ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
ՌԴ-ից այլևս ակնկալիք չկա․ ստեղծված ծանր խնդիրը հաղթահարելու համար բոլորս պետք է սայլը մի ուղղությամբ շարժենք, զիջելու տեղ չունենք

Արցախի 26-օրյա շրջափակման ընթացքում Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորները և գործադիր իշխանության ներկայացուցիչները հանդիպումներ են սկսել շրջանների բնակչության հետ՝ ստեղծված իրավիճակի վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնելու, տեղում առկա հրատապ խնդիրներին ծանոթանալու և բնակչությանը հուզող հարցերին պատասխանելու նպատակով։

«Ստեղծված ծանր խնդիրը այս փուլում հաղթահարելու համար բոլորս պետք է սայլը մի ուղղությամբ շարժենք»,- Civic.am-ի հետ զրույցում նշված հանդիպումների մասին ընդհանուր և հակիրճ  այսպիսի բնորոշում տվեց Արցախի ԱԺ անկախ պատգամավոր Կարեն Հովհաննիսյանը։ Ապա անդրադառնալով հարցին, թե ԱԺ պատգամավորները, հաշվի առնելով բնակչության շրջանում իշխող տրամադրությունները, մասնավորապես՝ ոչ մի քայլ զիջելու, չհնաձնվելու կամքն ու պատրաստակամությունը, այս ծանր վիճակից դուրս գալու ինչ հնարավոր ելքեր են տեսնում, առաջարկում, նախ՝ հերքեց լուրերը, թե իշխանությունները արցախահյությանը ցավոտ զիջումների են նախապատրաստում,ապա նշեց․ «Մեր կողմից բանաձևը հստակ է, որն արձանագրվել է վերջին մեծաքանակ հանրահավաքի ժամանակ: Մենք՝ արցախցիներս, զիջելու բան այլևս չունենք, մենք պատրաստ ենք երկխոսության, պատրաստ ենք հարևանությամբ խաղաղ գոյակցելու, բայց ոչ երբեք Ադրբեջանի կազմում։ Սակայն մյուս կողմից, ինչքան էլ միջազգային հանրությունը կոչ անի, որ խնդիրները պետք է լուծել երկխոսության, բանակցությունների միջոցով, ինչքան էլ պատրաստ լինենք երկխոսության, պետք է հաշվի առնել՝ Արցախի և Հայաստանի իշխանությունների, ժողովրդի ցանկությունից չէ դա միայն կախված, պետք է հակառակ կողմը ևս քայլ անի, եթե իսկապես այլ հեռակա քողարկված նպատակներ չի հետապնդում և ցանկանում է հակամարտությունը լուծել»։

Սակայն Ադրբեջանը պատրաստ չէ որևէ երկխոսության, հակառակը՝ հետևողականորեն ու բացահայտ հակահայ, էթնիկ զտման քաղաքականություն է իրականացնում և անընդհատ միակողմանի պահանջներ ներկայացնում, ինչի պատճառով այս պահին Արցախի և Ադրբեջանի միջև, որպես այդպիսին, բանակցություններ չկան․ «Համենայնդեպս իր հարցազրույցում այդպես է ասել Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը, և դա ընդունենք որպես փաստ։ Հետևապես արցախահայությունը, Հայաստանի ժողովուրդը, ադրբեջանական պահանջները չընդունելով, հաստատապես ասում է և պիտի ասի՝ ինչքան էլ հիմա մեզ համար դժվար է, դաժան մարտահրավերի առաջ ենք, բայց մենք վճռական ենք տրամադրված մեր ազգային շահերը պաշտպանելու հարցում, հետքայլ չենք անելու, զիջելու բան չունենք»,- հավելեց նա։

 Հարցին, թե ինչպես են պայքարելու, եթե հումանիտար ճգնաժամի երկարաձգումը կարող է աղետալի հետևանքներ ունենալ, պատգամավոր Հովհաննիսյանն ասաց՝ «Ամեն գնով, ընդհուպ պատրասստ ենք կռիվ տալ գոյության իրավունքի համար։ Ամենավերջում, երբ կլռեն բանակցությունները, երբ միջազգային հանրությունն այլևս ի զորու չի լինի ոչինչ անել, և որևէ ելք չի լինի, արցախահայությունը կռվով կպաշտպանի իր ապրելու իրավունքը, ինչքան էլ դա դաժանագույն լինի։ Եթե դրա արդյունքում կլացեն ադրբեջանցի մայրերը, թող այդպես լինի, մենք կորցնելու բան և նահանջելու տեղ չունենք․ հետ կանգնել մեր սկզբունքներից անորոշ ապագայի համար, դա կնշանակի հայրենիքի կորուստ, կնշանակի՝ արմատներից կտրվել: Ճնշելով սովով, զրկելով այլ կենսական պահանջների բավարարման հնարավորությունից, Ալիևը չի կարողանա մեր կամքը կոտրել, որովհետև մեր հազարամյա պատմական անցյալը, հարուստ մշակույթը ու փորձությունների հաղթահարման կենսափորձը և հատկապես՝ վերջին 30 տարիների անկախ պետականության կառուցման պատմությունն ունենալով՝ մենք վճռականորեն պատրաստ ենք մեզ հասու բոլոր միջոցներով ինքնապաշտպանվել։ Մենք էլ՝ որպես այս մոորակի վրա ապրող հազարավոր ժողովուրդներից մեկը, ունենք արևի տակ ապրելու, պետություն ունենալու իրավունք, որն ի վերուստ է տրված: Արցախի բնությունը առատ է, փառք Աստծո, դեռ չեն սպառվել պաշարները, բացի այդ՝ ամենակարևորը մեր կամքի, ոգու պաշարները անսպառ են։ Բայց, ի վերջո, պետք է ընդունենք՝ մենք հարևաններ ենք, դատապարտված ենք խաղաղ գոյակցության, որը  միայն կարող է տալ երկու երկրներին հնարավորություն՝ ստեղծելու, զարգանալու, իսկ եթե ուզում են ստրկացնել, ճորտացնել, բռնի տեղահանել, մենք պատրաստ ենք դիմագրավել»: 

 Հովհաննիսյանն ըմբռնումով է մոտենում ռուս խաղաղապահներին ուղղված իրենց պարտավորությունը կատարելու և միջանցքով ազատ, անվտանգ երթևեկը ապահովելու պահանջով արցախահայության բողոքի ակցիաներին, սակայն ակնկալիք չունի․ «Դրանք անելանելիությունից դրդված քայլեր են, արդարության բաղոքի ձայն. փորձում են ինչ-որ ելք գտնել, բնական է։ Ես՝ որպես պատգամավոր, հանդիպել եմ կազմակերպիչների հետ, Տիգրան Պետրոսյանի հետ եմ խոսել, իմ կարծիքը հայտնել, նրանք էլ, որպես քաղհասարակության ներկայացուցիչներ, իրենց դիրքորոշումն են  արտահայտել: Այստեղ կարևորն այն է, որ այս խոր փոսում բոլորս միասին ենք և պետք է փոխընբռնումով, փոխադարձ օգնությամբ դուրս գանք։ Այնուամենայնիվ, ես ոչ մի  ակնկալիք չունեմ, որ այս ակցիաների արդյունքում  ռուս խաղաղապահները կբացեն ճանապարհը»։ 

 Պատճառը, պատգամավորի խոսքով, շատ պարզ է․ չնայած իրենց ստանձնած պարտավորություններին՝ ռուս խաղաղապահներն ընդամենը հրաման են կատարում, իսկ Լաչինի միջանցքի Շուշիի հատվածի բնապահպանական կեղծ նստացույցը բռնի ցրելու հրաման նրանք չունեն և չեն ունենա։ Հետևապես՝ այս պահին նրանք միայն պահպանում են շփման գծի անդորրը․ «Ես հասկանում եմ խաղաղապահներին․ իրենք բախվել են մի խնդրի, որը, երևի, իրենց գործունեության ընթացքում չէին տեսել և իրենց համար անհասկանալի է՝ խաղաղ ցուցարարներին, բնապահպաններին ինչպես հեռացնեն ճանապարհից, ինչ մեթոդոլոգիայով, որ չդիտվի որպես ուժի կիրառում և չհակասի իրենց խաղաղարար գործառույթին։ Սա լուրջ փորձություն է նաև ռուս խաղաղապահների համար»։ 
 
Պատգամավորն ընդգծեց, որ Ադրբեջանն այս անգամ ավելի խորամանկ ու կոպիտ ձևով է խախտում նոյեբերի 9-ի եռակողմ համաձայնությամբ ստանձնած իր պարտավորությունը՝ փակելով Արցախի միակ ճանապարհը ու առաջ քաշելով այդ համաձայնությունից դուրս, դրան հակասող պահանջներ․ «Այս պահին ուժի մեջ է դեռևս դեկտեմբերի 12-ին ներկայացրած ապօրինի պահանջը՝ մոնիթորինգի ենթարկել Արցախի գործող հանքերը, կոնկրետ «Բեյզ Մեթըլս» ընկերության կողմից շահագործվող հանքերի էկոլոգիական վիճակը, որից հետո  պիտի տեղադրեն ինչ-որ  հսկող սարքեր։ Ավելի ուշ առաջ քաշվեց հսկիչ կետ տեղադրելու պահանջը, որի հեռահար նպատակները, բնականաբար, այլ են։ Ինչպես Ալիևը բազմիցս շեշտել է իր հանրային խոսքում, որԱրցախի խնդիրը լուծված է այլևս, փորձում է աստիճանաբար վերահսկողություն տարածել Արցախից վրա և հայաթափել, բացի այդ հոխորտում է անընդհատ, թե, իբր, Լաչինի միջանցքը համազոր է Զանգեզուրով Նախիջևան միջանցքին և պետք է ունենա նույն կարգավիճակը, նույն իրավական ռեժիմը»,- նշեց նա։ 
Այս քայլերը, պատգամավորի դիտարկմամբ, մեծ հաշվով ուղղված են Մեղրիով արտատարածքային միջանցք ստանալու նպատակին և Հայաստանի պետականության, ինքնիշխանության դեմ, որը, ենթադրաբար, ավելի շատ ամբիցիոզ Էրդողանի ցանկությունն է, իր Մեծ Թուրանի ստեղծման, թուրքական աշխարհի միավորման փայփայած երազանքի մի դետալն է։

 Դիտարկմանը, թե արդեն 26 օր տևող շրջափակման ընթացքում ոչ միայն ռուս խաղաղապահներն են լուռ դիտորդի պես անգործության մատնված եղել, այլև Մոսկվան որևէ կոշտ քննադատություն, ճնշում չի գործադրել Ադրբեջանի հանդեպ, այլ հակառակը՝ հայկական կողմին է մեղադրել ապակառուցողական մոտեցման մեջ, սպառնալիքներ հնչեցրել՝ փորձելով այդպես քողարկել իր անգործությունը, Հովհաննիսյանն ասաց, որ Մոսկվայի անկարողությունը և դա ծածկելու փորձը  հետևանք են Ռուսաստանի ներկայիս բարդ իրավիճակի, որն առաջացել  է Մոսկվայի ռազմավարական լուրջ սխալների հետևանքով։ Այդ սխալներից մեկը Արցախի 44-օրյա պատերազմն է, երկրորդը՝անցած տարվա փետրվարին սկսած Ուկրաինայի հետ պատերազմն է, որտեղ ՌԴ քաղաքական իշխանությունը լուրջ խնդիրներ, անհաջողություններ ունի, որովհետև իրենց հաշվարկները, մեղմ ասած, չեն արդարացել․ «Այս պարագայում առճակատման գնալ Հարավային Կովկասում, որտեղ մեծ խաղացող է Թուրքիան, ինձ թվում է՝ չի գնա Մոսկվան, և դա է հիմնական պատճառը, որ ռուս խաղաղապահները Արցախում այսպիսի կրավորական կեցվածք են դրսևորում։ Արդյունքում ՌԴ-ի՝  հավասարակշռությունը պահելու գինը այսօր վճարում ենք մենք՝ արցախցիներս, և որպեսզի կարողանանք դիմակայել, պետք է  բանակի վիճակը բարելավենք, ժողովրդի հետ հանդիպմանը ես նաև սրա մասին եմ ասել»,- ասաց պատգամավորը։ 

Անդրադառնալով միջազային հանրության արձագանքին  ու ջանքերին՝ վերջինս ընդգծեց, որ թերի է գնահատում բոլոր ինստիտուտների աշխատանքը խնդրի իրազեկման հարցում, մասնավորաապես նա նշեց Հայ առաքելական եկեղեցու, սփյուռքի համայնքների պասիվությունը․ «Համայնքները և բոլոր հոգևոր կառույցներն իրենց բոլոր հնարավորությունները, միջոցները պետք է ներդնեն՝ բարձրաձայնելու Ադրբեջանի կողմից պատանդ դարձած 120 000 հայության էկզիստենցիալ խնդիրները և նպաստել, որ միջազգային հանրությունը, ի վերջո, պատժամիջոցներ կիրառի ագրեսոր Ադրբեջանի դեմ։ Ամեն ինչ աշխատանքից է կախված, եթե այս տեմպով շարունակենք՝ արդյունք չենք ունենա, իսկ եթե աշխարհի տարբեր բևեռներում՝ Ռուսաստանում, Թուրքիայում, թեկուզ Չինաստանում, եվրոպական և այլ երկրներում, միասնական կերպով պայքարենք, գոնե մի պետական կառույց շրջափակենք, արդյունքի կհասնենք»,-նշեց  պատգամավորը:
 
Քաղհասարակության ակտիվ ներկայացուցիչ, իրավաբան Ռաֆայել Մարտիրոսյանը կարծում է, որ ստեղծված իրավիճակում  բնական  է, որ Արցախի իշխանությունները, բնակչության հետ հանդիպումներ, քննարկումներ են ձեռնարկում, ելքեր որոնում հումանիտար աղետից խուսափելու համար, նրանք պարտավոր էին անել այս միջոցառումները: Սակայն, ըստ նրա, մինչև շրջափակումը իշխանությունը պարտավոր էր կանխատեսել ներկայիս իրավիճակը. «Վերջին հաշվով ակնհայտ էր, որ Ադրբեջանը դիմելու է անմարդկային քայլերի, անգամ բացառված չէր ցեղասպանական գործողությունները և նախապես կատարեին կանխարգելիչ քայլեր կամ ավելի պատրաստ լինեին: Փաստորեն շրջահայաց չեն գտնվել: Ինչ վերաբերում է իշխանության ներկայացուցիչների հայտարարություններին, դրանք որոշակիացված չեն, միշտ մնում են հարցեր, որոնք մութ են»,- ընդգծեց մեր զրուցակիցը: 

 Մարտիրոսյանը կարծում է, որ այս միջադեպը կարող  էր   նաև չլինել, եթե իշխանությունները ադրբեջանական նախորդ ագրեսիվ ոտնձգությունների, մարդու իրավունքների դեմ ուղղված գործողությունների ժամանակ այս կամ այն հարցի քննարկման ընթացքում ցույց չտվել ավելի շրջահայաց, անզիջում ու հաստատակամ վերաբերմունք, չեն փորձել միջազգայնացնել խնդիրը և անընդհատ զիջումների են գնացել ռուսական կողմի ոչ հայամետ միջնորդությամբ. «Եթե, օրինակ, մեր իշխանությունները բանակցություններ չվարեին Ադրբեջանի ներկայացուցիչների հետ «Սարսանգի» ջրամբարի, Աղավնոյի  և այլ հարցերի շուրջ՝ մտածելով ավելի բարենպաստ, խաղաղ վիճակ կստեղծվի հետո, ապա, դժվար թե, այսօր ունենայինք այս իրավիճակը: Վկայակոչած բանակցությունները, փաստորեն, Ադրբեջանի համար հաղթաթուղթ են հանդիսացել և իզուր չէ, որ միջազգային հարթակում այս հարցերը բարձրացվում են:

Իհարկե, Աղավնոն զիջվեց ոչ նոյեմբերի 9-ի հայտարարության իրավական տարրին համապատասխան ժամկետում 
և ընդհանրապես դա քննարկման առանձին թեմա էր, որը պետք է օգտագործեր Արցախի իշխանությունը, սակայն փաստորեն չի կատարել: Ես կարծում եմ՝ մեր իշխանության բանակցությունները պետք է վարեին Մինսկի խմբի շրջանակներում, անկախ նրանից, թե ինչպիսի հարցեր են քնարկել»,- ասաց Մարտիրոսյանը:

 Բացի այդ, նրա  դիտարկմամբ, Արցախի իշխանությունը լիարժեք համախոհությամբ, ներդաշնակ չի համագործակցում ՀՀ իշխանությունների հետ, թվում է նույնիսկ  ներհակություն կա երկու իշխանությունների միջև: 

 Դիտարկմանը, թե Արցախում հաստատակամ բացառում են որևէ զիջում ճանապարհի բացման դիմաց, մյուս կողմից՝ չի հաջողվում ոչ մի կերպ, անգամ բողոքի ակցիաներով Մոսկվային ստիպել կատարել իր պարտավորությունները, ու բացի դա էլ շրջափակման մեջ երկար դիմակայել հնարավոր չէ, ինչ ելք են տեսնում  արցախահայերը, Մարտիրոսյանն ասաց, որ Արցախում անընկճելի վիճակ է: Հանրությունը գիտակցում է, որ Արցախի պաշարումը մի քանի նպատակ ունի, որոնց հեռանկարում Հայաստանին սուբյեկտայնությունից զրկելն է. «Համառորեն պնդում ենք, որ զիջումներ չի կարող լինել: Արցախի հարցում որևէ տեսակի զիջմանը կհաջորդի Հայաստանի նկատմամբ բացահայտ ագրեսիան, նորանոր ճնշումները: Եվ այս գիտակցումով Արցախի բնակչությունը նախընտրում է անզիջում լինել և վերցնել իր վրա ծանր բեռը: Արցախը նախընտրում է սրտի առողջությունը, քան մարմնի այլ վնասվածքը: Ու այդ դատողությունից ելնելով՝ չի թույլատրի իշխանությանը գնալ հայրենադավ գործարքների»,-շեշտեց արցախցի զրուցակիցը:

 Ինչ վերաբերում է Ռուսաստանի դիրքորոշմանը և քայլերին, ապա, նրա համոզմամբ, ինքնախաբեություն է ու նույնիսկ վտանգավոր  ՌԴ-ի հետ հույսը կապելը և դրական արդյունք ակնկալելը, որովհետև արդեն անվիճելի իրողություն է, որ պաշարման հեղինակը Ռուսաստանն է, իսկ կատարողը Ադրբեջանը . «Սրանք սոսկ խոսքեր չեն, այն հիմնված են ծանրակշիռ փաստերի վրա: Բավարար է վերլուծել ՌԴ ներկայացուցչի ելույթը ՄԱԿ-ի ԱԽ-ում: Մենք ականատես եղանք ՌԴ-ի  կողմից  հօգուտ Ադրբեջանի  փաստարկների ներկայացման: 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ առկա չլինելով որևէ պայման էկոլոգիային վերաբերող՝ ՌԴ ներկայացուցիչը պաշարումը փոխկապակցեց Կաշենի հանքի հետ: ՌԴ տվյալ փաստարկները ոչ այլ ինչ են, քան խնդիրը խորացնելու փորձ: Իսկ նպատակը մեկն է՝ Հայաստանին զրկել ինքնիշխանությունից: Այդ իսկ պատճառով ՌԴ-ի հետ հույսեր կապելը իրականությանը չհամապատասխանող մտքերի, ներշնչանքի արդյունք են, այդ համոզմունքի նկատմամբ կեղծ հավատ»,- բացատրեց Մարտիրոսյանը:

 Վերջինս ստեղծված ծայրահեղ վտանգավոր իրավիճակի հանգուցալուծումը տեսնում է դիվանագիտական ճանապարհների մեջ: Անվտանգային խնդիրների լուծման հարցում նրա համոզմամբ՝ անհրաժեշտ է վիետնամական ռազմավարությամբ առաջնորդվել, բացի այդ՝ անհրաժեշտ է դիմել Արդարադատության միջազգային քրեական դատարան, Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ ԱՄՆ և Ֆրանսիայի հետ ակտիվ աշխատանքներով հասնել նրան, որ միջանցքում միջազգային հումանիտար առաքելություն տեղակայվի: Այս գործոններից բացի՝ Մարտիրոսյանն անհրաժեշտ է համարում աջակցություն ցույց տալու խնդրանքով դիմել աշխարհում հեղինակություն վայելող հայերին և մեր ժողովրդի բարեկամ մարդկանց: 

«Եթե քաղաքակիրթ աշխարհը անտեսի մարդկային իրավունքները, արժանապատվությունը, ապա մեզ՝ արցախցիներիս, ոչինչ չի մնում անել, քան մեր ուժերով բացել ճանապարհը»,-եզրափակեց արցախցի մեր զրուցակիցը:
 
Թամարա Ղազարյան
Աղբյուր՝ civic.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: