Ուժեղ երկրաշարժի հավանականությունը փոքր է. բնակիչները կարող են վերադառնալ իրենց բնակարանները. ԱԻՆ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկություն է տարածել հետցնցումների հավանականության մասին` նշելով, որ բնակիչները կարող են վերադառնալ իրենց բնակարանները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱԻՆ հաղորդագրությունում նշվում է.
«Հարգելի´ քաղաքացիներ, այս պահի դրությամբ հետցնցումների ակտիվությունը շարունակվում է։ Առկա տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ ուժեղ երկրաշարժի հավանականությունը փոքր է։ Բնակիչները կարող են վերադառնալ իրենց բնակարանները։ Հնարավոր է լինի հետցնցում, որը կզգացվի բնակչության կողմից, սակայն հորդորում ենք խուճապի չմատնվել»։
Փետրվարի 13-ին, տեղական ժամանակով ժամը 22:25 -ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 18:25-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.19⁰ և արևելյան երկայնության 43.97⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան` Բավրա քաղաքից 16 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.2 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:
Երկրաշարժը զգացվել է Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզերում 4-5 բալ ուժգնությամբ և Երևան քաղաքում 3 բալ ուժգնությամբ: