ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ալիևի վարքագիծը միջազգային արենայում աշխատում է իր իսկ դեմ

Civic.am-ի զրուցակիցն է միջազգայնագետ, քաղաքական վերլուծաբան Դավիթ Կարապետյանը։

- Պարոն Կարապետյան, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օրերս Թալիշում հայտարարել է. «Հայաստանը պետք է պաշտոնապես Արցախը ճանաչի Ադրբեջանի մաս և մեր պայմաններով կատարի սահմանազատում, որպեսզի հայերը 29.000 քառակուսի կմ տարածքում հանգիստ ապրեն»: Հայտնի է, որ Պրահայում հղում անելով Ալմաթիի հռչակագրին՝ Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Ինչպե՞ս կմեկնաբանեք Ալիևի հայտարարությունը։ 

- Ալիևը ամեն օր նոր պահանջներով և ուլտիմատումներով է հանդես գալիս: Եթե դիտարկենք իր վերջին հայտարարությունները՝ կատարած Թյուրքական պետությունների ղեկավարների գագաթնաժողովում, իսկ երկու օր առաջ նաև Թալիշում, ապա վերջինիս պահանջները հետևյալն են. 1. 29 հազար քառակուսի կիլոմետր տարածքում հանգիստ ապրելու համար կա մեկ տարբերակ. Հայաստանը պետք է ընդունի մեր պայմանները, պաշտոնապես ճանաչի Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածք, 2. Ստորագրի մեր կողմից առաջարկված «խաղաղության պայմանագիրը», 3. Սահմանազատումը պետք է տեղի ունենա Ադրբեջանի առաջադրած պայմաններով և իրենց ներկայացրած քարտեզներով, 4. Հայաստան պետք է վերադառնան և վերաբնակվեն հազարավոր ադրբեջանցի փախստականներ, իսկ Հայաստանը պետք է ապահովի «մեծ վերադարձի» ծրագրով «արևմտյան ադրբեջանցիների» իրավունքներն ու անվտանգությունը, 5. Հայաստանը պարտավոր է բացել «Զանգեզուրի միջանցքը»: Միայն այս դեպքում հայերը կկարողանան հարմարավետ ապրել 29.000 քառակուսի կիլոմետր տարածքում: Ալիևը երբ ասում է՝ «Արցախը պաշտոնապես ճանաչել Ադրբեջանի կազմում», նկատի ունի այն, որ ՀՀ իշխանությունները նախատեսվող «Խաղաղության պայմանագրով», այսինքն՝ գրավոր ձևով, փաստաթղթի տեսքով, որպես առանձին կետ, հաստատում են Արցախը Ադրբեջանի անբաժանելի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս լինելը: 

- Ալիևը խոսում է իր պայմաններով սահմանազատումից։ Փաշինյանի խոսքով էլ՝ Ադրբեջանը 19-20-րդ դարի քարտեզ է առաջ բերում։ Ի՞նչ պայմանների մասին է խոսքը։ Սահմանազատման գործընթացը պե՞տք է համապատասխանի միջազգային նորմերին, թե՞ դա բացառապես 2 երկրների համաձայնության հարց է։  

