Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության «Արաս» ազատ տնտեսական գոտու զբոսաշրջության հարցերով պատասխանատու փոխնախագահ Մոհսեն Մոհամմադզադենին ու նրա ղեկավարած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցում էին նաև մարզպետի օգնական Սուրեն Քեսեջյանը, մարզպետի աշխատակազմի և Կապանում ԻԻՀ հյուպատոսության ներկայացուցիչներ։ Հայտնում են մարզպետարանի մամուլի ծառայությունից։ 
Հայկ Հարությունյանը ողջունեց պատվիրակության այցը Սյունիք ու շնորհակալություն հայտնեց երկուստեք հարաբերությունների խորացման մեջ հետաքրքրություն ցուցաբերելու համար։
Հյուրերը նշեցին, որ շահագրգռված են սերտ համագործակցություն հաստատել «Արաս» ԱՏԳ-ի ու Հայաստանի, հատկապես հարևան Սյունիքի միջև և տեղեկատվական տեսանյութերով ներկայացրեցին «Արասը», նրա զարգացած ուղղությունները, ներդրումային հնարավորություններն ու ներուժը տարբեր բնագավառներում՝ տնտեսություն, գիտություն, կրթություն, մշակույթ, լոգիստիկա, զբոսաշրջություն և այլն։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին այն ուղղությունները, որոնք կարող են հետաքրքրություն ներկայացնել հետագա փոխգործակցության համար․ ԱՏԳ-ի ներկայացուցիչները մի շարք առաջարկություններ փոխանցեցին հատկապես զբոսաշրջության, մշակույթի, կրթության ոլորտների համար։ Մարզպետի աշխատակազմը կուսումնասիրի դրանք ու կոնկրետ ծրագրեր կառաջարկի համատեղ իրականացման, հետագա կապերի ընդլայնման համար։