ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Սեյրան Օհանյանը «անթույլատրելի» էր համարում «բանակում արձանագրված միջադեպերի շահարկումը․ այսօր նա շահարկողների թվում է

Տարօրինակ ու ցավալի է, որ բանակում առկա «բառդակի» մասին են աղաղակում ու պաշտպանության նախարարի հրաժարական են պահանջում հատկապես այն ուժերը, որոնք շուրջ երկու տասնամյակ ստանձնել են զինված ուժերի կառավարումը և ոչ միայն տապալել են բանակի բարեփոխումները, այլև խորացրել են զինված ուժերում ձևավորված «բառդակային ավանդույթները»։

Նախօրեին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զինվորական կացարանում  տեղի ունեցած ողբերգական միջադեպը  նախկին իշխանության ներկայացուցիչներից շատերն օգտագործեցին՝ վերաթարմացնելու իշխանության հրաժարականի  պահանջը։ Այդ պահանջը կոնկրետացվել է մեկ անձի շուրջ՝ հրաժարական պետք է տա պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Իսկ ՊՆ այն պաշտոնյաները, որոնք երեկ ազատվեցին զբաղեցրած պաշտոններից, ըստ Պապիկյանի հրաժարականը պահանջողների,  իշխանության կողմից նշանակված «քավության նոխազներ» են, որոնց պատժի ենթարկելով՝ փորձ է արվում «փրկել  գլխավոր պատասխանատուների կաշին»։  Երեկ Հ1-ի եթերում ՀՀ  զինդատախազ Գրիգոր Էլիզբարյանը նշեց, որ ողբերգության մասով միանշանակ պատասխանատվության են կանչվելու բոլոր այն պաշտոնատար անձինք, որոնք առնվազն թերացել կամ ոչ պատշաճ են իրականացրել իրենց վրա օրենքով և կանոնադրություններով դրված պարտականությունները: «Չկան հեղինակություններ, որոնք կարող են չենթարկվել պատասխանատվության»,- շեշտեց պաշտոնյան:   

Տարօրինակ ու ցավալի է, որ բանակում առկա «բառդակի» մասին են աղաղակում  ու պաշտպանության նախարարի հրաժարական են պահանջում հատկապես այն ուժերը, որոնք շուրջ երկու տասնամյակ  ստանձնել են զինված ուժերի կառավարումը և ոչ միայն տապալել են բանակի բարեփոխումները, այլև խորացրել են զինված ուժերում ձևավորված «բառդակային ավանդույթները»։  Ճակատագրի հեգնանքով այդ ուժերի՝ իշխանություն եղած ժամանակ պաշտպանության նախարար աշխատած երկու պաշտոնյաները՝ Միքայել Հարությունյանն ու Վիգեն Սարգսյանը, հեղափոխությունից հետ լքել են երկիրը, հանգրվանել  մեկը՝ ՌԴ-ում, մյուսը՝ ԱՄՆ-ում, և երկուսի նկատմամբ էլ հարուցվել է  քրեական հետապնդում։ Իսկ նախկին նախարարներից մեկի՝ Սեյրան Օհանյանի նկատմամբ, որը նույնպես Պապիկյանի հրաժարականը պահանջողների թվում է,  ՀՀ գլխավոր դատախազությունը քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին երեք միջնորդագիր է ներկայացրել ԱԺ: 

Օհանյանը, անդրադառնալով երեկվա   ողբերգական միջադեպին, մամուլում հայտարարել է՝ «դեպքից ժամեր անց արդեն մարդկանց են ազատում՝ փորձելով ամբողջ պատասխանատվությունը բարդել ներքին օղակների վրա», և  հավելել. «Եթե իր պաշտոնավարման ժամանակ  նման  դեպք լիներ՝ խիստ կերպով կպատժվեին բոլոր պատասխանատուները, բայց այս իշխանությունները՝ պատերազմից սկսած մինչ օրս, բազմիցս ունեցել են պատճառներ հրաժարական տալու, տվե՞լ են»։  «Դուք հրաժարական կներկայացնեի՞ք»։  «Ես կներկայացնեի, եթե այդպիսի դեպք լիներ, այո՛»,- ի պատասխան ասել է նախկին Պնախարարը։ 

Սեյրան Օհանյանի պաշտոնավարման սկանդալային տարիները. Զինվորի դագաղը ծնողները մտադիր էին դնել Կառավարության շենքի դիմաց 

Մահվան ելքով պատահարներ  հայկական զինված ուժերում, ցավոք, արձանագրվել են  բանակի կազմավորման, զարգացման նախորդ բոլոր տարիներին։ Այդ մասին առավել մանրամասն  արձանագրված են բանակի խնդիրներով զբաղվող ՀԿ-ի զեկույցներում և ուսումնասիրություններում, որոնց կանդրադառնանք առաջիկայում։  Մի քանի տվյալ, այդուհանդերձ, վկայաբերենք։  Մասնավորապես Սեյրան Օհանյանի պաշտոնավարման տարիները զերծ չեն եղել զինված ուժերում  սկանդալային դեպքերից,   նրա հրաժարականի պահանջը մեկ անգամ չէ, որ բարձրացվել է հանրության, մասնավորապես զոհված զինծառայողների հարազատների կողմից։  Դե իսկ  դատախազության դիմաց  սևազգեստ ծնողների ակցիաները  խրոնիկ   բնույթ էին կրում։  Օհանյանի պաշտոնավարման շրջանում՝ մասնավորապես 2010 թվականին, ըստ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի տեղեկանքի,   կանոնադրային հարաբերությունների խախտման հետևանքով զոհվել է 24,  դժբախտ պատահարների հետևանքով՝ 2, անվտանգության կանոնների խախտման հետևանքով 3 անձ (ընդհանուր մահվան 44 դեպք է արձանագրվել)։ 2012 թվականին արձանագրվել է ինքնասպանության 12, կանոնադրային հարաբերությունների խախտման հետևանքով՝ 3, դժբախտ պատահարների հետևանքով՝ 15 անձ (ընդհանուր՝ մահվան 50 դեպք)։ 2013 թ.-ին գրանցված մահացության 31 դեպքերից մասնավորապես 8-ը եղել է  ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու, 7-ը՝ դժբախտ պատահարի, 4-ը՝ առողջական խնդիրների և ոչ պատշաճ բժշկական ծառայության տրամադրման պատճառով, 4-ը՝ սպանության, որոնցից 1-ը՝ դիտավորյալ, 1-ը՝ մարտական ծառայություն կրելու կանոնների խախտման և 2-ը՝ կանոնադրային հարաբերությունների խախտման հետևանքով, 3 դեպք՝ զենքի հետ վարվելու կանոնների խախտման հետևանքով։   

Հիշեցնենք Օհանյանի պաշտոնավարման շրջանի սկանդալային միջադեպերից մեկը։  2013թ. մայիսի 15-ին-ին Նոյեմբերյանի տարածաշրջանում տեղակայված զորամասում ծառայակցի կողմից սպանվել էր Մարտունու շրջանի Վերին Գետաշեն գյուղի բնակիչ Լյուքս Ստեփանյանը։ Որպես բողոքի նշան՝ մայիսի 18-ին մահացած զինծառայողի հայրը որոշել էր որդու դին բերել Երևան և բողոքի միջոցառում անցկացնել Կառավարության շենքի դիմաց։ Դեպքի հետ կապված՝ ՊՆ-ն փակել էր ճանապարհը՝ թույլ չտալով սպանված զինվոր Լ. Ստեփանյանի հարազատներին շարունակել իրենց ճանապարհը Երևան:  Ստեփանյանի հարազատները, չնայած ստեղծված խոչընդոտներին, փորձել են շարունակել ճանապարհը դեպի Երևան և արդեն հասել են Սևանի պետավտոտեսչություն: News.am-ի տեղեկություններով՝ խոչընդոտներ են ստեղծվել նաև Երևան-Սևան մայրուղում. բախվել են ոստիկաններն ու սպանված զինվոր Լյուքս Ստեփանյանի հարազատները, ովքեր որդու դին տեղափոխում էին Երևան: Ըստ աղբյուրի՝ նրանց միջև ծեծկռտուք է սկսվել: Զինվորի հարազատները զինվորականների մեքենաների պատնեշը հաղթահարելու համար ջարդել էին նրանց մեքենաները: Աղբյուրի փոխանցմամբ՝ հաջողվել էր հաղթահարել պատնեշն ու շարունակել ճանապարհը: Հայտնում են նաև, որ Երևանից նրանց հետ հանդիպման են գնացել նորանոր ՃՈ և զինվորական մեքենաներ, որպեսզի կանխեն սպանված զինվորի հարազատների մուտքը Երևան: Այս միջադեպին անդրադարձել էին նաև տարբեր ԶԼՄ-ներ։ Մասնավորապես կայքերից մեկը մեջբերել էր զոհվածի ողբացող մոր խոսքերը. «Զարկե՞լ էր՝ թող ոտքին զարկեր, ինվալիդ սարքեր, բա ես հիմի ո՞նց մխիթարվեմ: Զարկե՞լ էր, թող թուրքը զարկեր, կասեի տղես հերոսի մահով մեռավ, բաես հիմի ո՞նց մխիթարվեմ»: 

Կայքը մեջբերել էր նաև վրդովված գյուղացիների խոսքերը։ «Նրանց խոսքով՝ խաղաղ պայմաններում գյուղից այս էլ վեցերորդ զինվորն է մահանում: «Ինչի՞ համար են էս զինվորին տանում թաղելու: Հանուն ինչի՞, ախր պատերազմ չի... բա էդ զորամասում հրամանատար չկա՞: Հարց եմ տալիս, Սերժ Սարգսյան, ինչի՞ համար սպանեցին: Ինչի՞ դու սաղ մնաս, էսա երեխեն գնա հողի տակը»,- գոռում էր մի գյուղացի: Բարձրաստիճան զինվորականներին ու նրանց մեքենաների շարասյունը տեսնելով՝ կանայք բորբոքվեցին. «Ինչի՞ համար ա էս պետությունը, մենակ փող հավաքելո՞ւ… 18 տարի երեխուն պահել էր արդար քրտինքով, որ էսօր տաներ հողի մե՞ջ դներ»: «Ինչի՞ մի օր չլսեցինք, որ պաշտոնավորի երեխեն սահմանին ծառայի, սենց մե բան էղնի: Մենակ հող փորողի, անասուն պահողի երեխեն կզոհվի», «Թուրքի գյուլլա՞ էր, հորի՞ պտի հայու գյուլլից հայը մեռնի», «Ախպերս Ղարաբաղ կռիվ է էրէ, հաղթեր է, մկա Ռուսաստանա քուչեքը կֆռֆռա, էսա մեծավորներ էլ զվանին դրել են թևերուն, կապրին, մեր էրեխեքին էլ կտանեն, սպանեն»:

Վերին Գետաշենի գերեզմանոցում զինվորի հուղարկավորությունից րոպեներ անց նախարար Սեյրան Օհանյանի հետ  «Հայկական ժամանակ»-ը բլից հարցազրւյց էր վարել, և ի պատասխան հարցի՝ պատրաստվո՞ւմ է այս տեղի ունեցած սկանդալից հետո  հրաժարական տալ՝ Օհանյանը պատասխանել էր՝ իսկ ով է ասում, որ պետք է  հրաժարական տա։  

«- Պարոն Օհանյան, ինչո՞ւ այսօր հրաժարական չտվեցիք, երբ իմացաք, որ զինվորի դագաղը Երևան-Սևան մայրուղու ասֆալտի վրա է:
- Բայց ո՞վ է ասել, որ պետք է հրաժարական տայի ես:
- Բանակում ոչ կանոնակարգային հարաբերությունների հետևանքով շաբաթը մեկ զինվոր է մահանում:
- Այդպիսի բան չկա, դուք սխալվում եք:
- Չկա՞ այդպիսի բան, դուք հրաժարական տալու պատճառներ չե՞ք տեսնում:
- Իսկ ո՞վ է պահանջում… Իմ աշխատանքի գնահատականը կարող է տալ իմ ղեկավարը և ժողովուրդը:
- Այն որ գալիս են, մայրուղու ասֆալտին դագաղ են դնում, դա գնահատական չե՞ք համարում:
- Ժողովուրդը պահանջե՞ց ինձնից հրաժարական տալ:
...- Երբևէ եղե՞լ է, որ դիակը բերեն կառավարության մոտ, դա ժողովրդի գնահատական չի՞, ձեր կարծիքով:
- Ժողովրդի գնահատական է երևույթի հանդեպ»:

Սեյրան Օհանյանի հրաժարականը 2015-ին՝ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հրավիրած  մարդաշատ հանրահավաքներից մեկի ժամանակ պահանջում էր նաև ընդդիմադիր քաղաքական ուժերից մեկի՝ «Ժառանգության»  առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ նախարարին մեղադրելով ընտրությունների ժամանակ զինվորներին բաց, ուղղորդված քվեարկության ուղարկելու մեջ։ Ի պատասխան իր հրաժարականի պահանջի՝ Օհանյանը  Հովհաննիսյանին խորհուրդ էր տվել. «Լավ կլիներ, որ Րաֆֆին, որպես քաղաքական գործիչ, այլ բաներով զբաղվեր: Յուրաքանչյուր ոք կարող է հրաժարական պահանջել, ես չեմ կարող հրաժարվել հայրենիքին ծառայելուց»։ 

Օհանյանի և նաև ԶՈՒ ԳՇ պետ Յուրի Խաչատուրովի՝ որպես իրավիճակի գլխավոր պատասխանատուների  հրաժարականի հարցը ակտուալ դարձավ նաև 2016-ի ապրիլյան պատերազմից հետո։  Ազատվեցին ՊՆ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, սակայն Օհանյանի պաշտոնավարումը շարունակվեց ևս մի քանի ամիս։  Ի դեպ,   նախօրեի հրդեհից հետո տեղի ունեցած պաշտոնանկություններից  դժգոհող   Օհանյանն  այսպես էր մեկնաբանել իր  ղեկավարած  նախարարության երեք բարձրաստիճան պաշտոնյաների ազատումը.  «Պահի հետ անկասկած կապ ունեն և միտված են ընդհանուր առմամբ մեր կառավարման համակարգը ավելի բարելավելուն և ավելի պատշաճ մակարդակի բարձրացնելուն: Քրեական պատասխանատվության նրանք չեն ենթարկվի, որովհետև նրանց գործունեությունը քրեական պատասխանատվության ենթարկելի չէ»:

Իսկ երբ  2016-ի հունիսին Եռաբլուրում Օհանյանին հարց էին հղել իր հրաժարականի մասին՝ վերջինս արձագանքել էր.  «Հայաստանի պաշտպանության նախարարը երբեք չի հրաժարվի հայրենիքին իր ծառայությունները մատուցելուց»։   

  Հ.Գ.  Նշենք, որ դեռևս 2011-ին Օհանյանը իր հարցազրույցներից մեկում, անդրադառնալով բանակում առկա արատավոր երևույթներին, խնդիրներին, ահա թե ինչ էր ասել. «Արատավոր երևույթների մի մասը գալիս է բանակ զորակոչված երիտասարդի դաստիարակության, կրթության ու ընդհանրապես՝ մշակութային բացից, որի պատասխանատվության իրենց չափաբաժինը փորձում են վերագրել բանակին բանակի խնդիրները շահարկող անձինք: Բանակի ղեկավարության պարտքն է զինվորին սովորեցնել մարտական արվեստ, իսկ, օրինակ, ձեր պարտքն է, որ բանակ զորակոչվելուց առաջ նա, ի թիվս բազում այլ պարտադիր կենցաղային նորմերի, իմանա, թե որտեղ կարելի է զուգարանային կարիքները հոգալ և որտեղ՝ ոչ: Եվ եթե կենցաղային նման հողի վրա բռնկված վեճը դժբախտ պատահարի է վերածվում, եկե՛ք յուրաքանչյուրս ստանձնենք պատասխանատվության մեր չափաբաժինը»։ 

Ի պատասխան հարցի՝ պաշտպանության նախարարությունը բանակի խնդիրները շահարկելու հարցում հաճախ մեղադրում է հասարակության որոշ խմբերի: Որտե՞ղ է քննադատության ու շահարկման սահմանը՝ նախկին նախարարը մասնավորապես  արձագանքել էր. «Մեզ համար դժվար է հասկանալ նրանց, ովքեր բանակին քննադատելը դարձրել են առօրյա զբաղմունք և ինքնահաստատվելու կամ ֆինանսավորվելու միջոց: Ու ցավալին այն է, որ այս վերջին խմբին պատկանող քննադատները թեև շատ սակավաթիվ են, սակայն աղմկում են չափազանց բարձր և փորձում հասարակական ոչ առողջ տրամադրություններ ձևավորել: Տպավորությունն այնպիսին է, որ նրանք առաջնորդվում են ինչքան վատ, այնքան լավ սկզբունքով: Եթե մարդկայնորեն կարելի է փորձել աչք փակել նրանց աշխատանք-զբաղմունքի առաջ, ապա, որպես բանակի մարտունակության համար պատասխանատու պաշտոնյա, ես իրավունք չունեմ անտարբեր մնալ այն զարգացումների նկատմամբ, որոնք կարող են վտանգել բանակ-հասարակություն փոխվստահության մթնոլորտը: Դա ազգային անվտանգության հարց է, և բոլոր նրանք, ովքեր կեղծ տեղեկություններ տարածելով կփորձեն քայքայիչ միջամտություն ունենալ բանակ-հասարակություն օրգանական կապում, իրավական դաշտում նրանց պատասխանատվությունը լինելու է անխուսափելի»:   Սույն հարցազրույցում Օհանյանը նաև նշել էր, թե «անթույլատրելի է բանակում արձանագրված միջադեպերի շահարկումը և հանրության հույզերը անձնական, խմբային կամ քաղաքական նպատակների համար օգտագործելը»։ Մի բան, որով զբաղված է այսօրվա ընդդիմությունը, այդ թվում նաև ինքը՝ Օհանյանը,  իր ղեկավարած խորհրդարանական խմբակցությամբ։  

Հեղինե Մանուկյան 
 
 
Աղբյուր՝ civic.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ադրբեջանն,ամեն,ինչ,անում,է,որպեսզի,խուսափի,հայաստանի,հետ,երաշխավորված,խաղաղության,պայմանագիր,կնքելուց․,պատգամավոր , Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանը շատ լավ վերլուծում է, թե խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում Հայաստանը ինչպիսի լուրջ հեռանկարներ կարող է ունենալ։
թուրքիա,անկարա,իրաք,քուրդ-զինյալների-դեմ-պայքար,քուրդիստանի-բանվորական-կուսակցություն,քբկ,pkk,թուրքիայի-արտգործնախարար,հաքան-ֆիդան,իրաքի-արտաքին-քաղաքական-գերատեսչության-ղեկավար,ֆուադ-հուսեյն , Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Դեկտեմբերի 19-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆուադ Հուսեյնը։
իշխան,սաղաթելյանը,գեղարքունիքում,փորձել,է,արդարանալ,և,իր,նոր,«նապառնիկ»,լևոն,քոչարյանի,հետ,ժողովրդին,նախապատրաստել,ռևանշի,չորրորդ,փորձին , Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
«Դիմադրություն» շարժման առաջնորդ ընկեր Իշխանի՝ Վարդենիսում հնչեցրած ելույթին, որում վերջինս փորձեց ոտքի վրա հիմնավորել իշխանափոխության ձախողման պատճառները։
ադրբեջանը,դժկամություն,է,ցուցաբերում.,կոստանյան , Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը BBC-ին տված հարցազրույցում ասել է, թե Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում:
2018-ի,մեր,ժառանգած,բանակցային,բովանդակությամբ,արդեն,իսկ,լղ-ի,պետական,կարգի,լուծարման,գործընթացը,սկսված,փաշինյան , 2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
Լիսաբոնից սկսած՝ պարզ էր, որ ոչ միայն տարածքների հետվերադարձի, այլև պետական ինստիտուտների վերացման հարց է դրված:
ուր,հիմա,լեռնային,ղարաբաղի,քաղաքացիական,բնակչությունը․,նիկոլ,փաշինյանն,անդրադարձել,ռդ,ագն-ի,հնչեցրած,մեղադրանքներին ,  Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը խորհուրդ կտամ վերցնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարդալ՝ 8-րդ կետը ներառյալ:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: