Եթե որևէ մեկը մտածում է, թե խաղաղության օրակարգը ՀՀ կամ ԼՂ հայության «խաղաղ ոչնչացումն» է, չարաչար սխալվում է. ՀՀ վարչապետ
Նա նշեց, որ սա տեղի է ունենում մի միջավայրում, երբ միջազգային և տարածաշրջանային անվտանգությունը բախվում է լուրջ մարտահրավերների: «Եթե ուշադրություն դարձնենք Ադրբեջանի նախագահի ելույթներին, նա, ըստ էության, սպառնում է բոլորին՝ Ռուսաստանին, Ամերիկայի Միացյալ Նահանգներին, Ֆրանսիային, Իրանին, Եվրոպական միությանը: Ադրբեջանը շարունակում է նաև խոչընդոտել Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացին, որն անկասկած կարող է նպաստել տարածաշրջանային կայունությանը»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ գլոբալ էներգետիկ օրակարգը ոգևորել է Ադրբեջանի նախագահին, բայց ժամանակն է, որ միջազգային հանրությունը համագործակցաբար կոնկրետ միջոցներ ձեռնարկի տարածաշրջանի խաղաղությանը, կայունությանը, անվտանգությանը, ժողովրդավարությանը ահագնացող սպառնալիք դարձած Ադրբեջանի գործելակերպի առիթով. «Մանավանդ որ մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը շարունակում է Հայաստանին անհիմն մեղադրել հրադադարի ռեժիմը խախտելու մեջ: Փորձը ցույց է տալիս, որ նման կեղծ լուրերի տարածումը նոր ագրեսիայի նախաբան է դառնում: Առիթ ունեցել եմ ասելու, որ երբեմն Ադրբեջանը Հայաստանի օկուպացված տարածքներում տեղադրված իր դիրքերի միջև փոխհրաձգություն է իրականացնում՝ Հայաստանին մեղադրելու համար: Եվ սա դարձել է կրկնվող գործելակերպ»:
Նիկոլ Փաշինյանը արձանագրեց, որ Ադրբեջանը շարունակաբար խախտում է նաև 2020 թվականի նոյեմբերի եռակողմ հայտարարության 8-րդ կետը՝ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց փոխանակման վերաբերյալ՝ շարունակելով կալանքի տակ պահել Հայաստանի Հանրապետության բազմաթիվ քաղաքացիների և փորձելով հումանիտար այս խնդիրը դարձնել մանր սակարկության առարկա:
«Եթե որևէ մեկը մտածում է, թե խաղաղության օրակարգը Հայաստանի Հանրապետության կամ Լեռնային Ղարաբաղի հայության «խաղաղ ոչնչացումն» է, չարաչար սխալվում է: Խաղաղության օրակարգը Հայաստանի Հանրապետության և տարածաշրջանի խաղաղ զարգացումը և համակեցությունն է, ու մենք հասնելու ենք մեր նպատակին»,- եզրափակեց վարչապետը: