Ինչպես հաղորդում է MEDUZA-ն՝ հունիսի 23-ի առավոտյան Պրիգոժինը տեսանյութ է հրապարակել, որում քննադատում է նախարարությանը և մեղադրում նրանում, որ այն «խաբում է նախագահին»: Պրիգոժինի խոսքով՝ ռուսական զորքերը Ուկրաինայում «արյունով են լվացվում», Ուկրաինայի ԶՈւ-ն հաջող հարձակում է իրականացնում, իսկ ռուսական զորքերը «որևէ կերպ չեն կառավարվում»:
Ցերեկը Պրիգոժինը հայտարարել է, որ հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե Շոյգուի և Գլխավոր շտաբի պետ Վալերիյ Գերասիմովի դեմ, քանի որ նրանք պատասխանատվություն են կրում ռուս ժողովրդի ցեղասպանության համար»:
Արդեն երեկոյան ՄՌԿ Վագների ղեկավարը հայտարարել է, որ կառույցի ճամբարներին հրթիռային հարվածներ են հասցվել և իրենք ունեն շատ զոհեր: Նա հարձակման մեջ մեղադրել է ՌԴ ՊՆ-ին և ասել, որ իրենք 25,000 զինվորներով գալիս են «վերականգնելու արդարությունը»:
ՌԴ պաշտպանության նախարարությունը Պրիգոժինի հայտարարությունը «Վագներ» ՄՌԿ-ի ճամբարներին «ռուս զինվորականների կողմից հարվածելու» մասին հայտարարությունը «տեղեկատվական սադրանք» է անվանել։ ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ «Եվգենի Պրիգոժինի անունից սոցիալական ցանցերում տարածված բոլոր հաղորդագրություններն ու տեսագրությունները «Վագներ ՄՌԿ-ի թիկունքի ճամբարներին ՌԴ ՊՆ-ի կողմից իբր հարված հասցնելու մասին» չեն համապատասխանում իրականությանը և տեղեկատվական սադրանք են»։ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը, ինչպես հաղորդում է РИА Новости-ն , «շարունակում են մարտական առաջադրանքներն Ուկրաինայի զինված ուժերի հետ շփման գծում հատուկ ռազմական գործողության տարածքում»։
Իր հերթին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը տեղյակ է «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինի շուրջ ստեղծված իրավիճակին, որը փաստացի հայտարարել է ռազմական հեղաշրջում իրականացնելու մտադրության մասին։ 
«Նախագահ Պուտինը տեղեկացված է Պրիգոժինի շուրջ տեղի ունեցող բոլոր իրադարձություններից։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ»,- ասել է Պեսկովը։
Այս հայտարարություններից անմիջապես հետո հայտարարությամբ է հանդես եկել Ազգային հակաահաբեկչական կոմիտեն՝ ընդգծելով, որ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինի հայտարարության հետ կապված Անվտանգության դաշնային ծառայությունը քրեական գործ է հարուցել զինված խռովության կոչ անելու փաստի առթիվ։ Կոմիտեի հայտարարության մեջ նշվում է, որ Եվգենի Պրիգոժինի անունից տարածված պնդումները ոչ մի հիմք չունեն։
«Մենք պահանջում ենք անհապաղ դադարեցնել ապօրինի գործողությունները», - ասվում է Ազգային հակաահաբեկչական կոմիտեի հայտարարությունում: