ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Իրար կրկնող ճակատագրերը պատերազմի վավերագրող Դավիթ Ղահրամանյանի լուսանկարներում (Մաս 1)

Երիտասարդ լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանին շատերը ճանաչեցին 2020 թվականի պատերազմի ընթացքում, երբ շուրջ երկու ամիս ռազմաճակատից լուրերը ստանում էինք նրա լուսանկարներով: Դավիթը չի սիրում խոսել այդ օրերին իր կատարած աշխատանքի մասին, լուսանկարների մասին պատմելն էլ ծանր է, քանի որ դրանցից շատերում պարփակված են մարդկային ծանր ճակատագրեր:

Ցավալի իրադարձություններից 2 տարի անց Մեդիամաքսը զրուցել է պատերազմի վավերագրողի հետ՝ փորձելով բացահայտել նրա լուսանկարներում թաքնված մարդկային պատմությունները:

 

Բարդ երկընտրանք

 

Լուսաբացին, երբ պատերազմը սկսվեց, պայթյունների ձայնից հասկացա, որ պատերազմ է, պատերազմի պայթյուններ էին, այլ տպավորություն չկար: Ինչպես Ապրիլյանի ժամանակ, այնպես էլ այդ պահին իմ քայլը նույնն էր. գնացի մեր տանից ոչ հեռու գտնվող զորամասի մոտ՝ տեսնելու, թե որքանով է պատերազմը լուրջ: Տանկերը, զինվորներն անձնակազմով գնում էին դեպի մարտական դիրքեր: Զինվորների հայացքը տեսա, նրանց աչքերը, ձեռքով էին անում ու բռունցք ցույց տալիս, որ ամեն ինչ լավ է լինելու: Հենց այդ հայացքներից պատասխանատվություն զգացի, որ ինքս էլ շտապ պետք է մեկնեմ առաջնագիծ: Զգում էի, որ եթե մենք չգնանք, ստացվելու է, որ իրենց մենակ ենք թողնում: Մենք այն հզորությունը չունենք, որ հույսներս դնենք միայն շարքային զինվորի ու բանակի վրա:

 


Լուսանկարը` Գիլադ Սադե

 

Գնացի տուն՝ իրերս հավաքելու: Տնեցիներն արդեն գիտեին, որ եթե բարձրացել եմ զորամասի մոտ, ուրեմն գալու եմ, իրերս վերցնեմ ու գնամ: Գնացի զինկոմիսարիատ, արդեն գիտեի, թե որ մարտական դիրքում պետք է լինեմ, նախորդ տարի պարապմունքներ էինք արել, գիտեի նաեւ, թե ում հետ եմ լինելու: Տղերքի հետ արդեն ընկերացել էինք:

 

Բոլորս հավաքվեցինք, նստեցինք ավտոբուսն ու պետք է արդեն շարժվեինք: Այդ պահին Արցախի կառավարությունից զանգ ստացա: Հարցրին, թե որտեղ եմ, պատասխանեցի, որ դիրքեր եմ մեկնում: Ասացին, որ այս պահին չգնամ, երկրի նախագահն է կանչում: Թեկուզ արդեն պատկերացնում էի, թե ինչի համար են կանչում, այդ պահին բավականին բարդ իրավիճակում հայտնվեցի, ընկերներիս թողնել չէի ուզում: Ասացի իրենց, որ, եթե երկրի նախագահն է կանչում, ուրեմն շտապ պետք եմ ինչ-որ կարեւոր գործի համար, ներեցեք ինձ: Տղերքը հասկացան, գիտեին, որ լուսանկարիչ եմ:

 


Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան

 

Ներկայացա, հետո արդեն կարգադրություններ տվեցին: Արցախի տեղեկատվական շտաբի լուսանկարիչը պետք է լինեի ու լուսանկարեի կատարվողը: Այդ ժամանակ արդեն Ստեփանակերտը մի քանի անգամ հրթիռակոծվել ու ռմբակոծվել էր, պետք է ավերածությունները լուսանկարեի՝ հիմնականում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի փաստահավաք աշխատանքների համար: Հետո ստացվեց, որ նաեւ Հայաստանի տեղեկատվական շտաբի համար էի նկարում, տարբեր լրատվականների էին փոխանցում նկարները:

 

Առաջին մի քանի օրը շատ դժվար էր համարկերպվել այն փաստի հետ, որ դիրքերում չէի: Անընդհատ խնդրում էի, որ դիրքեր գնամ: Ասում էին չէ, քո կարիքը հիմա այստեղ շատ կա: Հետո արդեն երբ տեսա, թե իմ ֆոտոները ոնց են տարածվում լրատվական դաշտում, հասկացա դրանց կարեւորությունն ու ինքս ինձ համոզեցի, որ պետք է փորձեմ իմ պայքարն էլ որպես լուսանկարիչ տանել: Նաեւ մարտական դիրքեր էի գնում լուսանկարներ անելու: Դա իմ պարտականությունների մեջ չէր մտնում, ինքս իմ խղճի համար էի անում, որովհետեւ ուզում էի լուսաբանել հենց առաջնագծի պատերազմը:

 


Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան

 

Պատերազմի աչքերը

 

Երբ նկարներս տարածվում էին, թե´ ընկերներս, թե´ անծանոթներ հաճախ էին գրում, որ պատերազմի հաղթական ավարտից հետո ցուցահանդես կազմակերպեմ: Ինքս էլ ունեի այդ ցանկությունը: Պատերազմի առաջին օրերին մի տեսակ հավատ կար, որ հաղթելու ենք... Հիմա այդ բառը արդեն դժվար է արտաբերել ... Բայց վստահ եմ, որ մի օր այդ բառի արժեքը մենք նորից կվերականգնենք:

 

Տխուր ավարտ ունեցանք, բայց ցուցահանդես անելու ցանկությունը մեջս մնաց, միայն նպատակս փոխվեց: Այդ լուսանկարներով փորձում էի ցույց տալ այն անմարդկայնությունը, այն ոճրագործությունը, որ կատարվեց մի բուռ ժողովրդի հանդեպ այդ 44 օրերի ընթացքում մի քանի երկրների կողմից, եւ նաեւ լուռ երկրների կողմից, որոնք հավասարապես մեղավոր են ու պատասխանատու տեղի ունեցածի համար: Կապ չունի, թե որ երկրում է պատերազմը, ցավը բոլորի համար նույնն է, աշխարհի յուրաքանչյուր մոր համար իր որդու կորուստը նույնն է: Դրա համար լուռումունջ նայել, թե ոնց են կոտորվում մարդիկ, աշխարհի ամենամեծ հանցագործություններից է: Լուսանկարներով ցույց էի տալիս, թե ինչի հանդեպ են իրենք լուռ մնացել:

 


Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան

 

Ցուցահանդեսի մեկ այլ կողմում էլ հայ զինվորն էր, ցույց էի տալիս, թե այդ ամբողջ սարսափի մեջ ինչպես էր պայքարում հայ զինվորը: Իրենց աչքերում տեսնում էիր մինչեւ վերջ պայքարելու պատրաստակամությունը:

 

Առաջին ցուցահանդեսը տեղի ունեցավ Երեւանում, հետո՝ նաեւ Ստեփանակերտում: Կազմակերպեցինք Հայ կրթական եւ մշակութային միության Արցախի գրասենյակի ղեկավար Հերմինե Ավագյանի հետ: Ցուցահանդեսն անվանեցինք «Պատերազմի աչքերը»: Դրանով ուզում էինք ընդգծել, որ պատերազմն էլ աչքեր ունի, եւ այդ աչքերին պետք է կանգնել ու նայել: Եվ մի գուցե այդ ֆոտոներին նայելով՝ ամեն մեկն իր մեջ փորձի ինչ-որ բան փոխել, մի քիչ ավելի բարի դառնալ, այդ կորուստն ու ցավը տեսնելով՝ ինքն իր համար ավելի լավը դառնա, որպեսզի վաղը, եթե նորից պատերազմ սկսվի, ավելի պատրաստ լինենք:

 

Աղբյուր՝ mediamax.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

Օգոստոս 20, 2022 - 10:49

կոդ: 220227

Հայաստան

ՀԱՅԱԶԴ կայք Ամենաշատ դիտված

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: