ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հայաստանի առաջին վարչապետ՝ Հովհաննես Քաջազնունու կառավարության ժամանումը Թիֆլիսից Երևան. 19 հուլիս, 1918թ

Կարսի ու Ալեքսանդրապոլի անկումը, թուրքերի հարձակումը դեպի Արարատյան դաշտավայր Երևանում առաջ էր բերել անասելի իրարանցում ու սարսափ: ՙՄենակ ենք և պետք է ապավինենք միայն մեր ուժերին` թե ճակատը պաշտպանելու և թե երկրի ներսում կարգ հաստատելու համար՚,- ասում էր Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիրներից Արամ Մանուկյանը (Սարգիս Հովհաննիսյան):

1918 թվականի մայիսը, թվում էր, իր պատմական հայրենիքում հայ ժողովրդի գոյության վերջին օրերն էին: Արարատի ստվերի տակ հավաքված արևելահայերն ու ցեղասպանությունից փրկված արևմտահայերի մի հատված միայնակ էին մնացել օսմանյան մի քանի զորամասերի առաջ, որոնք անցնելով Ախուրյանն ու Արաքսը, հարձակվում էին Ղարաքիլիսայի (այժմ` Վանաձոր), Բաշ-Ապարանի (այժմ` Ապարան) և Սարդարապատի ուղղությամբ: Ոտքի էին ելել նաև Երևանի նահանգի մահմեդականները` թուրքերը, թաթարները, քրդերը, և 1918 թ. մայիսի կեսերից հետո Արարատյան բարեբեր դաշտը բոլոր կողմերից շրջապատվել էր թշնամիներով:
 
Կարսի ու Ալեքսանդրապոլի անկումը, թուրքերի հարձակումը դեպի Արարատյան դաշտավայր Երևանում առաջ էր բերել անասելի իրարանցում ու սարսափ: Դիմադրությունը շատերին թվում էր անհնար ու անիմաստ: Բայց ո՞ւր փախչել: Ճանապարհները դեպի Թիֆլիս ու Բաքու փակ էին, Պարսկաստան տանող երկաթուղին չէր գործում, Շարուր-Նախիջևանը մահմեդականների ձեռքում էր: Բաց էին միայն արևմուտքից ու հյուսիսից եկող ճանապարհները, որտեղով սակայն գալիս էին թուրքական զորքերը` գրավելով հայկական բնակավայրերն ու կոտորելով բնակիչներին: Միակ ելքը դիմադրությունն էր ու պատվով մեռնելը:
 
ՙՄենակ ենք և պետք է ապավինենք միայն մեր ուժերին` թե ճակատը պաշտպանելու և թե երկրի ներսում կարգ հաստատելու համար՚,- ասում էր Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիրներից Արամ Մանուկյանը (Սարգիս Հովհաննիսյան):
 
1918 թ. վաղ գարնանը Երևանի ազգաբնակչությունն ու զինվորականությունը Արամին հայտարարեցին դիկտատոր և ամբողջ իշխանությունը կենտրոնացրին նրա ձեռքում: Իր նրբանկատության շնորհիվ Արամը կարողացավ շաղկապել շրջանի բոլոր գործուն տարրերը, աշխատանքի լծել ամենքին: Դրոյի (Դրաստամատ Կանայան), զորավարներ Մովսես Սիլիկյանի ու Դանիել բեկ Փիրումյանի, նահանգական կոմիսար Սահակ Թորոսյանի, քաղաքական կուսակցությունների և կառավարական ու հասարակական մարմինների հետ գործակցելով` նա երևան բերեց արտակարգ եռանդ և, ամենատագնապալի վայրկյանին, ձեռնհասությամբ վարեց Արարատյան դաշտի հայ ժողովրդի ճակատագիրը:
 
Ալեքսանդրապոլի անկումից հետո հայկական զորքերի մի մասը կռիվներով նահանջել էր Երևանի ուղղությամբ և մայիսի 19-ին հասել Սարդարապատ:
 
Ամենայն Հայոց կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանցը դիմում է հայ ժողովրդին. ՙԹուրքը` մեր արնախում ոսոխը, նվաճել է Ալեքսանդրապոլը, շարժվում է դեպի սիրտը մեր երկրի, մեր հավատի` մեր կենսագրության, գալիս է Էջմիածնի վրա: Մեր զորապետերը Ամենայն Հայոց կաթողիկոսին առաջարկում են ոսոխի բերնին թողնել Մայր Աթոռ Էջմիածինը, մեր սրբարանները, հայ ժողովուրդը և ապաստանել Բյուրականում: Ո’չ և ո’չ, հազար անգամ ո’չ, ես չե’մ լքի մեր սուրբ նախնիների ավանդած Մայր Աթոռը, ես չեմ հեռանա Հայոց առաքելական օջախից, եթե հայոց զինվորությունն ինքը, հայ ժողովուրդը չեն կարողանա թշնամու առաջխաղացումը կասեցնել, եթե ի զորու չեն փրկելու մեր սրբությունները, ապա թող ես նահատակվեմ հենց այստեղ, շեմի վրա Մայր Աթոռի, որ գահակալի պատիվը ունեմ մեր սուրբ նախնիների արդար բարեխոսությամբ և Աստծո ողորմածությամբ՚:
 
Երևանյան զորամասի հրամանատար, գեներալ Սիլիկյանը հատուկ կոչով հորդորում է ամեն մի հայ տղամարդու հանուն հայրենիքի փրկության և իր կնոջ ու աղջիկների պատվի պաշտպանության, գործ դնել իր վերջին ճիգը` հարվածելու թշնամուն, որն ՙուզում է ստրկացնել, ոչնչացնել մեր բազմաչարչար ազգը՚:
 
ՙՀայե’ր, ժամանակ չէ դանդաղելու: Մինչև հիսուն տարեկան հասակ ունեցող բոլոր տղամարդիկ պարտավոր են զենքի տակ գալու և ես պահանջում եմ բոլորից ներկայանալ իրենց զենքերով ու փամփուշտներով: Հայուհինե’ր, հիշեցեք 5-րդ դարի փափկասուն տիկնանց, որոնք ոգևորեցին իրենց ամուսիններին դեպի Մեծ Գործը անմահ Վարդանի կռիվների ժամանակ, հետևեցեք նրանց օրինակներին: Հանուն բազմաչարչար հայ ժողովրդի ֆիզիկական գոյության, հանուն ոտնակոխ եղած ճշմարտության ոտքի կանգնեցեք: Դեպի’ գործ, դեպի’ սրբազան պատերազմ՚:
 
Մայիսի կեսերին Ալեքսանդրապոլը, ապա մայիսի 24-28-ի երկուստեք կորուստներով ծանր կռիվներում Ղարաքիլիսան   գրավելուց հետո թուրքերը շարժվեցին Թիֆլիսի ուղղությամբ: Հատկապես արևմտահայերը, որոնք ապաստանել էին քաղաքում, սարսափում էին թուրքական արշավից: Հազարավոր մարդիկ` ծեր ու երեխա, գյուղացի ու քաղաքացի, աշխատավոր ու մտավորական, ով ինչով կարող էր, խուժեցին դեպի Ռազմավիրական ճանապարհը: Հոսանքի մի ծայրը հասել էր Վլադիկավկազ ու Արմավիր, մինչ մյուսը դեռ նոր էր դուրս գալիս Թիֆլիսից: Գաղթն անկազմակերպ էր, տարերային, իսկ հարձակումները գաղթականների վրա` սովորական:
 
Ղարաքիլիսայում հայերի պարտությունը, սակայն, չվճռեց պատերազմի ելքը: Հայկական կորպուսը մի վերջին ճիգով կարողացավ թուրքերին կանգնեցնել, ապա նրանց ծանր մարդկային կորուստներ հասցնելով` մինչև մայիսի 29-ը հետ քշել Բաշ-Ապարանում ու Սարդարապատում: Հաղթանակով ոգևորված` հայերն առաջ էին շարժվում դեպի Ալեքսանդրապոլ: Գեներալ Սիլիկյանը մտադիր էր թուրքական զորքերին հետապնդել մինչև Ալեքսանդրապոլ և հավատում էր, որ հայկական ուժերը կկարողանան երկու օրում հետ վերցնել քաղաքը:
 
Մայիսի 29-ին Սիլիկյանը երկորդ կոչն է ուղղում հայերին. ՙՄենք պետք է թուրքերից հետ վերցնենք Ալեքսանդրապոլը: Նրանք պահանջում են Ախալքալաքի, Ալեքսանդրապոլի ու Էջմիածնի (Մայր տաճարի հետ) գավառները, Երևանի նահանգի մեծ մասն ու Նախիջևանը: Կարո՞ղ ենք թույլ տալ նման վիրավորանք: Երբե’ք, հա’յ ժողովուրդ, դու չպիտի թույլ տաս այդպիսի անարգանք: Եվ այդ անարգանքը տեղի չի ունենա, եթե մենք հասնենք մինչև Ալեքսանդրապոլ: Դեպի’ զենք բոլորդ, դեպի’ Ալեքսանդրապոլ՚:
 
Սակայն երբ հայկական զորքերը մոտենում էին Ալեքսանդրապոլին, զորավար Թովմաս Նազարբեկյանը Հայկական կորպուսին կանգ առնելու հրաման տվեց: Ազգային խորհուրդը տեղեկացրել էր, որ Բաթումում զինադադարի համաձայնություն է կայացվել, իսկ հաշտության բանակցությունները շարունակվում են: Եթե նման լուր ստացվեր մի քանի օր առաջ, ապա կընդունվեր արտակարգ թեթևությամբ, սակայն այժմ այն տեղիք տվեց և’ զինվորների, և’ գյուղացիների հասկանալի զայրույթին: Զինվորական և քաղաքական ղեկավարների որոշումը թելադրված էր այն գիտակցությամբ, որ զինապահեստները համարյա դատարկ են, թուրքական թարմ համալրումները` մոտ: Եթե ճակատամարտի ընթացքը մեկ անգամ ևս շրջվեր հօգուտ թուրքերի, հայկական աղետը կլիներ կատարյալ:
 
Երևանի Ազգային խորհրդի անդամների մի մասը առաջարկվում էր հաշտվել կացության հետ և ընդունել Բաթումի դաշնագրի պայմանները, ուրիշները պահանջում էին չեղյալ համարել Նազարբեկյանի հեռագիրը, զորքերի ընդհանուր հրամանատար նշանակել Սիլիկյանին և շարունակել պատերազմը: Ազգային խորհուրդը չկարողացավ միակամություն դրսևորել, և Սիլիկյանին մնում էր ենթարկվել Նազարբեկյանի հրամանին:
 
Այսպես, 1918թ. կեսին հայ ժողովրդի բեկորներին թողնվել էր բզկտված հողի մի փոքր պատառ, որն անվանվեց հանրապետություն: Բայց որքան էլ Հայաստանի Հանրապետությունը 1918-ի մայիսին խղճալի պետություն էր, նրա գոյության փաստն ինքնին զարմանահրաշ նվաճում էր: Դա ոչ թե հանրապետություն էր, այլ անբարեբեր ու մեկուսացված, ժայռերով ու լեռներով, որբերով ու փախստականներով, տառապանքներով ու թշվառությամբ լեցուն հողակտոր:
 
Երկիրն անօրինակ ծանր վիճակ էր ապրում: Փոքրիկ Հայաստանը լեփ լեցուն էր գաղթական բազմություններով, իսկ եղած միջոցները բավական չէին` բավարարելու տեղացիների կենսական պահանջները: Առանց չափազազանցության կարելի է ասել, որ համատարած սովն էր իշխում նորաստեղծ պետության մեջ: (Երևանի) փողոցներում, շուկայում, այգիներում մարդիկ գալարվում էին քաղցից, օրն ի բուն լսվում էին հառաչանքներ, տնքոց-նվոցներ: Աղբանոցներում կմախքացած երեխաներ ուտելու բան էին փնտրում` թաթիկներով կեղտերը փորելով: Համաձայն ականատեսի վկայության` ՙանցնում էիր փողոցով` գործի գնալու ժամանակ և տեսնում էիր, որ մայթի վրա` պատի տակ կուչ եկած, ցնցոտիներով ծածկված կին ու երեխա ցրտից սրթսրթում էին ու նվում. ձեռք չէին պարզում, ոչինչ չէին ուզում, աչքերիդ առաջ մաս-մաս մեռնում էին սովից՚:
 
Հանրապետության անշուք ծննդին նախորդել էին համաշխարհային քառամյա ավերիչ պատերազմը, 1915-1917 թթ.   արևմտահայության ոչնչացումը, 1917թ. ռուսական փետրվարյան հեղափոխության ներշնչած պատրանքային հույսերը, Ժողովրդական կոմիսարների խորհրդի (Ժողկոմխորհ) աղետաբեր քաղաքականությունը 1918թ. Բրեստ-Լիտովսկում Գերմանիայի, Օսմանյան Թուրքիայի և նրանց դաշնակիցների հետ վարված խաղաղության բանակցություններում, թուրքական համաժամանակյա անողոք ներխուժումը, Անդրկովկասի մասնատումը և, վերջապես, հայ ղեկավարների խելահեղ ճիգերը` փրկելու ազգը հավանական ոչնչացումից:
 
Անդրկովկասյան Սեյմը Թիֆլիսում մայիսի 26-ին գումարեց իր վերջին նիստը, որի ընթացքում ընդունվեց Անդրկովկասյան Ժողովրդական Դաշնակցային Հանրապետությունը լուծարելու վրացի մենշևիկների  առաջարկությունը: Նույն օրը երեկոյան վրաց Ազգային խորհուրդը հռչակեց Վրաստանի անկախությունը: Մայիսի 27-ին Թիֆլիսում Մահմեդական ազգային խորհուրդը որոշեց հռչակել Ադրբեջանի անկախությունը, մի հանրապետություն, որը պետք է ներառեր ՙՀարավային և Արևելյան Անդրկովկասը՚: Ակտը պաշտոնապես հռչակվեց հաջորդ օրը, և անդրկովկասյան թաթարների կառավարող մարմինը Գյանջան ընտրեց ժամանակավոր մայրաքաղաք, քանի որ Բաքուն դեռևս մնում էր հայկական և բոլշևիկյան ուժերի համատեղ տիրապետության տակ:
 
Հայոց Ազգային խորհրդի նիստում վիճաբանություն էր գնում, դաշնակցական անդամները բաժանված էին երկու խմբի. մի մասը դեմ էր Հայաստանի անկախության հռչակմանը: ՙԿողմ էին Սիմոն Վրացյանը, դեմ` Ավետիս Ահարոնյանը, Ռուբեն Տեր-Մինասյանը, Արտաշես Բաբալյանը: Վերջիններին միացան սոցիալիստ հեղափոխականները, չեզոքները` Ստեփան Մամիկոնյանը, Տիգրան Բեկզադյանը: Թի‎ֆ‎լիսի դաշնակցական ղեկավար ընկերները Խաչատուր Կարճիկյանի գլխավորությամբ, կողմ էին անկախության: Բյուրոն բաժանված էր երկու մասի՚:
 
Անկախության հռչակմանը դեմ սոցիալիստ հեղափոխականները, չեզոքները մտահոգված էին, որ Հայաստանի մեծ մասը թուրքերը գրավել են, և Ռուսաստանից անջատվելը լուրջ մտահոգություններ էր պատճառում: Բացի այդ, անկախություն հռչակելու և Ռուսաստանից անջատվելու պահանջը հենց թուրքերն էին դնում:
 
Երկար վեճերից հետո Հայաստանը հռչակվեց անկախ, մայիսի 30-ին արվեց պաշտոնական հայտարարություն, որի մեջ բացակայում էին ՙանկախություն՚ և ՙհանրապետություն՚ բառերը. ՙՀայոց ազգային խորհուրդն իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն և միակ իշխանությունը: Ազգային խորհուրդը ժամանակավորապես ստանձնում է կառավարական ֆունկցիաները` հայկական գավառների քաղաքական ու վարչական ղեկը վարելու համար՚:
 
Ականատես և մասնակից Սիմոն Վրացյանի վկայությամբ` Հայոց Ազգային խորհուրդը Թիֆլիսում հարկադրված եղավ Հայաստանը հայտարարել անկախ, ՙորովհետև այն պահին անկախությունը բոլորի կողմից համարվում էր ահավոր մի հեռանկար, հայ ժողովուրդը թուրքերի լծի տակ գցելու վտանգ՚: ՙ1918թ. մայիսին թուրքերն ի վիճակի էին գրավելու և Երևանը, և ամբողջ Հայաստանը, բայց չգրավեցին: Հակառակը, հունիսի 4-ին Բաթումում, Հայաստանի նորակազմ կառավարության ներկայացուցիչների հետ նրանք ստորագրեցին հաշտության դաշնագիր և դրանով փաստորեն ճանաչեցին Հայաստանի անկախությունը: Այսպիսով, պատմության դառը հեգնանքով, Հայաստանի անկախության միջազգային առաջին ճանաչումը կատարեցին թուրքերը՚:
 
1918թ. օգոստոսի 1-ին Հայաստանի Խորհրդի (խորհրդարան)16 պաշտոնական բացման օրը նրա նախագահ Ավետիք Սահակյանը հիշեցրեց, որ ՙԱնդրկովկասի փլուզումից հետո մեր երկիրը թողնված էր բախտին, ուստի Հայոց ազգային խորհուրդը շտապեց իր վրա վերցնել կառավարության բոլոր գործառույթները՚: ՙՀենց այդ ժամանակ էր (մայիսի վերջ-հունիսի սկիզբ), որ ստացվեց Օսմանյան կայսրության բոլորին հայտնի վերջնագիրը (որը) պահանջում էր պատասխան 48 ժամվա ընթացքում: Պատվիրակություն ուղարկվեց Բաթում` հանձինս (Հովհաննես)  Քաջազնունու, (Միքայել) Պապաջանյանի և (Ալեքսանդր) Խատիսյանի: Մեր պատվիրակությունը ստիպված էր ընդունել վերջնագիրը և խաղաղության դաշինք կնքել Վեհիբ փաշայի և Խալիլ բեյի հետ: Հայոց ազգային խորհուրդը սեղմեց իր սիրտը և անողոք գիտակցությամբ որոշեց ընդունել վերջնագիրը և ճանաչել Հայաստանի անկախությունը` իրեն հանձնելով պատմության անաչառ դատաստանին: Այո’, մեր հանրապետությունը փոքր է և նեղ իր սահմաններով: Մեր երկրի սահմանները քարացած չեն կարող մնալ միշտ. ես հավատում եմ, որ մեր երկրի սահմանները կընդարձակվեն կյանքի երկաթե ուժով, մեր նոր բարեկամական դաշինքով Տաճկաստանի (Թուրքիայի) և նրա դաշնակից պետությունների հետ, որոնց ներկայացուցիչները ներկա են այստեղ՚:
 
ՀՅԴ առաջնորդներից Ռուբեն Տեր-Մինասյանի խոսքերով` ՙթեև 1918թ. Երևանյան Հանրապետությունը անկախ էր, թեև 1919-ից Միացյալ և Անկախ Հայաստանի գաղափարն էր առաջադրված, բայց փաստորեն ռուսահայ ժողովրդի մի խոշոր մասի համար դրանք անհասկանալի և անբովանդակ խոսքեր էին միայն, անգամ պետական հիմնարկությունների ու շատ պատասխանատու անձանց համար ձեռք բերված անկախությունը համարվում էր ժամանակավոր մի երևույթ, Հայաստան երկիրը համարվում էր ռուսական մի հողամաս, հայ զորքը նույնիսկ ռուսական զորքի մի մասը՚:
 
Թիֆլիսում ձևավորված Հայաստանի առաջին կառավարությունը և Հայոց ազգային խորհուրդը դժկամությամբ տեղափոխվեցին Երևան: Խորհրդի անդամները, Վրացյանի խոսքերով, ՙչէին ուզում բաժանվել Թիֆլիսից՚, իրար հաջորդող նիստերում տեղի էին ունենում բուռն վիճաբանություններ, ՙշատերի համար Երևան գնալը անհանդուրժելի էր՚: Երևան տեղափոխվելու հարցը կտրուկ կերպով դրվեց Ազգային խորհրդի ու կառավարության միացյալ նիստում: ՀՅԴ-ն պահանջում էր, որ Ազգային խորհուրդն ու կառավարությունը ամբողջ կազմով անմիջապես մեկնեն Երևան: Հայ ժողովրդական կուսակցությունը առաջարկում էր Երևան ուղարկել պատվիրակություն և կազմել տեղական կառավարություն, իսկ Հայոց ազգային խորհուրդը, որպես համազգային մարմին, պահել Թիֆլիսում: Սոցիալիստ հեղափոխականները առաջարկում էին, որ Ազգային խորհուրդն ու կառավարությունը մեկնեն Երևան, այնտեղ կազմեն Հայաստանի տեղական իշխանություն, որից հետո Ազգային խորհուրդը կրկին վերադառնա Թիֆլիս ու Կովկասի այս հարուստ քաղաքում մնա իբրև ՙընդհանուր ազգային իշխանություն՚: Սոցիալ դեմոկրատները սկզբում կողմնակից էին Երևան տեղափոխվելուն, սակայն կարճ ժամանակ անց սկսեցին ՙտատանվել՚: Քաջազնունին հայտարարեց, որ եթե Ազգային խորհուրդը մնա Թիֆլիսում կամ կազմվեն երկու Ազգային խորհուրդներ, ապա ինքը կհրաժարվի վարչապետությունից: Յոթ կողմ և հինգ դեմ քվեով որոշվեց Ազգային խորհուրդն ու կառավարությունը փոխադրել Երևան:
 
Հուլիսի 17-ին Ազգային խորհուրդն ու կառավարությունը Թիֆլիսից մեկնեցին Երևան: Սանահին կայարանից սկսած երկաթուղին թուրքերի ձեռքում էր, Ալեքսանդրապոլով անցնելը` վտանգավոր: Որոշվեց Թիֆլիսից անցնել Աղստաֆա, ապա Դիլիջանով հասնել նորաստեղծ հանրապետության փոշոտ ու աղքատ մայրաքաղաք Երևան: Մեկնողների մեջ էին Քաջազնունին, Խաչատուր Կարճիկյանը (ֆինանսների նախարար), զորավար Հովհաննես Հախվերդյանը (զինվորական նախարար), Ազգային խորհրդի անդամներ: Նրանց հետ Երևան էին մեկնում նաև երկու գերմանացի ու մի թուրք սպա:
 
Բաբալյանը գրում է. ՙՎրաց կառավարությունը ցույց տվեց կոպիտ և անքաղաքավարի վերաբերմունք: Ժամանակին վագոններ չտրվեցին, արգելեցին Ազգային խորհրդի մի քանի հին ու խարխլված ավտոմոբիլները վերցնել մեզ հետ: Երկար բանակցություններից հետո միայն թույլատրեցին մի քանի անհրաժեշտ իրեր և ինքնաշարժեր գնացքի մեջ բարձրացնել: Վրաց իշխանության ներկայացուցիչներից ոչ ոք հրաժեշտի չէր եկել: Հայ հասարակությունը միանգամայն անտարբեր էր: Ջերմ ընդունելության հանդիպեցինք Ղազախում` Ադրբեջանի իշխանության կողմից՚:
 
Ղազախից պատվիրակությունը հասնում է Քարվանսարա (Իջևան), երեկոյան` Դիլիջան: Դեռ Թի‎ֆ‎լիսում վարչապետի թեկնածուներ էին առաջադրվել Քաջազնունին ու Խատիսյանը, իսկ կառավարությունը պետք է լիներ ոչ միակուսակցական: Սակայն Ժողովրդականները պահանջեցին վարչապետի պաշտոնը` առաջարկելով Պապաջանյանի թեկնածությունը: Նրանք ասում էին, որ թուրքերը ՀՅԴ-ի նկատմամբ վստահություն չունեն և դժվարություններ կստեղծեն: Քաջազնունին արտգործնախարարի պաշտոնը առաջարկեց ժողովրդականներ Պապաջանյանին և Սամսոն Հարությունյանին, սակայն հաջորդաբար երկուսն էլ հրաժարվեցին: Քաջազնունուն այլ բան չէր մնում, քան կազմել միակուսակցական կառավարություն: Հուլիսի 19-ին պատվիրակությունը հասավ Երևան:
 
Երևանի պարետ Արշավիր Շահխաթունին գրում է. ՙԺամը երեքին Աբովյան պողոտայի սկզբից մինչև Սուրբ Սարգիս կանգնած էին վաշտեր: Արամը հասավ ինքնաշարժով և հաղորդեց, թե կառավարությունը գալիս է: Մի քանի րոպեից  գլխավոր պողոտայի անկյունից երևաց կառավարական խումբը ինքնաշարժերով: Ես հրամայեցի. ՙՀանդիսավոր տողանցք. պատրա’ստ. հանդա’րտ. պատվի ա’ռ՚: Եվ մերկացնելով իմ սուրն ու ինձ հետ ունենալով հեզելազորից հիսուն հոգի` մոտեցա կառավարության կազմին: Ես խոնարհեցի իմ սուրը Հայաստանի նախարարապետի առջև, մինչդեռ իմ ձին բարձրացած էր երկու ոտքի վրա: Ես ասացի. ՙՁերդ գերազանցություն, որպես Հայաստանի մայրաքաղաքի զինվորական հրամանատար, ողջունում եմ Ձեր գալուստը: Ես անսահման երջանիկ եմ, որ դարերից հետո առաջին սպան եմ, որ խոնարհեցնում է իր սուրը իր կառավարության առջև: Այս վայրկյանիս ես հպարտությամբ դնում եմ սուրս իր պատյանի մեջ և դուրս կհանեմ այն ժամանակ, երբ Դուք հրամայեք պաշտպանել մեր աննման հայրենիքը՚: Քաջազնունին շատ հուզված պատասխանեց և համարյա զսպում էր իր արտասուքը: Այսպես եղավ Հայաստանի առաջին կառավարության մուտքը Երևան՚:
 
Քաջազնունու կառավարությունն ուներ չորս նախարար` Արամ Մանուկյան (ներքին գործեր), Ալեքսանդր Խատիսյան (արտաքին գործեր), Հովհաննես Հախվերդյան և Խաչատուր Կարճիկյան: Բոլորը, բացառությամբ Հախվերդյանի, դաշնակցականներ էին: Երևան մեկնելուց առաջ Քաջազնունին և Ազգային խորհուրդը Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչներ էր նշանակել մի քանի վայրերում. Վրաստանում Արշակ Ջամալյանին, ռուսական կամավորական բանակի մոտ` Հովհ. Սաղաթելյանին, Կոլչակի բանակի մոտ` Գր. Ձամոյանին, Կուբանի և Դոնի կառավարությունների մոտ` Սիմոն Վրացյանին:
 
Մինչ Հայաստանի կառավարության Երևան փոխադրվելը հանրապետությունը ղեկավարում էր Արամ Մանուկյանը, ով պետական կառուցվածքներ ստեղծելու, կարգուկանոն հաստատելու ուղղությամբ հսկայական կազմակերպչական աշխատանք էր կատարել: Անհրաժեշտ էր ստեղծել պետական մեքենա, իրավակարգ, երկիրը դուրս բերել անիշխանությունից, գաղթականությանն ապահովել սննդով, լուծել սահմանային վեճերը հարևանների հետ, հնազանդեցնել մահմեդականների ներքին խռովությունները` ուղղված հայազգի մեծամասնության և վերջինիս նորանշանակ կառավարության դեմ: Հայաստանում և առհասարակ հայ իրականության մեջ գործող ամենախոշոր ու ազդեցիկ ուժը Հայ Յեղափոխական Դաշնակցությունն էր, որը և հիմնականում միայնակ իր ուսերի վրա կրեց անկախ հանրապետության քաղաքական ողջ պատասխանատվությունը:
 
Թեև Բաթումում կնքվել էր հաշտություն, հայերն ու թուրքերը դաշնագրի բովանդակությունը տարբեր կերպ էին մեկնաբանում: Դաշնագրի հետ կապված խնդիրները կարգավորելու նպատակով, Երևանի Ազգային խորհուրդը Ալեքսանդրապոլ ուղարկեց հատուկ պատվիրակություն Մկրտիչ Մուսինյանի գլխավորությամբ, որին հանձնարարվեց բանակցել թուրք հրամանատար Քյազիմ Կարաբեքիրի հետ Բաթումի դաշնագրից բխող մի քանի հարցերի շուրջ. գաղթականության վերադարձն իրենց տեղերը, գերիների փոխանակումը, թուրքական զորքի Հայաստանից անցնելու պայմանները, երկաթուղու փոխանցման խնդիրը, Ղարաքիլիսայի պարպումը և հանձնումը հայերին: Թուրքերը չընդունեցին հայերի պահանջները: Հուլիսի 7-ին, առանց ընդհատելու Ալեքսանդրապոլի բանակցությունները, թուրքերը  կրկին առաջ շարժվեցին Սարդարապատի ուղղությամբ: Սիլիկյանը զորքերին հրամայեց թողնել երկաթուղին և դիրքեր գրավել Էջմիածնի շրջանում: Դիրքային կռիվները շարունակվեցին մինչև հուլիսի 9-ը. թուրքերը դիրքեր գրավեցին Երևանից 7 կմ հեռու` թնդանոթների բերաններն ուղղելով դեպի Հայաստանի մայրաքաղաքը:
 
Ծանր ու խռովահույզ օրերն էին: Թի‎ֆ‎լիսի Ազգային խորհուրդ, առանց Երևանի Ազգային խորհրդի գիտության, Թիֆլիսում հռչակել էր անկախություն, և Արարատյան փոքրիկ Հայաստանը, Արամի հզոր ու արթուն հսկողության տակ ապրում էր անստույգ ճակատագրի մռայլ օրերը, գրում է ժամանակի դաշնակցական գործիչներից Վահան Նավասարդյանը: Մի բացառիկ երկիր էր` օղակաձև շղթայով շրջապատված իր չորս կողմերից, զուրկ արտաքին աշխարհի հետ կապվելու, նրան լուր տալու և այնտեղից լուր առնելու գրեթե բոլոր հնարավորություններից: Մի երկիր, որի արտաքին գործերի վարիչը կրում էր այդ կոչումը միամիայն նրա համար, որովհետև դժվար է երևակայել մի կառավարություն, ուր այդ կոչումը չկա: Օղակված ու շղթայված թուրք զորքերով ու թաթար ազգաբնակչությամբ, Հայաստանն ապրում էր ինքն իր համար, ապրում էր իր խոհերի ու տառապանքների հետ` մատնված գալիքի օրհասի ահավոր սարսափներին:
 
Վրացյանի բառերով` ՙանձև քաոսի ու ավերակների կույտ՚ էր Հայաստանն այդ օրերին: ՙՑնծության աղաղակներով ու ծափերով չընդունվեց հանրապետության ծնունդը: Հակառակը, շատերի համար նա նկատվում էր անժամանակ ծնունդ: Ոմանք չէին հավատում նրան. անկախություն և հանրապետություն բառերը դնում էին չակերտի մեջ: Եվ այդպես վարվելու հիմքերը շատ էին զորավոր. իրոք որ զարհուրելի էին պայմանները, և անկախությունն այդ պայմաններում թվում էր հեգնանք: Հայերի ձեռքը մնացել էր մի փոքրիկ հողաշերտ` հազիվ 12 հազար քառ. կմ. աղքատ ու կիսակործան մի երկիր` կծկված ցամաք լեռների մեջ, աշխարհի խուլ անկյունում, ծանրաբեռնված գաղթականներով ու որբերով, շրջապատված ատամ կռճտացնող թշնամիներով, անհաց, անդեղ, անօգնական: Սով ու համաճարակ, ավար ու ավեր, լաց ու թշվառություն, կոտորած ու սարսափ: Իսկ մյուս կողմը` Էնվերի բանակը հաղթական` համաթուրքական երազներով տոգորված, որ Հայաստանի վրայով ձգտում էր դեպի Ապշերոն ու Թուրքեստան: Այդպես էր դրությունը Հայաստանում, իսկ Թիֆլիսում տիրում էր կատարյալ շփոթ: Մայիսի 26-ից հետո հայ-վրացական հարաբերությունները լարվել էին: Վրացիները` արբեցած իրենց անկախությամբ ու գերմանական հովանավորությամբ, թշնամանքով էին նայում ՙռուսների պոչից պոկ չեկող՚ հայերին, որոնք իրենց հերթին վրացիներին համարում էին դավադիր, դավաճան՚:
 
