Սիրիայի քրդերը նշել են, որ պատրաստ են դիմադրել Թուրքիայի հնարավոր հարձակումներին

Սիրիայի հյուսիսում գտնվող «Սիրիայի դեմոկրատական ուժեր»-ի հրամանատար Մազլում Աբդին հայտարարել է, որ Սիրիայի քրդերը պատրաստ են դիմադրել, եթե Թուրքիան ցամաքային ռազմական գործողություն սկսի և զորք մտցնի Սիրիայի տարածք։
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Մազլում Աբդին հայտնել է Associated Press-ին տված հարցազրույցի ժամանակ:
Նա ընդգծել է, որ իրենք նման հարձակումներին դիմակայելու համար պատրաստվում են դեռ 2019 թվականից։
«Մենք կարծում ենք, որ հասել ենք այնպիսի մակարդակի, որ կարող ենք խափանել ցանկացած նոր հարձակում: Նվազագույնը թուրքական ուժերը չեն կարողանա գրավել նոր տարածքներ, և մեծ ճակատամարտ կլինի: Եթե Թուրքիան հարձակվի որևէ շրջանի վրա, ռազմական գործողությունները կտարածվեն այլ շրջաններում, և այս ամենից մարդիկ կտուժեն »,- ասել է Մազլում Աբդին։
Նոյեմբերի 23-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ հայտարարել է,որ Թուրքիան «քրդական զինված ահաբեկչական խմբավորումների» դեմ ցամաքային ռազմական գործողություն կսկսի «երկրի համար ամենահարմար պահին» (խմբ.-նկատի ունի Թուրքիայի համար հարմար պահին)։
Նոյեմբերի 20-ին Թուրքիայի բանակի օդուժը հարվածել է Իրաքում ու Սիրիայում տեղակայված քրդական ուժերի դիրքերին։
Թուրքիայի իշխանությունները հայտարարել են, որ Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի հետևում կանգնած են «Քրդստանի բանվորական կուսակցությունը» (PKK) և Սիրիայում տեղակայված քրդական ուժերը:
Պաշտոնական Անկարան նրանց համարում է ահաբեկչական ուժեր:
Նմանատիպ Լուրեր