-Ըստ Ալիևի՝ սահմանազատումը պետք է տեղի ունենա Ադրբեջանի առաջադրած պայմաններով և իրենց ներկայացրած քարտեզներով: Ի՞նչ է այն ենթադրում. 1920-1991թթ. տասնյակից ավելի քարտեզներ կան, որոնց մի մասը ձեռնտու է Ադրբեջանին, մյուս մասը՝ Հայաստանին: Դրանք Խորհրդային Միության վարչատարածքային բաժանումների քարտեզներ են, որոնք ժամանակ առ ժամանակ ենթարկվել են փոփոխության: Մի շարք սահմանամերձ արոտավայրեր ներքին որոշումների ու ինչ-ինչ համաձայնությունների արդյունքում փոխանակվել են կամ պարզապես նվիրվել կողմերից որևէ մեկին: Այս հարցում ավելի շահեկան իրավիճակում է Ադրբեջանը: Միայն այն, որ Գեղարքունիքի մարզի Մեծ և փոքր Ալ լճերը՝ իրենց հարակից տարածքներով, Տավուշի մարզի մի շարք արոտավայրեր անցել են Ադրբեջանին և առ այսօր չեն վերադարձվել Հայաստանին՝ արդեն իսկ խոսում է այս հարցում նրանց շահավետ կարգավիճակի մասին: Այդ իսկ պատճառով Ալիևը, օգտվելով պատեհ իրավիճակից, փորձում է ավելին կորզել, ընդհուպ՝ բարձրացնել անկլավների ու էսկլավների հարցը՝ ամրագրելով այն «Խաղաղության պայմանագիր» ասվածի մեջ: Հիմա Ալիևն իր քմահաճույքով առանձնացրել է իրեն ձեռնտու այդ քարտեզները և փորձում է դրանք հրամցնել հայկական կողմին, որպեսզի վերջիններս դրանք հաստատեն: Սահմանազատման և սահմանագծման գործընթացները միանշանակ պետք է համապատասխանեն միջազգային նորմերին: Ավելին՝ այն պետք է տեղի ունենա միջազգային դիտորդների անմիջական ներկայությամբ և մասնակցությամբ: Դա շատ լուրջ ու ծավալուն աշխատանք է, որի համար կպահանջվի ո՛չ թե ամիսներ կամ նույնիսկ տարիներ, այլ՝ տասնամյակներ... Մանավանդ, որ լինելու են բազմաթիվ խնդրահարույց ու անլուծելի հարցեր, որոնք կարող են ողջ գործընթացը տանել փակուղի: Կոնսենսուսի գալը այսպիսի խրթին հարցերում շատ դժվար է: Կամ էլ մնում է, որ կողմերից մեկը զիջի: Էլ չեմ խոսում, որ դեռ հստակեցված ու համաձայնեցված չէ, թե կոնկրետ ո՞ր թվականի քարտեզի հիման վրա է կատարվելու այդ ողջ պրոցեսը: Ես թերահավատ եմ, որ կողմերին կհաջողվի հստակ և ճշգրիտ կատարել նման աշխատանք: Իսկ ինչ վերաբերում է, թե արդյոք դա բացառապես 2 երկրների համաձայնությա՞ն հարց է, ապա ասեմ, որ տվյալ դեպքում դա Ադրբեջանի ցանկությունն է, որին կարծես դեմ չէ հայկական կողմը: Դրա արդյունքում է, որ փոխվարչապետների մակարդակով այս պահին ընթանում են այդ գործընթացի կազմակերպչական աշխատանքները: Իսկ ՌԴ-ն պատրաստակամություն է հայտնել տրամադրել քարտեզները և օգնել, օժանդակել այդ աշխատանքների հավուր պատշաճի իրականացմանը:   

- Ալիևի խոսքով՝ 20 ընտանիք Թալիշ են վերադարձել, և դեռևս 180 ընտանիք էլ կվերադառնան։ Սակայն նոյեմբերի 9-ի հայտարարությամբ՝ ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո։ Այսինքն՝ նաև այնտեղի հայերը պետք է վերադառնան, ինչը չի կատարվում։ Հայաստանն այս պարագայում ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի, որպեսզի Ադրբեջանը ներքին տեղահանված ասվածի ներքո պարզապես անապահով ընտանիքներ այնտեղ չբնակեցնի՝ այդպիսով զբաղեցնելով ողջ գրաված տարածքները։ 

- Շատ ճիշտ և տեղին նկատառում է: Այո՛, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո, համաձայն նոյեմբերի 9-ի հայտարարության պետք է տեղի ունենա Հադրութի, Շուշիի, Թալիշի, Մատաղիսի և այլ բնակավայրերում ապրած և պատերազմի արդյունքում տեղահանված հայերի վերադարձն իրենց բնակավայրերը: Այս հարցում հայկական կողմը պետք է հետամուտ լինի այդ ամենի իրականացմանը: Որպես պահանջ այն պետք է ներկայացվի ինչպես ռուսական կողմին, այնպես էլ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակին: 

- Հաագայի դատարանի որոշումը՝ Լաչինի միջանցքը բացելու մասին, ինչպես տեսնում ենք, Ադրբեջանի կողմից չի կատարվում։ ՀՀ կառավարության վերջին նիստում Նիկոլ Փաշինյանը ԱԳՆ-ին հանձնարարեց ՄԱԿ ԱԽ դիմելու գործընթաց սկսել։ Ինչպե՞ս պետք է իրականացվի այդ գործընթացը, և ի՞նչ ակնկալենք։ 

- Այո, ինչպես տեսնում ենք, Ադրբեջանն անդրդվելի է: Ուստի այլ բան չի մնում, քան իրավական ընթացակարգով դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, որը Դատարանի վճիռը չկատարելու պարագայում ունի միջամտելու, պարտադրելու իրավական ուժ: Դա հատուկ իրավական ընթացակարգ է, որն իրականացնում է արտաքին գործերի նախարարությունը: Կազմվում է դիմում, որն ուղարկվում է ՄԱԿ-ի ԱԽ: Ակնկալիքների մասով փոքր-ինչ թերահավատ եմ: Բայց վստահ եմ, որ այդ կառույցը ի զորու է գործադրել այնպիսի մեխանիզմներ, սահմանել այնպիսի պատժամիջոցներ, որոնց հետ Ալիևը ստիպված կլինի հաշվի նստել, ընդհուպ՝ կատարել Դատարանի որոշումը: 

- Ալիևի՝ «...որպեսզի հայերը 29.000 քառակուսի կմ տարածքում հանգիստ ապրեն» արտահայտությունն արդյոք սպառնալիք չէ՞ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ։ Սա միջազգային հանրության կողմից չպե՞տք է գնահատականի արժանանա։ 

- Ալիևի ցանկացած արտահայտություն և հայտարարություն կարող ենք դիտարկել թե՛ որպես սպառնալիք և թե՛ որպես սադրանք: Սա ո՛չ առաջին և ոչ էլ վերջին սպառնալիքն է նրա կողմից: Նա իր ամպլուայի մեջ է: Վերջինս անկեղծ թշնամի է: Ասում է այն, ինչ մտածում է, և այն, ինչ պատրաստվում է անել: Այնպես որ, չպետք է թերագնահատել կամ մատների արանքով նայել վերջինիս ասածներին: Այո՛, սա ոչ այլ ինչ է, քան ուղիղ սպառնալիք ՀՀ ողջ ինքնիշխան տարածքի և Արցախի նկատմամբ: Սա հերթական ռազմական ագրեսիայի նախապատրաստման բացահայտ դրսևորում է և պատերազմի նախազգուշացում։ Էլ չեմ խոսում անդադար հնչող հայաթափման, էթնիկ զտումների մասին: Իհարկե, նա դեռ «հաղթանակի» էյֆորիայի տակ է, ոգևորվածության ու ցայտնոտի գագաթնակետին է, հիստերիաներն ու նոպաներն ավելի ցայտուն են, ախորժակն էլ՝ բացված... Այնքան բացված, որ Էրդողանին համոզում է ոչ միայն զբաղվել Հայաստանով, այլ նաև Իրանով... Իսրայելին էլ «գրին քարտ» է տրամադրել՝ Իրանի հետ սահմանամերձ հատվածներում ավիաբազա ունենալու համար:

Այդ իսկ պատճառով մեզ մնում է պատրաստ լինել ու պատրաստվել պարտադրվող կամ ոչ պարտադրվող պատերազմի, ունակ լինել հավուր պատշաճի դիմակայել ու տալ արժանի հակահարված: Միայն այդ պարագայում մենք կստանանք հանգիստ ապրելու հնարավորություն ու իրավունք։ Ուզո՞ւմ ենք հանգիստ ապրել, ուրեմն թշնամին պետք է մշտապես անհանգիստ լինի, պետք է նրան միշտ լարված ու կաշկանդված վիճակում պահել: Նման թշնամու պարագայում, նման ատելության, անհանդուրժողականության ու այսքան արյունաթափությունից հետո մոռացե՛ք իրական ու հաստատակամ խաղաղության մասին... Թշնամու համար խաղաղությունը կլինի մեզ իսպառ ոչնչացնելուց ու «իրենց» «պապական» հողերում հաստատվելուց հետո... Հասել ենք այն օրին, որ սեփական հայրենիքում, սուվերեն պետության մեջ մեր ապրելը էքզիստենցիալ վտանգ է իրենից ներկայացնում... Հետևաբար ուզում ենք իրական խաղաղություն, ուզում ենք հանգիստ ապրել մեր մայր հողում, ուրեմն ժամ առաջ պետք է պատրաստ լինենք պատերազմի... Անխո՛ս, սա պետք է արժանանա միջազգային հանրության հատուկ ուշադրությանն ու գնահատականին: Ի դեպ, այսպիսի վարքագիծը միջազգային արենայում աշխատում է իր իսկ դեմ: Շատերն են համոզվել վերջինիս՝ ոչ ադեկվատ, ոչ կառուցողական, ավելին՝ բռնապետ ու ագրեսոր լինելու մեջ:

Նարա Մարտիրոսյան


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
կարևորում,ենք,միջազգային,հանրության,հայկական,մշակութային,ժառանգության,նկատմամբ,ադրբեջանի,կողմից,իրականացվող,քաղաքականության,փաստագրումը․,ագն,խոսնակ , Կարևորում ենք միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության փաստագրումը․ ԱԳՆ խոսնակ
Կարևորում ենք միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության փաստագրումը․ ԱԳՆ խոսնակ
Հայաստանը կարևոր է համարում, որ միջազգային հանրությունը փաստագրում է հայկական կրոնական և մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականությունը, հայտնել է ՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակը՝ պատասխանելով «Aysor.am»-ի հարցմանը:
հայաստան,ադրբեջան,ամն,վաշինգտոն,հայաստան-ադրբեջան-բանակցություններ,ճնշում-բաքվի-վրա,հարցազրույց,ռիչարդ-կիրակոսյան , Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա. Ռիչարդ Կիրակոսյան
Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա. Ռիչարդ Կիրակոսյան
Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա, պատժամիջոցը մնում է ԱՄՆ վերջին ծայրահեղ քայլը. 1lurer.am-ի հարցազրույցը՝ Ռիչարդ Կիրակոսյանի հետ:
դինքին,սպանողի,ազատ,արձակումը,անակնկալ,չէր.,հարցազրույց,«ակօս»-ի,հայկական,էջերի,խմբագիր,բագրատ,էստուգյանի,հետ , Դինքին սպանողի ազատ արձակումը անակնկալ չէր. հարցազրույց «Ակօս»-ի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուգյանի հետ
Դինքին սպանողի ազատ արձակումը անակնկալ չէր. հարցազրույց «Ակօս»-ի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուգյանի հետ
Պոլսահայ հայտնի լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր Հրանտ Դինքի սպանության գործով դատապարտված Օգյուն Սամասթը չորեքշաբթի՝ նոյեմբերի 15-ին, վաղաժամկետ ազատ արձակվեց՝ սեպ խրելով Թուրքիայի հայերի, մասնավորապես՝ Դինք ընտանիքի արնահոսող վերքի մեջ:
ցանկացած,ճանապարհ,որն,անցնում,տարածքով,պետք,է,վերահսկվի,հայաստանի,կողմից.,տոյվո,կլաար , Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար
Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի խոսքով՝ միանգամայն տրամաբանական է, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որը կանցնի Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից։
պահանջում,ենք,որ,լղ,ժողովուրդն,ապահով,վերադարձի,երաշխիքներ,ունենա․,եմ,խոսնակի,բացառիկ,հարցազրույցը , Պահանջում ենք, որ ԼՂ ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա․ ԵՄ խոսնակի բացառիկ հարցազրույցը
Պահանջում ենք, որ ԼՂ ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա․ ԵՄ խոսնակի բացառիկ հարցազրույցը
Եվրոպական Միության արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր խոսնակ Պետեր Ստանոն պարզաբանել է Եվրոպական Միությունից հնչող հայտարարությունները Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով աջակցելու, երկրի հետ վիզաների ազատականացման շուրջ գործընթաց սկսելու վերաբերյալ։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: