ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
  
Իրանի տեսարժան վայրեր-Սուրբ Ստեփանոս վանք
Սուրբ Ստեփանոս վանքը (նաև՝ Մաղարդավանք) 9-րդ դարի հայկական կրոնական համալիր Իրանի հյուսիսում, 15 կմ դեպի հարավ-արևմուտք հեռավորության վրա Ջուղա քաղաքից, Արաքս գետի աջ ափին բարձրացող Մաղարդա լեռան լանջին, հայկական Դարաշամբ բնակավայրից (այժմ՝ լքված) մոտ 1 կմ արևելք։ Հետագա դարերում մի քանի անգամ վերանորոգվել է։ 2008 թ. այն գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության համաշխարհային ժառանգության մեջ Սուրբ Թադևոսի վանք և Ծոր Ծոր վանքերի հետ միասին, Հայկական եկեղեցիները Իրանում» անվան տակ։ Ըստ XII դ. ասորի ժամանակագիր Միքայել Ասորու, հիմնադրել է Բարդուղիմեոս առաքյալը։ Գրավոր առաջին տեղեկությունը Խաչիկ Ա Արշարունի կաթողիկոսի 976 թ.-ի կոնդակն է, որով հաստատվել են վանքին հարկատու կալվածքների սահմանները։ Նույն թվականին վանքը վերահաստատել և վերաշինել է Բաբկեն եպիսկոպոսը։ Ս. Ստեփանոս եկեղեցու օծմանը ներկա են եղել Խաչիկ Ա Արշարունին և Հայոց Աշոտ Ողորմած թագավորը, որոնք վանքին ընդարձակ տիրույթներ են նվիրել։ Աշոտի դուստր Հռիփսիմեն 981 թ.-ին վանքին կտակել է Աստապատի իր դաստակերտը, այգիներ, արտեր։ Կտակում նշվում է, որ վանքապատկան երեք եկեղեցիները՝ Սբ. Ստեփանոսը, Սբ. Աստվածածինը և Սբ. Գևորգը, խարխուլ էին, և գլխավոր եկեղեցին (Սբ. Ստեփանոսը) նորոգել է իր հայրը։ Վանքը հիշատակվում է 1173 թ.-ին նկարազարդ ձեռագրի ընծայման կապակցությամբ։ 1270 թ.-ին նկարագրել է Վարդան Բաձրբերդցին։ 1330 թ.-ին մոնղոլ Աբու Սայիդ իշխանը հաստատել է վանքի կալվածքները։ XIII– XIV դդ. վանքը հայտնի մշակութային կենտրոն էր, 1332 թ.-ին այնտեղ տասից ավելի վանականներ ձեռագրեր են ընդօրինակել, գործել է դպրոց։ 1331 թ.-ին գրված «Նարեկի» հիշատակարանում վանքն անվանվում է «մեծ ու հռչակավոր»։ Դեռ 1427 թ.-ին հիշատակվում են նրա երեք եկեղեցիները, սակայն 1541 թ.-ին Հայոց կաթողիկոս Գրիգոր ԺԱ Բյուզանդացու կոնդակում նշվում է միայն Սբ. Ստեփանոսը։ XVI դ. վանքը խարխուլ էր, 1589 թ.-ին Մարտիրոս վարդապետը նորոգման աշխատանքներ է կատարել։ Մովսես Գ Տաթևացի կաթողիկոսը 1631 թ.-ին վանքին դրամահավաքի իրավունք է տվել և հորդորել ժողովրդին՝ օժանդակել այս կարևոր հոգևոր կենտրոնի պահպանմանը։ Ըստ XVII դ. պատմիչ Առաքել Դավրիժեցու, 1633 թ.-ին վանահայր դարձած Հակոբ Ջուղայեցին (ապագա կաթողիկոս Հակոբ Դ Ջուղայեցի) մինչև հիմքերը քանդել է վանքի եկեղեցին ու մյուս շինությունները և կառուցել նոր եկեղեցի, պարիսպներ և նրանց կից բնակելի ու օժանդակ շենքեր։ Ըստ Ս. Ստեփանոս եկեղեցու գմբեթի թմբուկի արձանագրության, դա կատարվել է 1643–1655 թթ.-ին, սակայն շինարարությունը շարունակվել է մինչև 1662 թ.-ը։ Հակոբ Դ Ջուղայեցու Ամենայն հայոց կաթողիկոս ընտրվելուց (1655) հետո վանքի շինարարությունը շարունակել են Հովհաննես, Պետրոս և Հակոբ Շամբեցի վանահայրերը. կառուցել են արևմտյան պարիսպը, սեղանատունը, խցերը և զանգակատունը։ 1759 թ.-ին վանքի շենքերը վնասվել են երկրաշարժից։ Սբ. Ստեփանոս եկեղեցին հետագայում նորոգվել է 1704, 1826 և 1865 թթ.-ին, հյուսիսային բակի սենյակները նորոգվել են 1832 թ.-ին, իսկ 1840 թ.-ին երկրաշարժից վնասված զանգակատունը՝ 1879 թ.-ին։ 1828 թ.-ի Թուրքմենչայի պայմանագրով Արաքս գետը դարձել է ռուս-պարսկական սահման, և վանքը կորցրել է Նախիջևանի ու Գողթնի իր թեմերը, իսկ Ատրպատականից հայերի արտագաղթից հետո՝ զրկվել եկամուտներից։ Փակվել է դպրոցը, գրադարանի ձեռագրերը փոխադրվել են Էջմիածնի մատենադարան։ Դարաշամբի Սուրբ Ստեփանոս Նախավկա վանքի և Արտազի Սբ. Թադե վանքի թեմերի միավորումով կազմվել է Ատրպատականի առաջնորդություն՝ Թավրիզ կենտրոնով։ 1917–1921 թթ.-ին թուրքերը չորս անգամ թալանել են վանքը և հրկիզել գրադարանը։ 1973 թ.-ին մինչև վանքը կառուցվել է ավտոխճուղի։ 1983 թ.-ին, իրանահայ համայնքի և «Երկիր և մշակույթ» (Փարիզ) կազմակերպության նյութական օժանդակությամբ Իրանի պետական «Միրասե ֆարհանգի» («Մշակութային ժառանգություն») հաստատությունը թիթեղապատել է տանիքները, հենակներով ամրացրել զանգակատան խարխլված կամարները, վերակառուցել արևելյան բակի քանդված խցերը, վերանորոգել խոհանոցն ու սեղանատունը։
լուսանկարիչ :

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: