Ինչ խնդիր է լուծում Հայաստանը՝ ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և ինչ է ծրագրում ընդդիմությունը

«ՀՀ գրեթե բոլոր իշխանություններն անխտիր ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է քաղաքագետ Հարություն Մկրտչյանը՝ նկատելով՝ սակայն այժմ թրենդային է դարձել Արցախի մասին խոսելը, բայց այս զրույցները, ըստ նրա, անիմաստ են մի պարզ պատճառով. 30 տարի շարունակ հայկական կողմը, լինելով պատերազմում հաղթող, որևէ քայլ չի ձեռնարկել՝ ճանաչելու Արցախի անկախությունը, վերամիավորելու Արցախը Մայր Հայաստանին:
Հարություն Մկրտչյանը նկատում է՝ այն հատուկենտ մարդկանցից է եղել, որ բազմիցս նշել է՝ իշխանությունը պետք է գնա այս ճանապարհով՝ ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, փոխադարձաբար Ադրբեջանը ճանաչի ՀՀ տարածքային ամբողջականությունը:
«Տարածքային ամբողջականության ճանաչումով դեռ չի նշանակում, որ Արցախը չի լինելու հայկական: Իրականում սրանով ՀՀ-ն իր համար մեկ խնդիր է լուծում՝ ապահովել միջազգային կոնսոլիդացիա ՀՀ սուվերեն տարածքի շուրջ և բացառել որևէ հարձակում»,- կարծում է քաղաքագետը:
Ըստ նրա՝ Հայաստանը նոր դաշնակիցների փնտրտուքի մեջ է. «Եթե շարունակենք որպես միջնորդ տեսնել բացառապես ՌԴ-ին, հավաստիացնում եմ՝ Ադրբեջանը շարունակելու է նույն ոճով ու ոգով և ներխուժելու է Հայաստանի Հանրապետության տարածք: Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը վառ օրինակ է, որ ևս մեկ անգամ խաղաղության պայմանագրի կողմ կամ երաշխավոր չներգրավենք Մոսկվային»:
Անդրադառնալով Արցախից եկող հայտարարություններին՝ զրուցակիցն ասում է՝ միանշանակ դրսի ուժերի ներգրավվածություն կա:
«Արցախյան հակամարտության մեջ մեղադրել կամ քավության նոխազ դարձնել Նիկոլ Փաշինյանին, սա կեղծ և դրսից կառավարվող թեզ է, որի նպատակն է հակամարտությունը դարձնել դրոշակ՝ ՀՀ-ում իշխանության գալու համար»,- ասում է Մկրտչյանը և հավելում՝ չի կարող նորմալ ընկալել Արցախից հնչող՝ նախկին նախագահներին ուղղված հայտարարությունները՝ դատապարտել Նիկոլ Փաշինյանին. «Իսկ չէի՞ն տեսնում, թե նախկին երկու նախագահները տարիներ շարունակ ինչպե՞ս էին բանակցում ու ինչի՞ շուրջ: Ի վերջո, նույն Ռոբերտ Քոչարյանը չէ՞ր, որ Արցախին դուրս թողեց բանակցային սեղանից, նույն Ռոբերտ Քոչարյանը չէ՞ր, որ միջազգային հանրության հետ քննարկում էր ընդհանուր պետության գաղափարը: Նույն Սերժ Սարգսյանը չէ՞ր, որ 2016 թվականի Ապրիլյան պատերազմը հաղթական էր որակում և այդ հաղթական պատերազմից հետո՝ 2018 թվականին, ԱԺ ամբիոնից հայտարարում, որ բանակցային գործընթացը փակուղում է, և, ըստ երևույթին, մեզ պատերազմ է սպասվում: Նույն Սերժ Սարգսյանը չէ՞ր, որ ասում էր՝ Աղդամը մեր հայրենիքը չէ»:
Նա, հիշատակելով Ռոբերտ Քոչարյանի հայտարարության այն հատվածը, թե «չհամարձակվեք պատասխանատվությունը հիվանդ գլխից բարդել առողջի վրա», նկատում է. «Այդ ո՞ր հիվանդ, դավադիր, դավաճան գլխում առաջացավ միտք բանակցել Մեղրին Արցախի հետ փոխանակելու տարբերակը: Այդ ո՞ր հիվանդ, դավաճան, դավադիր գլխում առաջացավ միտք բանակցել ընդհանուր պետության շուրջ, Արցախը դուրս թողնել բանակցային սեղանից»:
Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե «իրենից արձագանք պահանջելը պարզապես վիրավորական է, և որ Արցախը իր կյանքի առաքելությունն է համարում», զրուցակիցն ասում է. «Իր կյանքի նպատակների իրականացումն ու Արցախի փրկությունը պետք է փնտրել բացառապես պաշտոնական Ստեփանակերտում: Հորդորում եմ վերադառնալ Ստեփանակերտ, ինչու՝ ոչ, հայտ ներկայացնել իշխանության համար և Արցախի անունից գնալ Արցախի խնդիրների լուծման»:
Խոսելով նաև ՀՀ խորհրդարանական ընդդիմության հայտարարությունների մասին, որոնց համաձայն՝ կարծես թե պատրաստվում են վերսկսել փողոցային պայքարը՝ Մկրտչյանը սա համեմատում է ֆուտբոլի գնդակի փոխանցման հետ:
«Արցախը փոխանցում է ՀՀ «ընդդիմությանը», «ընդդիմությունը»՝ «Արցախի շահերին ծառայող ուժերին», ու նրանք, փորձում են այս հարցը շահարկելով, ՀՀ-ում իշխանություն վերցնել: Այս իրավիճակում այլ ելք չի մնում, քան ՀՀ ուժային կառույցներին հորդորել, որ համակ ուշադրությամբ հետևեն ծավալվող գործողություններին, որովհետև սա ներքաղաքական զարգացումներ որակելը ինքնին սխալ է, սա արտաքին ուղղորդվածություն ունի և հարվածելու է ՀՀ անվտանգությանը: Այն նկրտումները, որ Իշխան Սաղաթելյանը իր առաջ դրել է, պետք է հենց «օրորոցում» խեղդվեն»,- համոզված է նա:
Վերջինիս խոսքով՝ արցախահայությունը պետք է «խելքը գլուխը հավաքի», ու եթե խնդիր են դրել իրենց պատմական բնօրրանում ապրելու, այդ ուղղությամբ քայլեր իրականացնեն: Միաժամանակ նա մեջբերում է որոշ արցախցիների գործողությունները՝ ասելով. «Վլադիմիր Պուտինի նկարն են տեղադրում «Դեդո-Բաբո»-ի արձանի դիմաց, ռուս զինվորներին անընդհատ շնորհակալություն հայտնում տրակտորիստին գնդակահարելու համար, Փառուխն են զիջում, Խծաբերդում տալիս են հարյուրավոր հայորդիներին գերի: Բացատրություն կա՞ սրան: Բացատրությունն այն է, որ ԱՀ-ում իշխանությունները կրեմլահպատակ են, ծառայում են կրեմլի շահերին, սակայն եկել է լրջանալու ժամանակը»:
Հերմինե Կարապետյան
Աղբյուր՝ armtimes.com
Նմանատիպ Լուրեր

Ապաշրջափակումը արտատարածքային նկրտումների հետ կապ չունի․ քաղաքագետը՝ փոխվարչապետների հանդիպման մասին
Մոսկվայում կայացած Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումից հայկական կողմը գոհ է։ Կառավարության հաղորդագրության մեջ նշվում է, որ ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցում կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատել եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում:

Հայաստանի խնդիրն է արտաքին պատասխանատուների շրջանակը բազմազանեցնելը․ Հակոբ Բադալյան
Հայաստանի խնդիրն է արտաքին պատասխանատուների շրջանակը բազմազանեցնելը, որպեսզի պատասխանատվության հարցը չդարձնեն մանիպուլյացիաների առարկա՝ իրենց խնդիրները լուծելու համար․ Հակոբ Բադալյան

Չի բացառվում, որ Կոսովոյի նախադեպի կիրառում տեղի ունենա Արցախի հարցով
Չի բացառվում, որ Կոսովոյի նախադեպի կիրառում տեղի ունենա Արցախի հարցով, բայց որպեսզի ԼՂ խնդիրը նման լուծում ստանա, պետք է հստակ արևմտյան քաղաքական ուղեգծում տեղավորվել․ սահմանադրագետ

Միշելն Ալիևին ասում է՝ սրանից ավել չենք առաջարկելու. Արցախի հայերը երկխոսելուն այլընտրանք չունեն
Քիշնևում հանդիպումը բխում է մեր շահերից, որովհետև Ալիևը սկզբնական շրջանում ոչ մի կերպ չէր ուզում մասնակցել մի հանդիպման, որտեղ լինելու էր Շոլցը, և ամենակարևորը՝ Մակրոնը։ Այնտեղ ի՞նչ են ասելու Ալիևին՝ խելքդ գլուխդ հավաքի՛։ Ուզու՞մ ես տարածքային ամբողջականության ճանաչում, մարդը ճանաչում է դա, ուրեմն արի խելոք-խելոք ստորագրի այն, ինչ քո առջև դնում են։

Ինչու է Հայաստանի ընդդիմությունն ուզում երկիրը կրկին ներքաշել պատերազմի մեջ
Քաղաքագետ Հայ Սուքիասյանը կարծում է, որ Հայաստանի ընդդիմությունը, հիմնականում՝ խորհրդարանական, ՀՀ-ի անվտանգության երկրորդ ճակատն է, որոնք պատրաստ են դիմել թե՛ ապստամբության թե՛ տեռորի։ Նա համոզմունք ունի, որ ընդդիմությունը պատրաստ է ձեռնարկել նմանատիպ միջոցներ, միայն թե հեղաշրջում իրականացնի երկրում։

Ի՞նչ գնով է հաղթել Էրդողանը
Էրդողանը պահել է իշխանությունը, բայց ինչ գնով՝ դեռ հարց է, իսկ այդ հարցի պատասխանից էլ կախված է լինելու նրա քաղաքականությունը: