ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հայաստանը ստիպված ընդունեց քեմալականների զինադադարի ծանր պայմանները. 21 նոյեմբեր, 1920

Թուրքական կառավարության առաջարկած զինադադարը որոշ փոփոխություններով ընդունվեց մեր և թշնամու կողմից և ամսի 18-ին մտավ ուժի մեջ:

1920 թվականի աշնանը քեմալական զորքերը Քյազիմ Կարաբեքիրի հրամանատարությամբ, մի քանի շաբաթների ընթացքում գրավեցին Հայաստանի Հանրապետության մաս կազմող Սուրմալուի գավառը, Կարսի մարզը, ապա Ալեքսանդրապոլը՝ ընդհանուր առմամբ շուրջ 30 հազար քառակուսի կիլոմետր տարածք, ու հայկական կողմին պարտադրեցին զինադադար և հաշտության բանակցություններ Ալեքսանդրապոլում: Այս խմբագրականը լույս է տեսել Երևանում լույս տեսնող ՀՅԴ պաշտոնաթերթ ՅԱՌԱՋ-ի նոյեմբերի 21-ի համարում:
 
 
Զինադադարը
 
Թուրքական կառավարության առաջարկած զինադադարը որոշ փոփոխություններով ընդունվեց մեր և թշնամու կողմից և ամսի 18-ին մտավ ուժի մեջ:
 
Ծանր են զինադադարի պայմանները, բայց նկատի ունենալով մեր բանակի հոգեկան վիճակը և մեր ժողովրդի ընդհանուր տրամադրությունները, կառավարությունը ստիպված եղավ ընդունել այդ պայմանները:
 
Կառավարությունը կամեցավ սպառել բոլոր միջոցները մի ընդհանուր լեզու թշնամու հետ և հաշտություն կնքելու:
 
Ամսի 24-ին Ալեքսանդրապոլում պիտի սկսվեն հաշտության բանակցություններ: Նրանց հետևանքից է կախված մեր ժողովրդի և պետության գոյությունը:
 
Ոչ զինադադարի կնքումը, ոչ էլ հաշտության բանակցությունների սկսումը չի նշանակում տակավին, որ հայ ժողովուրդը կարող է զենքը վար դնել արդեն և հանգիստ շունչ քաշել:
 
Որովհետև քանի դեռ կնքված չէ հաշտությունը, քանի դեռ ոչ մի երաշխիք չկա, որ կկարողանանք ձեռք բերել մեզ համար մի այնպիսի հաշտություն, որ հնարավորություն տար մեր ժողովրդին ապրել և զարգանալ, քանի դեռ ոչ մի իրական հիմք չունենք վստահելու թշնամու շիտակությանը, վերջապես, քանի դեռ բոլորովին անհավանական չէ, որ թշնամին կարող է զինադադարից հետո դժբախտ անակնկալներ ստեղծել մեզ համար, մեր բանակը և ժողովուրդը պիտի սպառազեն պատրաստ լինեն պաշտպանելու այն, ինչ որ ոչ մի դեպքում մենք չենք կարող զիջել թշնամուն` մեր ժողովրդի գոյության իրավունքը:
 
Եթե հաշտության բանակցությունների ընթացքում պարզվի, որ թշնամին չի կամենում հաշտվել մեր գոյության հետ անգամ, եթե պարզվի, որ նա ձգտում է իրոք խեղդել, ոչնչացնել մեր ժողովրդին, քանդել մեր պետությունը, մենք պիտի պատրաստ լինենք մղելու վերջին հուսահատական կռիվը հանուն մեր գոյության:
 
Եվ որպեսզի մեր բանակցությունները դրական արդյունք տան, անհրաժեշտ է, որ մեր երկրում տիրի կատարյալ հանգստություն, խստագույն կարգապահություն: Ամեն տեսակ անկարգապահություն, ամեն տեսակ անկարգություն, մանավանդ այս պատասխանատու օրերին, կարող է միայն նպաստել թշնամուն՝ մեր ժողովրդին դնելու ավելի վատթար պայմանների մեջ:
 
Հաշտության բանակցությունների ընթացքում, ինչպես և պատերազմական գործողությունների, հայրենիքը պահանջում է իր բոլոր հարազատ զավակներից լինել պատրաստ ամեն զոհողության, լինել խստորեն կարգապահ, լինել աչալուրջ և ինքնազուսպ:
 
Մեր կառավարությունը անում է ամեն տեսակ զոհողություններ, որպեսզի որքան կարելի է շուտ հաշտություն ձեռք բերի ժողովրդի համար:
 
Մեր ժողովուրդը, որ այնքան կարոտ է հաշտության, ավելի քան երբևէ պիտի աջակից լինի իր կառավարությանը, որպեսզի նա կարողանա հաջողությամբ վերջացնել հաշտության սկսվելիք բանակցությունները:
 
 
Յառաջ, Խմբագրական, ՀՅԴ պաշտոնաթերթ, Երևան, կիրակի, 21 նոյեմբեր, թիվ 256
 
 
Աղբյուր՝ aniarc.am 
 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
1908,երիտթուրքական-հեղափոխություն,արևմտահայություն,բազմահազարանոց-ցույցեր,հայությունը-երիտթուրքերի-ցույցերում,ազատություն-հավասարություն-եղբայրություն , Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
1908 թվականի Երիտթուրքական հեղափոխության օրերին արևմտահայությունը մասնակցում էր բազմահազարանոց ցույցերին «ազատություն, հավասարություն, եղբայրություն» կարգախոսներով:
1919-1920,հայաստան,երևան,բաթումի,բաթումի-նավահանգիստ,թուրք-թաթար-թալանչիներ,բրիտանացի-զինվորների-վերահսկողության-տակ-գտնվող-զր,ամերիկյան-և-բրիտանական-մարդասիրական-օգնություն,բաթում-երևան-կյանքի-երկաթգիծը , 1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
«Ազատության պաշտպան» զրահագնացքի բրիտանական զինվորական անձնակազմը, Երևան, 1920 թ.
ամն,թուրքիայի-դաշնակից-ամն,եվրոպական-մեծ-տերություններ,թուրքիա,խորհրդային-միություն,հայոց-ցեղասպանություն,երկրորդ-աշխարհամարտ,հայկական-հարց,արևմտյան-հայաստանի-վերադարձի-ծրագիր,վահրամ-հովյան , Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Եվրոպական մեծ տերությունները և Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում են Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը։ ԱՄՆ-ի ու Թուրքիայի հարաբերություններում կային որոշակի կնճիռներ։ Այդ համատեքստում 2021-ին ԱՄՆ-ն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, թեև գործնականում մեծ հաշվով դա ոչինչ չի տալիս Հայկական հարցին։
հայ-ադրբեջանական,կոնֆերանս․,բաքու,1919-ի,դեկտեմբերի,14 , Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական կոնֆերանսին կմասնակցեն Ֆաթալի Խան Խոյսկին, Մամեդ Հասան Հաջինսկին և Մամեդ Ռզա Վեքիլովը։
հայերը,թուրքիան,ռուսաստանը,եւ,արեւմուտքը.,հայացք,1891,թվականից , Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Ներկայացնում ենք 1891 թվականի ապրիլին ամերիկյան The Atlantic Monthly ամսագրում հրապարակված Սեմյուել Գրին Ուիլեր Բենջամինի The Armenians and the Porte հոդվածի հայերեն թարգմանությունը:
ալեքսանդր-սոլժենիցինի-նոբելյան-պատմությունը,գրականության-նոբելյան-մրցանակ,շվեդիա,խսհմ,խսհմ-գերագույն-խորհուրդ,ստալինյան-ճամբարներ,հայրենիքից-բռնի-աքսոր,ռուս-ականավոր-մտածող-և-գրող,ալեքսանդր-սոլժենիցին , Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Խորհրդային Միությունում Սոլժենիցինին Նոբելյան մրցանակ շնորհելը ռումբի պայթյունի էֆեկտ ունեցավ։ Շատերն անկեղծորեն ուրախացան ռուս վառ և ազնիվ գրողի համաշխարհային ճանաչման համար: Սակայն իշխանությունները և պաշտոնական գրական հանրությունը թշնամաբար են ընդունել Շվեդիայի ակադեմիայի որոշումը։ ԽՄԿԿ Կենտկոմը Նոբելյան մրցանակակրին վարկաբեկելու մի ամբողջ ծրագիր էր մշակել։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: