրում էի ասել, գրել և թարգմանել աշխարհաբարի, դժվարանում են. Կամ թե ուզում եմ իրենց սովորած, այսպես ասած, հին ուղղագրությամբ գրել, ամենատարրական ու կրկնված բառերը գրելիս հաճախ սխալվում են՝ օ-ո՞վ թե՞ ո-ով, յ-ո՞վ թե՞ հ-ով... Բանավոր ու գրավոր խոսքի առումով ևս մեր երեխաների զարգացումը անբավարար է և ինչքան են դժվարանում մի թեմայի շուրջ մայրենի լեզվով արտահայտվել: Սրան գումարած գիտելիքների խիստ պակասը հայ գրականությունից, պատմությունից ու կրոնից... Ուրեմն տարված աշխատանքը բավարար չի կարելի համարել:

 

  • Ինչպես ասացիք՝ համայնքում հայերեն լեզվի իմացության հետ կապված լուրջ խնդիրներ կան, որն, իհարկե, հատուկ չէ միայն մեր համայնքին և սփյուռքյան բոլոր օջախների հիմնական խնդիրներից է, սակայն հաշվի առնելով հայ-իրանական սերտ հարաբերությունները և համայնք-Հայաստան աճող կապերը, ի՞նչ կարծիքի եք համայնքի հայկական դպրոցների կրթական մակարդակը բարձրացնելու նպատակով Հայաստանի կրթական ինստիտուտների հնարավորություններից օգտվելու մասին, և դա ինչպե՞ս եք հնարավոր տեսնում։
  • Արդեն խոսեցինք մեր թույլ ու թերի կողմերի մասին, որոնց վերացնելու համար շատ տրամաբանական ու ձեռնտու է հատկապես մեզ՝ Հայաստանի հարևանությամբ գտնվող համայնքիս համար, օգտվել հայրենի երկրի հնարավորություններից՝ ուսուցիչներից ու դասախոսներից, դասագրքերից ու գրականությունից, կրթադաստիարակչական նպատակներով փոխայցելություններից, հանդիպումներից և այլն: Մասամբ աշխատանք տարվել է այս ուղղություններով, բայց ոչ հետևողական ու շարունակական. Ապա կարևոր է նաև այն հանգամանքը, որ օգտվենք այնտեղի նորօրյա գիտնականների վերջին ձեռքբերումներից՝ թե գիտելիքների ու փորձառությունների, և թե մեթոդների, դասագրքերի և այլ միջոցների, օրինակ օնլայն դասարանների ու հեռակա պարապմունքների առումով: Ներկայիս նման հնարավորություն կա թե' աշակերտների ու ուսանողների և թե' ուսուցիչների ու դասախոսների համար: Միայն թե այս բոլոր աշխատանքների իրականացման ուղղությամբ լուրջ բարդություն է առաջացնում մեր օգտագործած ուղղագրությունը, որը մինչ օրս ոչ մի կերպ չենք կարողացել լուծել: Այս ուղղագրական երկվությունը անգրագիտության մակարդակի է իջեցնում հավասարապես աշակերտին ու ուսուցչին, ուսանողին ու դասախոսին, ով մի գիրքը ընթերցում է հին ուղղագրությամբ, իսկ մյուսը՝ նորով և արդյունքում շփոթմունքի մեջ ընկնում:

 

  • Դպրոցի ու կրթական խնդիրներից բացի, մեր փոքրացող համայնքում կան համայնքային և արտահամայնքային՝ տնտեսական, հասարակական և բազմակողմանի այլ խնդիրներ, որոնք մեծ խոչընդոտներ են հարուցում հայ մշակույթի պահպանման ու զարգացման ուղղությամբ: Ձեր կարծիքով ի՞նչ լուծումներ են հարկավոր կիրառել իրանահայ համայնքի մշակութային կյանքը մասամբ աշխուժացնելու համար։
  • Բարդ հարց է ներկա պայմաններում. Մշակութային զարգացումն ու ծաղկումը պահանջում է նախ՝ խաղաղ ու անվտանգ, ապա և տնտեսական ապահով միջավայր: Ապրում ենք ոչ այնքան խաղաղ ու հանգիստ պայմաններում, դրան գումարած երկրի ընդհանուր տնտեսական բարդությունները, որ յուրաքանչյուրս զգում ենք մեր մաշկի վրա: Որպես սփյուռքահայ համայնք՝ մեզ համար կարևոր է նաև համայնքի քանակային մեծությունը:  Վերջին տասնամյակների ընթացքում, ինչպես ասացիք, քանակապես նվազել ու փոքրացել ենք, որին ի հետևանք զրկվել ենք մեր կիրթ ու ակտիվ երիտասարդության ստվար մի զանգվածից, մասնագետ մարդուժից՝ ուսուցիչ-մանկավարժներից, արվեստագետներից ու արհեստավորներից... Եվ ահա, այսպիսի նեղ պայմաններում, երբ հազիվ էինք պահպանում ու տնօրինում մեր մշակութային ու հասարակական կյանքը, բաց պահում մեր մարզամշակութային ու հասարակական, ոչ այնքան մարդաշատ հաստատությունների դռները, ասես, վերջին հարվածը հասցրեց համավարակը: Ներկա պահին խոսել համայնքի մշակութային կյանքի աշխուժացումից առնվազն լավատեսություն կլինի. Ըստ իս՝ պիտի աշխատենք առայժմ սրանից ավել չկորցնենք, պահպանենք ստեղծած-կուտակած գոնե նյութական հարստությունը՝ դպրոցների, միությունների շենքերը ... և դա օգտագործենք այս ընթացքում կրթելու, դաստիարակելու այն երիտասարդ ու մերօրյա հայրենասեր մարդուժին, որը պիտի կարողանա տնօրինել մեր համայնքի ապագա կենսագործունեությունը՝ ազգապատկան մարմիններից ու կենտրոններից մինչև դպրոցներ, միություններ, մամուլ և այլն: Ցավում եմ, որ մեր համայնքային կյանքը դեռ իներցիայով առաջնորդվում է անցյալ դարի ոգով, արժեքներով, կանոններով, անցյալ դարասկզբի այս կամ այն քաղաքական կուսակցության գաղափարներով, համայնքի կառավարման ժամանակավրեպ համակարգով, դեռ վիճում ենք հին ու նոր ուղղագրության վրա... Խնդիրները շատ են, և ինչպես ասացի, հիմնական ու արմատական փոփոխություններ են պետք.՝ ժամանակակից գիտելիքներով ու հմտություններով օժտված երիտասարդ մարդուժ, զարգացած տեխնոլոգիայով զինված կառույցներ, և իհարկե՝ հեռու այս կամ այն կարգի, քաղաքական նեղմիտ հայացքներից՝ կապերի ընդլայնում Հայաստան աշխարհի հետ,  որով նոր ավյուն կներարկվի մեր համայնքային-մշակութային կառույցի երակներում... Հուսանք, որ այդ օրը շատ չի ուշանա և մենք մեկ անգամ ևս ականատեսը կլինենք այս քառադարյա համայնքի հոգեմտավոր ու մշակութային զարթոնքի, մշակութային կենտրոնների վերաբացմանը, աշխատանքների վերսկսմանը՝ զարգացած աշխարհի չափանիշներով, համահունչ ու համաքայլ:   

ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
կարևորում,ենք,միջազգային,հանրության,հայկական,մշակութային,ժառանգության,նկատմամբ,ադրբեջանի,կողմից,իրականացվող,քաղաքականության,փաստագրումը․,ագն,խոսնակ , Կարևորում ենք միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության փաստագրումը․ ԱԳՆ խոսնակ
Կարևորում ենք միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության փաստագրումը․ ԱԳՆ խոսնակ
Հայաստանը կարևոր է համարում, որ միջազգային հանրությունը փաստագրում է հայկական կրոնական և մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականությունը, հայտնել է ՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակը՝ պատասխանելով «Aysor.am»-ի հարցմանը:
հայաստան,ադրբեջան,ամն,վաշինգտոն,հայաստան-ադրբեջան-բանակցություններ,ճնշում-բաքվի-վրա,հարցազրույց,ռիչարդ-կիրակոսյան , Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա. Ռիչարդ Կիրակոսյան
Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա. Ռիչարդ Կիրակոսյան
Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա, պատժամիջոցը մնում է ԱՄՆ վերջին ծայրահեղ քայլը. 1lurer.am-ի հարցազրույցը՝ Ռիչարդ Կիրակոսյանի հետ:
դինքին,սպանողի,ազատ,արձակումը,անակնկալ,չէր.,հարցազրույց,«ակօս»-ի,հայկական,էջերի,խմբագիր,բագրատ,էստուգյանի,հետ , Դինքին սպանողի ազատ արձակումը անակնկալ չէր. հարցազրույց «Ակօս»-ի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուգյանի հետ
Դինքին սպանողի ազատ արձակումը անակնկալ չէր. հարցազրույց «Ակօս»-ի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուգյանի հետ
Պոլսահայ հայտնի լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր Հրանտ Դինքի սպանության գործով դատապարտված Օգյուն Սամասթը չորեքշաբթի՝ նոյեմբերի 15-ին, վաղաժամկետ ազատ արձակվեց՝ սեպ խրելով Թուրքիայի հայերի, մասնավորապես՝ Դինք ընտանիքի արնահոսող վերքի մեջ:
ցանկացած,ճանապարհ,որն,անցնում,տարածքով,պետք,է,վերահսկվի,հայաստանի,կողմից.,տոյվո,կլաար , Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար
Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի խոսքով՝ միանգամայն տրամաբանական է, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որը կանցնի Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից։
պահանջում,ենք,որ,լղ,ժողովուրդն,ապահով,վերադարձի,երաշխիքներ,ունենա․,եմ,խոսնակի,բացառիկ,հարցազրույցը , Պահանջում ենք, որ ԼՂ ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա․ ԵՄ խոսնակի բացառիկ հարցազրույցը
Պահանջում ենք, որ ԼՂ ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա․ ԵՄ խոսնակի բացառիկ հարցազրույցը
Եվրոպական Միության արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր խոսնակ Պետեր Ստանոն պարզաբանել է Եվրոպական Միությունից հնչող հայտարարությունները Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով աջակցելու, երկրի հետ վիզաների ազատականացման շուրջ գործընթաց սկսելու վերաբերյալ։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: