ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Մակունցը կոնգրեսականներին է ներկայացրել Ադրբեջանի ապակայունացնող գործողությունները
Դեսպան Լիլիթ Մակունցը հեռավար հանդիպում է ունեցել նաև Կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փալլոնի և փոխնախագահ Ադամ Շիֆի հետ։Դեսպան Մակունցը կոնգրեսականներին է ներկայացրել Ադրբեջանի ապակայունացնող գործողությունները, մասնավորապես՝ մարտի 24-ին Արցախի Փարուխ գյուղ ներխուժումը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների բնականոն աշխատանքի խաթարումը, ինչը հանգեցրել է հումանիտար ճգնաժամի։Դեսպան Մակունցն ընդգծել է միջազգային հանրության, այդ թվում ԱՄՆ-ի հստակ արձագանքի անհրաժեշտությունը և կարևորել ԵԱՀԿ Մինսկի խմբի հանախագահության դերը ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործում։
Լիլիթ Մակունցը հանդիպել է նաև ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպական ու եվրասիական հարցերով գլխավոր փոխտեղակալ Դերեք Հոգընի հետ: Հանդիպման ընթացքում դեսպան Մակունցը ներկայացրել է վերջին շրջանում Ադրբեջանի կողմից իրականացվող սադրիչ գործողությունները, հրադադարի խախտման առ այսօր շարունակվող դեպքերը, ինչպես նաև Արցախի կենսական նշանակության ենթակառուցվածքների բնականոն աշխատանքը միտումնավոր խոչընդոտելու ադրբեջանական գործողությունները։