ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ղարաբաղյան կարգավորման «ռուսական վտանգը». նոյեմբեր, 2015թ

Ղարաբաղյան կարգավորման գործընթացում վերջին 25 տարիներին ներգրավված են եղել ԵԱՀԿ-ն ու նրա շրջանակներում ձևավորված Մինսկի խումբը, ինչպես նաև կարճ ժամանակ՝ Իրանը, Թուրքիան, Ղազախստանը:

Նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով Հայաստանում էր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Նա հանդիպում ունեցավ իր հայ պաշտոնակից Էդվարդ Նալբանդյանի և նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Ավելի վաղ Լավրովը այցելել էր Բաքու: Սեպտեմբերին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ռուսական «Ռոսիա-24» հեռուստաընկերության հետ զրույցում չէր բացառել Ադրբեջանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ): Բաքվի տարբեր պաշտոնյաներ հասկացնում են, որ անդամակցությունը գին ունի՝ ակնարկելով Լեռնային Ղարաբաղին հարակից մի քանի շրջանների վերադարձը: Ռուսական «Կոմերսանտ» թերթը նոյեմբերի 10-ին գրեց, որ ղարաբաղյան բանակցություններում քննարկվում է կարգավորման մի տարբերակ, ըստ որի՝ հայկական կողմը պետք է վերադարձնի Լեռնային Ղարաբաղին հարակից շրջանները, բացառությամբ Լաչինի և գուցե՝ մեկ այլ շրջանի, որից հետո շրջանում կտեղակայվեն ՄԱԿ-ի կամ ՀԱՊԿ-ի խաղաղապահներ:
Ղարաբաղյան կարգավորման գործընթացում վերջին 25 տարիներին ներգրավված են եղել ԵԱՀԿ-ն ու նրա շրջանակներում ձևավորված Մինսկի խումբը, ինչպես նաև կարճ ժամանակ՝  Իրանը, Թուրքիան, Ղազախստանը: Իրողությունն այն է, սակայն, որ հենց Ռուսաստանն է եղել այդ գործընթացի առանցքային և անփոփոխ դերակատարը սկսած 1991-ի սեպտեմբերից, երբ Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ և Հայաստան այցելեց Ռուսաստանի ղեկավար Բորիս Ելցինը (նրա հետ էր նաև ԽՍՀՄ մեծությամբ երկրորդ պետության՝ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը):
1992-ին, երբ ձևավորվեց Մինսկի խումբը, Ռուսաստանը դարձավ նրա անդամ, սակայն, մյուս կողմից, շարունակեց իր առանձին միջնորդական առաքելությունը՝ հաճախ երկու ուղղություններով՝ արտգործնախարարության և պաշտպանության նախարարության: 1992-1994 թթ. մի կողմից Ռուսաստանի, մյուս կողմից Արևմուտքի հակասությունները միջնորդության առաջնորդության հարցում ակնհայտ էին: Նրանք հաճախ խափանում էին միմյանց միջնորդական ջանքերը: 1994-ի մայիսին Ռուսաստանը Բիշքեկում և Մոսկվայում կազմակերպած հանդիպումներով հակամարտության երեք կողմերին, ըստ էության, զինադադար պարտադրեց:
Բնական է, որ Ռուսաստանը ձգտում է ղարաբաղյան կարգավորման գործընթացում խփել վերջին մեխը՝ առաջարկել կամ պարտադրել լուծում, մի լուծում, որը կլինի ռուսական, և որից հետո Մոսկվայի դիրքերը Կովկասի տարածաշրջանում առնվազն չեն թուլանա:
1994-1997 թթ. Ռուսաստանը առաջարկել է կարգավորման մի քանի սևագրեր, որոնցում հստակ են հետևյալ հիմնական կետերը՝ Լեռնային Ղարաբաղին հարակից մի քանի շրջաններ վերադարձվում են Ադրբեջանին, տարածաշրջան են մտնում ռուս խաղաղապահներ՝ ԱՊՀ մանդատով (ինչպես եղավ Աբխազիայում 1994-ին), իսկ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը չի հստակեցվում:
Այնպես որ, «Կոմերսանտի» հրապարակումը բաց գաղտնիք է: Մանավանդ, որ  մինչ այդ էլ դիվանագիտական արտահոսքերը հաստատում էին, որ Ռուսաստանը կրկին ակտիվանում է, այս անգամ Բաքվին հրապուրելով մի քանի շրջանների վերադարձի խոստումով, որի գինը Ադրբեջանի մուտքն է ԵՏՄ:
Հայաստանի պաշտոնյաները երկրի անդամակցությունը ԵՏՄ-ին բացատրում էին նաև անվտանգության մտահոգություններով, այն է՝ եթե Հայաստանը հրաժարվի անդամակցությունից, ապա Ռուսաստանը ճնշումներ կբանեցնի Լեռնային Ղարաբաղի հարցում՝ հօգուտ Ադրբեջանի: Դա, անշուշտ, տրամաբանական էր:
Այդ օրերին կար ոչ պակաս տրամաբանական ու հիմնավոր մեկ այլ տեսակետ, որ Հայաստանի անդամակցությունից հետո Ռուսաստանը կփորձի ԵՏՄ բերել նաև Ադրբեջանին, և դրա համար Բաքվին կհրապուրի Լեռնային Ղարաբաղին հարակից մի քանի շրջանների վերադարձի խոստումով:
Ընդհանրապես, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի համար ամենից վտանգավորը Մոսկվա-Բաքու մերձեցումն է, ինչի ականատեսն ենք վերջին շրջանում:
Անսպասելի չէ, որ չլինելով ԵՏՄ անդամ՝ Ադրբեջանի դիրքերն ավելի ամուր են, քան Հայաստանինը: ԵՏՄ անդամ երկու առաջատար պետությունները՝ Ռուսաստանը՝ դեռևս ոչ հրապարակավ, իսկ Ղազախստանը՝ հրապարակավ, խոսում են Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղում արվելիք զիջումների մասին:
Այսօր Ռուսաստանը Հայաստանին առաջարկում է Ադրբեջանին վերադարձնել Լեռնային Ղարաբաղի հարակից շրջանների մեծ մասը: Մոսկվա-Բաքու մերձեցումին և Ադրբեջանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու խոստումներին զուգահեռ Ռուսաստանը կարող է Հայաստանին համոզել, ապա ճնշել և ինչու ոչ՝ պարտադրել:
Ղարաբաղյան կարգավորման գործընթացի ողջ պատմության ընթացքում, որպես չորս (կարգավիճակ, տարածքներ, փախստականներ, անվտանգության երաշխիքներ) հիմնական կետերից մեկը միշտ էլ քննարկվել է տարածքների վերադարձի տարբերակը: Երևանն ու Ստեփանակերտը այդ զիջմանը պատրաստ են եղել գնալու կամ հրապարակավ հայտարարել են այդ մասին՝ պայմանով, որ նախ ամրագրվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, այն է՝ նվազագույնը նրա վերադարձի անհնարինությունը Ադրբեջանի կազմ:
Եթե կարգավորման ռուսական ծրագիրը ենթադրում է տարածքների վերադարձ՝ առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ամրագրման, ապա դա կարելի է որակել ղարաբաղյան կարգավորման ռուսական վտանգ:
Երբ ղարաբաղյան կարգավորման բանակցությունների սեղանին չկա փաստաթուղթ, ապա նորը կամ նորացվածը պետք է գրվի և առաջարկվի կողմերին: Երևանը նախորդ տարիներին պասիվ չպետք է լիներ և պետք է դիմեր դիվանագիտական քայլերի՝ ընդունելով հանդերձ, որ Ալիևը պատրաստ չէ բանակցությունների և կառուցողական երկխոսության:
Ադրբեջանն ամեն գնով փորձելու է թույլ չի տալ, որ նոր փաստաթղթում տեղ գտնի հանրաքվե, հանրագիր՝ պլեբիսցիտ, կամ կամարտահայտություն ձևակերպումը, այսինքն՝ կարգավիճակի խնդիրը: Բնականաբար, Երևանն այլևս չի կարող համակերպվել մի փաստաթղթի հետ՝ որպես բանակցային հիմք, որտեղ հստակ տեղ չգտնի Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի ամրագրման սկզբունքը: Մադրիդյան փաստաթուղթը կարմիր գիծն է, որից այն կողմ որևէ առաջարկ չի կարող ընդունելի լինել հայկական կողմերի համար՝ անգամ որպես բանակցային հիմք:
Եթե ռուսական նախաձեռնության մեջ տեղ չգտնի կարգավիճակի ամրագրման ձևակերպում, ապա դրան դեմ են լինելու ոչ միայն Երևանն ու Ստեփանակերտը, այլև Մինսկի խմբի պետություններից Ֆրանսիան ու ԱՄՆ-ը, անշուշտ, այլ մտահոգություններ և շահեր հաշվի առնելով: Արևմուտքի համար անընդունելի է լինելու կարգավորման այն առաջարկը, որը կբերի ռուսական ռազմական ներկայության ավելացման ու ամրապնդման ղարաբաղյան կարգավորման գոտում:
Իսկ եթե, այնուամենայնիվ, Արևմուտքը համաձայնության գա Ռուսաստանի հետ, ապա դա կնշանակի, որ ղարաբաղյան կարգավորման խնդիրը դառնում է սակարկության առարկա Մոսկվայի և Արևմուտքի միջև: Դա Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի համար ամենաանցանկալի հեռանկարներից կարող է լինել:
Այսօր բանակցությունների սեղանին չկա փաստաթուղթ, կամ կողմերը հղում են անում փաստաթղթի տարբեր տարբերակների (Մադրիդյան, Նորացված, Կազանի և այլն): Անկախ տրվող գնահատականներից՝ Մադրիդյան փաստաթուղթը պարունակում է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման մասին հստակ ձևակերպում, ինչի պատճառով հենց այդ առաջարկությունն անընդունելի է Բաքվի համար:
Երբ չկան բանակցություններ, միջազգային հանրության համար մոռացվում է նաև Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի ամրագրումը: Անկախ բանակցությունների ընթացքից և ելքից՝ հայկական կողմը պետք է անի հնարավորը, որպեսզի կրկին քննարկման դրվի այն փաստաթուղթը, որն ամրագրում է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը:
Բանակցային նոր կամ նորացված փաստաթղթում առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի, այն է՝ ինքնորոշման իրավունքի ամրագրման, անթույլատրելի է խոսել Ադրբեջանին անգամ մեկ գյուղ զիջելու մասին: Սա պետք է դառնա ոչ միայն բանակցություններում քննարկման նյութ, այլև այդ մասին Երևանն ու Ստեփանակերտը պետք է արտահայտվեն բարձրաձայն:
Թաթուլ Հակոբյան
13 նոյեմբերի, 2015թ
aniarc.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
1908,երիտթուրքական-հեղափոխություն,արևմտահայություն,բազմահազարանոց-ցույցեր,հայությունը-երիտթուրքերի-ցույցերում,ազատություն-հավասարություն-եղբայրություն , Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
1908 թվականի Երիտթուրքական հեղափոխության օրերին արևմտահայությունը մասնակցում էր բազմահազարանոց ցույցերին «ազատություն, հավասարություն, եղբայրություն» կարգախոսներով:
1919-1920,հայաստան,երևան,բաթումի,բաթումի-նավահանգիստ,թուրք-թաթար-թալանչիներ,բրիտանացի-զինվորների-վերահսկողության-տակ-գտնվող-զր,ամերիկյան-և-բրիտանական-մարդասիրական-օգնություն,բաթում-երևան-կյանքի-երկաթգիծը , 1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
«Ազատության պաշտպան» զրահագնացքի բրիտանական զինվորական անձնակազմը, Երևան, 1920 թ.
ամն,թուրքիայի-դաշնակից-ամն,եվրոպական-մեծ-տերություններ,թուրքիա,խորհրդային-միություն,հայոց-ցեղասպանություն,երկրորդ-աշխարհամարտ,հայկական-հարց,արևմտյան-հայաստանի-վերադարձի-ծրագիր,վահրամ-հովյան , Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Եվրոպական մեծ տերությունները և Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում են Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը։ ԱՄՆ-ի ու Թուրքիայի հարաբերություններում կային որոշակի կնճիռներ։ Այդ համատեքստում 2021-ին ԱՄՆ-ն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, թեև գործնականում մեծ հաշվով դա ոչինչ չի տալիս Հայկական հարցին։
հայ-ադրբեջանական,կոնֆերանս․,բաքու,1919-ի,դեկտեմբերի,14 , Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական կոնֆերանսին կմասնակցեն Ֆաթալի Խան Խոյսկին, Մամեդ Հասան Հաջինսկին և Մամեդ Ռզա Վեքիլովը։
հայերը,թուրքիան,ռուսաստանը,եւ,արեւմուտքը.,հայացք,1891,թվականից , Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Ներկայացնում ենք 1891 թվականի ապրիլին ամերիկյան The Atlantic Monthly ամսագրում հրապարակված Սեմյուել Գրին Ուիլեր Բենջամինի The Armenians and the Porte հոդվածի հայերեն թարգմանությունը:
ալեքսանդր-սոլժենիցինի-նոբելյան-պատմությունը,գրականության-նոբելյան-մրցանակ,շվեդիա,խսհմ,խսհմ-գերագույն-խորհուրդ,ստալինյան-ճամբարներ,հայրենիքից-բռնի-աքսոր,ռուս-ականավոր-մտածող-և-գրող,ալեքսանդր-սոլժենիցին , Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Խորհրդային Միությունում Սոլժենիցինին Նոբելյան մրցանակ շնորհելը ռումբի պայթյունի էֆեկտ ունեցավ։ Շատերն անկեղծորեն ուրախացան ռուս վառ և ազնիվ գրողի համաշխարհային ճանաչման համար: Սակայն իշխանությունները և պաշտոնական գրական հանրությունը թշնամաբար են ընդունել Շվեդիայի ակադեմիայի որոշումը։ ԽՄԿԿ Կենտկոմը Նոբելյան մրցանակակրին վարկաբեկելու մի ամբողջ ծրագիր էր մշակել։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: