ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
  
Աղջոց վանք
Աղջոց վանք, Աղջոց Ս. Ստեփանոս վանք, ՀՀ Արարատի մարզում, Գեղարդավանքից 7 կմ հարավ-արևելք, լեռան լանջին: Ըստ ավանդության` հիմնադրել է Գրիգոր Ա Լուսավորիչը IV դ. սկզբին` որպես կուսանաց վանք, Տրդատ Գ արքայի հալածանքներից փախած և այստեղ ապաստանած Ստեփանոս քահանայի նահատակման տեղում: Աղջոց վանքի ներկայիս կիսավեր համալիրը կառուցվել է XIII դ. և բաղկացած է երկու եկեղեցուց, գավթից, նրանցից հս. գտնվող բնակելի ու տնտեսական շինություններից: Գլխ.` Ս. Ստեփանոս եկեղեցին կառուցել է վանահայր Աբել վարդապետը 1212–17-ին, իշխան Գրիգոր Խաղբակյանի օժանդակությամբ: Եկեղեցին ունի ներքուստ խաչաձև, չորս անկյուններում երկհարկ ավանդատներով գմբեթավոր հորինվածք (գմբեթն ավերվել է երկրաշարժից): Արմ. կողմից կից է վանքի գավիթը (1217–34), որի ծածկն իրականացված է եղել երկու զույգ խաչվող կամարներով (պահպանվել են գավթի արլ. մասի պատերը): Ս.Ստեփանոս եկեղեցուն հս-ից կից է Երեմիա վանահոր օրոք իշխան Վասակ Խաղբակյանի 1270-ին կառուցած Ս. Պողոս-Պետրոս թաղածածկ եկեղեցին` խորանի երկու կողմերում ավանդատներով և հվ. պատին կից սենյակներով:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: