ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Իրանը կբավարարվի ԵՄ դիտորդների տեղակայման վերաբերյալ ընդհանուր հայտարարությամբ և չի փորձի խոչընդոտել. Լաչինի միջանցքի հարցով Թեհրանը չի ցանկանում անհանգստացնել Ադրբեջանին և հարցի լուծումը թողել է ՌԴ կամքին․ իրանագետ

Civic.am-ի հարցերին պատասխանում է Թեհրանում ապրող իրանագետ Սահակ Շահմուրադյանը։

- Պարոն Շահմուրադյան,  օրերս հայտնի դարձավ, որ ԵՄ-ն նոր քաղաքացիական դիտորդական առաքելություն է ուղարկելու ՀՀ, որը  տեղակայվելու է  երկու տարի ժամկետով։ Հայտնի է, որ հարևան Իրանը գերզգայուն է իր սահմանների մոտ օտարերկրյա  առաքելությունների տեղակայման հարցերում և մեկ անգամ չէ, որ հայտարարել է այդ մասին։ Նախորդ տարի ՀՀ-ում գտնվող ԻԻՀ ԱԳ նախարարը, որի այցը համընկավ ԵՄ նախորդ՝  երկամսյա առաքելության  տեղակայման հետ,  նույնպես հայտարարեց այդ մասին. «Իրանը դեմ է, որ տարածաշրջանում՝ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի տարածքում, ներկա լինեն օտարերկրյա ներկայացուցիչներ»։ ԵՄ նոր առաքելության տեղակայման  հետ կապված ինչպիսի՞ն է Իրանի արձագանքը։  

- Նախ նշեմ,  որ հայկական կողմի տքնաջան և դիվանագիտական սթափ ու լուրջ ջանքերի արդյունքում ԵՄ և նրան կից  եվրոպական կառույցները որոշեցին  նոր քաղաքացիական դիտորդական առաքելություն ուղարկել ՀՀ, ինչը բավականին դրական քայլ է՝ վերջին շրջանում Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական սպառնալիքի և Ռուսաստանի, այսպես ասած, խաղաղապահ ուժերի անտարբեր ու պասիվ  ներկայության պայմաններում՝ հատկապես  Լաչինի միջանցքը  փակելու ֆոնին։ Հատկանշական է, որ ԵՄ նախորդ երկամսյա առաքելության վերաբերյալ թեև Իրանն ընդհանուր գծերով և Իրանի դիվանագիտական լեզվին բնորոշ ձևակերպմամբ  հայտարարել էր, որ Թեհրանը դեմ է տարածաշրջանում օտարերկրյա ներկայացուցիչների ներկայությանը, սակայն, փաստորեն, չխոչընդոտեց Հայաստանի և Ադրբեջանի սահմանագծում  ԵՄ դիտորդական երկամսյա առաքելության տեղակայմանը։  Սա վկայում է, որ Իրանի վերոհիշյալ ուղերձը հիմնականում ուղղված է Ադրբեջանին, որն Իսրայելի և եվրոպական որոշ երկրների ռազմական ներկայացուցիչներին է հրավիրել տարածաշրջան, որոնք արմատական հակադրության մեջ են Իրանի Իսլամական Հանրապետության հետ։

Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ԵՄ քաղաքացիական դիտորդական նոր առաքելությանը, կարծում եմ՝ Հայաստանի և Իրանի իշխանությունների միջև կա փոխտեղեկացվածություն, քանի որ վերջին շրջանում ինտենսիվ շփումներ և լայն համագործակցություն են ծավալվել Հայաստանի ու Իրանի պետական պաշտոնյաների միջև բոլոր մակարդակներում։ Նկատենք, որ Իրանը որպես հայ-ադրբեջանական հակամարտության հանգուցալուծման ճանապարհ դիտարկում է  2020 թվականի նոյեմբերի 9-ի պայմանավորվածության դրույթների իրականացումը, իսկ առկա սահմանային և քաղաքական հարցերը կարգավորելու համար առաջարկել է «3+3» բանակցային ձևաչափը, որում ընդգրկված կլինեն տարածաշրջանային դերակատար ուժերը։ Կարծում եմ նաև, որ այս անգամ էլ  Իրանը կբավարարվի ԵՄ դիտորդների տեղակայման վերաբերյալ ընդհանուր հայտարարությամբ և կրկին չի փորձի միջամտել այդ հարցում՝ պայմանով, որ Հայաստանի կողմից երաշխիքներ ստանա այդ առաքելության իսկական նպատակների մասին։ Մյուս կողմից՝ Իրանը Հայաստանին դիտում է որպես ցամաքային երթուղիների վստահելի գործընկեր դեպի եվրոպական երկրների շուկաները և առավել կարևոր գործընկեր, որը  Իրանին ԵԱՏՄ մուտք գործելու հարթակ կարող է ստեղծել։    

- ՌԴ Պետդումայի պատգամավոր Կ. Զատուլինը նախօրեին ՌԴ-Իրան տեսակամուրջի ժամանակ հայտարարել է. «Ինձ թվում է՝ այս փուլում Ռուսաստանի, նաև Իրանի համար առավել կարևոր է, որ ուշադրություն դարձնեն ոչ տարածաշրջանային ուժերի ցանկացած ներխուժմանը Կովկաս։  Մենք պարտավոր ենք դա անել։ Մենք ի վիճակի ենք Կովկասում ապահովել խաղաղություն՝ գործելով համերաշխությամբ»։  Խոսվում է նաև ՀՀ-Ադրբեջան  սահմանին  ՀԱՊԿ դիտորդական առաքելության տեղակայման հնարավորության մասին։ Ըստ Ձեզ՝ Իրանի համար առավել նախընտրելի կլինեն   տարածաշրջանայի՞ն, այսինքն՝ ՀԱՊԿ դիտորդնե՞րը։ 

- Իրանը, ըստ ավանդական քաղաքականության,  առհասարակ դեմ է Մերձավոր Արևելքում և իր սահմաններին մոտ տարածքներում արևմտյան ուժերի ներկայությանը, և, ինչպես տեսնում ենք, Թեհրանից հստակ ուղերձներ են հղվում Պարսից ծոցի, Կովկասյան տարածաշրջանի և Միջին Ասիայի տարածաշրջանի երկրներին առ այն, որ Իրանը դեմ է արտատարածաշրջանային ուժերի տեղակայմանը տարածաշրջանում և հակված է ներտարածաշրջանային միությունների կամ ռազմաքաղաքական դաշինքների ձևավորմամբ լուծել տարածաշրջանային խնդիրները։ Իրանը հակված է, որ իր  առանցքայնությամբ ձևավորվեն  նման դաշինքներ, ինչը, սակայն, երբեք չի հաջողել իրականացնել՝ հիշյալ  տարածաշրջանների երկրների բազմազան ու միմյանցից լիովին տարբերվող իշխանությունների աշխարհաքաղաքական, տնտեսական, ռազմաքաղաքական մոտեցումների պատճառով։ Պետք է նշել նաև, որ Իրանի արևմտյան խոշոր հարևան և մրցակից երկիր Թուրքիան, որն արդեն 50 տարուց ավելի ակտիվորեն անդամակցում է Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքին՝ ՆԱՏՕ-ին, առավել մեծ վտանգ է ներկայացնում Իրանի նկատմամբ, քան Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությամբ 100 հոգանոց մոնիտորինգի ոչ զինվորական դիտորդները։  Եվ  Իրանը վերջին 50-60 տարվա ընթացքում գոնե, ասենք, Իսլամական Հեղափոխության հաղթանակից ի վեր՝ վերջին 42 տարվա ընթացքում, ոչ միայն հանդուրժել, այլև  շարունակաբար  համագործակցել է,  իր տնտեսա-քաղաքական հարաբերություններն է ընդլայնել  ՆԱՏՕ-ի և ԵՄ շատ այլ կառույցների պայմանական անդամ և ԱՄՆ-ի դաշնակից Թուրքիայի հետ։ Հարկ է նկատել, որ վերջին շրջանում հատկապես Իրանի միջուկային հարցով Արևմուտքի հետ բանակցությունների գործընթացի հանգուցալուծման վերաբերյալ Իրանի և ԵՄ միջև բանակցությունների փակուղային իրավիճակի պայմաններում Թեհրանն իր քաղաքական դիրքերը ավելի է մոտեցրել Ռուսաստանին և աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային շատ հարցերում խորհրդակցում է ռուս գործընկերների հետ։ Իհարկե, Իրանը դեմ է արևմտյան դիտորդական առաքելության և ռազմական ուժերի տեղակայմանը իր սահմանամերձ տարածքներում, սակայն Իրանին առավել անհանգստացնում է Իսրայելի անվտանգության գործակալների և ՆԱՏՕ-ի  ռազմական փորձագետների ներկայությունը Ադրբեջանում, ինչը ուղղակի սպառնալիք է համարվում Իրանի ազգային անվտանգությանը։ Հայ-ադրբեջանական սահմանին  ՀԱՊԿ դիտորդական կամ խաղաղապահ ուժերի տեղակայման վերաբերյալ մինչ այժմ Իրանը ուրույն տեսակետ չի հայտնել, քանի որ Իրանը չի անդամակցում այդ ռազմաքաղաքական կառույցին։ Հայաստանի և Ադրբեջանի համաձայնության և Ռուսաստանի որոշման դեպքում, կարծում եմ, Իրանը դեմ չի լինի ՀԱՊԿ ուժերի ներկայությանը հայ-ադրբեջանական սահմանագծին։  Ավելին՝ Իրանը կողմ է Ռուսաստանի խաղաղապահ ուժերի շարունակական ներկայությանը Արցախում։  Այս համատեքստում  հայ-ադրբեջանական սահմանագծում ՀԱՊԿ ուժերի կամ դիտորդների ընդգրկումը կարող է մասնակի բավարարել Իրանի մտահոգությունները։  

- 40 օրից ավելի է, ինչ փակ է Լաչինի միջանցքը։ Իրանում ինչպե՞ս են վերաբերվում այս ճգնաժամին, արդյոք Իրանը կարո՞ղ է որևէ կերպ  միջամտություն ունենալ միջանցքի բացմանը։ 

- Լաչինի միջանցքի փակման վերաբերյալ Իրանի մոտեցումն անորոշ է, և Իրանը ուղղակի կամ հասցեական հայտարարությամբ հանդես չի եկել կողմերից որևէ մեկի նկատմամբ։ Միայն բավարարվել է ոչ պաշտոնական և փորձագիտական շրջանակների մեկնաբանություններով, որոնք երբեմն որոշակի մեկնաբանություններով  անդրադարձել են Բերձորի միջանցքի փակմանը և դրան հաջորդող հումանիտար աղետին, նաև շոշափել Արցախի ոսկու հանքերին տիրանալու Ադրբեջանի մտադրությունների և բրիտանական ընկերության հետ կնքած գործարքի թեման։  Իրանի ԱԳՆ խոսնակը և արտգործնախարար Ամիրաբդոլլահիանն իրենց մտահոգությունն են հայտնել տարածաշրջանում հումանիտար աղետի կապակցությամբ՝  առանց Արցախի անունը նշելու, և ընդգծել  հայ-ադրբեջանական հակամարտությունը խաղաղ բանակցությունների և տարածաշրջանի դերակատար երկրների ներգրավվածության և 2020 թ.-ի նոյեմբերի 9 պայմանավորվածության դրույթների շրջանակում լուծելու անհրաժեշտությունը: Թվում է՝ Բերձորի միջանցքի փակման շուրջ ստեղծված լարվածության վերաբերյալ Թեհրանը չի ցանկանում անհանգստացնել Ադրբեջանի իր  գործընկերոջը և հարցի լուծումը թողել է իր մյուս գործընկեր Ռուսաստանի կամքին։  

- Ըստ Ձեզ՝ ե՞րբ կբացվի միջանցքը և ինչի՞ դիմաց՝ հաշվի առնելով Ադրբեջանի պահանջատիրությունը ՀՀ-ի նկատմամբ, մասնավորապես «Զանգեզուրի միջանցքի» հարցով։  

- Բերձորի միջանցքը բացելու հարցն անորոշ է, չնայած վերջին 40 և ավելի  օրերի  ընթացքում միջազգային հանրության, ՄԱԿ-ի, ԵՄ, ԵԽԽՎ և բազմաթիվ այլ կազմակերպությունների կողմից հնչեցրած կոչերին և Բաքվի վրա գործադրած ճնշումներին, թվում է՝ Ադրբեջանը մտադիր չէ  բացել միջանցքը, և եթե այդ քայլին էլ դիմի, դա չի կարող երկարատև ու կայուն լինել, քանի որ, ըստ դեպքերի զարգացման տրամաբանության,  Ադրբեջանը մտադիր է արցախահայությանը պատանդ պահելով կա՛մ ստիպել լքել Արցախը, կա՛մ նրանց ցեղասպանության ենթարկելով ամբողջությամբ տիրանալ Արցախին։ Մյուս կողմից  էլ՝ հատվածային և ժամկետային պայմաններով միջանցքը բացել-փակելով՝ Հայաստանին ստիպել զիջումների գնալ՝  «Զանգեզուրի»  կեղծ միջանցքը ստանալու տեսքով։  Համենայնդեպս, արցախահայությունը այժմ դարձել  է Ռուսաստանի և Ադրբեջանի համատեղ գործարքի առարկա, ավելի ճիշտ՝ պատանդ նրանց ձեռքում՝ Հայաստանից ինչ-որ քաղաքական ու տարածքային զիջումներ կորզելու նպատակով։ 

- Հայ համայնքը արդյոք ակցիաներ իրականացնո՞ւմ է Լաչինի միջանցքի փակման հարցով։ Մասնավորապես՝ ո՞ր կազմակերպություններն են ներգրավված այդ միջոցառումներում։ 

- Թարմ տեղեկություն նշեմ. հունվարի 27-ի առավոտյան, ժամը 11։30-ին, Թեհրանի  Ս. Սարգիս եկեղեցու բակում կազմակերպվել էր համահավաք՝ ի զորակցություն Արցախի և արցախահայության։ Համահավաքին մասնակցել են որոշ թվով հայեր։ Ելույթով հանդես են եկել  Հայաստանից հրավիրված Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչ Ասպրամ Կրպեյանը։ 

Հեղինե Մանուկյան
civic.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: