Սեպտեմբերի 9-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության Զինված ուժերի պատվիրակությանը՝ գեներալ-մայոր Մուհամեդ Ահադիի գլխավորությամբ, որն այցով գտնվում է Ադրբեջանում՝ մասնակցելու համար ադրբեջանա-իրանական համատեղ հանձնաժողովի հանդիպմանը, տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Հասանովը պատմել է հայ-ադրբեջանական «պայմանական» սահմանի օպերատիվ իրադրության եւ «Ղարաբաղի տնտեսական շրջանի մասին»։
«Նշելով գոհունակությունը վերականգնողա-շինարարական աշխատանքներից, որոնք իրականացնում է Ադրբեջանը ազատագրված տարածքներում, Իրանի պատվիրակությունը մտահոգություն է հայտնել Հայաստանի գործողությունների առնչությամբ, որոնք կարող են սպառնալիք ստեղծել տարածաշրջանի կայունության եւ անվտանգության համար»։
Հանդիպման ժամանակ տեղի է ունեցել մտքերի փոխանակություն ռազմական ոլորտում կողմերի միջեւ համագործակցության զարգացման հեռանկարների, տարածաշրջանային անվտանգության հարցերի, ինչպես նաեւ հետաքրքրող այլ թեմաների մասին»,- նշել են ադրբեջանական ԶԼՄ-ները։