Ինչու է Էրդողանը որոշել զանգել Նիկոլ Փաշինյանին, ինչ զարգացումների կարելի է սպասել. մանրամասնում է քաղաքագետը

Քաղաքագետ Հայկ Սուքիասյանի նկատառմամբ՝ ԼՂ-ում նախագահական ընտրության տեսքով տեղի է ունեցել ռուսական հեղաշրջում, և ԼՂ-ն այլևս ռազմաքաղաքական իմաստով Ռուսաստանի լիակատար վերահսկողության տակ է: Նա նկատում է, որ այս իրավիճակը բազմաթիվ իրողություններ է փոխում և՛ տարածաշրջանում, և՛ Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններում, և՛ ընդհանրապես ԼՂ հարցի համատեքստում:
«Ըստ էության՝ եթե մենք Արայիկ Հարությունյանի տեսքով իբրև թե այնտեղ ունեինք իշխանություն, որն ընտրված էր, որին, արնածոր վերքերով հանդերձ, աշխարհը գոնե նվազագույն ճանաչելիություն էր հաղորդում, հիմա այդ մարդը որոշեց, որ պիտի ոճիր գործի՝ հրաժարական տա, և, ըստ էության, Արցախի իշխանությունը հանձնվեց ռուսական ուժերին: Աշխարհը հայտնեց, որ չի ճանաչում այդ ընտրությունները, ՀՀ-ն էլ չի հայտարարել, որ ճանաչում է, և ես պահանջում եմ, որ ոչ էլ ճանաչեն»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա:
Սուքիասյանը շարունակում է՝ ասելով. «Ի՞նչ ստացվեց. Ադրբեջանը, իր կարծիքով, լուծել էր Արցախի հարցը, մտածում էր, որ ինչ-որ ճանապարհով մեզ հետ կգա կոնսենսուսի, հիմա իր կազմում ստացավ ռուսական ռազմաբազա՝ իր մարմնի մեջ հարյուր տոկոսանոց Ռուսաստան: Ռուսաստանն իր խարդավանքներով Ադրբեջանին թույլ չի տալու, որ պետություն դառնա, դրա համար էլ Էրդողանը, նաև Ալիևը խառնվել են իրար, դրա համար էլ Էրդողանը ափալ-թափալ» զանգել է ՀՀ վարչապետին, որ հասկանա, թե ինչ իրավիճակ է: Ենթադրում եմ՝ Թուրքիան ՀՀ-ի հետ խոսելու բան ունի, և այստեղ Հայաստանի դերակատարությունը մի քիչ բարձրանում է»:
Ըստ զրուցակցի՝ այս պահին խաղաքարտը մասամբ նաև հայկական կողմի ձեռքում է, և մանևրելու հնարավորությունն է մեծանում. «Ստացվում է՝ իրենց մարմնում «քաղցկեղ» ունեցան և դրա համար պիտի նստեն ՀՀ-ի հետ խոսելու: Վատ է, որ, ըստ էության, Արցախը լրիվ ռուսական վերահսկողության տակ անցավ, և պիտի նկատի ունենանք, որ կարող են խարդավանքներ փոխանցել նաև ՀՀ-ին»:
Քաղաքագետն ասում է, որ ՌԴ-ն այս կոնֆլիկտով անընդհատ կառավարելու է և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին, սակայն, ըստ էության, կարելի է սպասել Ռուսաստան-Ադրբեջան կոնֆլիկտի ևս:
«Այս պահին վատթարագույն վիճակում գեոստրատեգիական իմաստով Ադրբեջանն է, և դրա համար Թուրքիան հավանաբար որոշել է, որ մեզ հետ պիտի գա կոնսենսուսի: Օրինակ՝ տեսե՞լ եք, որ Էրդողանը կամ Թուրքիայի որևէ նախագահ 30 տարվա ընթացքում Հայաստանի որևէ նախագահի զանգած լինի, ինչի՞ են զանգում, նշանակում է՝ հարց ունեն, նշանակում է՝ ՀՀ-ի դերակատարությունը տարածաշրջանի գեոստրատեգիական հիմքերի վրա նշանակություն ունի»,- ասում է նա:
Խոսելով Լավրովի վերջին հայտարարությունների մասին, որտեղ Հայաստանի դիրքորոշումը ոչ կոռեկտ և անազնիվ է որակել նա՝ Սուքիասյանը նշում է, որ ինքն էլ ստորություն է համարում ՌԴ նախագահի հայտարարությունը, որով ԼՂ-ն իրավաբանորեն Ադրբեջանի մաս ճանաչեց. «Դա խիստ ստորություն է արցախահայության հանդեպ, այն հայության, որը Ռուսաստանին մարշալներ ու գեներալներ է տվել, մշակույթ ու գիտություն է տվել: Ինքը հայտարարեց, որ Արցախը Ադրբեջանի տարածքի մաս է, այ սա ստորություն է: Ստորություն է, որ Հայաստանը Ադրբեջանի կողմից մի քանի անգամ ագրեսիայի ենթարկվեց, աղերսներով դիմեց ՀԱՊԿ-ին, որը ոչ մի ձև չարձագանքեց»:
Միաժամանակ քաղաքագետը նկատում է՝ հիմա շրջադարձային պահ է, և մենք ամեն ինչ պետք է անենք ՌԴ-ից «ազատվելու» համար:
«ՌԴ-ն դա հասկացել է ու անցել ուղիղ գրոհի մեր դեմ՝ տեղեկատվական, հոգեբանական տեռոր է կազմակերպում, իսկ Հայաստանը համառորեն առաջ է գնում, անկախությունը գրկած՝ ելքեր որոնում: Տեսնում են, որ մեր գլխին արցախյան 44-օրյա պատերազմ ու սպանդ են սարքել, մեզնից գողացել են մեր հայրենիքի մի հատվածը, ՌԴ-ն հովանավորել է, որ Ադրբեջանը մտնի ՀՀ տարածք, դրա համար տվել է, իր կարծիքով, լեգիտիմ հիմք, այն է՝ «դե Հայաստանը դելիմիտացված չէ, մտե՛ք, ես էլ նույնը կասեմ ու չեմ օգնի»: ՌԴ-ն, մեր մարմնի, մեր ժողովրդի մեջ պահելով ռևանշիզմ, ցնցելով պետությունը, տեսնում է, որ դեռևս չի կարողանում Հայաստանին ծնկի բերել, իշխանությունը գողանալ, դրա համար անցել է գրոհի, և պետք է նկատի ունենանք, որ շատ այլ բաներ էլ կարող է անել, չմոռանանք, որ այստեղ ունի ռազմաբազա: Այդ ռազմաբազաները պետք է լինեն վերահսկողության տակ»,- ասում է Հայկ Սուքիասյանը:
Նրա բնութագրմամբ՝ «ռևանշիզմից», այսինքն՝ Հայաստանի ընդդիմությունից, ևս պետք է ամեն բան սպասել. «Օրինակ՝ ի՞նչ տարբերություն Մարգարիտա Սիմոնյանի և մեր ռևանշիզմի միջև, ոչ մի: Մարգարիտա Սիմոնյանը միայն ազգանունով է հայ, նույնն էլ՝ այս հատվածը, նրանք ՀՀ-ի հետ կապ չունեն և ամեն ինչ անելու են երկիրը ցնցելու համար, սրանցից հազար ու մի այլանդակություն պետք է սպասել»:
Հայկ Սուքիասյանի խոսքով՝ այս մարդիկ ամեն ինչ արեցին, որպեսզի և՛ Արցախի, և՛ Հայաստանի դրությունը վատթարանա, սակայն կա նաև մյուս սցենարը, որ Թուրքիան կգա կոնսենսուսի:
Հերմինե Կարապետյան
Աղբյուր՝ armtimes.com
Նմանատիպ Լուրեր

Հայոց ցեղասպանություն 2023-ին. Օկամպոն անդրադարձել է ԼՂ դեմ Ադրբեջանի ռազմական գործողություններին
ԱՄՆ խոշորագույն թերթերից «Վաշինգտոն Փոստ»-ում միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն ծավալուն վերլուծությամբ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին՝ ընգծելով, որ ոչինչ չպետք է խոչընդոտի աշխարհին կանգնեցնելու 2023 թվականին կատարվող Հայոց ցեղասպանությունը:

ՀՀ-ում ռուսական հեղաշրջումը կանխելու համար իշխանությունը պետք է հստակ քայլերի գնա. Սուքիասյանը խոսել է դրանց մասին
Քաղաքագետ Հայկ Սուքիասյանի խոսքով՝ Հայաստանի դեմ սկսված տեղեկատվական հիբրիդային պատերազմը նոր չէ, այն ծրագրված առաջ է ընթանում դեռ 2020 թվականի նոյեմբերի 9-ից: Վերջինս կարծում է, որ Ռուսաստանն ընդունել է հստակ որոշում, այն է՝ Հայաստանն անկախություն ու ազատություն չի կարող ունենալ։

ՌԴ–ն լվացել է ձեռքերը. Իսկանդարյանը` Ղարաբաղի իրավիճակում ռուսական կողմի դերակատարության մասին
Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանի վարքագիծը ղարաբաղյան հարցում կարելի է բնութագրել «ձեռքերը լվացել է» բառերով, կարծում է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

Իրանական կողմի գործողություններն այս պահին ուղղված են տարածաշրջանում հնարավոր ռազմական բախումը կանխելուն. իրանագետ
Իրանի հարաբերություններն Իրաքի հյուսիսային շրջանում տեղակայված քրդական զինված խմբավորումների հետ շարունակում է լարված մնալ։ Իրանը քրդական զինված խմբավորումներից պահանջել է մինչև սեպտեմբերի 19-ը զինաթափվել և դադարեցնել հարձակումներն Իրանի դեմ։

Փորձագետը հայտարարել է, որ ՌԴ-ն Հարավային Կովկասում քաղաքականություն չունի, Թուրքիան նրան դուրս է մղում տարածաշրջանից
Ռուսաստանի քաղաքականությունը կախված է Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանավորվածություններից, Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի կլոր սեղանի ժամանակ ասաց քաղաքագետ Հրանտ Միքայելյանը։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք: https://armeniatoday.news/hy/opinion/656213/ © 2023 Armenia Today

Քաղաքական ժե՞ստ, թե՞ վտանգավոր քայլ․ հայ-ամերիկյան վարժանքները՝ Մոսկվայի անհանգստության առիթ
Սեպտեմբերի 11-ից մեկնարկող հայ-ամերիկյան տասնօրյա զորավարժությունները թեև խաղաղապահ առաքելություն տրամաբանության շրջանակում են, սակայն արդեն բազմաթիվ անհանգստությունների ու մտահոգությունների առիթ են դարձել։