Հայաստանի այս անշուք ծնունդին նախորդել էր ցարական կարգերի տապալումը Ռուսաստանում: Հենց Ռուսաստանին կցված հայկական տարածքներից մի փոքր հողակտորի վրա 1918թ. մայիսին հռչակվեց հայկական հանրապետությունը` Բագրատունիների հայոց թագավորության և Կիլիկյան Հայաստանի հայկական պետության անկումից համապատասխանաբար շուրջ ինը դար և ավելի քան հինգ հարյուր տարի անց: Չնայած հաջորդող ամիսներին  Հայաստանն աստիճանաբար ընդարձակվելու էր` անձև քաոսից դառնալով իրական հանրապետություն, Օսմանյան կայսրության և քեմալականների ռազմաքաղաքական հսկողության ներքո գտնվող հայկական շրջաններն այդպես էլ Հայաստանի Հանրապետության մաս չկազմեցին:
 
Ավելի քան իննսուն տարի ու այսօր ՙԱզատ, անկախ և միացյալ Հայաստան՚ ունենալու հայկական երազանքը շարունակում է փշրվել Արարատի լանջերին:
 
 
Հատված ՀԱՅԵՐԸ և ԹՈՒՐՔԵՐԸ գրքից
 
 
Աղբյուր՝ aniarc.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
1908,երիտթուրքական-հեղափոխություն,արևմտահայություն,բազմահազարանոց-ցույցեր,հայությունը-երիտթուրքերի-ցույցերում,ազատություն-հավասարություն-եղբայրություն , Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
1908 թվականի Երիտթուրքական հեղափոխության օրերին արևմտահայությունը մասնակցում էր բազմահազարանոց ցույցերին «ազատություն, հավասարություն, եղբայրություն» կարգախոսներով:
1919-1920,հայաստան,երևան,բաթումի,բաթումի-նավահանգիստ,թուրք-թաթար-թալանչիներ,բրիտանացի-զինվորների-վերահսկողության-տակ-գտնվող-զր,ամերիկյան-և-բրիտանական-մարդասիրական-օգնություն,բաթում-երևան-կյանքի-երկաթգիծը , 1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
«Ազատության պաշտպան» զրահագնացքի բրիտանական զինվորական անձնակազմը, Երևան, 1920 թ.
ամն,թուրքիայի-դաշնակից-ամն,եվրոպական-մեծ-տերություններ,թուրքիա,խորհրդային-միություն,հայոց-ցեղասպանություն,երկրորդ-աշխարհամարտ,հայկական-հարց,արևմտյան-հայաստանի-վերադարձի-ծրագիր,վահրամ-հովյան , Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Եվրոպական մեծ տերությունները և Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում են Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը։ ԱՄՆ-ի ու Թուրքիայի հարաբերություններում կային որոշակի կնճիռներ։ Այդ համատեքստում 2021-ին ԱՄՆ-ն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, թեև գործնականում մեծ հաշվով դա ոչինչ չի տալիս Հայկական հարցին։
հայ-ադրբեջանական,կոնֆերանս․,բաքու,1919-ի,դեկտեմբերի,14 , Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական կոնֆերանսին կմասնակցեն Ֆաթալի Խան Խոյսկին, Մամեդ Հասան Հաջինսկին և Մամեդ Ռզա Վեքիլովը։
հայերը,թուրքիան,ռուսաստանը,եւ,արեւմուտքը.,հայացք,1891,թվականից , Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Ներկայացնում ենք 1891 թվականի ապրիլին ամերիկյան The Atlantic Monthly ամսագրում հրապարակված Սեմյուել Գրին Ուիլեր Բենջամինի The Armenians and the Porte հոդվածի հայերեն թարգմանությունը:
ալեքսանդր-սոլժենիցինի-նոբելյան-պատմությունը,գրականության-նոբելյան-մրցանակ,շվեդիա,խսհմ,խսհմ-գերագույն-խորհուրդ,ստալինյան-ճամբարներ,հայրենիքից-բռնի-աքսոր,ռուս-ականավոր-մտածող-և-գրող,ալեքսանդր-սոլժենիցին , Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Խորհրդային Միությունում Սոլժենիցինին Նոբելյան մրցանակ շնորհելը ռումբի պայթյունի էֆեկտ ունեցավ։ Շատերն անկեղծորեն ուրախացան ռուս վառ և ազնիվ գրողի համաշխարհային ճանաչման համար: Սակայն իշխանությունները և պաշտոնական գրական հանրությունը թշնամաբար են ընդունել Շվեդիայի ակադեմիայի որոշումը։ ԽՄԿԿ Կենտկոմը Նոբելյան մրցանակակրին վարկաբեկելու մի ամբողջ ծրագիր էր մշակել։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: