ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հայաստանի առաջին խորհրդարանը՝ Խորհուրդը. 1918-ի օգոստոսի 1. Երևանի քաղաքային ակումբ

Հայաստանը խորհրդարաններ ունեցել է Հայաստանի Առաջին Հանրապետության (նախ Խորհուրդ, ապա՝ Խորհրդարան), Խորհրդային Հայաստանի 70 տարիների (Գերագույն Սովետ) և Հայաստանի Երրորդ Հանրապետության (Գերագույն խորհուրդ, Ազգային ժողով) ընթացքում:

Հայաստանի Խորհուրդը. 1918 թ. օգոստոս- 1919թ. մարտ
Հայաստանի պատմության մեջ առաջին օրենսդիր մարմինը՝ պառլամենտը, ձևավորվել է 1918 թվականի ամռանը՝ Առաջին Հանրապետության հռչակումից երկու ամիս անց: Դա նաև Հայաստանի պատմության մեջ միակ օրենսդիր մարմինն էր, որ ձևավորվել է ոչ թե ընտրությունների, այլ քաղաքական պայմանավորվածության արդյունքում:
Առաջին խորհրդարանը, որը կրում էր Խորհուրդ անունը, ձևավորվեց Հայոց Ազգային խորհրդի անդամների եռապատկումով, ինչպես նաև 6 թուրքերի (այսօրվա բառապաշարով՝ ադրբեջանցիներ) ու մեկական ռուսի և եզդու ներգրավումով, ընդամենը՝ 46 պատգամավոր, որից 38-ը՝ հայեր:
Խորհրդում ներկայացված էին հետևյալ քաղաքական ուժերը. Հայ Յեղափոխական Դաշնակցություն, Հայ ժողովրդական կուսակցություն (ռամկավարներ), Սոցիալ դեմոկրատներ և Սոցիալիստ հեղափոխականներ:
1918 թվականի օգոստոսի 1-ին Երևանի քաղաքային ակումբի դահլիճում բացվեց Հայաստանի Խորհրդի անդրանիկ նիստը, որին ներկա էր կառավարությունը ողջ կազմով՝ վարչապետ Հովհաննես Քաջազնունու գլխավորությամբ: Նիստին ներկա էին նաև Գերմանիայի, Ավստրո-Հունգարիայի և Օսմանյան Թուրքիայի ներկայացուցիչները, Պարսկաստանի հյուպատոսը, ռուս և մահմեդական ազգային խորհուրդների ներկայացուցիչները: Հայ բարձրաստիճան զինվորականներից ներկա էին Թովմաս Նազարբեկյանն ու Մովսես Սիլիկյանը:
Հայաստանի անդրանիկ օրենսդիր մարմնի առաջին նիստի բացման պատիվը տրվեց Դաշնակցական Ավետիք Սահակյանին: Խորին լռության մեջ բեմ ելավ Սահակյանը և արտասանեց բացման ճառը, որը տեղում թարգմանվեց ռուսերեն և թուրքերեն, գրում է Սիմոն Վրացյանը:
«Այս օրը կդառնա մեզ համար պատմական և կբանա մի նոր լուսավոր դարաշրջան մեր երիտասարդ պետության կյանքում: Այս օրը կմնա միշտ հիշատակելի և ա՜յն պատճառով, որ առաջին անգամ իրականացած ենք տեսնում մեր նեղ հորիզոնի սահմաններում գեղեցիկ երազանքն ու նվիրական տենչը ինքնորոշման, թեև անհնարին դժվարին պայմաններում», հայտարարեց Սահակյանը:
«Բազմակողմանի քննելով մի կողմից երկրի ուժերը և այն հանգամանքները, որոնց մեջ գտնվում է հայ ժողովուրդը, և մյուս կողմից՝ քաղաքական և տնտեսական ստեղծված դրությունը, Հայոց ազգային խորհուրդը սեղմեց իր սիրտը և անողոք գիտակցությամբ որոշեց վերջնականապես ընդունել վերջնագիրը և ճանաչել Հայաստանի անկախությունը՝ իրեն հանձնելով պատմության անաչառ դատաստանին», ասաց նա՝ հատուկ ընդգծելով, որ Հայաստանը «սրբությամբ և անշեղ կերպով» կկատարի այն պարտականությունները, որոնք բխում են Բաթումում հունիսին Թուրքիայի հետ կնքած խաղաղության դաշինքից:
Խորհրդի անդամների՝ պատգամավորների անունները ընթերցվելուց հետո, առաջին խորհրդարանի նախագահ ընտրվեց ՀՅԴ-ական Ավետիք Սահակյանը: Միայն Սոցիալ դեմոկրատները ձեռնպահ քվեարկեցին, մյուսները կողմ էին Սահակյանի թեկնածությանը: Խորհրդի փոխնախագահներ ընտրվեցին Հայ ժողովրդական կուսակցությունից Գր. Տեր-Խաչատրյանը և Սոցիալիստ հեղափոխականներից Դ. Զուբյանը, քարտուղար՝ անկուսակցական Պ. Զաքարյանը, երկրորդ քարտուղար Ե. Սարգսյանը ՀՅԴ-ից:
Խորհրդի նիստից հետո զորավար Թովմաս Նազարբեգյանի գլխավորությամբ տեղի ունեցավ զորահանդես: Ականատեսներից Սիմոն Վրացյանը գրում է. «Զորահանդեսին ներկա էին օտար ներկայացուցիչներ, Խորհրդի և կառավարության անդամները և խուռն բազմությունը: Զորքերը՝ երաժշտությամբ և կանոնավոր շարքերով, անցան հանդիսատեսների առջևից և բարձրացան Աստաֆյան պողոտայով՝ հասարակության աննկարագրելի ցնծության և ծափերի միջով: Տեսարանը հուզիչ էր: Հայաստանի խորհրդարան, հայոց կառավարություն, հայկական բանակ… Երազ չէ՞ր արդյոք»:
Օգոստոսի 3-ին տեղի ունեցավ խորհրդարանի երկրորդ նիստը, որտեղ ելույթ ունեցավ վարչապետ Հովհաննես Քաջազնունին՝ ներկայացնելով կառավարության ծրագիրը:
«Բացառիկ ծանր պայմանների մեջ է գործի անցել իմ կազմած կառավարությունը: Նա կոչված է իրականացնելու գործադիր իշխանություն մի պետության մեջ, որ դեռ նոր է ծնունդ առել և տակավին դուրս չի եկել իր կազմակերպման առաջին շրջանից: Կառավարությունը չունի ո՛չ մի հենարան անցյալում. նա չի՛ հաջորդում նախկին կառավարությունը՝ շարունակելու արդեն ընթացքի դրած պետական աշխատանքը. նա նույնիսկ չի ժառանգում կենտրոնական իշխանության կարիքներին հարմարեցրած պատրաստի ապարատներ: Նա հարկադրված է սկսելու ամեն բան սկզբից. անձև քաոսի և ավերակների կույտից նա պետք է ստեղծի կենսունակ և աշխատունակ մի մարմին», հայտարարեց Քաջազնունին:
Ինչպես խորհրդարանի նախագահ Սահակյանը, այնպես էլ Քաջազանունին, ով երկու ամիս առաջ Բաթումում ստորագրել էր Հաշտության և բարեկամության պայմանագիր թուրք պատվիրակների հետ, կարևորում էր այդ պայմանագիրը:
«Ամրացնել Օսմանյան կառավարության հետ հաշտությունը և բարի դրացիական հարաբերություններ հաստատել նրա հետ: Խստիվ կատարել այն բոլոր պարտականությունները, որ մենք հանձն ենք առել Օսմանյան կայսրության հանդեպ ու հետևել, որ Օսմանյան կառավարությունը իր կողմից անի նույնը մեր վերաբերմամբ: Մասնավորապես, լուծել օսմանյան զորքերի՝ մեր երկրից դուրս բերելու հարցը, և գաղթականների վերադարձը: Ազրբեջանի և Վրաստանի հետ փոխադարձ համաձայնության գալով՝ լուծել Հայաստանի և այլ պետությունների սահմանների հարցը՝ հիմք ունենալով ազգագրական սկզբունքը՝ իբրև միակը, որ համապատասխանում է ռամկավար պետությունների ոգուն ու նպատակներին», հայտարարեց Քաջազնունին:

Թաթուլ Հակոբյան

Աղբյուր՝ aniarc.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
1908,երիտթուրքական-հեղափոխություն,արևմտահայություն,բազմահազարանոց-ցույցեր,հայությունը-երիտթուրքերի-ցույցերում,ազատություն-հավասարություն-եղբայրություն , Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
1908 թվականի Երիտթուրքական հեղափոխության օրերին արևմտահայությունը մասնակցում էր բազմահազարանոց ցույցերին «ազատություն, հավասարություն, եղբայրություն» կարգախոսներով:
1919-1920,հայաստան,երևան,բաթումի,բաթումի-նավահանգիստ,թուրք-թաթար-թալանչիներ,բրիտանացի-զինվորների-վերահսկողության-տակ-գտնվող-զր,ամերիկյան-և-բրիտանական-մարդասիրական-օգնություն,բաթում-երևան-կյանքի-երկաթգիծը , 1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
«Ազատության պաշտպան» զրահագնացքի բրիտանական զինվորական անձնակազմը, Երևան, 1920 թ.
ամն,թուրքիայի-դաշնակից-ամն,եվրոպական-մեծ-տերություններ,թուրքիա,խորհրդային-միություն,հայոց-ցեղասպանություն,երկրորդ-աշխարհամարտ,հայկական-հարց,արևմտյան-հայաստանի-վերադարձի-ծրագիր,վահրամ-հովյան , Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Եվրոպական մեծ տերությունները և Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում են Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը։ ԱՄՆ-ի ու Թուրքիայի հարաբերություններում կային որոշակի կնճիռներ։ Այդ համատեքստում 2021-ին ԱՄՆ-ն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, թեև գործնականում մեծ հաշվով դա ոչինչ չի տալիս Հայկական հարցին։
հայ-ադրբեջանական,կոնֆերանս․,բաքու,1919-ի,դեկտեմբերի,14 , Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական կոնֆերանսին կմասնակցեն Ֆաթալի Խան Խոյսկին, Մամեդ Հասան Հաջինսկին և Մամեդ Ռզա Վեքիլովը։
հայերը,թուրքիան,ռուսաստանը,եւ,արեւմուտքը.,հայացք,1891,թվականից , Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Ներկայացնում ենք 1891 թվականի ապրիլին ամերիկյան The Atlantic Monthly ամսագրում հրապարակված Սեմյուել Գրին Ուիլեր Բենջամինի The Armenians and the Porte հոդվածի հայերեն թարգմանությունը:
ալեքսանդր-սոլժենիցինի-նոբելյան-պատմությունը,գրականության-նոբելյան-մրցանակ,շվեդիա,խսհմ,խսհմ-գերագույն-խորհուրդ,ստալինյան-ճամբարներ,հայրենիքից-բռնի-աքսոր,ռուս-ականավոր-մտածող-և-գրող,ալեքսանդր-սոլժենիցին , Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Խորհրդային Միությունում Սոլժենիցինին Նոբելյան մրցանակ շնորհելը ռումբի պայթյունի էֆեկտ ունեցավ։ Շատերն անկեղծորեն ուրախացան ռուս վառ և ազնիվ գրողի համաշխարհային ճանաչման համար: Սակայն իշխանությունները և պաշտոնական գրական հանրությունը թշնամաբար են ընդունել Շվեդիայի ակադեմիայի որոշումը։ ԽՄԿԿ Կենտկոմը Նոբելյան մրցանակակրին վարկաբեկելու մի ամբողջ ծրագիր էր մշակել։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: